|
ԵՍ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՒՆ ԵՄ, ԻՆՁ ԿՈՒԼ
ՏՈՒՐ
Անդրանիկ Սիմոնեան

Շամլուն ասում էր «Ես համընդհանուր
ցաւն եմ, ինձ պոռթկա»։ Մեր օրերում «թռչող դագաղ» ՏՈԻ 154 ԷՄ-ի
կործանումի հետքից եկած համընդհանուր ցաւը ոչ թէ պոռթկալու, այլ
տանելու ծանր բեռ էր, լուռ ու տխուր կուլ տալու դառն իրականութիւն։
Նրանք ուրախ ու զւարթ հաւաքւել էին ճանապարհորդելու համար։ Նրանք
կեանքով ու խանդավառութեամբ լեփ-լեցուն էին։ Ոչ մի հոգս չկար, իհարկէ
եթէ անհարկի ուշացումն ու դանդաղկոտութիւնը հոգս չհամարենք։ Իսկ թէ
յետոյ ինչ անցաւ՝ մենք դա չգիտենք։ Թռիչքից անցաւ 16 րոպէ։ Կործանում։
«Հող էիր եւ հող դարձար»։ Երբեք այն արագութեամբ ոչ ոք հող չէր դարձել
եւ մայր հողին չէր միաձուլւել, որքան ՏՈՒ-154 ԷՄ-ի ուղեւորները։
Կործանումից յետոյ, եւ կործանման վայրում միայն թղթերի ու զգեստների
կտորտանքներ էին, մետաղների ջարդօններ ու փըշրանքներ։ Երբեք չէի ասի՝
168 մարդ է եղել այդտեղ…
Երբ մարդը մոռացւում է
Իրանի մամուլի համար արդէն շատ զգայուն թեմա է օդանաւերի կործանումը։
Որքան էլ հեռուստատեսութիւնը ցանկանում է աղէտը շրջանցել եւ անմիջական
լուրերից բացի այլ տեղեկութիւններ չհաղորդել, սիրւած հաղորդավար
Հէյդարին, պատասխանատու անձանց է ի մի բերում եւ ջանում է հարցը նրանց
հետ արծարծել, բայց աւաղ։ Երանի այս մարդիկ այդ թեմաների մասին
ընդհանրապէս չխօսեն եւ իրենց խօսքերով ունկնդիրների ու
հեռուստադիտողների սրտերը չխոցեն։ Չքմեղ ձեւանալն ու խուսանաւելը արդէն
մեզ ծանօթ կեցւածք են, յատկապէս այն անձանց մօտ, որոնք անմիջական
պատասխանատւութիւն են կրում աղէտալի դէպքերում։ Այդ միակ ծրագիրը երբեք
չի երկրորդւում։
Իրանի մամուլը, բայց, հարցն հետեւում է աւելի մեծ ուշադրութիւն
սեւեռելով։ Այստեղ աջ ու ձախ մամուլի համար մեծ տարբերութիւն չկայ։ Մեր
երկրում օդանաւերի կործանման թեման արդէն մաշւած թեմա է, բայց
մարդկային կորուստները պարտադրում են, որ ամէն անգամ հարցը դիտւի ու
գնահատւի իւրովի։ Անմիջապէս մամուլը ողողւում է զոհերի անուններով,
նախորդ աղէտների վիճակագրութեամբ եւ նոր աղէտից արւած լուսանկարներով։
Իւրաքանչիւրը ուզում է իրենը առաջ տանել, բայց աղէտը նստում է ծանր, եւ
մեծ տատանումների հնարաւորութիւնը կանխում։ Դա է պատճառը որ աջ ու ձախ
մամուլի վերնագրերը շատ մեծ տարբերութիւն չունեն։ ՏՈՒ-ն «Թռչող դագաղ»
է, «Աղէտի բուն», եւ շատ ուրիշ բաներ։ Այստեղ ապացուցելու բան չկայ,
բոլորը ամէն բան էլ ընդունում են առանց շատ երկար մեկնաբանութեան։
Ընդունում են, տպագրում են լուսանկարներ, աղէտի մասշտաբները տարածում
