|
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ
Armenian Power

2011-ի Փետրւարին, Միացեալ
Նահանագների լրատւամիջոցները հաղորդեցին "Արմենիան Փաւըր"
(Հայկական ՈՒժ) կոչւող յանցախմբի 70 անդամների ձերբակալման լուրը:
Դա իհարկէ առաջին անգամը չէր, որ այդ հայ յանցագործ խումբը թէժ
լուր էր դառնում: Ինչպէս ասւում է, նրանց մեղադրանքների 212 էջանոց
փաստաթղթում, նրանք իրենց գործունէութիւնը սկսել են 1980-ականների
վերջերից: Նրանց անօրինական գործողութիւնների ղեկավարման ու
կազմակերպման մասին տեղեկութիւններ կը գտնէք ստորեւ ներկայացւած
յօդւածներում: Սակայն կան նաեւ մի շարք կարեւոր հարցեր կապւած այս
մաֆիոզ (կազմակերպւած յանցագործութիւն իմաստով) խմբի հետ.
Առաջին. այս խմբի պաշտօնական անդամների թիւը 250 հոգի է, այսինքն
ԱՄՆ-ի հայկական համայնքի պարզապէս մի փոքր տոկոսը, սակայն
ընդհանուր հանրային կարծիքի տեսակէտից քանակը այնքան նշանակութիւն
չունի, եւ նա լսելով հայերից կազմւած այս յանցախմբի մասին,
ակամայից գաղափար է կազմում ամերիկահայութեան եւ ընդհանրապէս
հայութեան մասին: Սա ոչ միայն բացասական ազդեցութիւն կարող է
ունենալ ԱՄՆ-ում ապրող հայերի առօրեայ կեանքի վրայ, այլեւ չի կարող
անարձագանք մնալ ցեղասպանութեան ճանաչման նպատակով հայերի տարած
աշխատանքների համար: Հայերը շատ ուշադիր պիտի լինեն (եւ են) իրենց
բարի համբաւը պահպանելու նկատմամբ, սակայն այսպիսի
բացայայտումները, ինչ խօսք, չեն կարող չվնասել այդ բարի համբաւին:
Երկրորդ. ամերիկահայ համայնքի ղեկավարութեան համար պիտի հարց
առաջանայ, թէ ինչո՞ւ մեծ թւով հայ երիտասարդներ ներգրաււում են
անօրինական աշխատանքներում: Կան տնտեսական, մշակութային եւ
դաստիարակչական գործօններ, որոնք բոլորովին պարզ չեն եւ դժւար է
պարզել, քանի որ այս խմբի գործունէութեան անօրինական լինելով, նաեւ
դժւար է հաւաստի եւ ստոյգ տեղեկութիւններ ձեռք բերել նրանց մասին:
Երրորդ. ըստ ոստիկանութեան բացայայտած տեղեկութիւնների, այս խմբի
անդամները մեծամասնաբար հայաստանահայեր եւ ռուսահայեր են: Մի
խօսքով, այստեղ եւս նկատելի է հայ համայնքի տարբեր հատւածների
բաւականին մեծ տարբերութիւնները: Սակայն հայերը ընդհանրապէս իրենց
ներկայացնում են որպէս հայ, անկախ նրանից թէ ո՛ր երկրից են գաղթել
Ամերիկա: Բայց իրականում մեծ տարբերութիւն կայ Իրանից Ամերիկա
գաղթած եւ Ռուսաստանից Ամերիկա գաղթած հայերի միջեւ: Դա նոյնիսկ
ոստիկանութիւնը մասամբ հասկանում է, հաշւի առնելով երկու տեսակ
հայեր, հիմնւած նրանց ազգանունների վերջաւորութեան ուղղագրութեան
