|
ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է
"ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ"-ԻՆ
Գայիանէ Մկրտչեան

Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ եւ
բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկեանը
Բազկամարտի նախկին չեմպիոն, պատգամաւոր, օլիգարխ, "Բարգաւաճ Հայաստան"
կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը վերջերս կրկին ցուցադրել է իր
հզօրութիւնը` այս անգամ սպառնալով միւս տարւայ խորհրդարանական
ընտրութիւններից առաջ "մարդկային եւ կազմակերպչական աւելի շատ
ռեսուրսներ" ներգրաւել:
Յունւարի վերջերին Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնն
ինքնալուծարւել է եւ միացել մի ուժի, որը ներկայումս խորհրդարանում
անդամների թ-ւով երկրորդն է եւ իշխող կոալիցիայում Հանրապետական
կուսակցութեան գործընկերն է:
Չնայած իր իշխանամէտ դիրքորոշմանը` "Բարգաւաճ Հայաստանն" առանձնապէս չի
զգուշանում թաքցնելու իշխանութիւնում իր ներկայացուցչութիւնն
աւելացնելու նկրտումները` 2012 թ. խորհրդարանական ընտրութիւններին
ընդառաջ:
Ելոյթ ունենալով Հայաստանի առաջադիմական կուսակցութեան ինքնալուծարման
համագումարում` "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան նախագահ Գագիկ
Ծառուկեանը խոստացել է, որ ինքնալուծարւած կուսակցութիւնը պատճառներ չի
ունենայ զղջալու իր որոշման համար:
"Նաեւ կուսակցութեան փակւելու համար նեղւելու կարիք չկայ, քանի որ
ԲՀԿ-ում խտրականութիւն չի լինում: Աշխատանքի բաժանումն իրականացւում է
ըստ մասնագիտական կարողութիւնների, նւիրւածութեան եւ կատարած
աշխատանքների",- ասել է ԲՀԿ առաջնորդը:
Հայաստանի առաջադիմական կուսակցութեան վերջին համագումարի ժամանակ դրա
նախագահ Տիգրան Ուլիխանեանը նշել է, որ ԲՀԿ-ն "ցենտրիստական" ուժ է,
ինչպիսին առաջադիմականն է: Կուսակցութիւնների ծրագրերը գրեթէ 99,9
տոկոսով համահունչ են:
"Աննպատակայարմար ենք համարում փոքր կուսակցութիւնների գոյութիւնն ու
գործունէութիւնը Հայաստանում, եթէ դա ինքնանպատակ է: Չտիրապետելով
մարդկային լուրջ ռեսուրսների` նրանք չեն կարողանում ազդել խորհրդարանից
դուրս քաղաքական գործընթացների վրայ: Չտիրապետելով ֆինանսական
միջոցների եւ այլ լծակների` փոքր կուսակցութիւններն այսօր զբաղւած են
ոչնչով",- ասել է Տիգրան Ուլիխանեանն իր կուսակիցներին: Հայաստանի
առաջադիմական կուսակցութիւնը հիմնւել է 2000 թ. եւ ունի շուրջ 8000
անդամ:
"Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան խօսնակ Խաչիկ Գալստեանը հրաժարւել է
պատասխանել "ԱրմենիաՆաուի" հարցին, թէ քանի՞ անդամ ունի
կուսակցութիւնը: Վերջին խորհրդարանական ընտրութիւններում (2007 թ.)
կուսակցութիւնն ասում էր, թէ ունի աւելի քան 300.000 անդամ, եւ
Հայաստանի առաջատար լրատւամիջոցները նոր կուսակցութիւնն երկրի
ամենամեծն են յայտարարում: Այդուհանդերձ, ընտրութիւններում "Բարգաւաճ
Հայաստան" կուսակցութիւնը ստացել էր ընդհանուր առմամբ 200.000-ից էլ
պակաս ձայն:
Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնն աջակցել է ՀՀԿ-ին 2007 թ.