են մինչեւ մարզական ոլորտում նկատւած զանցառութիւնները եւ շուտով
ամփոփում են ու առաջ անցնում։ Նախագահական ընտրութիւններից յետոյ
շարունակւող վէճերը տրամադրութիւն չեն թողել մարդու մասին մտածելու
համար։ Մարդն այստեղ մէկ թէ հարիւր, կամ էլ հարիւր վաթսունութ, ոչ մի
նշանակութիւն չունի։ Դէպքի գրաւչութիւնը նոր քաղաքական աստառի մէջ
կարող է լինել, ուստի, ոմանք յիշում են ՏՈՒ-ի ռուսական ծագումը, ոմանք
էլ լոսանջելեսեան իրանցի երգիչների մօտալուտ համերգները Երեւանում,
ոմանք էլ նախարարի անպատասխանատու կեցւածքը։ Այն ինչ երբեք չի յիշւում
ինքը մարդն է, մարդկայինը, ցաւը, որ գնալով ահագնանում է ու տարածւում
քաղաքով մէկ։ Յետոյ էլ Հայաստան աշխարհ է հասնում ու «Շանթի» եթերային
ալիքներով տարածւում երկիր մոլորակում։ Հեռախօսազանգերը արագօրէն իրար
են միացնում աշխարհի բոլոր մայրցամաքները։ Հարաւային Ամերիկայից մինչեւ
Շւեդիա, Արգենտինայից մինչեւ Ճապոնիա, Կանադայից մինչեւ Աւստրալիա եւ
Միացեալ Նահանգներից մինչեւ Իրան ու Հայաստան։ Հայեր են, պարսիկներ,
վրացիներ եւս կան։ Ցաւը, մարդու նկատմամբ սէրը, յարգանքը,
վշտակցութիւնը, կամ մտահոգութեան փարատումը խթանիչ ուժեր են՝ պարտքի
զգացումից բխող մարդկային վարքի ձեւեր։
Ս.Սարգիս եկեղեցու բակում մեծ բազմութիւն է կուտակւել։ Միայն Ապրիլի
24-ի օրւայ հետ կարելի կը լինի թւային աղերսներ գտնել։ Այլ առիթներով
երբեք այսպիսի բազմութիւն չի եղել։ Եկեղեցում հոգեհանգստեան
արարողութիւնը յաջորդում է Սրբազան հօր նախագահած պատարագին։ Յետոյ
սգակիրները կանգնում են իրենց զոհի, կամ զոհերի անւամբ առանձնացւած
վայրերում։ Իսկ այսօր բակի չորս բոլորը համարակալւել է եւ առանձնացւել
անուն ազգանուններով։ Շատերն այսօր եւ միայն այստեղ են հանդիպում
կորուստ ունեցող բարեկամին, հարազատին կամ ընկերոջը։ Եւ սգակիր է
դառնում ողջ իրանահայութիւնը…
Նրանց մարմիններն էլ նրանց հոգիների նման թեւեր առան ու չւեցին։
Թեհրանի հայոց գերեզմանատունը երբեք այսպիսի բազմութիւն չի տեսել, եւ
թող տայ Աստւած, որ այլեւս երբեք այսքան մարդ այստեղ չհաւաքւի։
«Նոր Բուրաստան» գերեզմանատան աւտոների հսկայական կայանատեղին լիքն է։
Մայրուղու մօտ, աւտոների քառաշարք կայանի երկայնքը երեք կիլոմետրի է
հասնում։ Թաղերից շարժւող աւտոբուսները տեղերում թողել են գերեզմանոց
մեկնելու ցանկութիւնն ունեցողների կէսից աւելիին։ Համայնքն այսօր եկել
միահամուռ ու ջերմացնող լռութեամբ վշտակցելու դառնաղէտ վթարի զոհերի
հարազատներին։ Այսքան դագաղ ես մէկ էլ Գիւմրիում եմ տեսել, երկրաշարժի
զարհուրելի օրերին։ Այս ինչ աղէտ է։ Ղազւին քաղաքից քիչ հեռու բացւած