վրայ` ian թէyyan: Հայերը թէեւ իրենց մէջ ընդհանրապէս հասկանում են
այս տարբերութիւնները - չէ որ այնքան պարզ ու բացայայտ են դրանք -
բայց օտարի առջեւ եւ պաշտօնապէս անտեսում են այդ տարբերութիւնները,
եւ մի խմբի անօրինական գործերը գրւում են բոլոր հայերի հաշւին:
Չորրորդ. խօսւում է "Արմենիան Փաւըր"-ի եւ Հայաստանի
Հանրապետութեան քաղաքական եւ տնտեսական էլիտայի միջեւ կապերի
մասին: Դրանք, իհարկէ, կարող են պարզապէս ասէկոսէներ լինել եւ
առայժմս հաւաստի տւեալներ չկան այս մասին, բայց, յամենայն դէպս, դա
կարող է ազդել նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականութեան վրայ:
Ասւում է, որ յանցախմբի գործողութիւնների արդիւնքում ԱՄՆ-ի
քաղաքացիները կորցրել են միլիոնաւոր դոլարներ: Իմիջիայլոց,
ամերիկացիները շատ զգայուն են դրամային հարցերում եւ դժւար են
ներում իրենց թալանողներին: Մի խօսքով այս լուրերը հաւանաբար
բացասական անդրադարձ կունենան նաեւ Հայաստանի իշխանութիւնների
վրայ:
Ռ.Ս.
BBC՝
ԱՄՆ-ՈՒՄ ՋԱԽՋԱԽՒԵԼ Է "ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒԺ" ԽՄԲԱՒՈՐՈՒՄԸ
Վլադիմիր Կոզլովսկի

Կալիֆորնիայի իշխանութիւնները հաղորդում
են "Հայկական ՈՒժ" (ՀՈՒ) անւամբ յայտնի կազմակերպւած յանցաւոր
խմբաւորման ջախջախման մասին:
Այն ձեւաւորվել է 1980-ականներին Լոս-Անջելեսի շրջաններից մէկում`
Իստ-Հոլիվուդում, սկզբից փողոցային բանդայի տեսքով, որը կազմւած էր
հայերից ու խորհրդային բլոկի երկրներից ԱՄՆ ժամանած այլ
ներգաղթեալներից ու դիմակայում էր միւս էթնիկ բանդաներին: Տարիների հետ
այն վերածւեց ճիւղաւորւած յանցաւոր խմբաւորման:
-Հիմնադրման ամենասկզբից,- ասւում է մեղադրական եզրակացութեան
մէջ,-"Հայկական ՈՒժի" անդամները ու դրա հետ կապւած անձինք իրականացնում
էին տարատեսակ յանցագործութիւններ բռնութեան կիրառմամբ` այդ թւում նաեւ
սպանութիւններ, սպանութեան փորձեր, մարդկանց առե-ւանգումներ, թալան,
շորթում եւ վկաների ահաբեկում, ինչպէս նաեւ թմրանիւթերի առեւտուր եւ
խաբէութիւն:
Ձերբակալութիւնները "Լոյսի անջատում" անւամբ ոստիկանական գործողութեան
կուլմինացիան էր, որին մասնակցել է իրաւապահ մի քանի գերատեսչութիւն:
Ձերբակալութիւններին մասնակցել է ընդհանուր առմամբ 700 հոգի, որոնցից
շատերը սպառազինւել էին մետաղական սաղաւարտներով եւ զրահաբաճկոններով:
Լոս-Անջելեսի բանդաներ
Ձերբակալւած խմբաւորման անդամներից շատերը բնակւում են
Կալիֆորնիայի հարաւում, սակայն ձերբակալութիւններ են իրականացւել նաեւ
Դենւերում եւ Մայամիում:
Հարաւային Ֆլորիդայում, ինչպէս հաղորդում է այնտեղի դաշնային դատախազ
