|
Հայերի
ոտնահետքերը Իրանի լեռներում

Վերջերս Թեհրանում լոյս տեսնող
«Էթեմադ» օրաթերթը իր հինգ անընդմէջ համարներում անդրադարձել էր
լեռնագնացութեանը եւ իրանահայերի՝ այս մարզաձեւի տարածման եւ զարգացման
մէջ ունեցած դերին՝ «Հայերի ոտնահետքերը Իրանի լեռներում» վերնագրով։
Յօդւածը, որի հեղինակներն էին Սուրէն Ստեփանեանը եւ պրն. Աբաս
Մոհամմադին, բաւական հետաքրքիր էր ու հաճելի, եւ ընթերցողին առնելով իր
հոսանքի մէջ, բարձրացնում էր մինչեւ Դամաւանդ ու Ալամքուհ՝ մեծ
բաւականութիւն, հաճոյք, եւ՝ հայ լինելու պարագային ինչ-որ չափով նաեւ
հպարտութիւն պարգեւում նրան։
Այս առիթով հանդիպելով Սուրէն Ստեփանեանին՝ ճեպազրոյց ունեցանք նրա հետ,
որն ստորեւ ընթերցողի ուշադրութեանն ենք յանձնում։
-Կը խնդրեմ նախ ներկայանալ։
-Սուրէն Ստեփանեանն եմ՝ ներկայում Լեռնագնացների միութեան վարչութեան
անդամ, եւ հէնց նոյն միութեան կից՝ Լեռնաշխարհի լուսանկարիչների
միութեան հիմնադիր անդամներից մէկը։ Այս միութիւնը մինչեւ հիմա ունեցել
է 20 լուսանկարչական ցուցահանդէս՝ Իրանի տարբեր շրջաններում։
-Ինչպէ՞ս ստեղծւեց նման յօդւած գրելու եւ որեւէ պարսկերէն
օրաթերթում հրատարակելու մտայղացումը։
-Ես ինքս լեռնագնաց լինելով հանդերձ, երկար տարիներ այնքան էլ
տեղեկութիւն չունէի այն հայերի մասին, որոնք զբաղւած են եղել այս
մարզանքով։ Հանգուցեալ Ֆելիքս Մնացականեանի մահը մեծ դրդապատճառ դարձաւ,
որ հետաքրքրւեմ այս թեմայով եւ սկսեմ տեղեկութիւններ հաւաքել. Ֆելիքսի
մահը մեր հասարակութեան մէջ հարցական մնաց եւ դրա վերաբերեալ խօսք ու
զրոյց շատ կար. ես սկսեցի այդ ուղղութեամբ տեղեկութիւններ հաւաքել, եւ
գտնելով ծրագրին մասնակցող մարդկանց, օրինակ պրն. Ֆարրոխ Ռամդելին,
կարդացի պրն. Ազիմիի միջոցով գրւած զեկոյցը։ Այդ ծրագիրը մի
իրանաֆրանսիական խմբի միասնական աշխատանք էր Ալամքուհում 1331 թւին
(1952 թ.), որին մաս էին կազմում Էմիլ Մարգարեանը, Ֆելիքս Մնացականեանը,
Գեղամ եւ Նորայր Մինասեանները։ Ուրեմն յօդւածը ընթերցելով իմ մէջ
ստեղծւեց այս մարզաձեւում աշխատած հայերի մասին տեղեկութիւններ
հաւաքելու միտքը։ Եւ 15 տարի առաջւանից լուրջ սկսեցի այդ աշխատանքը։ Մի
քանի տարի առաջ Իրանի լեռնագնացութեան միութիւնը մի ծրագիր էր կազմել
Հ.Մ.Ա.Կ.-ի 60-ամեակի առիթով եւ ինձանից խնդրեցին պատրաստեմ ինչ-որ
դասախօսութիւն «Իրանահայութեան դերը Իրանի լեռնագնացութեան մէջ»
վերնագրով. այդ դասախօսութիւնը շատ համառօտ էր, որը Աբաս Մոհամմադին
շտկումներ եւ ուղղումներ կատարելուց յետոյ վերածեց յօդւածի, որը
ժամանակին տպագրւեց Իրանի լեռնագնացութեան միութեան «Անջոման»
պարբերաթերթում, եւ այսպէս Ֆարշիդ Ֆարեաբին, որը տարիներ նոյն
