|
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻ "ԱՄՕԹԱԼԻ ԱՐԱՐՔ" ԳՐՔԻ
ՊԱՐՍԿԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ ՀԱՅ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Չորեքշաբթի
Յունիսի 23-ի երեկոյեան Թեհրանի հայ ակումբի դահլիճում թուրք
մտաւորական եւ բացէիբաց հայոց ցեղասպանութիւնը ընդունող եւ դատապարտող
Թաներ Աքչամի "Ամօթալի արարք" (A shameful act) գրքի պարսկերէն
թարգմանութեան շնորհանդէսն էր, իր` հեղինակի ներկայութեամբ: Թաներ
Աքչամը Իրան էր ժամանել Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակը ոգեկոչող
յանձնախմբի հրաւէրով:
Նախ ելոյթ ունեցաւ ԻԻՀ խորհրդարանում իրանահայութեան պատգամաւոր Ռոբերթ
Բեգլարեանը, որը հանգամանօրէն բացատրեց իրանահայութեան կողմից պարսիկ
մտաւորականութեանը եւ քաղաքական այրերին ցեղասպանութեան մասին
տեղեկութիւններ փոխանցելու դժւարութիւնները, ինչպէս եւ ձեռքբերումները:
Նա բարձր գնահատեց Աքչամի նման մտաւորականների աշխատանքը միջազգային
հասարակական կարծիքի վրայ թողած իրենց մեծ ազդեցութեան առումով:
Յետոյ խօսեց Թաներ Աքչամը: Նա ասաց, որ սկզբում պատահաբար է ծանօթացել
հայոց ցեղասպանութեանը, բայց աստիճանաբար այն եզրակացութեան է յանգել,
որ ինչքան կարեւոր է, որ թուրք ժողովուրդը դէմ դիմաց կանգնի իր
պատմութեանը եւ թուրք կառավարութիւնը պաշտօնապէս ընդունի, որ
դարասկզբին ոճիր է կատարւել հայ ժողովրդի նկատմամբ: Նա կարեւորեց երկու
երկրների բարեկամութիւնն ու երկխօսութիւնը: Ելոյթից յետոյ Աքչամը
պատասխանեց ներկաների հարցերին: Իր այդ խօսքերի մէջ նա յատկապէս
շեշտեց, թէ ինքը տարածքային հարցը երկու երկրների միջեւ փակւած է
համարում, սակայն հաւատացած է, որ ամէն բան պիտի անել հայակական կեանքը
Անատոլիայում վերակենդանացնելու ուղղութեամբ, օրինակ թրքական անցագիր
տրամադրել սփիւռքի հայերին:
Վերջում ԹՀԹ թեմական խորհրդի ատենապետ Այիդա Յովհաննիսեանի միջոցով
"Ամօթալի Արարք" գրքի պարսկերէն թարգմանութիւնը ներկայացւեց Աքչամին,
եւ նա թէեւ արդէն բաւական յոգնած էր, դրա օրինակները ստորագրեց համարեա
բոլոր ներկաների համար:
«Յոյս»
թիւ 77
30
Յունիս
2010
|