|
ՄԵՐ
ՕՐԱՑՈՅՑՆԵՐԸ՝ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԸ
Ռոբերթ Սաֆարեան

Մեր օրացոյցները յիշում եմ դեռ մանուկ հասակից՝ քիչ թէ շատ հէնց
ասօրւայ տեսքով ու չափերով: Մեր տանը դա կախում էինք ննջարանի պատից,
մօրաքրոջս տանը, դա զարդարում էր հէնց հիւրասենեակի պատը:
Իրանահայկական օրացոյցը շատ գործածական հրատարակութիւն է, եւ թերեւս
հէնց դա է նրա գոյատեւման եւ նոյնիսկ դիրքերի աւելի ամրապնդման
պատճառը: Որտեղից կարելի է իմանալ՝ երբ է Զատիկը, եթէ ոչ՝ միայն մեր
հայկական օրացոյցից: Դա ո՛չ պարսկական օրացոյցներում կայ, ո՛չ էլ
հայաստանեան նման կանոնաւոր օրացոյց է տպագրւում ¥իսկ եթէ տպագրւում է,
ոչ այնքան տարածւած է, որ բոլորս տեսած լինենք¤: Նոյնը կարելի է ասել
Վարդանանքի, Միջինքի կամ Տրնդէզի մասին: Առիթներ, որ դեռեւս պահպանել
են իրենց կարեւորութիւնը իրանահայերի կենցաղում:
Բայց պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ այս օրացոյցներում նշանակւած են
իրանական ազգային եւ իսլամական տօներն ու սգոյ օրերը: Ե՞րբ է սկսում
Մոհառռամը, ե՞րբ է Թասուան եւ Աշուրան: Արդեօ՞ք դրանք զուգադիպում են,
ասենք, Նոր տարւայ կամ Զատկւայ տօներին: Այս հարցերի պատասխանները
կարելի է գտնել միայն Իրանում տպագրւող հայկական օրացոյցներում:
Իսլամական առիթները որոշւում են լուսնային ¥եւ ոչ արեգակնային¤ տոմարի
հիման վրայ, այսպէս ասած Ղամարի տարւայ յատուկ օրեր են դրանք: Հայկական
կրօնական օրերը եւս չեն որոշւում միայն արեգակնային տոմարի չափանիշով:
Ասենք Զատիկը Տեղի է ունենում գարնան առաջին ամսում, բայց ստոյգ ո՛ր
օրը, որոշւում է լուսնի նորոգումով. այն լուսնի նորոգմանը յաջորդող
առաջին կիրակի օրն է: Այս բոլորի մէկտեղելը եւ իրանահայ ընտանիքներին
տրամադրելը բաւարարում է մեր ժողովրդի խիստ կարեւոր կարիքներից մէկը,
որը սակայն այնքան բնական ու սովորական է դարձել, որ չենք էլ նկատում
դա:
Չմոռանանք նաեւ անւանատօների հարցը: Չգիտեմ աշխարհի այլ քրիստոնիայ
ազգերն էլ ունե՞ն նման աւանդոյթ կամ սովորոյթ ¥հնարաւոր է
Ռուսաստանում¤, իսկ եթէ ունեցել են, մոռացութեան ե՞ն մատնել թէ՞ դեռեւս
շարունակում են նշել դրանք: Ինչ որ է, մենք դեռ ունենք անւանատօներ.