Ուիլֆրեդօ Ֆերերը, ձերբակալւել է "Հայկական ՈՒժի" հետ կապ ունեցող 13
մարդ:
Նրանց մեղսագրւող յանցագործութիւնները վերաբերում են զէնքի վաճառքից
մինչեւ կրեդիտ քարտերի ու բժշկական ապահովագրութիւնների հետ
մեքենայութիւններին:
Մի քանի տասնեակ մարդ էլ ձերբակալւել է Կալիֆորնիայում, որտեղ բնակւում
են ամերիկահայերի մեծ մասը: Գործում ընդհանուր առմամբ աւելի քան 100
մարդ է ներգրաււած: Առաջին օրը ձերբակալւել էր 81 մարդ, մօտ 25-ի
նկատմամբ էլ հետախուզում է յայտարարւել:
Լոս-Անջելեսի դաշնային դատարան ներկայացւած "Հայկական ՈՒժի" գործով
մեղադրական եզրակացութիւնը կազմւած է 212 էջից: Դրանից երեւում է, որ
խմբաւորումը ունի մօտ 250 լիիրաւ անդամ ու հարիւրաւոր մեղսակիցներ,
որոնք պաշտօնապէս խմբա-ւորման անդամ չէին հանդիսանում:
Նրանց գործունէութեան կենտրոն է նշւում Լոս-Անջելես դքսութիւնը` այդ
թւում նաեւ Հոլիվուդը, ինչպէս նաեւ Գլենդէյլ, Բերբենկ քաղաքները եւ
Արեւմտեան ու Հիւսիսային Հոլիվուդը եւ Վէն-Նայսը: Օրինակ, Գլենդէյլի
բնակչութեան 40 տոկոսը կազմւած է հայերից:
Խմբաւորման անդամները տիրապետում են անգլերէնին, սակայն միմեանց միջեւ
խօսում են հայերէն կամ ռուսերէն: Դատախազութեան կարծիքով, մասնակիօրէն
դա բացատրւում է խօսակցութիւնների բովանդակութիւնը կողմնակի անձանցից
թաքցնելու ցանկութեամբ:
Մեքսիկական մաֆիայի դաշնակիցներ
Ինչպէս երեւում է դատական փաստաթղթերում, նախքան "Հայկական ՈՒժի"
լիիրաւ անդամ դառնալը, անհրաժեշտ էր ինչ-որ ժամանակ "աշխատանք" կատարել
խմբաւորման համար` այսինքն յանցագործութիւններ իրականացնել:
Անդամագրման ծիսակատարութիւնը բաղկացած էր կարճատեւ ծեծից: Առանց դրա
կարելի էր "Հայկական ՈՒժի" անդամ դառնալ, եթէ նորեկի համար երաշխա-ւոր
հանդէս գար ՀՈՒ-ի մշտական անդամներից մէկը:
Բանդայի անդամներին կարելի է ճանաչել յատուկ դաջւածքներով,
մականուններով, զգեստով եւ այլն:
Առանձնայատուկ հեղինակութիւն էին վայելում ՀՈՒ-ի այն առաջնորդները,
ովքեր երկարատեւ պատժաժամկէտներ էին կրել ու սերտ կապեր էին հաստատել
ազդեցիկ բանտային խմբաւորումների հետ: Այդ բանդաների մէջ գլխաւոր տեղ է
զբաղեցնում մեքսիկական մաֆիան կամ "Էմէ"-ն (այսպէս է արտաբերւում "M"
տառը իսպաներէնում):
"Հայկական ՈՒժը" այնքան սերտ էր կապւած մեքսիկական քրէական աշխարհի
հետ, որ յաճախ այն անւանւում էր "ՀՈՒ-13", քանի որ "M"-ը լատինական
այբուբենի 13-րդ տառն է:
Դատախազների խօսքերով, մեքսիկական մաֆիան առաւելապէս վերահսկում է
թմրանիւթերի առեւտուրը ու յանցաւոր այլ գործունէութիւն Կալիֆորնիա
նահանգի բանտերում եւ դաշնային ազատազրկման այլ վայրերում:
Հետաքննութիւնը պարզել է, որ իր բազմանդամութեան եւ մեքսիկական մաֆիայի
հետ կապերի շնորհիւ ՀՈՒ-ի առաջնորդները հաւասարը հաւասարի հետ են շփւել
աւանդական օրէնքով գողերի հետ, իսկ յաճախ նոյնիսկ յարձակումներ են
գործել նրանց պաշտպանութիւնը վայելող անձանց վրայ:
"Լոս-Անջելեսը պահում եմ ես"
Այստեղ արտայայտիչ է նրանց մեղսակցւող մի էպիզոդ` կապւած երկու
տուժածներից շորթելու դէպքի հետ, որոնց անունները դատական
փաստաթղթերում կոդաւորւած են որպէս "Զ" եւ "Լ. Կ.":
Առաջինը վայելում էր անանուն օրէնքով մի գողի հովանաւորչութիւնը, իսկ
երկրորդը` գողի սանիկ էր: Այնուամենայնիւ, Դարբինեանը ծրագրել էր, ըստ
դատախազների, յարձակում գործել երկուսի վրայ էլ հոլիվուդեան Chicken
House ռեստորանում:
2009 թւականի Օգոստոսի 20-ին զանգահարել էր ՀՈՒ-ի միւս անդամներին`
հաւաքագրելով մի մեծ խումբ, որը ներխուժել էր ռեստորան ու պատրաստւում
էր հաշւեյարդար տեսնել "Զ"-ի եւ "Լ. Կ."-ի նկատմամբ:
Հաղորդւում է, որ խմբաւորման մօտ կար առնւազն հինգ զինատեսակ, այդ
թւում նաեւ` 45 տրամաչափի Springfield Armory XD ատրճանակ, 40
տրամաչափի Sig Sauer ատրճանակ, 40 տրամաչափի Baby Desert Eagle
ատրճանակ, 40 տրամաչափի Heckler & Koch USP ատրճանակ եւ 9 միլիմետրանոց
17-րդ մոդէլի Glock:
Յարձակումը խափանել էր ոստիկանութիւնը, որը անսպասելիօրէն մտել էր
ռեստորան: Յաջորդ օրը Դարբինեանը հեռախօսով մեղադրեալ Կարէն Զաքարեանին
ասել էր, որ չի հրաժարւում "Զ"-ին եւ "Լ. Կ."-ին պատժելու մտքից այն
բանի համար, որ "նրանք Լոս-Անջելեսում յանցաւոր գործունէութեան
վերաբերեալ որոշումներ են կայացնում առանց իր համաձայնութեան":
-Լոս-Անջելեսը ես եմ պահում.-իբր յայտարարել էր նա:
Օգոստոսի 27-ին Դարբինեանը մեղադրեալ Արամ Պետրոսեանին ասել էր, որ
ինքը թքած ունի այն բանի վրայ, որ "Զ"-ն վայելում է օրէնքով գողի
հովանաւորչութիւնը:
Մեղադրական եզրակացութեան մէջ բերւում են շորթման դէպքերի մի քանի
էպիզոդներ, որոնցով իբր զբաղւում էր խմբաւորումը:
ՀՈՒ-ն նաեւ մեղադրւում է այն բանի մէջ, որ վերջինիս անդամները "99c
Only Stores" էժանագին խանութների ցանցի կասսային ապարատներում
տեղադրում էին սարքեր, որոնք գնորդների կրեդիտ քարտերից արտատպում էին
անձնական տւեալները հետագայ խարդախութիւններում օգտագործելու նպատակով:
ՀՈՒ-ի միւս անդամները զբաղւում էին կեղծ ստացականների կանխիկացմամբ:
Դատախազութեան տեղեկութիւններով, ընդհանուր առմամբ խաբէութիւնների
միջոցով "Հայկական ՈՒժը" աշխատել է շուրջ 20 միլիոն դոլար:
Աղբիւրը` BBC
21.02.2011
«Յոյս»
թիւ 105
24
Օգոստոս 2011
|