|
ԴԵՌԵՒՍ ՅՍՏԱԿ ՉԷ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ
ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Ռուբէն Մելոյեան

Յաջորդ տարի պէտք է մեկնարկի
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, սակայն 2011 թւականի բիւջէի
նախագծում որեւէ հատկացում այս ծրագրին նախատեսւած չէ:
Մասնաւորապէս, պետբիւջէի նախագծում կառավարութեան կողմից ներկայացւած
"2011 թւականի սոցիալ-տնտեսական զարգացման եւ հարկաբիւջետային
քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները" վերնագրւած զեկոյցում նշւում
է, որ "Ռուսաստանեան երկաթուղիներ" ընկերութեան կազմած տեխնիկական
առաջադրանքի նախագծի հիման վրա 2011 թւականին նախատեսւում է սկսել
Հիւսիս-Հարաւ նոր երկաթուղու`
Մեղրի-Սիսիան-Ջերմուկ-Մարտունի-Գաւառ-Գագարին ուղղութեամբ 313
կիլոմետրանոց հատւածի շինարարութեան տեխնիկատնտեսական հիմնաւորման
աշխատանքները, որի ֆինանսաւորման աղբիւրը բիւջէում արտացոլւած չէ:
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դաւթեանը օրերս յայտարարել էր, թէ
բիւջէում առայժմ արտացոլւած չէ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման
համար աւելի քան 1 միլիարդ դոլարի վարկը, որը ստանալու շուրջ անցած
ամիս Չինաստանում բանակցութիւններ էր վարում Հայաստանի վարչապետ Տիգրան
Սարգսեանը:
"Մենք բիւջէում արտացոլում ենք այն ֆինանսական հոսքերը, որոնք ունեն
իրաւական հիմք", - ասել էր Դաւթեանը:
"Ռուսաստանեան երկաթուղիներ" ընկերութիւնը, յիշեցնենք, արդէն կազմել է
Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկական առաջադրանքի նախագիծը, եւ, ինչպէս
օրերս յայտարարեց "Հարաւակովկասեան երկաթուղի" ընկերութեան գլխաւոր
տնօրէն Շեւքեթ Շայդուլինը, Մոսկւայում գործող "Հիպրօտրանսպրօէկտ"
ընկերութիւնը ձեռնամուխ է լինելու նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի
տեխնիկատնտեսական հիմնաւորման մշակմանը:
Սակայն, ինչպէս "Ազատութիւն" ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի
տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյեանը,
տեխնիկատնտեսական հիմնաւորումն իրականացնող ընկերութեան եւ
աշխատանքների ֆինանսաւորման շուրջ բանակցութիւնները դեռեւս աւարտւած
չեն, եւ պարոն Շայդուլինը փոքր-ինչ շտապել է:
Յիշեցնենք, որ ժամանակին Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի նկատմամբ
լուրջ հետաքրքրութիւն էր ցուցաբերել Հիւսիս-Հարաւ աւտոմայրուղու
կառուցման վարկային ծրագիրն իրականացնող Ասիական զարգացման բանկը`
պատրաստակամութիւն յայտնելով Հայաստանին դրամաշնորհի տեսքով յատկացնել
Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնաւորման մշակման համար
անհրաժեշտ 1 միլիոն դոլարը:
Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեան դեռ Յունիսին յայտարարել
էր, թէ եւրոպացի մասնագէտների գնահատմամբ, երկաթուղու կառուցումը
կարժենայ 4 միլիարդ դոլար: Հայկական նախագծային ինստիտուտի
գնահատականներով, մինչդեռ, գումարը շատ աւելի համեստ է` ամբողջ
շինանարութեան արժէքը գնահատւել է 1,8 միլիարդ դոլար:
Բանակցութիւնները, որ Հայաստանի կառավարութիւնը վարում է տարբեր
երկրների, դոնոր-կազմակերպութիւնների հետ Իրան-Հայաստան երկաթուղու
ֆինանսաւորման աղբիւրները որոշելու համար, ընթանում են ոչ թէ նախկինի
նման երկաժամկէտ ու արտօնեալ, այլ կոմերցիոն վարկերի ներգրաւման շուրջ,
որոնք արտաքին պարտքի սահմանը անխուսափելիօրէն կը մօտեցնեն օրէնքով
սահմանւած ՀՆԱ-ի 60 տոկոսի չափին:
"Երբ լաւ աճի մէջ էք, այդ ժամանակ պարտքերը յետ էք տալիս, երբ պրոբլեմ
ունէք` պարտք էք հաւաքում", - "Ազատութիւն" ռադիոկայանի հետ զրոյցում
ասաց Avag Solutions խորհրդատւական ընկերութեան ներկայացուցիչ,
էկոնոմիկայի նախկին նախարար Արմէն Եղիազարեանը` շարունակելով. - "Դրա
համար պէտք է նայւի` այս նոր աճի ժամանակաշրջանում ինչքան ժամանակում
հնարաւոր կը լինի այդ պարտքերը յետ տալ: Այսօր, իմ կարծիքով, այդքան էլ
սարսափելի չէ":
«Յոյս»
թիւ 86
10 Նոյեմբեր 2010 |