|
Հայաստանում տրւող կրթութեան որակը
Իրանին չի գոհացնում
Տաթեւիկ Լազարեան

Իրանում հայկական դիպլոմների ճանաչման հետ կապւած խնդիրները
վերջնականապէս հարթելու համար մէկ ամսւայ ընթացքում Հայաստան կայցելի
Իրանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատւիրակութիւնը:
Պատւիրակութիւնը հանդիպումներ կունենայ Հայաստանի երեք պետական
բուհերի` Երեւանի պետական, բժշկական եւ ճարտարագիտական համալսարանների
ներկայացուցիչների հետ:
Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի փոխանցմամբ`
խօսքը միայն պետական բուհերի մասին է, մասնաւոր որոշ բուհերի
դիպլոմները այնտեղ "սեւ ցուցակում" են` դրանց մասին անգամ լսել չեն
ուզում:
Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նախ 2008 թւականին որոշում կայացրեց
չճանաչել Երեւանի պետական բժշկական համալսարանի, ապա 2009 թւականին`
նաեւ Երեւանի պետհամալսարանի եւ Երեւանի պետական ճարտարագիտական
համալսարանի դիպլոմները:
Արմէն Աշոտեանի խօսքով` իրանցիներին Հայաստանում տրւած կրթութեան որակը
չի գոհացնում: "Հիմնաւորումները` իրենց ուսանողների ցածր կրթական ցենզն
էր` առաջադիմութիւնը, ակադեմական եւ կարգապահական խնդիրներ",
Ազատութիւն ռադիօկայանին ասաց Հայաստանի կրթութեան եւ գիտութեան
նախարարը:
Իրանի կողմից Հայաստանեան երեք պետական բուհերի դիպլոմների չճանաչումը
հանգեցրել է յիշեալ բուհերում օտարերկրեայ ուսանողների թւի կտրուկ
անկման, քանի որ օտարերկրեայ ուսանողների մէկ երրորդը հէնց Իրանից էր
Հայաստան ժամանում:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութիւնը դեռ չի տրամադրում
2009-2010 թւականների տւեալները, սակայն փաստում է, որ 2007-2008
թւականներին Հայաստանեան բուհերում 3 հազար 500 արտասահմանցի ուսանող
էր սովորում, իսկ արդէն 2008-2009 թւականներին նրանց թիւը նւազել է
500-ով: Այս տարի էլ օտարերկրացի ուսանողների թիւը կըրճատւել է,
փաստում են բուհերը:
Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր՝ Ոստանիկ
Մարուխեանի վկայութեամբ` 2009-2010 ուսումնական տարում բուհը Իրանից
ընդհանրապէս դիմորդ չի ունեցել, ինչը հանգեցրել է նաեւ ֆինանսական
խնդիրների:
"Լուրջ ֆինանսական խնդիրներ ունէինք մենք օտարերկրեայ քաղաքացիների
ուսուցման բաժանմունքի գծով: Ըստ էութեան, մենք նախապատրաստական
բաժանմունք չունեցանք անցեալ տարի", ասաց Մարուխեանը:
Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից նման որոշում ընդունելը,
ռեկտորի խօսքով. "Անակընկալ էր իրենց համար": Իրանական կողմը 2009
թւականի իր որոշման մասին ո’չ պաշտօնապէս տեղեակ է պահել բուհին, ո’չ
էլ հիմնաւորել է: Ոստանիկ Մարուխեանը չի բացառում, որ կարգապահութեան
հետ կապւած խնդիրներ կան, իրենք էլ ամենաարդիական տեխնոլոգիաները չեն
կիրառում կրթութեան մէջ, սակայն իրենց տւած կրթութիւնը որակեալ է
համարում եւ կարծում է` ընդունւած որոշումը յանիրաւի է եղել:
Ճարտարագիտական համալսարանում Իրանի հետ այս խնդիրների առաջացումը
կապում են մի քանի գործօնի հետ: Նախ, ռեկտորի խօսքով, մասնաւոր բուհերի
տւած դիպլոմներն են նաեւ պետական համալսարանի վարկանիշը գցել: Բացի
այդ, համալսարանում պատահական չեն համարում, որ խնդիրները ծագել են
հէնց 2008-2009 թւականներին, երբ Հայաստանում Իրանի դեսպանատանը
կրթութեան եւ մշակոյթի հարցերով նոր կցորդն է աշխատանքի անցել:
"Դեսպանատան կրթական պատասխանատուի փոփոխութեան հետ մենք խնդիրներ
ունեցանք: Զարմանալիօրէն, միտում էր նկատւում` ուսանողների համար
ստեղծել որոշակի արգելապատնեշներ", - ասաց Ոստանիկ Մարուխեանը:
Պաշտօնապէս Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր բացատրութիւնները չի
ներկայացրել նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանին, չի
տեղեկացրել նաեւ դիպլոմները չճանաչելու մասին, Ազատութիւն ռադիօկայանին
փոխանցեց այս բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երւանդ
Սահակեանը:
Նրա կարծիքով էլ` քննադատութիւնը յանիրաւի է, Երեւանի պետական բժշկական
համալսարանի վարկանիշը բարձր է աշխարհում. "Մեր շրջանաւարտները
բաւականին բարձր արդիւնքներ են ցուցաբերում քըննութիւնների ընթացքում:
Երբ մեկնում են իրենց երկըրները եւ քննութիւններ են տալիս,
առաջադիմութիւնը շատ բարձր է":
«Յոյս»
թիւ 76
16 Յունիս
2010
|