ֆեդերացիայի հանրային կապի անդամ է եղել եւ նաեւ աշխատում էր Իրանի
մամուլի հետ, զանգահարեց ինձ եւ նկարներ ուզեց՝ նոյն յօդւածը «Էթեմադ»
թերթում տպագրելու համար։
Պէտք է նշեմ թէ նման աշխատանքներում օր-օրի նորութիւններ ու յաւելեալ
տեղեկութիւններ են ձեռք գալիս եւ չի լինի ասել թէ այդ յօդւածը
պարունակում է լրիւ եւ ամբողջական տեղեկութիւններ։
-Ինչպէ՞ս է եղել արձագանքը։
-Պարսիկ համայնքում դա շատ լաւ է եղել։
Հետաքրքիր է, որ շատ հին ընկերներ եւ ծանօթներ այս յօդւածը
հրատարակւելուց զանգահարել են ինձ եւ արտայայտւել, օրինակ պրն. Իշխան
Ֆախուրեանը ԱՄՆ-ից։ Դա մի յատուկ թափ ստեղծւեց լեռնագնաց ընկերների մէջ,
որ յաւելեալ տեղեկութիւններ աւելացնեն, բայց ամենահետաքրքիրը հէնց ինձ
համար է եղել, որովհետեւ իւրաքանչիւր անւան, որ հանդիպել եմ կամ գրել
եմ այս պատմութեան մէջ, ինձ համար մի նոր աշխարհ է բացել. օրինակ այս
պատմութեան մէջ հանդիպում եմ Ռոստոմ Ոսկանեանի անունին, որը բացի
լեռնագնաց՝ եղել է վարպետ ճարտարապետ, կամ օրինակ Գուրգէն Մելիքեանին,
որ ինչ-որ մի թւականից յետոյ տեսնում ենք, որ նրանից ոչ մի հետք չկայ
Իրանի լեռնագնացութեան մէջ, եւ յայտնւում է, որ ներգաղթել է Հայաստան,
եւ առաւել հետաքրքրւելով գտնում ենք, որ այժմ Երեւանի համալսարանի
դասախօս է։
-Արդեօք նման ուրիշ աշխատանքներ էլ ունէ՞ք։
-Ես հիմա աւելի շատ աշխատում եմ իրանահայութեան դերը գտնել ընդհանուր
Իրանի մարզանքում եւ մասնագիտաբար աշխատում եմ Իրանի լեռնագնացութեան
պատմութեան վերաբերեալ։
-Արդեօք եղե՞լ է հայերի միջոցով սահմանւած ռեկորդ, որն առ այսօր
պահպանւած լինի նրանց անունով։
-Այո, այդպէս ռեկորդներ շատ են եղել. օրինակ՝ առաջին անգամ 1328թ.
(1946 թ.) Գեղամ Մինասեանը, Ստեփան Մուրադեանը եւ Հրանտ Գալստեանը
ունեցել են թրաւերս Դամաւանդ գագաթի շուրջը, որոնց հետ առաջի տարին
եղել է նաեւ Աւօ Սարգսեանը, սակայն նրանք չեն յաջողել աւարտել ծրագիրը։
Թրաւերս այսինքն՝ լեռնագնացը փոխարէն ուղղահայեաց բարձրանալու մինչեւ
գագաթ, որոշակի բարձրութեան վրայ շրջում է գագաթը. այսինքն՝ կլոր
շրջանի վրայ պտտում է գագաթի շուրջ. օրինակ ասում են Դամաւանդ գագաթի
4000 մետրի գօտին թրաւերս ես անում, որը շատ ծանր ու դժւար աշխատանք է։
Մենք ունեցել ենք Գեղամ Մինասեանին, որը ռեկորդի իմաստով, եթէ ուզենանք
հաշւել, երեւի ժամանակին 100-ից աւել ռեկորդներ է սահմանել, եւ կան
բազմաթիւ գագաթներ, որոնց Գեղամ Մինասեանն է անւանակոչել։ (Լեռնագնացը
առաջին անգամ որեւէ գագաթ նւաճելիս կարող է այն անւանել իր իսկ սիրած
անունով.) Նա առաջին անգամ Իրանում հիմնադրել է ողնաշարային
