ԹԱՓԱՌԱԿԱՆ ՀԱՅԵՐԷՆ ԳՐՔԵՐԸ...
 

Քարմէն Ազարեան

 


 

Վերջերս թեհրանահայոց տարբեր շրջանակներում երեւան է եկել "հայրենասիրութեան" մի նոր արտայայտչաձեւ՝ այն էլ գրքերի վերաբերեալ: Հէ՜յ զարմանալի աշխարհ… Դեռ ինչեր ասես, որ չես լսի ու չես տեսնի:
Ըստ երեւոյթին ոմանք հաւա-տացած են, որ պէտք է մեր փակւող գրադարանների կամ արտագաղթողների սեփական գրադարանների գրքերն հաւաքել ու Հայաստան կամ Արցախ ուղարկել: Ամէն անգամ նման գաղափարներ լսելիս, իմ կամքից անկախ վերադառնում եմ սրանից շուրջ 20 տարի առաջ, երբ ուսանում էինք հայրենիքում եւ ամէն անգամ արձակուրդին ցամաքով (գնացքով, հանրակառքով …, նոյնիսկ կառքով) տուն վերադառնալիս ինչպիսի չարչարանքով կրում էինք հաստափոր գրքերի արկղերը, այն էլ նախ Թուրքիա եւ ապա՝ Իրան: Շուրջ բոլորը "վարեօնկաներով ու սւիտերներով" զբաղւած մարդիկ՝ մեզ յիմարի տեղ էին դնում, իսկ մաքսատների աշխատողները ամենայն խստութեամբ էին վերաբերւում մեզ՝ "կասկածելի տարրերիս": Սակայն այդ ամէնով հանդերձ մենք, այսինքն՝ ուսանողներս, մտածում էինք թէ՝ գիրքը պէտք է մեր համայնքին, առաւել քան որեւէ այլ բան: Եւ կրում ու կրում էինք: Եւ դեռ այսօր էլ տեղից տեղ փոխադրւելիս դեռ կրում ենք դրանք՝ երբեւէ չզգալով դրանց աւելորդութիւնը:
Ըստ իս գրքերը Հայաստան կամ Արցախ ուղարկելու վերջին գաղափարը մեր համայնքի անվերադարձ քայքայման ու անյուսալի ապագայի խոստովանութիւնն է: Սակայն դա այդպէս չէ: Ճիշտ է շատերն են գնացել եւ դեռ գնում են, բայց դա չի նշանակում, որ մենք՝ մնացողներս, գրքեր պէտք չունենք: Եթէ ընթերցասիրութեան իսպառ բացակայութեան կամ պակասի պատճառով են նման կարծիքի յանգել, ես վստահու-թեամբ կարող եմ ասել, որ վիճակը նոյնն է հէնց Հայաստանում ու նոյնիսկ ամենազարգացած երկրներում: Ուրեմն եթէ քիչ են ընթերցողները, բայց ամէն դէպքում այդ քչերի համար էլ եղել է՝ պէտք է բաց պահենք մեր գրադարանների դռները, ով գիտի, գուցէեւ ապագայում իրավիճակը կրկին փոխւի եւ մենք աճենք թէ քանակով եւ թէ որակով: Միւս կողմից իրականութեան մէջ այսօր մեր աշակերտն ու ուսանողը հայերէն գրքերի պակաս է զգում, դրանով համոզւելու համար կարող էք այցի գնալ ցանկացած դպրոցի կամ միութեան գրադարան: Նրանցից քանի՞սն են այնպիսի վիճակում, որ սպասարկեն դիմորդին: Իսկ ինչ է վերաբերում է բնակարաններում անպէտքութեան մատնւած կամ արտագաղթողների պատկանող գրքերին, դա էլ կարելի է հա-ւաքել մի տեղ եւ տրամադրել յատկապէս դպրոցներին, համալսարանների հայկական ամբիոններին, միութիւններին, եւ նոյնիսկ վաճառքի դնել: Դա նշանակում է, որ մենք պէտք է առաւել կազմակերպւենք եւ հաւաքագրենք մեր ունեցւածքը, ոչ թէ ցիր ու ցան անենք, յատկապէս, որ դրանց հասցէատէրերն էլ այնքան ոգե-ւորւած չեն մեր նման նւիրատւութիւններով. Փաստը Մարկօ Գրիգորեանի պէս արւեստագէտների թողած ժառանգութեան դեռ ա-նորոշ ճակատագիրն է: Ակնյայտ է, որ նոր "տէրերը" այնքան էլ չեն գնահատում այդ անգնահատելի գանձերը, էլ ի՜նչ խօսք մեր մաշ-ւած գրքերի մասին, որոնցից գիտենք թէ ինչքան շատ կայ իրենց մօտ:

 

«Յոյս» թիւ 87

24 Նոյեմբեր 2010