|
ՅՈՎՀԱՆՆԷՍ
ԹՈՒՄԱՆԵԱՆԻ
ԾՆՆԴԵԱՆ 140-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ
ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԷՐ ՆԱ ՀՈՂՈՒՄ

Հայ գրողներից,
Թումանեանը ամենամեծ ազդեցութիւնն է թողել հայ մշակոյթի վրայ։ Դա նա
յաջողել է անել, ոչ միայն վերամշակելով հայ ժողովրդական հեքիաթներն ու
պատումները, այլ նաեւ իր ինքնուրոյն բանաստեղծութիւններով, պօէմներով
եւ արձակ գործերով: Բոլորս էլ դպրոցական տարիքում ծանօթացել ենք նրա «Գառնիկ
ախպէրը», «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը» վերամշակւած հեքիաթների,
ինչպէս նաեւ «Գիքորը» եւ «Իմ ընկեր Նեսօն» պատմւածքների հետ: Տարիք
առնելով, ոչ բոլորս, բայց երեւի շատերս հասկացել ենք, որ Թումանեանը
եղել է նաեւ հասարակական ակտիւ գործիչ, նրա սիրտը ցաւացել է ժողովրդի
ցաւերով եւ միշտ փորձել է օգնել նրան: Նրա համակրանքը հասարակ ժողովրդի
նկատմամբ, արտացոլւել է նրա գործերում, ուր նկարագրել է ժողովրդի (որն
այդ օրերի Հայաստանում նշանակում էր գիւղացիութեան) աղքատութիւնն ու
խեղճութիւնը` իր գործունէութեան հէնց սկզբնական շրջանից, երբ դեռ վաղ
երիտասարդ տարիքում նա նկարագրում է գիւղացու խրճիթը, ուր երեխաները
հաց են ուզում, իսկ մայրը բան չունի նրանց տալու: Սակայն Թումանեանի
կապը ժողովրդի հետ միայն չի սահմանափակւում նրա կողմից ժողովըրդի ծանր
վիճակի նկարագրութեամբ. նա հասկանում է նաեւ ժողովրդի իմաստութիւնը`
ժողովրդի փիլիսոփայական հայեացքը կեանքին, ուր երբեմն այն ընկալում է
փուչ, ինչպէս «Մի կաթիլ մեղր»-ում, երբեմն լաւատեսօրէն երազում է
յաղթահարել դասակարգային պատնէշները, ինչպէս «Չախչախ թագաւորը» եւ այլ
հեքիաթներում, իսկ հիանալի սրանկատութեամբ ու երգիծանքով տեսնում է
մարդ արարածի թերութիւններն ու հակասական յատկութիւնները: «Կիկոսի մահը»
մարդու ինքնախաբէութեան ընդունակութիւնը երգիծական ոճով նկարագրելու
աննման օրինակ է:
Թումանեանը լաւ գիտէր իր ժամանակակից աշխարհի գրականութիւնը եւ ազդւած
էր իր օրերի ռուսական եւ գերմանական ռոմանտիկ գրականութիւնից: Ինքը
խօսել է Լերմոնտովի եւ աւելի ուշ՝ Շեքսպիրի նկատմամբ իր հմայւածութեան
մասին:
«Արմատներ ունէր նա հողում», ասել է Չարենցը Թումանեանի մասին: Դա
երեւի ամենահակիրճ եւ խորը նկարագրւթիւնն է Թումանեանի մասին: Այո, նա
արմատներ ունէր հողում, իսկ «հող»-ը այստեղ կարելի է մեկնաբանել, թէ՛
որպէս այն հողը, որի վրայ աշխատում էր գիւղացին, թէ՛ ընդհանրապէս
ժամանակի երկնային կեանքը, իր բոլոր խնդիրներով, որոնց հետ սերտ կապի
մէջ էր «Հանճարեղ Լոռեցին» ¥կրկին Չարենցի բնութագրութիւնը¤, եւ թէ՛
մարդ էակի վիճակը երկրի վրայ ընդհանրապէս:
Գիքոր, Լոռի, Անուշ, Թիֆլիս, Վերնատուն. սրանք դրւագներ են մի
բազմաշերտ ու բեղմնաւոր կեանքի, որը Թումանեանն է, եւ որը ձեւաւորել է
իւրաքանչիւրիս ներաշխարհի ու մտային կառոյցի մի անկիւնը գոնէ, եւ որին
մեր յարգանքի տուրքն ենք մատուցում այս օրերին, իր ծննդեան 140-ամեակի
առթիւ:
Ռ.Ս.
«Յոյս» թիւ
59
23 Օգոստոս 2009
|