|
ԱՒԱՐՏՒԵՑ ԳԱՒԱԹԻ 30-ՐԴ ՄՐՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Արման Տ. Ստեփանեան

Ինչպէս բոլորն էլ գիտեն, այսօր աշխարհի ամենահետաքըրքիր մարզանքն է
համարւում ֆուտբոլը: Գրեթէ բոլորն էլ սիրում են խաղալ, դիտել կամ
քննարկել այն: Ֆուտբոլը շատ սիրւած մարզանք է նաեւ իրանահայ
համայնքում: Դրա ամենից վառ փաստը այն է, որ արդէն տասնեակ տարիներ է
ինչ Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կազմում միշտ լինում են հայ
ֆուտբոլիստներ: Գրեթէ բոլոր իրանահայ ֆուտբոլիստները իրենց մարզական
կարիերան սկսել են Հ.Մ.Ա.Կ-ի "Արարատ" ակումբից, որը երկար տարիներ շատ
փայլուն ներկայութիւն է ունեցել Իրանի ֆուտբոլային տարբեր
մրցութիւններում: Վերջին տարիների ընթացքում, հիմնականում համայնքի
արտագաղթի, ինչպէս նաեւ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից լաւ
չհովանաւորւելու պատճառներով, "Արարատ"-ը լուծարւեց: Սակայն,
բարեբախտաբար, արդէն կարճ ժամանակ է ինչ այն վերականգնւել է: Իրանի
պաշտօնական լիգայի մրցութիւններից բացի, իրանահայ ֆուտբոլասէրերի
ծարաւը յագեցնելու համար ամեն տարի ֆուտբոլի տարբեր մրցութիւններ են
տեղի ունենում մեր համայնքում: Այս մրցութիւնների մէջ, կարելի է ասել,
ամենաշատ սիրւածն է "Գաւաթ"-ի մրցաշարը, որը "Հ.Մ.Ա.Կ-"ի նախաձեռնու-
թեամբ ամեն տարի կայանում են "Արարատ" մարզաւանում: Գա-ւաթի մրցաշարի
հիմնական տարբերութիւնն այն է, որ հակառակ այլ մրցութիւնների,
մասնակիցները չեն ներկայացնում միայն համայնքում գտնւող միութիւնները,
այլեւ անհատապէս կարող են մասնակցել այս խաղերին: Մրցութիւնները, արդէն
երկար տարիներ է ինչ, շատ կարեւոր իրադարձութեան են վերածւել իրանահայ
ֆուտբոլասէրերի մէջ. դա կարելի է փաստել այն բանով, որ ամէն տարի
մրցութիւնների աւարտից քիչ անց, շատ աշխոյժ կերպով վերսկսւում են միւս
տարւայ խաղերի համար նախապատրաստական փորձերը: Իսկ այդ շրջանի լաւ
մարզիկներին ուրիշ հաւաքականներ առաջարկում են խաղալ իրենց խմբում,
որպէսզի կարողանան յաջող եւ փայլուն խաղեր ներկայացնել յաջորդ տարւայ
մրցութիւններում: Մրցութիւնների գնահատելի կէտերից մէկն այն է, որ
չնայած համայնքի բնակչու-թեան արտագաղթին, մասնակցողների թիւը գրէթէ չի
նւազում, իսկ ամէն տարի աւելանում է աւելի կրտսեր մարզիկների թիւը:
"Գաւաթ"-ի մրցութիւնները ամէն տարի կայանում են Նոր Տարւայ
արձակուրդներից քիչ անց եւ վերջանում մինչեւ իրանական Նօ-Ռուզի
արձակուրդները: Սակայն այս տարի մրցութիւնները սկսւեց ինչ որ
ուշացումով եւ դա պատճառ հանդիսացաւ, որ խաղերը տեւեն մինչեւ վերջին
օրերս, սակայն նոյնիսկ դա էլ չխանգարեց, որ խաղերը չշարունակւեն եւ
չդիտւեն բարձր տրամադրութեամբ: Այս տարւայ մրցութիւնների եզրափակիչ
խաղը կայացաւ ուրբաթ Յունիսի 17-ին, Արարատ մարզաւանում` ՐԱՖՖԻ
մարզամշակութային համալիրի եւ Հ.Հ.Ը.Մ-ի միջեւ: Խաղը ընթացաւ շատ բարձր
մակարդակով, իսկ վերջում Հ.Հ.Ը.Մ-ն էր, որ կարողացաւ յաղթել եւ դառնալ
այս տարւայ մրցութիւնների ախոյեան: Այս տարւայ խաղերում 3-րդ տեղը
գրաւեց "Արմէն" հաւաքականը, իսկ չորրորդ տեղը` "Ալեքս"-ը:
Ամենահետաքրքիրն այն էր, որ Հ.Հ.Ը.Մ-ն եւ "Արմէն"-ը նախընտրական
փուլում գտնւում էին նոյն ենթախմբում:
Այսպիսով, կարելի է կրկնել, թէ այս խաղերը մեր համայնքում վերածւել են
շատ հետաքրքիր մարզական իրադարձութեան, որը շատ գնահատելի է, քանի որ
այսպիսով պատճառ են դառնում բարձր պահել եւ, ինչու ոչ, կատարելագործել
իրանահայ համայնքի ֆուտբոլի մակարդակը:
«Յոյս»
թիւ 101
29 Յունիս 2011
|