Պատասխան Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդի նամակին

Լեւոն Ահարոնեան

«Յոյս» երկշաբաթաթերթի 14-րդ համարում հրատարակւած որդիական նամակս, որը հասցէագրւած էր Արամ Ա. Վեհափառին, շատ մեծ արձագանք ունեցաւ, այնպէս որ տասնեակ ծանօթներ ու անծանօթներ ինձ հետ կապւելով իրենց վերաբերմունքն արտայայտեցին՝ ոմանք ինձ հաստատեցին ասելով թէ շատ տեղին ու ճիշտ ակնարկներ եմ կատարել, իսկ ոմանք էլ գտնում էին, որ շատ մեղմ եմ գրել։ Սոյն նամակը գրաւեց նաեւ Հայաստանի մամուլի ուշադրութիւնը՝ Դեկտեմբեր 6-ի «Ազգ» օրաթերթը եւ Դեկտեմբեր 7-ի «Առաւօտ» օրաթերթը ամբողջութեամբ արտատպեցին այն։ Այդ թւում ստացայ եւս երկու նամակներ ընդդիմադրի դիրքից, որոնցից առաջինը՝ արեւմտահայերէնով էր՝ առանց հեղինակի հասցէի ու տւեալների, որի բովանդակութիւնից կարելի էր կռահել, որ այն ուղարկւած է Բէյրութից։ Այդ նամակը, որը լի էր անարգանքով ու հայհոյանքներով եւ ունէր ոմն Յակոբ Աբրահամեանի (մեզ անծանօթ) ստորագրութիւնը, բացարձակապէս հեղինակի անգրագիտութիւնն ու տգիտութիւնն էր բացայայտում, եւ հէնց այդ պատճառով էլ «Յոյս» երկշաբաթաթերթի խմբագրական կազմը հրաժարւեց այն տպագրել։
Իսկ երկրորդ ընդդիմախօսական երկարաշունչ նամակը, որն ստացայ Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզեանից, արդէն յարգելի ընթերցողի ուշադրութեանն է յանձնւել թերթիս նախորդ համարում։
Այս կապակցութեամբ հարկ է յիշեցնել, որ իմ նամակի պատասխանը անմիջապէս տրւեց Անթիլիասի Կաթողիկոսութեան տեղեկատւական բաժանմունքի վարիչ Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճեանի կողմից, որը թէեւ իր բովանդակութեամբ մեզ չբաւարարեց, բայց եւ միւս կողմից գոհացրեց նրանով, որ իմ նամակը չէր անտեսւել։
Հարկ եմ համարում մի շեղում կատարել՝ պարզաբանելու խնդրոյ առարկայ Բաց նամակի գրութեան հանգամանքների ու նպատակների մասին։
Ինչպէս իւրաքանչիւր մամուլի ներկայացուցիչ «Յոյս» երկշաբաթաթերթը եւս երբեք ինքնանպատակ չէ եւ հէնց այնպէս չի ընտրում ու հրատարակում իր նիւթերը։ Թէեւ այն չունի խմբակցային որոշակի ուղղւածութիւն, բայց եւ զուրկ չէ գաղափարներից ու նպատակներից։ Մեզ համար ամենակարեւորը մեր ընդհանուր ազգային եւ ապա՝ համայնքային շահերի պահպանումն ու նրանց ծառայելն է, որին բնականաբար, փորձում ենք միացնել նաեւ մեր ապրած երկրի ընդհանրական շահերը։
Վերջին տարիների ընթացքում, դժբախտաբար, մեր համայնքում չի ձեւաւորւել բազմակարծութիւնն ու տեսակէտների զանազանութիւնը, որը ժամանակի թելադրանքն ու պահանջն է։ Մենք մեր ղեկավար կազմերում լսել ու տեսել ենք միայն որոշակի անհատների՝ յատկապէս ոչ արժանիների գովասանքն ու փառաբանումը, ասես թէ նրանք հաւասարեցւել են Աստծուն, որի հետեւանքով, ժողովուրդը՝ ամէնից գիտակիցն ու համարեա անթերի դատողը անտարբերացել է համայնքի հարցերի հանդէպ։ Անտարբերութիւն, որն իմ կարծիքով, ամենավտանգաւորն է եւ ժամանակի ընթացքում քայքայման սեմին է կանգնեցնում ցանկացած հաւաքականութեան։
