|
"ՅՈՅՍ"-Ի
ԱՌԱՋԻՆ ՀԱՐԻՒՐ
ՀԱՄԱՐՆԵՐԸ
Շանթ Բաղրամեան

"Յոյս" հասարակական-մշակութային երկշաբաթաթերթի 100-րդ համարն էք
ընթերցում: Սա ինքնըստինքեան կարեւոր երեւոյթ է: Այսօրւայ իրանահայ
համայնքում, այս իրադարձութիւնը յաջողութիւն է: Անկասկած հարկ ու
պատշաճ է՝ շնորհակալութեան խօսք ուղղել "Յոյս" երկշաբաթաթերթի լուսամիտ
խմբագրին ու ամբողջ անձնակազմին: Վարձքներդ ի կատար:
"Յոյս" երկշաբաթաթերթը արդէն իսկ լոյս է տեսնում առաւել քան 4 տարի եւ
ըստ հէնց իր պաշտօնական կայքի բացատրութեան այն՝ "...ընդհանուր,
հանրամատչելի, ոչ-գաղափա-րախօսական, ոչ-կու-սակցական անկախ
երկշաբաթաթերթ է, որն աշխատում է իր էջերում արտացոլել իրանահայ
համայնքի կարեւոր իրադարձութիւնները եւ հասարակութեանը վարժեցնել
քննադատութեան եւ հանդուրժողականութեան":
Կարելի է այսօր քննել ու հարցնել թէ ինչքանո՞վ է "Յոյս"
երկշաբաթաթերթին յաջողւել իր իսկ ճշտած առաքելութիւնը իրականացնել:
Ինչքանո՞վ է այն հանրամատչելի եղել, անկողմնակալ, կամ որքանո՞վ է
յաջողել "Յոյս"-ին, արտացոլել իրանահայ կեանքը իր հարցերով ու
դժւարութիւններով եւ այսպէս...
Այս երկտողը վերի հարցերը պատասխանելու մտադրութիւն չունի: Այդ հարցերի
պատասխանը գտնելու համար կարելի է պատրաստել վիճակագրական հարցարաններ,
կարելի է դիմել մասնագիտական քնարկումների ու լսել հասարակութեան
տարբեր խաւերի տեսակէտներն ու դիտանկիւնները:
Այնուամենայնիւ վերոյիշեալ հարցերը պատասխանելու փոխարէն, ստորեւ
կանդրադառնամ այն դրւագներին, որը ընդհանրապէս մամուլին դասում է մի
աշխոյժ ու ակտիւ հասարակութեան մասնիկը, ի մասնաւորի իրանահայ համայնքի
իւրայատկութիւնները նկատի ունենալով: Հետեւաբար "Յոյս"-ի կամ ցանկացած
առողջ մամուլի ներկայութիւնն ու հրատարակումը պիտի ն-կատւի
անհրաժեշտութիւն:
1)Մամուլի բազմատեսակ պարտականութիւներից մէկն այն է, որ իրեն պատկանող
համայնքի ու հասարակութեան տեղեկութիւնները արտացոլի ճշգրիտ, գրաւոր
կերպով: Գրա-ւոր մշակոյթը, սեւը սպիտակի վրայ գրւած տեղեկութիւնները
հիմնական դեր ու ազդեցութիւն ունեն տեղեկութիւնների ճիշտ ու
անկողմնակալ շրջանառութեան մէջ: Այսօր մեր համայնքում աւելի շատ խօսում
ենք քան թէ գրում: Այսօր աւելի շատ լսում ենք քան թէ կարդում: Դա
ինքնըստինքեան տեղեկութիւնների սխալ ու անմակարդակ փոխանցման պատճառ է
դառնում: Անկախ ամէն ինչից, այսօր գրելու ու կարդալու մշակոյթը
պակասում է մեզ մօտ ու պարզապէս ցանկացած նոր գրաւոր տեղեկագիր՝
մամուլ, կայքէջ եւ այլն ... պիտի օգնի մեզ՝ գրաւոր մշակոյթի զարգացման
գործընթացում:
2)Մամուլը, ժողովրդավարութեան հասնելու միջոցներից մէկն է: Բազմաձայն
հասարակութիւնը, որ իր տեսակէտներն ու հարցերը կարողանում է բազմապիսի
խողովակներից ու դիտանկիւններից արտայայտել, աւելի ժողովրդավար է:
Կասկածելի չէ, որ բոլորը քաջ գիտակցում ու ցանկանում են այդպիսի մի
հասարակութիւն: Այնուամենայնիւ ժողովրդավար հասարակութիւն ունենալու
ցանկութիւնը բաւական չէ, այլ նաեւ պիտի յարգել ժողովրդավար
հասարակութիւն ստեղծելու եւ պահպանելու նախապայմաններն ու ճանաչւած
ձեւերը: Իսկ ազատ, թափանցիկ ու անկողմնակալ մամուլը այդ
