|
Կումայրիից Ալեքսանդրապոլ, Լենինական եւ Գիւմրի
Հայաստանի երկրորդ քաղաքը
ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ

Դեկտեմբերի 2-ին Մոսկւայի եւ համայն
Ռուսիոյ պատրիարք Կիրիլի եւ Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի միջեւ
տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գիւմրու քաղաքապետը նշել է, որ
քաղաքացիներից շատերը հանդէս են գալիս քաղաքը Ալեքսանդրապոլ
վերանւանելու առաջարկութեամբ:
Այս առաջարկութիւնը լայն հասարակական արձագանք ունեցաւ Հայաստանի
երկրորդ քաղաքում: Ոմանք այն դիտեցին "Հայաստանը ռուսականացնելու
հերթական փորձի" համատեքստում:
Սակայն դա այդպէս չէ` հաշւի առնելով նաեւ այն փաստը, որ ներկայիս
անունը թուրքական ծագում ունի: Վերջին տարիներին աւելի ու աւելի շատ
գիւմրեցիներ են խօսում քաղաքին նախկին անունը վերադարձնելու
անհրաժեշտութեան մասին:
Իսկ Ալեքսանդրապոլի պատմութեան արմատները հասնում են մինչեւ 1837 թ.,
երբ կայսր Նիկոլայ Առաջինն անձամբ այցելել է այս վայրը: Անունը տրւել է
ի պատիւ ռուս տիրակալի կնոջ:
Այդ ժամանակ այս վայրում դեռ քաղաք չէր: Այդտեղ վեր էին խոյանում
նախանցեալ դարի առաջին քառորդում Օսմանեան կայսրութեան դէմ պատերազմ
վարելու նպատակով կառուցւած ամրոցի պատերը: Իրենք` թուրքերն այս վայրն
անւանել են "Գիւմրի", որը նշանակում է "մաքսակէտ":
Մաքսակէտից հազար տարի առաջ ներկայիս Գիւմրու տեղում գտնւում էր հին
հայկական Կումայրի բնակատեղին: Հին յոյն պատմիչ Քսենոփոնը Ք.ա. 5-րդ
դարում յիշատակում է Գիւմնիասը` "մեծ, հարուստ եւ մարդաշատ" քաղաքը:
Արաբական տիրապետութեան շրջանում 8-րդ դ. հայ պատմիչ Ղեւոնդը
յիշատակում է Կումայրին արդէն որպէս բնակատեղի:
Թուրքերն աւելի ուշ տիրելով այդ տարածքին` թուրքացրել են բնակատեղիի
աւանդական անւանումը եւ բնակավայրը կոչել Գիւմրի: "Գիւմրեցի" թուրքերէն
նշանակում է տուրքեր, հարկեր հաւաքող, ինչպէս նաեւ վաշխառու, դրամափոխ,
շորթող:
Տասնամեակներ շարունակ Կումայրիի հայերը փորձել են ազատւել ինչպէս
թուրքական լծից, այնպէս էլ այս բեռից, այսքան ատելի անւանումից`
Գիւմրի, եւ իրենց յոյսը կապել են հաւատակից Ռուսաստանի հետ: 1826-ին
նախկին մաքսակէտն ի վերջոյ ազատւեց թուրքական լծից:
1840 թ. Ալեքսանդրապոլի ամրոցը պաշտօնապէս հռչակւել է քաղաք, իսկ 1850
թ. քաղաքը դարձել է Էրիւանի նահանգի Ալեքսանդրապոլ գաւառի կենտրոնը:
Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս եւ Ալեքսանդրապոլ-Էրիւան-Ջուլֆա երկաթգծի
անցկացման հետ կապւած այն նաեւ դարձաւ տրանսպորտային կարեւոր
հանգոյցներից մէկը:
Հէնց մաքսակէտից Ալեքսանդրապոլ վերանւանելուց յետոյ սկսւեց այս
բնակատեղիի` քաղաքի փոխակերպման գործընթացը: Յատուկ որոշմամբ այն
զարգացել է Ռոստովի, Կարսի եւ Շուշիի չափանիշներով:
Այդ ժամանակ ընթանում էր Արեւելեան Հայաստանի նոր, բաւական, հետաքրքիր