«Յոյս» երկշաբաթաթերթի առաքելութիւններից մէկն է՝ պաշտպանել իրանահայի իրաւունքները, որից ելնելով, բնական է, որ չէր կարող անտարբեր մնալ իրանահայ հոգեւոր կեանքի նկատմամբ։ Այս ուղղութեամբ առաջին անգամը լինելով քննական ակնոցով փորձեցի դիտել իրանահայ եկեղեցա-կրօնական խնդիրները եւ եկայ այն եզրակցութեան, որը գրի առնւեց Բաց նամակի տեսքով, որտեղ հպանցիկ ակնարկ նետելով անցեալ 48 տարիների ընթացքում Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանու ներքոյ իրանահայ հոգեւոր կեանքին ու կատարւած աշխատանքներին, փորձեցի անաչառ գնահատական տալ երեւոյթներին եւ հարկ եղած դէպքում՝ քննադատել։
Իմ գրած նամակում առկայ են նրբանկատ ակնարկներ, եւ բացակայում են աւելորդ գովասանքները, ընդհակառակը՝ կտրուկ ու ոչ վիրաւորական տոնով նշւել են իրանահայութեան հոգեւոր դասում նկատւող թերութիւններն ու համայնքի պահանջները։
Ցաւօք սրտի, Ատրպատականի թեմակալ առաջնորդն, ըստ երեւոյթին, չի ըմբռնել կամ դիտաւորեալ աղաւաղում է նամակիս պարզ հայերէնով շարադրւած բովանդակութիւնը եւ այդպիսով մոլորութեան մէջ գցում ընթերցողին։ Սրբազան առաջնորդը, որն ինչպէս երեւում է սովոր է լոկ գովասանքների ու փառաբանումների այդ պատասխան նամակն սկսում եւ աւարտում է Կիլիկիայի Կաթողիկոսութեանը գովաբանելով, իբր թէ նրա բոլոր հոգեւականները բարձր ուսման տէր են, եւ մէկ առ մէկ ներկայացնելով այդ հոգեւորականներին, նոյնիսկ չի մոռանում շեշտել Կիլիկիայի «հացահատիկ» մատակարարելն աշխարհի չորս կողմերը, որը խօսուն փաստն է հեղինակի վառ երեւակայութեան, եւ միաժամանակ խիստ անտեղեկութիւնից բխած՝ ազգային շովինիստական զգացմունքների։ Սակայն այդ բոլորը դոյզն ինչ կապ չունեն իմ նամակին, եւ բոլորովին այլ թեմաներ են։
Սրբազան Թոփուզեանը նամակի մի այլ հատւածում առանց որեւէ պատճառի՝ ուղղակիօրէն յարձակման է անցնում Սուրբ Էջմիածնի հոգեւորականութեան, ընդ որում Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան դէմ։ Նա գրում է. «Մենք քրտինք ու արիւն ենք շաղախում մեր առաքելութեան մէջ, չնմանւելով այլ վեղարաւոր ու անվեղար մարդկանց, որոնք դոլարի արժէքով են հրապուրւած միայն»։ Ովքե՞ր են այդ «վեղարաւորներն ու անվեղարները»։ Ահա թէ ինչպէս է մի համայնքի առաջնորդը, որը կրում է Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ հոգեւորականի պատասխանատու եւ պատկառելի զգեստը, բացէիբաց անարգում ու անպատւում Ս. Էջմիածնի հոգեւորականներին։
Մի ուրիշ տեղ հեղինակն աւելի առաջ գնալով համարձակւում է ասել. «Այս բաժնում որպէս յիշեցում, բայց նաեւ կարեւոր հարց եմ տալիս ինչի՞ համար Անթիլիասի աթոռից, Ամենայն հայոց կաթողիկոսութեան համար ՀՀ օրւայ իշխանութիւնները մեզնից խլեցին Տ.Տ. Գարեգին Բ. եւ ամենայն Հայոց աթոռին բազմեցրին ու յետոյ խաչեցին, ինչո՞ւ»։
Նախ պիտի նշել, որ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեռ կենդանի է, եւ բազմել է Ամենայն Հայոց կաթողիկոսութեան աթոռին։ Սրբազանի ակնարկածը Գարեգին Ա. վեհափառն է, ապա՝ այդ «խլեցին ու խաչեցին» բառերը խիստ վիրաւորական արտայայտութիւններ են Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Ս. Աթոռի հասցէին, յատկապէս մի հոգեւորականի կողմից, որը լաւագոյնս պիտի տեղեակ լինի, որ Կաթողիկոսի նշանակումը երբեք խլելով տեղի չի ունենում։ Դա աշխարհի 8 միլիոն հայերի պաշտած Սուրբ Աթոռն է, որին բազմողը ստանալով կրօնական բարձրագոյն պաշտօնը, ստանձնում է պատմական դեր ու նշանակութիւն։ Իսկ այդ Սրբազան կոչեցեալը, «Խաչեցին» ասելով, ուղղակի եւ անհիմն մեղադրանք է ուղղում Հայաստանի իշխանութիւններին, քանի որ Գարեգին Ա. վեհափառն իր բնական մահով եւ կոկորդի քաղցկեղից է մահացել։
