|
ԵՐԵՒԱՆԻ ՀԱՅՖԵՍՏ 8 ԹԱՏՐՈՆԻ ՓԱՌԱՏՕՆՈՒՄ
4
ԻՐԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ
Լիլիթ Ամիրխանեան

Իւրաքանչիւր մարդ ունի 5 զգացողութիւն` տեսողութիւն, լսողութիւն,
հոտառութիւն, համի եւ շոշափելու զգացողութիւն: Վերջինս ինձ համար
չափազանց կարեւոր է: Դա է աշխարհի հետ շփման ամենա-գլխաւոր զգացումը,
միւսները միայն ընդունում են կամ չեն ընդունում դա: Միայն հպւելով ենք
կարող զգալ եւ փոխել աշխարհը, նոյնը վերաբերւում է նաեւ արւեստին` մեր
դէպքում թատրոնին: Պիտի լարենք 5 զգացողութիւնները` պարզելու համար, թէ
ով է լինելու յաջորդը":
Այսպէս սկսեց բացման իր խօսքը "Հայֆեստ" միջազգային թատերական փառատօնի
նախագահ Արտուր Ղուկասեանը: "Հայֆեստ" ամենամեայ փառատօնն անց կացւեց
8-րդ անգամ` Հոկտեմբերի 1-ից 8-ը: Առաջին օրը` բացմանը Ստանիսլաւսկու
անւան դրամատիկական թատրոնը, որտեղ մեկնարկւեց փառատօնը, լի էր արւեստի
եւ յատկապէս թատերական գործիչներով:
Այս տարի առանձնայատուկ տեղ ունէին իրանական ներկայացումները: Ինչպէս
տեղեկացանք հէնց Արտուր Ղուկասեանից սկզբում նախատեսւած է եղել 5
իրանական ներկայացում, սակայն թատրոններից մէկը տեխնիկական պատճառներով
չկարողացաւ ժամանել: Այսպիսով, հայ հանդիսատեսը ականատես եղաւ 4
իրանական ներկայացման: Առաջին օրը փառատօնը բացեց իրանական "Ղեսսեհ"
թատրոնը իր "Աննատ" ներկայացմամբ: Ներկայացման նւազագոյն դէպքերը,
էլեմենտներն ու սիմւոլները ներկայացնում են սովորական կնոջ կեանքն ու
կենցաղը, նրա առօրեան, հոգսերն ու անելիք-ները տարբեր տարիքային
շր-ջաններում`երիտասարդութիւնից մինչեւ ամուսնութիւն, մայրութիւն,
հասուն տարիք: Ներկայացման մասին իր տպաւորութիւններով մեզ հետ կիսւեց
դերասան Միքայէլ Պօղոսեանը.
-Մտայղացումը ինձ դուր եկաւ: Կարելի էր աւելի շատ փիլիսոփայել: Ըստ իս
սիմւոլները մի փոքր միօրինակ էին ու կրկնւող, բայց ընհանուր առմամբ
ներկայացումը մտածելու տեղիք տւեց: Ինձ աւելի շատ գաղափարը դուր եկաւ,
քան կատարումը:
Երկրորդ իրանական գործը, որին ականատես եղաւ հայ հանդիսատեսը "Ագրէէն"
թատրոնի "Կայարան" ներկայացումն էր: Երկու տարբեր ազգերի
ներկայացուցիչներ գնացքից ուշանալով հանդիպում են կայարանում: Նրանք
երկուսն էլ միմեանց լեզուն չհասկանալով հանդերձ կարողանում են
հաղորդակցւել եւ հետաքրքիր շփում ստեղծել: Նրանց շփումը լի էր բազմաթիւ
զւարճալի դրւագներով, որը հանդիսատեսին լիաթոք ծիծաղելու առիթ տւեց:
Այս ներկայացումը փաստում է, որ միմեանց լեզուն չհասկանալով անգամ,
մարդիկ կարող են ընդհանրութիւններ գտնել, հաղորդակցւել եւ կապ
հաստատել, քանի որ բոլորս էլ անկախ ամէն ինչից ապրում ենք նոյն արեւի
տակ:
Յաջորդը "Crazy body" ("Խենթ մարմին") թատրոնն էր, որը հանդէս եկաւ
"Զարմանա-հրաշ նւէրը" ներկայացմամբ: Մթութեան մէջ հնչող խորհրդաւոր
երաժշտութեան հնթիւնների ներքոյ հերոսը ներկայանում է իր մարմնի ճկուն
շարժումներով: Այդ ընթացքում վերեւից իջնում է մի տիկնիկանման մարդուկ,
որը հա-ւանաբար հերոսի` մարդ արարածի, երկրորդ "ես"-ն է: Այդ մարդուկը
կոնֆլիկտի մէջ է մտնում հերոսի հետ, այսինքն` մարդու մէջ ապրող
հակասական "ես"-երը սկսում են պայքարել միմեանց դէմ: Անընդմէջ
ընդդիմանալով միմեանց վերջում յաղթում է մարդուկը, մարդու մէջ ապրող
"ես"-երից մէկը:
Վերջին ներկայացումը "Էդէ" թատրոնի "Շրջանի ամենալաւ մաման"
ներկայացումն էր, որ պարսկերէն լեզւով էր եւ ամբողջութեամբ
երկխօսութեան տեսքով: Հայ հանդիսատեսը իհարկէ փոքր ինչ դժւարացաւ
ըմբռնել այն, սակայն ինչպէս նշեց ներկայացման բեմադրիչը դիմախաղն ու
միմիկաները հասկանալի են աշխարհի իւրաքանչիւր վայրում: Իսկ "Շրջանի
ամենալաւ մաման" ներկայացման մէջ դիմախաղը շատ մեծ տեղ ունէր:
Ներկայացման սիւժէն հետեւեալն է` եղբայրը գալիս է տուն երկար
բացկայութիւնից յետոյ: Քոյրը զարմանում է` եղբորը տեսնելով: Նրանք
երկար խօսում են, յանակարծ պարզւում է, որ իրենց մօր սիրեկանը
բռնաբարել է քրոջը: Մեր այն հարցին, թէ ինչ արձագանք է ունեցել "Շրջանի
ամենալաւ մա-ման" Իրանում` նրանք պատասխանեցին, որ 30 օր յաջող
ներկայացումներ են տւել Թեհրանում:
Այսպիսով Հոկտեմբերի առաջին շաբաթը, որն ի դէպ ուղեկցւեց երեւանեան
յորդառատ անձրեւներով, մօտեցաւ իր աւարտին: Յուսանք, որ "Հայֆեստ"-ը
դեռ շատ հանդիպումներ կը կազմակերպի տարբեր ազգերի թատերական
գործիչների եւ թատերասէրների միջեւ: Չէ, որ այն աշխարհը ճանաչելու եւ
նոր դէմքեր բացայայտելու եզակի միջոցներից է:
«Յոյս»
թիւ 85
27 Հոկտեմբեր 2010 |