|
ՀԱՒԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐ
Նաիրա Հայրումեան

Մինչ հայ փորձագէտները քննարկում են
երկրում ընտրութիւնների նախաշեմին ներքաղաքական զարգացումների հնարաւոր
ընթացքը, քաղաքական գործիչները կանխատեսում են իշխող կոալիցիայի
փլուզումը եւ նոր, անհնարին թւացող դաշինքների ստեղծումը:
Յաջորդ գարնանը խորհրդարանական ընտրութիւնների եւ 2013 թ. նախագահական
ընտրութիւնների մօտենալը ստիպում է կուսակցութիւններին վերջնականապէս
կողմնորոշւել եւ ընտրել ճամբարը: Արմատական ընդդիմութիւնը` ի դէմս Հայ
ազգային կոնգրեսի, մէկշաբաթեայ նստացոյց է անցկացնում Ազատութեան
հրապարակում եւ կոչ է անում մարդկանց հասնել իշխանութեան հրաժարականին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն յայտարարել է, որ չի բացառում մեծ
քաղաքականութիւն իր վերադարձը: Բացի այդ, այն փաստը, որ ՌԴ գործող
նախագահ Դմիտրի Մեդւեդեւն առաջարկել է Վլադիմիր Պուտինի թեկնածութիւնը
նախագահի պաշտօնում, Հայաստանում զուգահեռներ անցկացնելու բուռն
ցանկութիւն է առաջացրել: Առաւել յաճախ դիտարկւում է գործող նախագահ
Սերժ Սարգ-սեանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի միջեւ ուղղակի
առճակատման հաւանականութիւնը: Վերլուծաբանները կարծում են, որ
Սարգսեանը կարող է նոյնիսկ դաշինք կազմել իր ներկայիս ընդդիմախօս,
ընդդիմութեան ղեկավար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ:
Առաջին եւ երրորդ նախագահները կարող են ընդդիմանալ երկրորդ նախագահին՝
մեղադրելով նրան 2008 թ. Մարտի 1-ի հակասահմանադրական գործողութիւնների
մէջ, երբ յետընտրական խաղաղ ցոյցերի ընթացքում սպանւեց 10 մարդ:
Երկրորդ տարբերակը դարձեալ Սարգսեան-Քոչարեան առճակատումն է, սակայն
այս դէպքում Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած ընդդիմադիր ՀԱԿ-ը
ներկայանում է որպէս առանձին ուժ եւ, աշխատելով երկուսի դէմ, ստիպում է
երկրում արդար ընտրութիւններ անցկացնել: Քանի որ մինչ օրս
ընտրութիւնները կեղծւել են վարչական լծակների միջոցով, որոնք ապահովում
են Հանրապետական կուսակցութիւնը եւ նրա կոալիցիոն գործընկերները, ապա
նախկին գործընկերների միջեւ այդ լծակների ապակենտրոնացումը կարող է
խթանել իրական մրցակցութիւն: Ու թէեւ Տէր-Պետրոսեանն ասում է, որ
Քոչարեանը կուսակցական պյատֆորմ չունի, իշխող Հանրապետական
կուսակցութեան փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանի կարծիքով՝ նախկին նախագահ
Քոչարեանի վերադարձը մեծ քաղաքականութիւն կարող է պառակտում մտցնել
իշխող կոալիցիայում, եթէ Քոչարեանի թեկնածութիւնն առաջադրի կոալիցիոն
կուսակցութիւններից մէկը` "Բարգաւաճ Հայաստանը" կամ "Օրինաց երկիրը":
Սակայն մի տարբերակ էլ կայ, որն ամենաքիչն է քննարկւում՝ եթէ Սարգսեանը
յօժարակամ հրաժարական տայ եւ ՀՀԿ համագումարում, Դմիտրի Մեդւեդեւի
օրինակով, առաջադրի Ռոբերտ Քոչարեանի թեկնածութիւնը: Թէեւ ՀՀԿ-ն արդէն
յայտարարել է, որ առաջիկայ ընտրութիւններում նախագահի իր թեկնածուն կը
լինի իր առաջնորդ Սարգսեանը, այդուհանդերձ Ռուսաստանում քաղաքական
վերադասաւորումը կարող է ազդել նաեւ Հայաստանի վրայ: Կը ցանկանա՞ն եւ
կը կարողանա՞ն արդեօք ՀՀԿ անդամները, դիմակայել Քոչարեանի առաջադրմանը:
Հաւանաբար, ոչ, քանի որ նրանց մեծ մասը կուսակցութեանն անդամագրւել է
Քոչարեանի նախագահութեան օրօք:
«Յոյս»
թիւ 108
12 Հոկտեմբեր 2011
|