|
ԼԵՒՈՆ
ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ,
ԺՈՂՈՎՐԴԱՎԱ՞Ր ԹԷ՞ ԱՄԲՈԽԱՎԱՐ

Տէր-Պետրոսեանի անւան եւ մտածելակերպի հետ է կապւած Հայաստանի
Հանրապետութեան հիմնադրման եւ քաղաքականութեան պատմութիւնը: Կողմ թէ
դէմ, ոչ ոք կարող է հերքել այս իրականութիւնը: Նա թէեւ եկել է
գիտութեան ոլորտից, սակայն հմուտ քաղաքագէտ է: Ահա նրա շեշտը ռէալ
փոլիթիք -ի վրայ: Հէնց այստեղից է գալիս նաեւ նրա մօտեցումը Ղարաբաղի
հակամարտութիւնը կարգաւորելու հարցին: Մերժել ամէն տեսակ զիջում նրա
տեսակէտից անիմաստ բան է իրական քաղաքականութեան ոլորտում եւ կարելի է
մեծ վնասներ բերել ցանկացած ժողովրդի համար: Նա իր մտքերը շարադրում եւ
բացատրում է պարզ եւ հանգամանօրէն: Բայց միաժամանակ, նրա մէջ նկատելի է
հակադեմոկրատական հակումը, որը երեւի արդիւնքն է սովետական շրջանում
նրա անհատականութեան ձեւաւորման իրականութեան: Նա երբեմն այնքան պարզ է
խօսում ժողովրդի հետ, որ հակառակորդները կարողանում են ժողովրդին դրդել
նրա դէմ, ինչպէս օրինակ իր հրաժարականին յանգող մամլոյ ասուլիսում:
Բայց եւ կարողանում է հրապարակ հանել եւ հրապարակում պահել մեծ թւով
ժողովուրդ, հանգամանք, որ կարելի է բնութագրել որպէս ամբոխավարութիւն:
Դաշնակցութեան գործունէութեան կասեցումը եւ երկրորդ շրջանում իր
ընտրութեան դէմ բողոքներին ուժային խիստ վերաբերմունքը, նրա
գործունէութեան մութ կէտերն են, որոնք մինչ օրս գործ են ածւում նրա
դէմ: Ստորեւ կարող էք կարդալ Տէր-Պետրոսեանի գործունէութեան համառօտ
ժամանակագրութիւնը, նրա բացատրութիւնները Ղարաբաղի հարցի փուլային
կարգաւորման մասին (որն արդէն պատմական կարեւորութիւն ունի եւ անծանօթ
ընթերցողը, առանց բուն գրութիւնը կարդացած լինելու, յաճախ ընդունում է
Ղարաբաղը ծախելու մեղադրանքը նրա դէմ), ինչպէս նաեւ նրա
բռնապետականութեան դէմ գրւած Վահան Իշխանեանի յօդւածը: Յուսով ենք, որ
այսպիսով մեր ընթերցողին առիթ ընձեռնած կը լինենք իր անկախ
դատողութիւնն ունենայ Հայաստանի քաղաքական ամենակարեւոր դէմքերից մէկի
մասին:
Ռ.Ս.
«Յոյս»
թիւ 110
9 Նոյեմբեր 2011
|