|
ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅ,
ՍԱԿԱՅՆ...
Անի Գասպարեան

Սեռական բռնութիւն ասելով` Հայաստանում
յաճախ հասկանում են միայն բռնաբարութիւն, սակայն սեռական բռնութեան
ձեւերը խիստ բազմազան են. օրինակ` հայեացքներ, համբոյրներ, հպումներ,
առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ, որոնք դիմացինի մէջ
անհանգստութիւն ու վախ են առաջացնում:
Կանայք, ովքեր անտեղեակ են սեռական բռնութեան ձեւերին, չեն էլ մտածում,
թէ իրենք երբեւէ ենթարկւել են սեռական բռնութեան, սակայն պարզելով, թէ
այն ինչ է իրենից ներկայացնում, յանկարծ բացայայտում են, որ այդ
երեւոյթն այս կամ այն չափով իրենց էլ է առնչւել:
Հայաստանում սեռական բռնութեան վերաբերեալ որեւէ վիճակագրութիւն
գոյութիւն չունի: Անգամ օրէնքում յստակ չի սահմանւում, թէ որն է
սեռական բռնութիւնը կամ ոտնձգութիւնը: Յատուկ սեռական բռնութեան
խնդիրներով զբաղւող ընդամէնը մէկ հասարակական կառոյց գոյութիւն ունի`
Սեռական բռնութեան ճգնաժամային կենտրոնը, որտեղ 2008 թւականից գործում
է թէժ գիծ` սեռական բռնութեան ենթարկւած կանանց աջակցելու եւ
ուղորդելու նպատակով:
Կենտրոնի հոգեբան-խորհրդատու Անուշ Պօղոսեանն ասում է, որ 2010 թ.
Յունւարից մինչ օրս թէժ գծին 101 զանգ է եղել.
"Զանգերը տարբեր բնոյթի են. օրինակ` աղջիկները բողոքում են, որ իրենց
հետապնդում են, սպառնում, կանայք բողոքում են, որ ամուսինները ստիպում
են իրենց կամքին հակառակ սեռական գործողութիւններ կատարել եւ այլն,-
ասում է կենտրոնի հոգեբանը,- վերջին ժամանակներս աղջիկները շատ են
զանգում այն հարցով, որ զուգընկերներն իրենց հրաւիրել են որեւէ տեղ,
խմիչքի մէջ գաղտնի ինչ-որ նիւթ լցրել, իրենք քնել են կամ չեն գիտակցել,
թէ իրենց հետ ինչ է կատարւում, եւ յետոյ ուշքի գալով հասկացել են, որ
բռնաբարւել են: Քանի որ այդ երեւոյթը բաւականին շատ է տարածւած,
խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց ու աղջիկներին չափից աւելի զգոյշ ու
զգօն լինել":
Սեռական բռնութեան խնդիրն առկայ է ողջ աշխարհում: Ըստ վիճակագրական
տւեալների` ամէն օր բռնաբարւում է իւրաքանչիւր երրորդը: Ինչ վերաբերում
է սեռական բռնութեան այլ ձեւերին` ոչ սեռական բռնաբարութեանը, ապա այն
աւելի մեծ մասշտաբների է հասնում: Սակայն, եթէ զարգացած երկրներում այդ
խնդիրը համարւում է հասարակութեանը սպառնացող ամենալուրջ վտանգներից
մէկը, դրա մասին բարձրաձայնում են ու դրա դէմ միջոցներ ձեռնարկում
պետական ու հասարակական մակարդակներով, ապա մեզ մօտ այդ մասին անգամ
չեն էլ ուզում խօսել:
"Շատ տղամարդիկ անգամ բռնաբարութիւնը չեն համարում բռնութիւն`
համոզւած, որ հէնց կանայք են "հրահրում" իրենց դիմելու այդ քայլին,-
ասում է հոգեբանը,- ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք չեն խօսում,
որովհետեւ ամաչում են, բացի այդ, աջակցութիւն չեն ակնկալում ո՛չ
ընտանիքից, ո՛չ բարեկամներից եւ ո՛չ էլ յատկապէս ոստիկանութիւնից":
Հոգեբանը նշում է, որ ոստիկանութեանը չվստահելու եւ չդիմելու
հետեւանքով խնդիրն աւելի է խորանում, քանի որ անպատժելիութիւնը նորանոր
յանցանքներ է ծնում:
Սովորաբար այն կանայք, ովքեր դիմում են ոստիկանութիւն եւ յայտնում, որ
իրենց բռնաբարել են, ոստիկանութեան աշխատակիցների սխալ վերաբերմունքի
պատճառով աւելի են խորացնում առանց այն էլ եղած մեղքի զգացումը եւ
սթրեսը: "Շատ են եղել դէպքեր, երբ մենք ինքներս մեզ դիմած կանանց հետ
ներկայացել ենք ոստիկանութիւն, սակայն բռնաբարողները պատասխանատւութիւն
չեն կրել. կա՛մ ոստիկաններին յաջողւել է համոզել կանանց՝ յետ վերցնել
բողոքը, կա՛մ գործը կարճւել է բաւարար ապացոյցներ չլինելու պատճառով",-
ասում է Անուշը:
Աղբիւր` "Անկախ" շաբաթաթերթ
«Յոյս»
թիւ
82
15 Սեպտեմբեր 2010 |