|
ՔԼԻՆԹՈՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
Գայիանէ
Աբրահամեան

ԱՄՆ
պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Յուլիսի 4-ին կարճատեւ այցով Հայաստանում
էր, ինչը շատերը համարում են "զուտ խորհրդանշական", այդուհանդերձ
"չափազանց կա-րեւոր" այց:
Քլինթոնը Բաքւից երեկոյեան ժամը 18-ին ժամանել է Երեւանի "Զւարթնոց"
միջազգային օդանաւակայան` իր հնգօրեայ շրջագայութեան շրջանակներում,
որը, բացի Հայաստան եւ Ադրբեջան այցելութիւններից, ներառում էր նաեւ
Ուկրաինան, Լեհաստանը եւ Վրաստանը:
Հայաստանի պատմութեան ընթացքում Քլինթոնը Երեւան այցելած առաջին ԱՄՆ
բարձրաստիճան պաշտօնեան է 1992 թ. ի վեր, երբ Հայաստան էր այցելել մէկ
այլ ԱՄՆ պետքարտուղար` Ջէյմս Բէյքերը:
Փորձելով գնահատել Քլինթոնի այցի նշանակութիւնը` հայ փորձագէտներից
ոմանք պնդում են, որ յատկանշական է, որ Քլինթոնն այցելել է Հայաստան
ԱՄՆ-ի անկախութեան օրը: Միւսների կարծիքով` նշանակալից է, որ նա
նախընտրել է գիշերել Հայաստանում:
Քլինթոնը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին
Անկախութեան օրւայ կապակցությամբ շնորհաւորանքների համար եւ յաւելել,
որ հաճոյքով կը նշի Հայաստանի Սահմանադրութեան օրը:
Եւ՛ Բաքւում, եւ՛ Երեւանում պետքարտուղար Քլինթոնը, ինչպէս եւ սպասւում
էր, վերահաստատել է իր երկրի կարծիքը, որ ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք
է լուծւի միջազգային միջնորդների առաջարկած սկզ-բունքների համաձայն:
***
ԱՄՆ
պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում անցկացրեց ընդամէնը 18 ժամ,
սակայն երկուշաբթի առաւօտեան նրա կարճատեւ այցի մի քանի րոպէներն էին,
որ գրաւեցին հայերի ուշադրութիւնը, որոնք փորձում են հասկանալ կատարւած
քայլի իմաստը:
Քլինթոնը Երեւանից ուղեւորւեց Վրաստան, որը վերջին երկիրն էր
պետքարտուղարի դիւանագիտական այցի շրջանակներում: Սակայն Հայաստանի
մայրաքաղաքից մեկնելուց առաջ նա այցելել է Հայոց ցեղասպանութեան զոհերի
յուշահամալիր,որտեղ վար-դեր է դրել անմար կրակի մօտ:
Ընդհանուր առմամբ, բարձրաստիճան դիւանագէտների այցը Ծիծեռնակաբերդի
(յուշահամալիր) անսովոր չէ, սակայն Քլինթոնի պարագայում այն տեղիք է
տւել ենթադրութիւնների, որ ԱՄՆ պետքարտուղարի այս սովորական քայլը
կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:
Ծիծեռնակաբերդ Քլինթոնի այցից յետոյ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը
մամուլի հաղորդագրութիւն հրապարակեց, ըստ որի` Քլինթոնի այցը
պաշտօնական չէր: ԱՄՆ պետքարտուղարին դէպի յուշահամալիր ուղեկցում էին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Իուանովիչը եւ Ցեղասպանութեան
թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը եւ ոչ մի ներկայացուցիչ ՀՀ
կառավարութիւնից:
Ամփոփելով քարտուղարի 18-ժամեայ այցը` դեսպանատան հաղորդագրութեան մէջ
ասւում է. "…Քարտուղարը նաեւ մասնաւոր այց է կատարել Ծիծեռնակաբերդի
յուշահամալիր` իր յարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին, որ
իրենց կեանքը կորցրեցին 1915 թւականին":
Հաշւի առնելով այն, որ հայերը ցանկացած աննշան մանրուքի մէջ ենթատեքստ
են փնտրում, Քլինթոնի դրած ծաղկեպսակի ժապաւէնի վրայ "Պետքարտուղար
Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի կողմից" գրութիւնը մտորումների տեղիք է տալիս:
Որպէս սենատոր` Քլինթոնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման հաւատարիմ
աջակիցն էր եւ խոստացել էր հետամուտ լինել բանաձեւն ընդունելուն:
Սակայն պետքարտուղարի պաշտօնում Քլինթոնը նոյն հաւատարմութեամբ դէմ է
արտայայտւել Ներկայացուցիչների պալատում գտնող բանաձեւին` ասելով, որ
դրա ընդունումը կը վնասի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, մասնաւորապէս,
Թուրքիայում:
Ամերիկայի հայ դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ պաշտօնեաներին
հաւատարիմ մնալ Ցեղասպանութեան ճանաչման իրենց խոստումներին:
Այսօր ՀՅԴ բիւրոյի Հայ դատի գրասենեակի քաղաքական հարցերով
պատասխանատու Կիրօ Մանոյեանը` Քլինթոնի այցի առն-չութեամբ
"ԱրմենիաՆաու"-ին ասել է. "Կարծես որոշակի հակասութիւն կայ
Ցեղասպանութեան յուշահամալիր նրա (Հ. Ռ. Քլինթոնին) այցին առնչւող
Երեւանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեան եւ նրա դրած
ծաղկե-պսակի ժապաւէնի վրայ գրւածի միջեւ: Այդուհանդերձ, եթէ Հիլարի Ռ.
Քլինթոնը չի այցելել Ցեղասպանութեան յուշահամալիր որպէս պետքարտուղար,
ապա նա դրանով վիրաւորել է Հայաստանին եւ հայերին: Եթէ, ինչպէս գրւած է
ծաղկեպսակի ժապաւէնի վրայ, նա այցելել է որպէս պետքարտուղար, ապա դա
նշանակում է կա՛մ այն, որ Օբամայի վարչակազմը փոխել է իր
քաղաքականութիւնը եւ կը համաձայնի այնպէս անել, որ ԱՄՆ
Ներկայացուցիչների պալատը յարգի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, կա՛մ
պետքարտուղարի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր յարգանքի ազնիւ
դրսեւորում չէ":
Անկարայից ակնկալւող արձագանքը ցոյց կը տայ, թէ արդեօք թուրք
պաշտօնեաները քարտուղարի այս քայլը կը դիտե՞ն որպէս վիրաւորանք իրենց
կողմից պատմական փաստի (որի յիշատակն է յաւերժացնում Ցեղասպանութեան
յուշակոթողը) ժխտմանը:
Աղբիւր`
"ԱրմենիաՆաու" կայք
www.armenianow.com
«Յոյս»
թիւ 78
14 Յուլիս
2010
|