|
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ
Վահրամ Աղաջանեան
"Երրորդ ՈՒժ" թերթի գլխաւոր խմբագիր

Մեզանում տարածւած է այն թիւր կարծիքը, թէ հայ ժողովրդի բոլոր
դժբախտութիւնների աղբիւրը մահմեդականութիւնն է` իր ռազմատենչ
գաղափարախօսութեամբ ու աշխարընկալմամբ, քրիստոնեայ ժողովուրդների
հանդէպ պատմական չթաքնւած անհանդուրժողականութեամբ: Հայրենական որոշ
հրապարակախօսներ իրենց բնորոշ կրքոտութեամբ սիրում են "մերկացնել"
իսլամի կամ պանիսլամականութեան հայակործան վտանգաւոր էութիւնը` պահ
անգամ չմտածելով, որ դրանով միայն նպաստում են մահմեդական երկրներում
ազերի էմիսարների հակահայկական քարոզչութեանը եւ որպէս հետեւանք`
հակահայկական տ-րամադրութիւնների աշխուժացմանը: Մինչդեռ 1915 թ. նաեւ
արաբ մահմեդականներն են հազարաւոր հայերի կեանք փրկել: Չլինէր Իրանի
բարիդրացիական կեցւածքը հայ ժողովրդի նկատմամբ, շրջափակւած Հայաստանն
ու Ղարաբաղը կը յայտնւէին տնտեսական անհամեմատ ծանր վիճակում:
Տասնեակ հազարաւոր հայեր այսօր էլ բնակւում են արաբական եւ
միջինասիական տարբեր երկրներում, որտեղ, հաւաստի աղբիւրների համաձայն,
գոյութիւն ունեն ՀՀ-ի հետ սերտ համագործակցութեան պատրաստ
հակաթուրքական բաւական ազդեցիկ ուժեր: Չօգտւել դրանից` նշանակում է
չտեսնել կամ մոռանալ սեփական շահը:
Գաղտնիք չէ, որ պատմական հանգամանքների բերումով բազմաթիւ հայեր,
հաշւեյարդարից փրկւելու յոյսով, դարասկզբին մահմեդականութիւն են
ընդունել` պահպանելով, սակայն, ազգային աւանդոյթները: Իսլամ ընդունած
հայազգի հազարաւոր քաղաքացիներ ներկայումս բնակւում են Թուրքիայում,
Հիւսիսային Կովկասում: Չնայած շարիաթի օրէնքների խստութեանը` հաւատափոխ
հայերին բնորոշ է կրօնական որոշակի ազատականութիւն, եւ որ
ամենակարեւորն է, մեր հայրենակիցները չեն ձուլւել մահմեդական
ժողովուրդներին, յիշում են իրենց ծագումը:
Յայտնի է, որ մահմեդական պետութիւններն ու համայնքները ամէն տարի
գումարում են Իսլամական համաժողովի նիստ, որի ընթացքում, ի շարս այլ
հարցերի, կարգաւորւում է նաեւ մահմեդական այս կամ այն երկրին օգնութիւն
(այդ թւում` ռազմական) ցուցաբերելու հարցը: Յայտնի է նաեւ, որ նշեալ
համաժողովում Անդրկովկասի եւ Հիւսիսային Կովկասի մահմեդականութեան
շահերը ներկայացնում է այդ տարածաշրջանների հոգեւոր առաջնորդ,
ազգութեամբ ադրբեջանցի շէյխ-ուլ-իսլամ Ալլահշիւքիւր Փա-շազադէն, ում
ելոյթների հիմնական մասն առնչւում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը:
Հակազդեցութեան չհանդիպող ադրբեջանական ու թուրքական
պատւիրակութիւններին յաջողւում է կրօնական բնոյթ հաղորդել ղարաբաղեան
ճգնաժամին եւ դրամական հսկայական օգնութիւն ստանալ համաժողովի մասնակից
երկրներից: Թէ ինչ նպատակներով են ծախսւում այդ գումարները, հասկանալի
է բոլորիս: Հայազգի իսլամականների մասնակցութեան պարագայում, սակայն,
ադրբեջանական եւ թուրքական պատւիրակութիւններին հազիւ թէ յաջողւի
օգտւել այդ օգնութիւնից: Էլ չենք խօսում մահմեդական երկրներում հայամէտ
ուժերի գործունէութեան անխուսափելի ակտիւացման մասին:
Այս առնչութեամբ ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս, թերեւս, նպատակայարմար կը
լինէր նպաստել հայկական մահմեդական որեւէ կազմակերպութեան, ասենք` Հայ
իսլամականների միութեան (անւանումը` ըստ ճաշակի) ստեղծմանը:
Կանխատեսում եմ բարեպաշտ հայ քրիստոնեայ ընդդիմախօսների դժգոհութիւնը:
Սակայն մենք հանդուրժում ենք հայազգի կրիշնայականներին, հայ
բուդդայականներին, անգամ` հայ եհովականներին, որոնք արդէն փորձում են
բանակ թափանցել` պատերազմող երկրում քարոզելով զինւած պայքարի
անթոյլատրելիութիւն, եւ որոնք շատ յաճախ վնասից բացի հայրենիքին ոչինչ
չեն տալիս: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ չօգտւել հայ մահմեդականների
ծառայութիւններից, մանա-ւանդ, որ մահմեդականների թիւն աշխարհում
հասնում է 1 միլիարդի, եւ իսլամական մի շարք պետութիւններ, ասենք`
Իրանը կամ Արաբական լիգայի մասնակիցները, թերեւս, սիրով աջակցեն այդ
միութեան գործունէութեանը: Եթէ նոյնիսկ ՀՀ-ում յիշեալ կազմակերպութեան
ստեղծումը կապւած է պատմահոգեբանական որոշ բարդոյթների հետ, ապա դրսում
բնակւող հայազգի մահմեդականների կազմակերպւած գործունէութիւնը որեւէ
խոչընդոտի չի հանդիպի:
Թւում է ամէն խնդրի, յատկապէս պետական շահերին առնչւող հարցերին պէտք է
մօտենալ պրագմատիկ դիրքերից: Ցանկանում ենք, թէ ոչ, բայց հայ
մահմեդականութիւնն այսօր իրողութիւն է: Մերժողական կեցւածքն այս փաստի
նկատմամբ, մեղմ ասած, իրատեսական չէ, խարսխւած է զուտ զգացմունքային
պատկերացումների վրայ: Մենք փաստօրէն օտարում ենք մեր ժողովրդի մի
հատւածը, որը, ի վերջոյ, անխուսափելիօրէն կը յայտնւի այլ պետութիւնների
ազդեցութեան տակ: Մինչդեռ հայկական իսլամական, թէկուզեւ խորհրդանշական
որեւէ կազմակերպութիւն կարող է հայանպաստ լուրջ բեկում մտցնել
իսլամական համաժողովներում եւ ընդհանրապէս մահմեդական երկրներում:
Յիշեցնենք, որ ամենահամեստ հաշւարկներով հայազգի մուսուլմանների թիւը
միայն Թուրքիայում հասնում է մի քանի հարիւր հազարի:
Աղբիւր՝
www.keghart.com
«Յոյս»
թիւ 115
25 Յունւար 2012
|