|
ՕՍԼՈՅԻ ԱՀԱԲԵԿԻՉ` ԲՐԷՅՒԻԿԻ ՏԵՍԱԿԷՏՆԵՐԸ
ՆԱԵՒ ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Յուլիսի 22-ին, աշխարհի ամենախաղաղ երկրներից մէկը համարւող Նորւեգիան
ցնցւեց այնպիսի ահաբեկչական յարձակումից, որն ամենաարիւնալին էր
երկրում` Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Երկրի մայրաքաղաք
Օսլոյի կենտրոնում գտնւող կառավարական մի շէնքի պայթիւն խլեց 7 զոհ,
իսկ քաղաքի մօտակայ զբօսավայրում մի աշակերտական բանակումի վրայ
յարձակման հետեւանքով սպանւեցին շուրջ 70 երեխաներ: Լրա-տւամիջոցներն
սկսեցին մեղադրել իսլամական ծայրայեղականներին, սակայն շուտով պարզւեց,
որ ահաբեկչութիւնը ծրագրել եւ գործադրել է քրիստոնեայ ֆունդամենտալիստ
... Բրէյւիկը, եւ սպանւած երեխաների մեծամասնութիւնը Նորւեգիայում
ապրող գաղթականների երեխաներ են եղել: Բրէյւիկը աշխարհը եւ պատմութիւնը
դիտում է որպէս շարունակական խաչակրաց արշաւանք եւ իր առաքելութիւնն է
համարում ազատագրել Եւրոպան մահմեդականների գերիշխանութիւնից: Այսպէս է
ասւած նրա 1500 էջանոց մանիֆեստում:
Այդ մանիֆեստում Բրէյւիկը գրել է տարիներ շարունակ, որտեղ էլ հէնց
արձանագրել է իր ծայրայեղական գաղափարները, զէնք-զինամթերք ձեռք
բերելու, ռումբ պատրաստելու մանրամասներն ու անձնական ապրումները:
Ընդ որում, օրագրից դատելով, Բրէյւիկը այնքան տարւած է եղել իր
գաղափարներով ու ծրագրերով, որ անտեսել է այդ ահաբեկչութիւնների
արդիւնքում հնարաւոր աւերածութիւններն ու կորուստները:
Անձնական կեանքի մասին յուշերում Բրէյւիկը պատմել է մահմեդական
ներգաղթեալների հետ ունեցած իր շփումների, նրանցից ստացած
վիրաւորանքների մասին, թէեւ յիշատակել է նաեւ, որ նրանց շրջանում
ունեցել է նաեւ ընկերներ: Որոշել է համալսարան չընդունւել, զբաղւել է
ինքնակրթութեամբ, տեւական ժամանակ ճանապարհորդել է, եղել է եւրոպական
երկրներում, Փղոսկրի Ափում, Թուրքիայում ու Միացեալ Նահանգներում:
Բրէյւիկը օրագրում պնդում է, թէ պատկանում է մի քանի հարիւր մարդուց
բաղկացած եւրոպական ազգայնականների "Խաչակիրների խմբին", որի անդամները
մինչեւ 2083 թւականի Սեպեմբերի 11-ը պէտք է ազատագրեն Եւրոպան:
Նշենք, որ օրը պատահական չէ. 1683 թւականին Սեպտեմբեր 11-ին՝ Վիեննայի
ճակատամարտում, Եւրոպան յաղթանակեց ու վերջ տւեց Օսմանեան կայսրութեան
առաջխաղացմանը, եւ ահա, սրանից ուղիղ 400 տարի անց, ըստ Բրէյւիկի,
երկրագնդի ամենահին մայրցամաքը կրկին պիտի տօնի իր յաղթանակը:
"Մենք պայքարում ենք յանուն բնիկ եւրոպացիների` պահպանելու համար մեր
մշակոյթը, մեր ինքնութիւնը, մեր պետութիւնն ու քրիստոնէութիւնը", -
գրել է Բրէյւիկը՝ պնդելով, որ մահմեդականների հետ "երկխօսելու ժամանակն
արդէն սպառւել է":
Մանիֆեստում Բրէյւիկը ներկայացրել է նաեւ իր երկարաժամկէտ ու
կարճաժամկէտ նպատակները՝ Եւրոպայից ամենավերջին մահմեդականի
արտաքսումից մինչեւ Կոնստանդնուպոլսի ազատագրումը, Մեծ Հայաստանի,
Յունաստանի ու Սերբիայի վերականգնումը: Ըստ Բրէյւիկի, Բոսնիան ու
Ալբանիան պէտք է քարտէզից դուրս թողնւեն, թուրքերը բնակւեն միայն
Կենտրոնական Անատոլիայում եւ պատասխան տան հայերի ցեղասպանութեան
համար:
Հայերի, նրանց բնաջնջման ու Մեծ Հայքի վերականգման հարցը բաւական յաճախ
է հանդիպում Բրէյւիկի օրագրում, մանրազնին ներկայացւած են ոչ միայն
Պարսկաստանի, Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ հայերի կրած
տառապանքները, այլեւ ղարաբաղեան պատերազմն ու դրա հետեւանքները:
"Խաչակրաց արշաւանք՝ Ալ-Ղաիդայի մեթոդներով", - փաստել է իտալական
"Կորիերա դէ լա սերա" պարբերականը՝ ընդգծելով, որ մանիֆեստում բազմաթիւ
ընդհանրութիւններ կան մահմեդական ծայրայեղական խմբաւորումների
գաղափարախօսութիւնների հետ:
Արեւմտեան գերտէրութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանը խստօրէն դատապարտել
են Նորւեգիայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները:
«Յոյս»
թիւ 104
10
Օգոստոս 2011
|