հայի տեսակի ձեւաւորումը, որը ներառում էր հայկական, ռուսական,
կովկասեան եւ նոյնիսկ եւրոպական մշակոյթի լաւագոյն գծերը:
Սակայն քաղաքին նախկին անունը վերադարձնելու քաղաքացիների յարաճուն
ցանկութիւնը թելադրւած է ոչ այնքան պատմական արդարութիւնը
վերականգնելու ձգտմամբ (այդ դէպքում աւելի լաւ կը լինէր այն
անւանակոչել Կումայրի), որքան քաղաքային մշակոյթի պակասի, քաղաքային
արժէքների, աւանդոյթների կորստեան գիտակցմամբ:
"Ալեքսանդրապոլցի" հասկացութիւնը քաղաքային մշակոյթին պատկանելութեան
հաստատում է: Եթէ Գիւմրին յայտնի էր միայն իր վաշխառուներով եւ իրենից
յետոյ քիչ թէ շատ արժանաւոր անուն չի թողել, ապա Ալեքսանդրապոլը տւել է
միստիկ Գիւրջիեւին, քանդակագործ Մերկուրովին, պոէտ Իսահակեանին եւ
նկարչուհի Ասլամազեան քոյրերին, որոնց շուտով ամբողջ Եւրոպան ճանաչեց:
Ալեքսանդրապոլը դարձաւ արհեստաւորների քաղաք, որտեղ ծաղկում էին աւելի
քան հարիւր արհեստ` ոսկերչութիւնը, դարբնագործութիւնը,
պղնձագործութիւնը, թիթեղագործութիւնն ու ձուլածագործութիւնը: Յատուկ
տեղ էին զբաղեցնում շինարարները` որմնադիրները, հիւսները: Եթէ
եկեղեցիները կառուցւում էին աւանդական ոճով, ապա հասարակական շէնքերն
ու բնակելի տները ներառում էին արդէն նոր հովեր` եւրոպական եւ
ռուսական:
Հանրապետութեան խորհրդայնացումից յետոյ Լենինական վերակոչւած քաղաքը
մասամբ զրկւեց իր արժանիքներից, սակայն ի դէմս հզօր "ալեքսանդրապոլեան
շերտի" շարունակում էր առանձնանալ միւս շրջանների մէջ:
Քաղաքի հերթական (1990-ականների սկզբին) վերանւանումը` այս անգամ
թուրքական Գիւմրի, օբիեկտիւօրէն հասունացած բազմապլանային ճգնաժամի հետ
մեկտեղ, վերակենդանացրեց թուրքական տիրապետութեան ժամանակաշրջանի
խղճուկ եւ նւաստացած գիւմրեցու տեսակը:
Հէնց այս վերակենդանացած կերպարի դէմ են այսօր արտայայտւում բազմաթիւ
բնակիչներ, ընդ որում նշում են, որ ներկայիս քաղաքապետը, ով պատրիարք
Կիրիլի հետ հանդիպման ժամանակ այս միտքն է յայտնել, երբեք չի կարող
դառնալ Ալեքսանդրապոլի քաղաքապետ, նա հէնց Գիւմրու քաղաքապետն է:
Այսօր Գիւմրով ճանապարհորդութիւնը վաշխառուի աշխարհընկալման յաղթանակի
ամրագրումն է: Շինարարական բումի յորձանուտում մեծ է ալեքսանդրապոլեան
մշակոյթի աւանդական շերտի իսպառ ոչնչացման վտանգը` հին շինութիւնները
քանդելու կամ դրանք նոր հարուստների ճարտարապետական ճաշակին ենթարկելու
միջոցով:
Սակայն եթէ ալեքսանդրապոլցին գիտէր թոյլատրելիի սահմանները, ապա
գիւմրեցին նման սահմանափակումներ երբեք չի իմացել ու չգիտի: Հէնց
ամենաթողութեան դէմ են հանդէս գալիս
Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գիւմրու բնակիչները եւ, ցանկութիւն
յայտնելով անւանափոխել իրենց հարազատ քաղաքի թուրքական անունը, ուզում
են նաեւ վերականգնել իրենց քաղաքի վաղեմի փառքը:
Աղբիւր՝"ԱրմենիաՆաու" կայք
«Յոյս»
թիւ 90
12 Յունւար
2011
|