|
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ՝
ԴԱՐԱՒՈՐ ԵՐԱԶԱՆՔ ԹԷ՞ . . .
Ռոբերթ Սաֆարեան

2008 թւականին հրապարակւել է Տիգրան Խզմալեանի "Սարդարապատ"
վաւերագրական ֆիլմը, որի համաձայն, այս յաղթական հերոսամարտին նախորդող
բոլոր նահանջների եւ զիջումների պատասխանատուն հայ քաղաքական այրերն ու
կազմակերպութիւններն էին, իսկ յաղթանակը իրականացնողը` եկեղեցին ու
ժողովուրդը: Ահա մի հատւած ֆիլմի խօսքերից. "Կորցնելով արտաքին աշխարհի
հետ երկաթուղային կապը, հետե-ւաբար նաեւ Թիֆլիսում լռւած իր տխրահռչակ
ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրոյն, ապաւինելով
միայն սեփական ուժերին£ Հէնց դա էլ դարձաւ ազգային փրկութեան գլխաւոր
խթանը"£ Առանց հաստատելու այդ եզրափակումը, հետաքրքիր է նկատել, որ ըստ
Խզմալեանի, Սարդարապատի յաղթանակը, հետեւանքն է այն հանգամանքի, որ
ժողովրդի կապը կտրւեց Թիֆլիսում հաստատւած հայ քաղաքական
ղեկավարութիւնից: Սա մի տեսակէտ: Միւս կողմից, Դաշնակցական Ռուբէնը, իր
յուշերում շեշտակիօրէն գրում է, թէ ինչպէս մինչեւ 1917 թւական, ոչ մի
հայ կուսակցութիւն չէր ցանկանում ստեղծել անկախ Հայաստան
Ռուսահայաստանում: Աւելին, նա գրում է, որ անկախ եւ միացեալ Հայաստանի
գաղափարը առաջին անգամ առաջադրել են թուրքերը: Թէ ինչպէ՞ս եւ ինչո՞ւ,
կարդացէք յաջորդ էջերում վերատպւած հատւածը Ռուբէնի յուշերից: Իսկ մեր
դասագիրքը, պարզեցնելով ամէն ինչ եւ տեղաւորելով իրական բարդ դրութիւնը
մերօրեայ նեղ գաղափարախօսութեան շրջանակներում, այսպէս է գրում. "Այս
յաղթանակների (Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի) արդիւնքում,
1918 թ. Մայիսի 28-ին շուրջ վեց դար գերութիւնից յետոյ իրականանում է
հայ ժողովրդի մեծագոյն երազանքը` վերականգնւում է հայկական
պետականութիւնը, որով Հայաստանը ձեռք է բերում ազատութիւն եւ հիմնւում
է Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետութիւն": Տեղին է հար-ցնել, որ այդ
ինչպիսի՞ երազանք էր, որ մինչ այդ ոչ մի հայ կուսակցութիւն չի ներառել
իր նպատակների շարքում: Իսկ ինչո՞ւ մինչեւ վերջին օրերը Դաշնակցութիւնը
դէմ էր անկախութեան հռչակմանը եւ միայն վրացիների եւ ադրբեջանցիների
անկախութիւնից յետոյ է պատրաստ լինում Հայաստանը անկախ յայտարարել:
Կարելի է պատճառաբանել յօգուտ Դաշնակցութեան եւ այլ կուսակցութիւնների
մօտեցման, որոնք խուսափում էին Հայաստանը անջատել Ռուսաստանից, եւ հայ
զինւած ուժերի կարողութիւնները թերի էին գնահատում թրքական բանակի դէմ
դուրս գալու համար: Այս առումով Խզմալեանի մօտեցումը` բոլորին մեղադրել
զիջողականութեան ու յանձնւելու համար, պարզա-մտութիւն է: Սակայն հարցն
այն է, որ այդպէս անսպա-սելի յաղթանակ ու անկախութիւն ինչո՞ւ պիտի
ներկայացնել որպէս երկարատեւ նպատակասլաց պայքարի ձեռքբերում: Յուսով
ենք՝ ստորեւ ներկայացւած նիւթերը, կօգնեն ընթերցողին` աւելի իրական
պատկերացում կազմել ժամանակի բարդ պայմանների մասին:
«Յոյս»
թիւ 98
18 Մայիս 2011
|