վիհը կլանեց բոլոր զոհերի մարմինները եւ այսօր այստեղ Թեհրանի հայոց
գերեզմանոցում նոր վիհ են բացել, որ պիտի իր մէջ առնի յաւերժացած այդ
մարդկանց անունները կրող դատարկ դագաղները…
Ամէն բան կազմակերպւած ու կարգին է, բոլորի սրտերը փափուկ ու փխրուն են,
հոգիները ներող ու բեկուն։ Սա այն օրերից մէկն է, երբ պատիւ ես զգում
այսպիսի համայնքի զաւակ լինելու համար։ Կեցցէ՛ք թեհրանահայեր։ Այսպիսի
միաբանութեամբ շատ բանի ենք արժանի, բայց տարւայ քանի օրն ենք այսպէս
միաբան, եւ մի՞թէ այդպիսի հարւած էր պէտք մեզ արթնացնելու եւ միմեանց
կողքին արթուն ու զգօն պահելու համար։
Մինչեւ թաղման վայրին հասնելը անցնում եմ պատերազմի նահատակների
գերեզմանների շարքի կողքով ու Միրոյի շիրիմի մօտով, որտեղ մի տարեց կին
նստած արտասւում է…
Տէր ողորմեա, Տեր ողորմեա …
Քրիստոս Որդի Աստծոյ, անոխակալ ու բարեգութ, գթա քո արարչական սիրով...
Թաղման արարողութեան առաջին ձայնը Սեպուհ արք. Սրբազանինն է։ Նա է
զոհերի անւանացանկը կարդում եւ բոլորի համար թողութիւն եւ ողորմութիւն
հայցում։ Բայց ես կարծում եմ թողութիւն եւ ողորմութիւն պէտք է հայցել
մեր կենդանի արարածներիս համար… Լռութիւնը համատարած է։ Օդը տօթ է ու
շոգը՝ մաշող։ Սկաուտ տղաները ջուր են մատուցում։ Սրբազան հօր ձայնը եւ
քահանաների երգը եկել են ամոքելու սրտերի ցաւը եւ սփոփելու նրանց խորը
վէրքերը, յատկապէս բացւած վիհը, որ կլանելով ու լցւելով դատարկ
դագաղներով պիտի թմբերի վերածւի, պիտի փոխարինաբար համբերութեան
խորհուրդը փոխանցի ապրողներին։ Այսօր մարդիկ այստեղից պիտի հեռանան,
դառն իրականութեան հետ վերջնականապէս հաշտւած։ Օդը տօթ է, կրակոտ են
հոգիները, արեւը կիզում է։ Մատուցւող ջուրը քչութիւն է անում։ Մարդիկ
հրաժարւում են ծորակների ոռոգման ջուրը խմելուց։ Սրբազանը միասին ու
մահամուռ լինելու հայրական կոչ է անում։ Գէորգ Վարդանը վստահեցնում է,
որ այս հարցին հետեւելու գործում կարմիր գծեր չի ճանաչելու։ Մարդիկ
յուսադրւում են, մարդիկ ոգեւորւում են ։
Տէր ողորմեա, մեզ ողորմեա, կենդանի արարածներիս, որ մեր
շահախնդրութեամբ կարող ենք այսպիսի աղէտների համար հիմք ստեղծել։Մեզ
ողորմեա, որ մարդկային ենք, երբ շահախնդիր ենք եւ այդ շահախնդրութեամբ
դուրս ենք գալիս մարդուն վայելող բոլոր չափերից, մարդկային
յատկանիշներից նահանջում ենք, մարդ լինելուց խուսափում ենք, ապաւինում
դիմակազերծ ու մերկ կանգնած շահախնդրութեան սատանային։ Տէր ողորմեա,
մեզ ողորմեա։ Տէր մեզ նայիր, մեզ, որ յաճախ անմիաբան ենք, որ բզկտում
ենք միմեանց, որ միմեանց ծամում, խժռում ենք, առիթ տալով