Եւ հետաքրքիրն այն է, որ այս խօսքերը գրւել են մի թեմի առաջնորդի գրչով, որը բազմել է՝ Սուրբ Էջմիածնում դաստիարակւած ու կրթութիւն ստացած Մելիք Թանգեանի աթոռին։
Եւ այսպէս աւելի առաջ գնալով Թոփուզեան առաջնորդը, անտեսելով իմ նամակի բուն հարցադրումները, սուրը մերկացրել ու յարձակւել է ամենքի վրայ՝ Ս. Էջմիածնից սկսած մինչեւ իրեն հիւրընկալած ու որդիական յարգանք տածած իրանահայութեանը։ Նամակում անգամներ խօսքն ուղղելով ոչ միայն ինձ՝ որպէս Բաց նամակի հեղինակի, այլեւ ողջ իրանահայութեանը, ամենայն համարձակութեամբ մեղադրել ու նւաստացրել է բոլորին, փորձելով ամէն գնով անմեղ հանել իրեն ու իր «պաշտպանեալին»։
Նա չի ցանկանում ընդունել, որ ամենամեծ մեղաւորները, ինքն ու իր պէս առաջնորդներն են եղել, որ ժողովրդին կրօնից փախցրել են, եւ չեն կարողացել հաւատքի սերմը մեր ժողովրդի մէջ աճեցնել։ Ժողովուրդը ամենագիտակն է, նա ցանկացած առաջնորդի մօտ քահանայութեան կամ վանականի պաշտօն չի ընդունի։
Եթէ իրանահայը այդպէս է, ինչպէս դուք էք աշխատում համոզել, ուրեմն թողէք նրան, եւ կը տեսնէք հէնց ինչպէս որ մինչեւ 50 տարի առաջ էր ամենայն հաւատքով ու գիտութեամբ զինւած տնօրինում իր բազմադարեան եկեղեցիներն ու վանքերը, վստահաբար կը կարողանայ վերստին տէր կանգնել նրանց, որը Դուք չկարողացաք։
Սրբազանը մոռացել է, որ ըստ իրանահայ երեք թեմերի կանոնագրական 21-րդ յօդւածի՝ «Առաջնորդը տնօրինում է թեմի կրօնական գործերը եւ հսկում Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնների, կարգերի եւ ծէսերի անշեղ պահպանման եւ գործադրման վրայ»։ Դա նշանակում է, որ Կիլիկիայի կաթողիկոսութիւնը կատարում է Հայաստանի Առաքելական եկեղեցական օրէնքները, ուստի եւ Դո՛ւք, Սրբազան, ինչպէ՞ս էք Ձեզ թոյլ տալիս անարգել այդ սուրբ եկեղեցիների պահող- պաշտպանողներին ։
Սրբազանն, ըստ երեւոյթին, հասնելով իր զայրոյթի գագաթնակէտին, զարմանք է յայտնում, որ «Էռշադ» նախարարութիւնը թոյլ է տւել, որ այդ «անմակարդակ» նամակը «Յոյս» երկշաբաթաթերթում տպագրւի, եւ ապա չափն անցնելով, խոստանում իր բարեկամ նախարարին նամակ գրել եւ «Յոյս»-ի «ծուխը մարել»։ Ահա թէ ուր կարող է հասնել յարգելի Թեմակալ Առաջնորդը իրեն չգովաբանող հայ մամուլի հանդէպ։
Որպէս վերջին խօսք, ցանկանում եմ այս երիտասարդ Սրբազանին մի խորհուրդ տալ՝ Դուք դեռ շատ երիտասարդ էք եւ նման վերաբերմունքն ու արտայայտութիւնները չեն համապատասխանում Ձեր տարիքին ու փորձին։ Դուք չէք կարող Ս. Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպէս նաեւ բազմադարեան պանծալի պատմութիւն ունեցող իրանահայերին այդպէս վիրաւորել։ Դա չի կարող անպատասխան մնալ։ Ուստի եթէ այդ բոլորն արել էք պարգեւատրւելու կամ աւելի բարձր պաշտօններ ստանալու ակնկալիքով, լաւ կանէք, որ Ձեր նպատակին հասնելուն պէս, թողնէք այս «անփառունակ» համայնքն ու հեռանաք՝ ուր որ կուզէք վայելելու կեանքը, քանի որ այսուհետ բոլորին ապացուցւել է, որ Դուք այս 17 տարիների ընթացքում չէք կարողացել ըմբռնել Ձեր կրած զգեստի բարձր արժէքը եւ առաջնորդութեան պաշտօնի կարեւորութիւնը։

«Յոյս» երկշաբաթաթերթի արտօնատէր՝
Լեւոն Ահարոնեան

«Յոյս» թիւ 19
30 Յունւար 2008