|
ԴՊՐՈՑԻ ՃԱՄԲԱՆ

Կրկին Մեհրի մէկը եւ կրկին դպրոցների
վերաբացում, աշնանային մեղմ ցուրտ ու տերեւաթափ մայթերում... Կրկին
կերպարանափոխւում են փողոցները, անենուր յայտնւում են աղջիկներն ու
տղաները՝ խումբ-խումբ, համարեա բոլորը աշխոյժ եւ ուրախ, խանդավառ,
ապագայի նկատմամբ լի յոյսով: Նրանց աչքերում շողշողում է յոյսն ու
կեանքը: Եւ դա անկախ նրանից, որ նախանձելի վիճակում չեն գտնւում մեր
դպրոցները:
Այս տարի իրանահայերը իւրայատուկ պայմաններում, թերեւս տխուր քան
երբեւէ, սկսում են դպրոցական նոր տարեշրջանը: Արդէն մի քանի տարի է,
ինչ մէկը միւսի յետեւից փակւում են մեր դպրոցները՝ "Քուշէշ"-ը,
"Ալիշան"-ը եւ վերջինը այս շարանում` "Ռոստոմ"-ը: Դրա անունը դնենք
վերադասաւորում, թէ որեւէ այլ բան, նշանակութիւն չունի, փաստը մնում է
փաստ, որ Իրանի հայկական դպրոցները փակւում են իսկ դրա պատճառն էլ ոչ
այլ ինչ է, եթէ ոչ՝ իրանահայերի արտագաղթը: Նրանք չւում են Ամերիկա եւ,
բնականաբար, չեղած երեխաների համար չի լինի դպրոցը բաց պահել:
Հայկական դպրոցների բակերում այս օրերին դեռ շարքերում կանգնած կամ
իրար հետ կատակող ու խաղացող երեխաներից քչերն են իրենց ապագան Իրանում
տեսնում: Մեծ հաւանութեամբ նրանք հէնց գալիք տարի կամ մի քանի տարի
յետոյ իրենց ծնողների հետ կամ էլ առանձին՝ դպրոցն աւարտելուց յետոյ,
գաղթելու են Ամերիկա: Բայց կարծես թէ դա նրանց այնքան էլ չի մտահոգում:
Կեանքը կեանք է, եւ վերջին հաշւով նոյնն է ամենուր: Այսօր ոչ ոք իր
կեանքն ու ապագան չի ծրագրում իր երկրի սահմաններում:
Համաշխարհայնացման այս պայմաններում, երթեւեկութեան ու հաղորդակցութեան
դիւրացման դարաշրջանում, սահմանները օր-օրի աւելի են կորցնում իրենց
իմաստը եւ այս համատեքստում, մեր դպրոցականներն էլ, ասես, իրենց ապագան
չեն ընկալում միայն Իրանում, կամ Հայաստանում: Այսօր երեխաների համար
մտածել ամբողջ աշխարհի մասշտաբով, երեւակայական բան չէ: Ինտերնետային
կապերի եւ արբանեակային հեռուստատեսութեան շնորհիւ վերանում են
աշխարհագրական տարածութիւնները եւ ամբողջ աշխարհի մարդիկ հետզհետէ
մօտենում ու նմանւում են իրար: Աշխարհի բոլոր երեխաները նոյն
համակարգչային խաղերն են խաղում, նոյն ֆուտբոլի մրցութիւնները դիտում,
նոյն անիմացիոն ֆիլմերի ու նրանց հերոսների հետ են ապրում ու մեծանում:
Գաղթը նրանց այնքան էլ չի մտահոգում, դրա համար էլ նրանց հայեացքներում
կարելի է տեսնել յոյսն եւ խանդավառութիւնը ապագայի նկատմամբ: Դա
երեխայի ու պատանու առանձնայատկութիւնն է, որը ամենացայտուն կերպով
արտայայտւում է հէնց դպրոցների բացման առաջին օրը:
«Յոյս»
թիւ
82
15 Սեպտեմբեր 2010 |