|
ՏԵՍՆԵԼ ԹԱՏՐՈՆ, ԽՕՍԵԼ ԹԱՏՐՈՆ, ԼՍԵԼ ԹԱՏՐՈՆ
Լիլիթ Ամիրխանեան

Արդէն աւանդաբար այս տարի եւս "Հայֆեստ"
միջազգային երեւանեան թատերական փառատօնը ազդարարւեց Հոկտեմբերի առաջին
շաբաթը: Մէկ շաբաթ անընդմէջ` Հոկտեմբերի 1-ից 8-ը թատերասէր
հասարակութիւնը վազվզում էր երեւանեան թատրոններով հասցնելու համար
դիտել հնարաւորինս շատ ներկայացումներ: Թատերախմբեր էին եկել
Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Ռուսաստանից, Իտալիայից,
Լատւիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից եւ այլ երկրներից: Բացման
արարողութիւնը տեղի ունեցաւ Ստանիսլաւսկու անւան դրամատիկական թատրոնի
լեփ-լեցուն դահլիճում: Այս տարւայ "Հայֆեստ"-ի կարգախօսն էր "Տե՛ս
թատրոն", "Լսի՛ր թատրոն", "Խօսի՛ր թատրոնից": Փառատօնի նախագահ Արթուր
Ղուկասեանի բացման խօսքից յետոյ "Հայֆեստ"-ը մեկնարկւեց հունգարական
"Կապոյտ մարդիկ" ներկայացմամբ: Այն իրենից ներկայացնում էր կապոյտ
հանդերձանքով երեք երիտասարդների թատերականցւած ժամանակակից պար, որն
իսկապէս գրաւեց հանդիսատեսին իր կատարողական արւեստի վարպետութեամբ:
Ստորեւ համառօտ կերպով կը պատմենք "Հայֆեստ 2011"-ի ներկայացումներից
մի քանիսի մասին :
Բուլղարիա- "Կրեդօ" թատրոնի "Հայրիկը միշտ ճիշտ է" կատակերգութիւնը,
որը բեմադրւել է Անդերսենի հեքիաթներից մէկի հիման վրայ, մեծ արձագանք
գտաւ հայ հանդիսատեսի շրջանում: Մի հրաշալի պատմութիւն պարուրւած
ձիւնով, որը պատմում է կեանքի փոքրիկ եւ կարե-ւոր բաների մասին: Մի
պատմութիւն տարեց մարդկանց մասին, ովքեր համբուրւում են տօնի ժամանակ,
եւ այդ համբոյրը վերածւում է նրանց համար ամենաթանկ բանի: Այս յուզիչ
պատմութիւնը յիշեցնում է, որ միայն սէրն է գեղեցկացնում այն ամէնը, ինչ
շրջապատում է մեզ: Սիրով ներ-շնչւած հանդիսատեսը ներկայացման աւարտից
յետոյ ծափահարութիւնների տարափը եւ բրաւօները երկար ժամանակ չէր
դադարեցնում:
Ռուսաստան- Դոնի Ռոստով քաղաքից հանդէս եկաւ "Minicult" թատերական
կենտրոնը "Ինչո՞ւ է Ջոն Լենոնը կիսաշրջազգեստ կրում" մոնօ-հոգեբանական
ներկայացմամբ: Առաջին հայեացքից ներկայացման վերնագիրը կարող է
շփոթմունք առաջացնել, բայց պատմութիւնը մի դպրոցական աղջկայ մասին է,
որը "Բիթլզ"-ի եւ յատկապէս Ջոն Լենոնի մեծ երկրպագու է: Հերոսուհին
տղայի նման է հագնւում եւ դա անում է զուտ այն պատճառով, որ նրա կուռքը
տղայ է: Նա ապրում է իր հասունցման բոլոր փուլերը, նրան չեն հասկանում
շրջապատում եւ տանը: Անգամ նրա ընկերուհիները, ովքեր սկզբում իր նման
էին ժամանակի ընթացքում փոխւում են: Այս ներկայացումը այն
ներկայացումներից էր, որ բուռն արձագանք ստացաւ, ծափահարութիւններից
պարզ դարձաւ, թէ հանդիսատեսը որքան էր հաւանել ներկայացումը: Անգամ այն
աւարտւելուց յետոյ հանդիսատեսը անմիջապէս չլքեց դահլիճը, զրոյցն ու
քննարկումները դերասանուհու եւ ռեժիսորի հետ երկար տեւեցին:

Իրան- Իրանը հանդէս եկաւ մի քանի թատերախմբով, որոնցից մէկը "Միմ"
թատրոնն էր "Ճիչ" ներկայացմամբ: Գործողութիւնները տեղի են ունենում
հոգեբուժարանում, հինգ տարբեր հերոսները ներկայացնում են իրենց
պատմութիւնները, խաղը հիմնականում ներկայացւած է ժեստերի եւ շարժման
միջոցով, իսկ երկխօսութիւնները քիչ են:
Մեծ Բրիտանիա- "Բոննի եւ Քլաիդ` երրորդ դէմքից" ներկայացումը պատմում է
Բոննի Պարկերի եւ Քլաիդ Բերրոուի յայտնի պատմութիւնը: Ոչ ոք տեղեակ չէ
սիրահար մարդասպանների պատմութեան մանրամասնութիւններին, սակայն նրանց
սիրոյ պատմութիւնը տարածւել է աշխարհով մէկ: Անձնական պատմութիւնների,
լուրերի, վիդեոնկարահանումների եւ գծագրերի օգնութեամբ վերականգնւել է
Բոննիի եւ Քլաիդի հանդիպումը: Ներկայացման միջոցով բացայայտում ենք
յայտնի սիրահարների կեանքը եւ մահը:
Բիլլի Քոուին, ով կոմպոզիտոր է, բանաստեղծ, խորեոգրաֆ եւ կինոռեժիսոր
ներկայացրեց իր 3D ձեւաչափով "Տանգօ դէ Սոլեդադ" (Մենութեան տանգօ)
հինգ րոպէանոց պարային սոլօ ներկայացումը: Այս աշխատանքը ապացուցում է,
որ թւային արւեստը կարող է լինել կենդանի կատարմանը հաւասար էմոցիոնալ:
Հայֆեստի ներկայացումները շատ էին, որոնց մասին կարելի է պատմել,
սակայն բաւարարւենք այսքանով: Կը հանդիպենք յաջորդ տարի նոր
սպասումներով, նոր լիցքերով, նոր ներկայացումներով, մի խօսքով
նորութիւններով: Կը հանդիպենք, որ եւս մէկ շաբաթ դիտենք թատրոն, լսենք
թատրոն եւ խօսենք թատրոնից:
«Յոյս»
թիւ 109
26 Հոկտեմբեր 2011
|