|
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՒԵԼ ՆԱԵՒ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Գեւորգ Ստամբուլցեան

Լիբանանում չորեքշաբթի (Յունւարի 12-ի) երեկոյեան հրաժարական
ներկայացրած 11 նախարարների թւում է նաեւ Դաշնակցութեան անդամ Աբրահամ
Դեդէեանը, որը 2009 թւականի Նոյեմբերից զբաղեցնում էր երկրի
արդիւնաբերութեան նախարարի պաշտօնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող Հեզբոլլահ շարժումն իր
դաշնակիցների հետ լքեց կառավարութիւնը` բողոքելով նախկին վարչապետ
Ռաֆիկ Հարիրիի սպանութիւնը հետաքննող Միջազգային դատարանի
գործունէութեան քաղաքականացման դէմ:
Հրաժարականին նախորդեցին Հեզբոլլահի եւ դաշնակից ուժերի ղեկավարների մի
քանի ժամ տեւած խորհրդակցութիւնները, որոնց մասնակցեց նաեւ
Դաշնակցութեան Լիբանանի կառոյցի ղեկավար Հովիկ Մխիթարեանը:
Քաղաքական ճգնաժամը երկրում ծագեց, երբ պարզ դարձաւ, որ առաջիկայում
Միջազգային դատարանը պատրաստւում է հրապարակել 2005 թւականին տեղի
ունեցած սպանութեան հետաքննութեան արդիւնքները` հիմնական մեղքը
բարդելով հէնց Հեզբոլլահի անդամների վրայ:
Լիբանանի խորհրդարանի դաշնակցական պատգամաւոր Յակոբ Բագրատունին
"Ազատութիւն" ռադիօկայանին տւած հարցազրոյցում նշեց, որ դատարանի
գործունէութեան հետ կապւած իրօք լուրջ վերապահումներ կան:
"Մենք առաջիններից էինք, որ 2005-ի Ապրիլին յայտարարեցինք Հարիրիի
սպանութեան հետաքննութիւնն իրականացնելու համար միջազգային ատեան
ստեղծելու ան-հրաժեշտութեան մասին: Այդ ատեանը, մեր կարծիքով, պէտք է
յստակ պատասխան տար` ով է սպանել նախկին վարչապետին եւ ովքեր են
կանգնած այդ սպանութեան յետե-ւում: Դրա հետ մէկտեղ, մենք կարծում էինք,
որ չպէտք է խախտւէր Լիբանանի գերիշխանութիւնը: Եւ եթէ հինգ տարի առաջ
ակնկալւում էր, որ միջազգային դատարանը լիարժէք անկողմնակալ մի մարմին
կը դառնայ, ապա այսօր այն կորցրել է իր վստահութիւնը", - ասաց
Բագրատունին:
Լիբանանի Սահմանադրութեան համաձայն` նախարարների ընդհանուր կազմի մէկ
երրորդի հրաժարականից յետոյ կառավարութիւնը աւտոմատ կերպով դադարեցնում
է գործունէութիւնը: Լիբանանի նախագահ Միշէլ Սուլէյմանը, սակայն, գործող
վարչապետ Սաադ Հարիրիին խնդրել է շարունակել պաշտօնավարումը` մինչեւ
քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը:
Ինքը Սաադ Հարիրին նախարարների հրաժարականի մասին լուրն իմացել է
Վաշիգտոնում: Նախորդ գիշեր Լիբանանի կառավարութեան ղեկավարը Սպիտակ
տանը հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ` ստանալով պաշտօնական
Վաշինգտոնի լիակատար աջակցութիւնը:
Լիբանանում ստեղծւած իրավիճակին է անդրադարձել նաեւ պետքարտուղար
Հիլարի Քլինթոնը, որն այս օրերին պաշտօնական այցով գտնւում է Պարսից
ծոցի երկրներում:
"Այն, ինչ կատարւեց, Լիբանանում եւ Լիբանանի սահմաններից դուրս գործող
ուժերի ակնյայտ փորձն է` խաթարել երկրի առաջընթացն ու կայունութիւնը,
խոչընդոտել արդարութեան հաստատմանը", - նշել է Քլինթոնը:
Սոցիալ-դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Լիբանանի վարչութեան անդամ,
նախկին պատգամաւոր Եղիա Ջերեջեանն էլ "Ազատութիւն" ռադիօկայանի հետ
զրոյցում նշեց, որ այս պահին քաղաքական ճգնաժամից մի քանի ելքեր են
նշմարւում:
"Իրավիճակը բաւական բարդ եւ լարւած է: Մի քանի ելք կարող է լինել
ստեղծւած կացութիւնից, որ այսօր շրջանառւում է: Հեզբոլլահը կարող է
իրեն դաշնակից ուժերի հետ կառավարութիւն կազմել: Կարող է ստեղծւել նաեւ
մի իրադրութիւն, երբ բաւական երկար ժամանակ կառավարութիւն չի
ձեւաւորւում: Հրաժարական ներկայացրած կառավարութիւնը մենք արդէն իսկ
կոչում ենք ընթացիկ գործեր տնօրինող կառավարութիւն: Այդ
կառավարութիւնը, սակայն, չի կարող քաղաքական որոշումներ կայացնել: Վաղն
արդէն Լիբանանի նախագահ Միշէլ Սուլէյմանը քաղաքական ուժերի հետ
քաղաքական խորհրդակցութիւններ կը սկսի` ուղղւած ճգնաժամի
յաղթահարմանը", - ասաց Ջերեջեանը:
«Յոյս»
թիւ 91
26 Յունւար
2011
|