շահախնդրութեան սատանային։ Մեզ ողորմեա, որ այդքան անտարբեր ու անփոյթ
ենք նոյնիսկ մեր անվտանգութեան նկատմամբ, չենք էլ հարցնում, թէ ինչով
են մեզ տեղափոխում, ուր են տանում, ինչպէս, բայց միմեանց նկատմամբ
անողոք ենք ու անզիջում։ Տէր ողորմեա, մեզ ողորմեա։ Օգնիր, որ ուժ
գտնենք ու մեզնից վանենք եսամոլութեան, շահախնդրութեան եւ ապականումի
սատանային։
Վտանգաւոր է, անվտանգ է, ապահով
է…
Բոլոր, բոլոր տեղերում խօսում են օդանաւերի մասին։ «Ռուսականը
վտանգաւոր է»։ «Ռուսականը անվտանգ է»։ Ես ասում եմ, եթէ տէր ունի,
անվտանգ է, ռուսական, թէ արեւմտեան չի տարբերում, եթէ տէր ունի անվտանգ
է։ Եթէ հսկողութիւն կայ, եթէ շահոյթը աւելի բարձր չի դասւում մարդուց,
եթէ մարդը արժէք ունի։ Եթէ հոգին աւելի թանկ է քան նիւթը եւ հոգեւորը
աւելի բարձր է նիւթականից։ Եթէ մարդիկ իրենց հոգիները փողի սատանային
չեն վաճառել… Եթէ շըրջափակումն է պատճառը, ինչո՞ւ եղածը նորմալ խնամքի
չի արժանանում։ Մինչեւ ե՞րբ կարելի է ժամկէտանց պահեստամասերը
շահագործել՝ յենւելով նորոգող ինժիներների վարպետութեանը։
Միթէ Ռուսաստանում նոր օդանաւեր չե՞ն արտադրւում։ Միթէ իրանցի ուղեւորը
պակա՞ս է վճարում։
Ես համընդհանուր ցաւն եմ, ինձ պոռթկա
Շոգ է, տօթ է, անտանելի է, համբերութեամբ քայլում են մարդիկ։ Այս
օրերին բոլորս էլ փիլիսոփայ ենք դարձել, մտորում ենք, մէկ-մէկ էլ
թանկագին նախադասութիւններ արտաբերում… Չգիտեմ մինչեւ ուր ենք միասին
քայլելու, բայց յստակ պատկերացնում եմ, որ անմիաբան ու անգլուխ հօտին
երբեք էլ հաշւի չեն առնում ոչ մի տեղ, եւ չեն յարգում։
Եւ մտածում եմ Շամլուի մասին՝ «Ես համընդհանուր ցաւն եմ…
«Շանթ»-ը ապաւէն ու նեցուկ
Աւարտից առաջ անհրաժեշտ եմ զգում խօսել «Շանթ» հեռուստաալիքի արած մեծ
գործի մասին։ Առաջին ժամերից, որ աւիավթարի լուրը տարածւում էր,
Հայաստանից հեռարձակւող «Շանթ» հեռուստաալիքը մեծ ուշադրութիւն սեւեռեց
այդ աղէտի վրայ։ Եւ լրատւական եւ վերլուծական եւ մասնագիտական եւ
վաւերագրական մեծ ծաւալի նիւթ մատուցւեց բոլորիս։ Այդ օրերին «Շանթ»-ը
հանդէս եկաւ եւ՛ որպէս ապաւէն եւ՛ որպէս նեցուկ եւ դեռ աւելին։
«Շանթ»-ը մեզանից ոմանց էլ խոր քնից արթնացրեց եւ յուշեց, որ եթէ
հայաշխարհին կապեր են պէտք, որ իսկապէս պէտք են, դրանք պիտի գոյացնել
նախօրօք եւ ոչ թէ աղէտի պահին, նաեւ այն, որ աղէտի պահին մեզ ոչ թէ
քաշքշուկ է պէտք, այլ բռունցքւել։ Յուսանք, որ այսքանը դաս լինի։
Եւ աւարտին թոյլ տւէք ասեմ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով, ինչ-որ
տեղ բեռ շալակեցին՝ Վարձքներդ ի կատար։
«Յոյս» թիւ 55
29 Յուլիս 2009
|