խորհրդարանական ընտրութիւններում, երբ ներկայիս խորհրդարանում
մեծամասնութիւն կազմող կուսակցութեանը յաջողւեց "Բարգաւաճ Հայաստանից"
կրկնակի աւելի ձայն ստանալ:
Տիգրան Ուլիխանեանը հանրութեանը ծանօթ է աղմկայարոյց մի միջադէպով, երբ
2008-ի Մայիսին Երեւանի Տէրեան փողոցում գազային ատրճանակից կրակել էր
Հելսինկեան ասոցիացիայի նախագահ Միքայէլ Դանիէլեանի վրայ: Յարուցւել էր
քրէական գործ, որը հետագայում կարճւել էր:
Անկախ քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը "ԱրմենիաՆաուին" ասում է, որ
նախընտրական քարոզարշաւն արդէն մեկնարկել է: Նա տրամաբանական է
համարում, որ խոշոր կուսակցութիւնները փորձելու են լրացուցիչ
ռեսուրսներ ձեռք բերել` իրենց շուրջը համախմբելով փոքր
կուսակցութիւններին:
ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառւում, որ ԲՀԿ-ին անդամակցելու է նաեւ ԼՂՀ
ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխաւոր հրամանատար Սամւէլ Բաբայեանը:
ԲՀԿ-ին միանալու մասին արդէն իսկ յայտարարել է Հայաստանի երիտասարդական
կուսակցութեան նախագահ Վահան Բաբայեանը` նշելով, որ այդ որոշումը
կընդունւի առաջիկայ շաբաթ կայանալիք ներկուսակցական քւէարկութիւնում:
Նա նոյնպես հրաժարւել է հրապարակել իր կուսակցութեան անդամների թիւը,
սակայն ենթադրւում է, որ ՀԵԿ-ը 2000-3000-ից աւելի անդամ չի ունենայ:
Հաւանական նորեկներին հասցէագրւած իր խօսքում ԲՀԿ առաջնորդն ընդգծել
էր, որ "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան դռները բաց են բոլոր նրանց
առջեւ, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրութիւն մեր երկրի, ովքեր
ցանկանում են տեսնել մեր երկիրը կայուն, հզօր ու բարգաւաճող":
Քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը նույնպէս բաւական հաւանական է համարում
այն, որ փոքր կուսակցութիւնները, որոնք քաղաքական կշիռ չունեն
քաղաքական դաշտում, փորձելու են միա-ւորւել խոշոր ուժերին 2012-ի
նախընտրական քարոզարշաւից առաջ:
"ԲՀԿ-ն գործի կը դնի իր բոլոր ռեսուրսները` սկսած փողից, ինչպէս դա
արեց նախորդ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ",- "ԱրմենիաՆաուին"
ասում է Մինասեանը:
ԲՀԿ-ի շուրջ նոր միաւորումների ստեղծումը շատերը կապում են ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարեանի` մեծ քաղաքականութիւն վերադարձի հետ:
Ենթադրւում է, որ դեռ նախագահ եղած ժամանակ Քոչարեանն է կանգնած եղել
2007 թ. խորհրդարանական ընտրութիւններից առաջ կուսակցութեան ստեղծման
յետեւում:
Քաղաքագէտ Բոզոյեանը ն-ման հեռանկար քաղաքական դաշտում դեռ չի տեսնում,
սակայն չի բացառում, որ Քոչարեանը անակնկալ ձեւով յայտնւի խաղում,
ինչպէս 2007-ին արեց Լեւոն Տէր-Պետրոսեանը նախագահական ընտրութիւններից
մի քանի ամիս առաջ:
"Ցանկացած քաղաքական գործիչ ինքն է որոշում, թէ երբ կը վերադառնայ:
Բարդ է կանխատեսելը",- ասում է Բոզոյեանը:
Աղբիւր`
www.armenianow.com
«Յոյս»
թիւ 91
9 Փետրւար 2011
|