նախապայմաններից մէկն է:
3) Մեր համայնքի համար, կարեւորութիւն պիտի ունենայ, այն հանգամանքը,
որ մենք որպէս հայերէնով մտածող ժողովուրդ, կարող լինենք աշխարհը դիտել
ու ընկալել հայերէն լեզւով: Ժամանակակից մատուցման ձեւերով օժտւած
մամուլը, անհերքելի դեր է կարող ունենալ այս գործօնում: Հայը պիտի
ունակ լինի՝ կարդալ, հասկանալ ու վերլուծել աշխարհը հայերէնով ու այս
աշխարհը միայն չի սահմանափակւում մեր նեղ շրջանակներով: Համայնքը
իմանալով իր աշխարհագրական իրավիճակն ու հարցերը նաեւ պիտի ըմբռնի թէ
աշխարհը ո՞ւր է գնում:
4)Համայնքում տպագրւող մամուլը լոկ պասիւ դիրքերում չպիտի գտնւի: Նրա
միակ դերն այն չէ, որ արտացոլի համայնքի ու հասարակութեան հարցն ու
խնդիրը: Այլ այն նաեւ կարող է ակտիւ դեր ունենալ համայնքում՝ այն կարող
է նոր մտքեր ձե-ւաւորի, նոր հարցեր արծարծի ու լուծումներ գտնի:
Մամուլը նաեւ կարող է պատրաստի այն միջավայրը, ուր համայնքի
արեւստագէտը, մտաւորականը, բանաստեղծը եւ ... արտացոլի իր մտքերն ու
ստեղծագործութիւնը: Մի խօսքով բազմապիսի, բազմաոճ մամուլն ու
հրատարակչութիւնը նաեւ կարող է աջակից դառնալ համայնքի մտային
վերելքում:
5)Մամուլը կարող է ազնիւ ու հահոյանքներից ձերբազատւած, քննադատութեան
մթնոլորտ ստեղծի համայնքում: Այն հասարակութիւնը, որ իրեն քննադատելու
ու շտկելու ձեւեր չի գտնում, անկասկած գտնւում է փակուղում:
Հասարակութիւններում միշտ էլ եղել է հասարակական մի խաւ, որ խուսափել է
այս անհրաժեշտութիւնից ու քննադատութիւններն ու սխալների մատնանշումը
համարել է սրբապղծութիւն: Դա միշտ պատահում է: Կարեւորն այն է, որ
հասարակութիւնը հասնի այն հասունութեան, որը ընկալի թէ քննադատութիւնը
հարկաւոր է առաջադէմ հասարակութիւն ունենալու համար: Իսկ մամուլը մեծ
դեր է կարող ունենալ այս մթնոլորտը ստեղծելու համար:
6)Առաջադէմ հասարակութեան յատկանշերից այն է, որ իր պատասխանատու
անձինք ու նաեւ համակարգները իրենց պատասխանատու են համարում համայնքի
առջեւ: Ոչ արթուն համայնքը, անգիտակցաբար մղում է պատասխանատուներին
դէպի այն դիրքերը, որում նրանք իրենց ոչ թէ պատասխանատու ու պարտական
են համարում ժողովրդին, այլ իրենց իշխանութիւնը համարում են
աստւածատուր: Մամուլը մեծ դեր ունի հասարակութեանը արթնացնելու եւ
ծանօթացնելու իր տարրական իրաւունքներին:
7)Մամուլը ժամանակի ընթացքում նաեւ դառնում է պատմագրութեան աղբիւր:
Տարիների ընթացքում արտացոլւում են մի հասարակութեան պատմութիւնը
ցանկացած մամուլի էջերում: Պարզապէս ի-րանահայ համայնքի համար, նաեւ
մեծ արժէք պիտի հանդիսանայ օրաթերթերը եւ պարբերաթերթերը՝ նրանք
պահպանելու են Իրանում ապրող հայերի պատմութիւնը:
...Եւ այսքանը: Կարելի է մէկ անգամ եւս յիշել "Յոյս"-ի ընտանիքը
ջանքերը 100 համար "Յոյս" տպելու համար:
Իսկ վերջում՝ յաճախ պատահում է, որ ընկերական հաւաքներում, յիշելով
օրւայ դժւարութիւններն ու չարիքները՝ մէկը հոգոց է հանում ու ասում՝
-Յոյս չկայ:
Ու այս չորս տարւայ ընթացքում յուսահատը խրախուսւում է այսպէս՝
-Յոյս կայ, առնւազն երկու շաբաթ մէկ:
«Յոյս»
թիւ 100
15 Յունիս 2011
|