|
ՀԱՅ
ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ,
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՒԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Ռոբերթ Սաֆարեան

Լիբանանի վերջին քաղաքական ճգնաժամը, Հեզբոլլահի եւ նրա դաշնակիցների,
այդ թւում հայ դաշնակցական նախարարի հրաժարականը եւ կառավարութեան
կազմալուծումը, կրկին անգամ մեր ուշադրութիւնն է հրաւիրում զանազան
երկրներում հայերի հակասական դիրքորոշումների վրայ:
Դաշնակցութեան դիրքորո-շումը որպէս Հեզբոլլահի դաշնակից ամենեւին էլ
պատահական չէ, այլ արդիւնքն է տարածաշրջանում նրա հակաամերիկեան
դիրքորոշումների, որը իր հերթին գալիս է այն քաղաքական
ռազավարութիւնից, որը պաշտպանում է Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքը,
Թուրքիա-Ադրբեջան-ԱՄՆ առանցքի դէմ: Հասկանալի է, որ որեւէ Հայաստան-ԱՄՆ
յարաբերութիւնների լուրջ բարելաւում, իր հետ կը բերի նաեւ
Հայաստան-Թուրքիա հաշտեցում, կամ այս ուղղութեամբ ճնշումները կը
բարձրացնի, ինչը ձեռնտու չէ դաշնակցութեանը եւ այլ սփիւռքեան
կուսակցութիւններին, որոնց ողջ ռազմավարութիւնը հիմնւած է
ցեղասպանութեան ճանաչման վրայ:
Սակայն հարցն այս է, որ արդեօ՞ք կարելի Միջին Արեւելքում համագործակցել
Հեզբոլլահի հետ, որի հակադրութիւնը Իսրայէլի եւ ԱՄՆ-ի հետ ակնյայտ է,
եւ սպասել, որ ԱՄՆ-ի կոնգրեսը վաւերացնի ցեղասպանութեան ճանաչման մասին
հայամէտ մի բանաձեւ: Ահա թէ որն է հակասութիւնը: Պարզամտութիւն կը լինի
ենթադրել թէ Ամերիկայի կոնգրեսականների համար միանշանակ է հայերի
դիրքերը Միջին Արեւելքում եւ այն, որ նրանք կարող են շարժւել միայն
արդարադատութեան մղումներով:
Մի ուրիշ հակասութիւն: Արդէն գիտենք Թուրքիայի արտաքին քաղաքականութեան
վերջին փոփոխութիւնների մասին. այդ երկրի դիրքերը օր-օրի գտնում են
աւելի իսլամամէտ, հակաիսրայէլական հակում: Այս ուղղութեամբ ըստ
լրատւական գործակալութիւնների հաղորդումների, Էրդողանը Սաադ Հարիրիի
հետ իր հանդիպման ժամանակ ասել է, որ իր վերջնական դիրքորոշումը
Լիբանանի ճգնաժամի վերաբերեալ կորոշի Հեզբոլլահին հովանաւորող Սիրիայի
հետ խորհրդակցութիւնից յետոյ: Այսպիսով, անուղղակի ու մի քանի օղակների
միջնորդութեամբ, Դաշնակցութիւնը եւ Թուրքիան գտնւում են նոյն
դիրքերում:
Ի վերջոյ, հետաքրքիր է Լիբանանի իրավիճակի ազդեցութիւնը Իրանի հայ
համայնքի համար: Գաղտնիք չէ, որ իրանահայ համայնքի հասարակական կեանքը
գտնւում է Դաշնակցութեան տնօրինութեան ներքոյ եւ այդ կուսակցութեան
տարածաշրջանային դիրքորոշումները ազդեցութիւն ունեն Իրանում այդ
կազմակերպութեան վիճակի վրայ: Այլ խօսքով, Լիբանանում ՀՅԴ-ի լաւ
յարաբերութիւնները Հեզբոլլահի հետ, օգնում են Իրանում Հայ համայնքի
իշխանութիւնների եւ պետութեան աւելի սերտ եւ բարեկամական կապերի վրայ:
Այս պատկերը ապացուցում է թէ ինչպէս աշխարհի հեռաւոր ծայրերում
իրադարձութիւնները շաղկապւած են միմեանց:
«Յոյս»
թիւ 91
26 Յունւար
2011
|