|
«ՅՈՅՍ» ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

«Կարդում եմ «Յոյս»-ը եւ երբեմն գրւած որոշ բաներում համաձայն չեմ, պարզ է, որ
չեմ ակնկալում` ամէն մարդ գրի այնպիսի բաներ, որոնց ես համաձայն լինեմ: Իհարկէ, կան
զանազան ճա- շակներ, բայց մամուլը, եթէ հաւատացած է կրօնական եւ ազգային
արժէքներին, դրանք պիտի փոխանցի իր ընթերցողներին, առանց անպայմանօրէն նկատի
ունենալու զանազան մարդկանց ճաշակները», «Յոյս»-ի հերթական` 64-րդ, համարին տւած
հարցազրոյցում ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս
Սարգսեանը:
Սրբազան հայրը նշել է, որ ինքը, ծանօթ լինելով հրատարակչական եւ մամուլի
աշխատանքին, հասկանում է համայնքում թերթ հրատարակելու դժւարութիւնները եւ
գնահատում է «Յոյս»-ի աշխատանքը` գրաւիչ եւ արդի թերթ հրատարակելու ուղղութեամբ:
«Յոյս»-ը հասարակական-մշակութային երկշաբաթաթերթ է, որը տարածւում է Իրանում եւ
Հայաստանում, արտօնատէրն է «Իրան-Հայաստան բարեկամութեան» ընկերութեան նախագահ
Լեւոն Ահարոնեանը,իսկ գըլխաւոր խմբագիրն է Ռոբերտ Սաֆարեանը:
Տ.Սեպուհ արք.Սարգըսեանը եւ խմբագիրը խօսել են համայնքի կրօնական ու հասարակական
խնդիրներից, իսկ խմբագրի հարցին, թէ Սրբազան Հայրն ինչպէ՞ս է վերաբերւում
համայնքում գոյութիւն ունեցող տարբեր գաղափարական, քաղաքական հոսանքներին եւ
խմբակցութիւններին,Սըրբազան Հայրը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ այս
զանազանութիւնը մեր գաղութի հարստութիւնն է, որքան գաղափարական զանազանութիւնն
աւելի է, դա նշանակում է նաեւ, որ գաղութի մէջ գաղափարական եռուզեռ կայ»:
Սակայն «Յոյս»-ը ոչ գաղափարախօսական, ոչ կուսակցական թերթ է, որը գրում է ինչպէս
իրանահայ համայնքի, այնպէս էլ հայաստանեան հասարակական ու մշակութային անցուդարձի
մասին: Խօսելով Թեհրանի «Թունեան» դպրոցի շէնքային խնդիրների մասին` նոյն համարում
(64-րդ) թերթը զուգահեռ պատմում է Հայաստանում իրանահայ բանաստեղծ, արձակագիր,
ճարտարապետ Ռուբէն Յովհաննիսեանի կիսանդրու բացման մասին, որը տեղադրւած է Վազգէն
Սարգսեանի ռազմական ինստիտուտի կրթահամալիրի շէնքում:
Այս համարում թերթն ունի խմբագրի անկիւն, որտեղ խմբագիրն առաջ է քաշում իրանահայ
մամուլի խնդիրները, սակայն «Յոյս»-ը չի գրում միայն համայնքային խնդիրների մասին:
Կան, օրինակ, դիմանկար-ակնարկներ` ֆոտօլրագրող Ալեքսանդրա Աւագեանի եւ իրանցի
նկարչուհի Շիրին Մելլաթգոհարիի մասին, այստեղ տպւած են երկուսի աշխատանքներից էլ:
Շիրինը լուսանկարում է, յետոյ այդ լուսանկարների վրայ ջրաներկով եւ գուաշով
նկարում: Գեղանկարի միջոցով լրացնում է լուսանկարը` իր հերոսների հոգեվիճակը
կատարելապէս ներկայացնելու համար: Իսկ Ալեքսանդրա Աւագեանի լուսանկարներում
հիմնականում մուսուլման կանայք են: Ալեքսանդրա Աւագեանը ծնւել է Նիու Եօրքում,
ճամփորդել աշխարհով մէկ, նա ասել է. «Ես իրապէս հաւատում եմ, որ պէտք է կտրել
մշակութային սահմանները, նաեւ այն ժամանակ, երբ քաղաքականութիւնը բաժանում է մեր
երկրները»:
Գրականութեան բաժնում «Յոյս»-ն այս անգամ անդրադառնում է ճապոնական գրականութեանը`
սկսած 1970-ականներից:
Անգամ ամենաանտարբեր մարդն այս թերթում իրեն հետաքրքրող մի բան կը գտնի: «Յոյս»-ն
ունի գիտական, մարզական, ժամանցային էջեր, չի մոռացել նաեւ փոքրիկ ընթերցողներին`
նրանց նւիրելով առանձին մանկական բաժին: «Յոյս»-ի ինտերնետային կայքի հասցէն է՝
www.hooys.com:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Յոյս»
թիւ 66
13 Յունւար
2010
|