Օրինակ՝ Ս. Մարիամ Աստւածածնի տօնի օրը բոլոր Մարիամների տօնն է,
Վարդանանքը բոլոր Վարդանների, Խորէնների, Արտակների, Հմայակների եւ
այլն: Իսկ միշտ չէ, որ յիշում ես ասենք՝ Վարդավառը ո՞ր անունների տօնն
է, կամ Համբարձումը: Ահա այստեղ օգնութեան են գալիս իրանահայկական
օրացոյցները: Կարող ես դիմել նրանց եւ գտնել տօնելի անունների ցանկը:
Իրանահայ օրացոյցների մշտական յաւելւածն է նաեւ երազահանը: Յիշում եմ
երբ մայրս գիշերը երազում ատամ կամ մատանի կամ որեւէ այլ իր էր
տեսնում, արթնանալուց անմիջապէս յետոյ վերցնում էր երազահանը, որպէսզի
ստուգի թէ արդեօք աղաման իրապէս նշանակում է լաւ որոշում: Եւ հաւատում
էր դրան: Երբ լաւ բան էր նշանակում երազում տեսածը, ուրախանում էր, իսկ
երբ վատ` մտահոգւում:
Այս օրացոյցների էջերի ետե-ւում, տպագրւում են համայնքի կարեւոր
իրադարձութիւնները անցած տարւայ ընթացքում: Եթէ տարւայ աւարտից յետոյ
չթափէք դրանք, այլ հաւաքէք եւ պահպանէք, ժամանակի ընթացքում կարող էք
ունենալ մեր համայնքի ձեռնարկների, պաշտօնական այցելութիւնների եւ
կորուստների համառօտ արխիւը: Դրանք գրւում եւ ձեւաւորւում են խիստ
պաշտօնական մօտեցումով: Հայաստանի նախագահը կամ վարչապետը այցելում է
Իրան, դա անպայման տեղ է գտնում այս օրացոյցում ¥կամ տարեգրքում¤,
Սրբազան Հայրը հանդիպում է ունենում երկրի այնինչ պաշտօնեայի հետ, դա
էլ իր տեղն է գրաւում օրացոյցի տարեգրութեան մէջ, բայց այդ
օրացոյցներում քիչ բան կը գտնէք իրանահայերի արտագաղթի, ներքաղաքական
կեանքի, պատգամաւորական ժողովում քննարկւող հարցերի, եւ համայնքի այլ
կենդանի խնդիրների մասին: Դա ի-հարկէ ոչ թէ ծաւալի եւ տեղի
սակաւութեան, այլ՝ մօտեցման հարց է:
Հետաքրքիրն այն է, որ մեր երեք գլխաւոր օրացոյցները` "Նայիրի"-ն,
"Րաֆֆի"-ն եւ "Կանթեղ"-ը, վերոյիշեալ բոլոր տեսակէտներից, հիմնականում
նոյնն են: Դա եւս վկայում է տիրող կայունութեան եւ պահպանողականութեան
մասին: Բացառւում է նրանցից որեւէ մէկի կողմից արւած աչքառու մի փորձ՝
զգալի փոփոխութիւն մտցնելու՝ ձեւի կամ բովանդակութեան մէջ:
Իհարկէ սրա համար չպէտք է մեղադրել օրացոյցների հրատարակիչներին: Մեր
օրացոյցները արտացոլում են մեր համայնքի ընդհանուր տրամադրութիւնները,
եւ պատասխանում՝ դրա մի շարք գործնական կարիքներին: Ապագայի
հետազօտողները, ուսումնասիրելով մեր օրացոյցները, այն բոլորը, որ նրանք
պարունակում են եւ այն բոլոր հրատապ հարցերը, որոնք բացակայում են, շատ
բան կարող են հասկանալ մեր համայնքի էութեան մասին:
Իրանահայը այնպիսի էակ է, որ նոյնիսկ երբ արտագաղթում է, ասենք գնում է
Գլենդէլ, կամ Փարիզ, մնում է իրանահայ: Մեր օրացոյցները արտահանւում են
մեծ քանակութեամբ եւ մի տեսակ դեր են ստանձնում՝ պահպանելու արտագաղթած
իրանահայերի կապը համայնքի հետ: Գործնական ա-ռումով եւս պիտանի են,
քանի որ դժւար թէ ուրիշ տեղ կարելի լինի գտնել անւանատօների, եւ
քրիստոնէական ու իսլամական արձակուրդների մասին տեղեկութիւններ՝ բոլորը
մէկ տեղում:
«Յոյս»
թիւ 89
22 Դեկտեմբեր 2010 |