լեռնագնացութիւնը, որն առաջին անգամ եղել է 1953-ին։ 120 կիլոմետրանոց
մի ծրագիր, որն ընդգրկում էր 40 գագաթներ. Նրա հետ է եղել եղբայրը՝
Նորայր Մինասեանը։ Այս ծրագիրը դեռեւս լեռնագնացութփեան ամենածանր
ծրագիրն է, որի ընթացքում նրանք բարձրանում են Թալեղանի շրջանի
Ալամքուհի գագաթները եւ իջնում են Քելարդաշտից։
-Հայերի առաջին ոտնահետքերը Իրանի լեռներում ե՞րբ եւ որտե՞ղ են
յայտնւել։
-Սմբատ Սարգսեանը՝ Աւօ Սարգսեանի հայրը, որը Թիֆլիսից գաղթած հայերից է
եղել, 1891-ին ունեցել է նւաճումներ Ալբորզում։ Եղել է նաեւ Գրիգոր
Մարգարեանը՝ Էմիլ Մարգարեանի հայրը, որը 1914-ին նւաճել է Սահանդ լեռան
գագաթը։ Նաեւ առաջին կինը, որը զբաղւել է լեռնագնացութեամբ, 1939-ին
11-հոգանոց մի խմբի հետ բարձրացել է Ալւանդ լեռը Համադանում. առաջին
իրանցի կինը, որը Դամաւանդ գագաթի վրայ գիշերել է, եղել է Նելլի
Եղիայեանը, որը 1964-ին նւաճել է Եւրոպայի Մոնբլան գագաթը։
-Ի՞նչն է պատճառը, որ մենք իրանահայերս, այս բոլորից անցնելով,
ներկայիս եւ նամանաւանդ երիտասարդութեան մէջ չունենք նման դէմքեր։
-Դէ պայմանները շատ են փոխւել, բայց ես կարող եմ ասել հիմա էլ ինչու չէ
ունենք մատնահաշիւ դէմքեր, բայց գիտէք՝ լեռնագնացութիւնը շատ յատուկ
մարզաձեւ է եւ ունի իր փիլիսոփայութիւնը, որի մասին միւս մարզաձեւերի
պէս քարոզչութիւն չկայ. ինքը՝ լեռնագնացը եւս ծափահարութիւններ չի
պահանջում, լեռնագնացները յատուկ բնաւորութեան տէր մարդիկ են, նրանք
գնում են, անջատւում են լեռներում՝ ոչ թէ գանձ փնտրելու, այլ՝ իրեն
գտնելու, եւ այդպիսի մարդիկ այնքան էլ չեն ուզում ճանաչւել։ Անցեալում
քիչ էլ չեն եղել նման մարդիկ, որոնցից հազիւ ես տեղեկութիւններ գտնում.
օրինակ Ստեփան Մուրադեանը։
-Երեւի մեր երիտասարդները բնաւորութեամբ շատ են փոխւել։
-Ես այդ մասին չեմ կարող արտայայտւել, քանի որ դա արդէն իմ
մասնագիտութիւնը չէ, բայց ես կասեմ համայնքում բացակայում են այս
կապակցութեամբ քարոզչական աշխատանքը եւ այս մարզաձեւին անդրադարձը,
օրինակ համազգային մասշտաբով քիչ չեն անւանի հայ լեռնագնացներ, որոնց
չենք ճանաչում, բայց եւ բոլորս գիտենք Դաւիթ Նալբանդեանին։
-Վերջում շնորհակալութիւն յայտնելով հետաքրքրական տեղեկութիւնների
համար, կուզենանք իմանալ ձեր միւս աշխատանքների մասին, եթէ կարելի է։
-Ես արդէն ասացի, որ հաւաքում եմ փաստեր՝ Իրանի մարզանքում
իրանահայութեան ունեցած դերի մասին ու նաեւ ուզում եմ ստեղծել
ինտերնետային համահայկական լեռնագնացութեան խումբ։
Վերոյիշեալ յօդւածով հետաքրքրւողները կարող են դիմել «Էթեմադ» օրաթերթի
կայքէջ՝ հետեւեալ հասցէով. www.etemaad.com , 2/11/86 - 6/11/86
արխիւային համարները։
«Յոյս» թիւ 23
9 Ապրիլ 2007
|