|
ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՌԱԽՕՍ "ՅՈՅՍ"-ԻՆ

Հեռախօսը զանգում է, վերցնում եմ խօսափողը: "Ալօ՛, համեցէ՛ք": "Բարեւ
ձեզ, Ահարոնեանի թերթն ա՞": Ասում եմ, թէ՝ "Այո՛, "Յոյս"
երկշաբաթաթերթն է": Ասում է՝ "Լաւ հասկացայ, պարոն Գերմանիկին
բարեւէ՛ք, ինձ ճանաչում ա: Իրար հետ արաղ ... ": Ասում եմ՝ "Լոյս" չէ՛,
սա "Յոյս"-ն է": Ասում է՝ "Լաւ, հասկացայ, մի հարց ունեմ. էդ
օպրիմալացումն ի՞նչ ա, "Ալիք"-ն էդքան մասին գրում ա. նշանակում ա
դպրոցները կողպել ու շէնքերը ծախծխե՞լ": Ասում եմ՝ "Ախպեր, ինչո՞ւ ես
էս ժամին զանգել, արդէն բոլորը գնացել են": Ասում է՝ "Ցաւդ տանեմ,
(չէ՛, հայաստանցի չէ), դու հո կաս, եթէ նեղութուն չի, մի քանի բառով
բացատրի էդ օպտիմալացումը ինչա՞": Ասում եմ՝ "Տես բարեկամ, էս բառը
օպտիմոմից է գալիս, այսինքն՝ ո՛չ մինիմոմ, ո՛չ էլ մաքզիմոմ, ո՛չ
նւազագոյն, ո՛չ էլ առաւելագոյն, ո՛չ էս ծէրը, ո՛չ էն ծէրը, այլ էդ
մէջտեղները մի տեղ, որ ամենաարդիւնաւէտն ու ամենալաւը լինի մարդու
համար: Մի խօսքով այսինքն՝ մեր համայնքը պիտի իր ռեսուրսները, իր
գոյքերը, ... ": Յստակեցնում է՝ "Այսինքն՝ իր ունեցա՞ծը": Ասում եմ՝
"Հա՛, ցաւդ տանեմ, այսինքն՝ իր ունեցածը էնպէս դասաւորի, որ...":
Ընդհատում է, ասում է՝ "Ախպէ՛ր, ասա՝ վերադասաւորում ու պրծիր էլ":
Ասում եմ՝ "Հա՛, ցաւդ տանեմ, վերադասաւորում: Դու հո ինքդ ուստա ես":
Ասում է՝"Համա չեմ հասկանում Ինչի՞ համար են ասում՝ օպտիմալացում":
Ասում եմ՝ "Երեւի էդպէս աւելի լաւ է հնչում": Ասում է՝ "Հա, աւելի մոնդ
բալայա: Համա էստեղ մի հարց կայ, ի՞նչը վերադասաւորել: Պիտի իմանանք՝
ինչ ունենք, որ իմանանք դրանք ինչպէս դասաւորենք: Իմ կողմից գրէք ինչի՞
համար թեմական խորհուրդը ազգային ունեցւածքի ցանկը չի յայտարարում: Ախր
պիտի իմանանք ինչ ունենք, որ իմանանք ոնց օպտիմալենք": Ասում եմ՝ "Կը
ներես, ապէր, մենք չենք կարող հեռախօսապատգամներ տպենք: Ասում են՝
իրենք ինչ ուզում են՝ գրում են, ասում են՝ ժողովուրդն է զանգել. չես
տեսնում "Հեռախօս Ալիքին" սիւնակի մասին ինչեր են ասում":
«Յոյս»
թիւ 84
13 Հոկտեմբեր 2010 |