Մարտի 8-ը կանանց «իրաւունքների եւ առաջադիմութեա՞ն» թէ՞ «մայրութեան ու գեղեցկութեան» օր

Ալվարդ Թորոսեան

Մի քանի տարի է, ինչ ՀՀ-ի հեռուստատեսութեամբ յաճախ լսում ենք, որ Մարտի 8-ը տօնւում է ՝ որպէս կանանց «մայրութեան ու գեղեցկութեան»օր։
Զարմանալի է, քանի որ այդ օրն աշխարհում ճանաչւած է որպէս Կանանց Միջազգային Օր՝ յատկապէս կանանց իրաւունքների խնդիրը օրւայ նիւթ դարձնելով։
Պատմութեան մէջ եւս Մարտի 8-ը յիշատակւում է որպէս կանանց առաջին բողոքի ցոյցի օր։ 1857 թւականի Մարտի 8-ին, Նիւ-Եօրքում տեքստիլի գործարանների կին բանւորները իրենց աշխատանքային պայմանների բարելաւման եւ աշխատավարձերի յաւելման պահանջով ցոյցի ելան, որոնց խումբը ցրւեց ոստիկանութեան միջոցով։ Նոյն կանայք երկու տարի յետոյ ստեղծեցին կին բանւորների առաջին կազմակերպութիւնը։
Այնուհետեւ, յաջորդ տարիներին եւս, Մարտի 8-ին, բողոքի ցոյցեր կազմակերպւեցին, իսկ 1908-ին, Նիւ-Եօրքում շուրջ 15,000 կանայք ցոյց կատարեցին՝ աշխատաժամի կրճատման, աշխատավարձերի բարձրացման եւ ընտրական իրաւունք ունենալու պահանջով։ Եւ անշուշտ, այսօր, մենք նման կանանց շարժման արդիւնքում է, որ «քիչուշատ» հաւասար կարգեր ենք վայելում աշխատատեղերում եւ ընդհանուր առմամբ հասարակական կեանքում։
Յետագայում կանանց շարժումը տարածւեց ոչ միայն Ամերիկայում, Եւրոպայում եւ Ռուսաստանում, այլեւ ողջ աշխարհում, եւ կանայք ամենուր այդ օրը յիշեցին ու տօնեցին՝ նորանոր պահանջներ ու խնդիրներ արծարծելով՝ իրենց իրաւունքների իրականացման ուղղութեամբ։ Եւ վերջապէս 1975 թւականին ՄԱԿ-ի միջոցով Մարտի 8-ը՝ որպէս Կանանց իրաւունքների շարժման խորհրդանիշ, յայտարարւեց Կանանց Միջազգային Օր։
Հասկանալի է, որ խորհրդային տարիներին Կանանց օրը կրելով գաղափարական պրոպագանդայի բնոյթ, զզւեցրել է կանանց, եւ երեւի այդ էր պատճառը, որ անկախացումից յետոյ այդ օրը փոխարինւեց Ապրիլի 7-ով՝ որպէս «մայրութեան եւ գեղեցկութեան» օր։ Սակայն քանի որ ժողովուրդը շարունակում էր տօնել նաեւ Մարտի 8-ը, հետեւաբար որոշեցին այն միացնել Ապրիլի 7-ին եւ նոյնացնել բովանդակութիւնը։
Սակայն արդեօք կոմունիստական գաղափարախօսութեան դէմ պայքարելու համար պիտի խեղաթիւրւի կամ արժեզրկւի Կանանց Միջազգային Օրը եւ դառնայ պատրիարքական մտայնութեան մարմնա-ցումը։
Կանանց բազում դժւարութիւնները բխում են հէնց իսկ դրանից, որ ուզում են նրանց ոչ թէ որպէս ստեղծագործ ու բազմակողմանի կարողութիւնների տէր մարդ գնահատել (որն օրէցօր աւելի է ապացուցւում եւ ընդունւում ամենուրեք), այլ լոկ բնութագրել մայրական կարողութեամբ եւ պարտականութիւններով, եւ որպէս «գեղեցիկ» սեռ բացառել նրանց խելքն ու այլ արժանիքները։
Յետադիմութիւնը աշխատում է աւելորդ «սրբացնելով» կնոջ մայրութեան կարողութիւնը՝ հեռացնել նրան աշխատանքի եւ հասարակական կեանքի զանազան ասպարէզներից։ Այն ինչ ծնողական պարտականութիւնները ոչ միայն կնոջն է պատկանում, այլեւ ամուսինների համատեղ պարտքը, եւ կանայք միայն ամուսինների հաւասար ծնողական զբաղմունքը վայելելով է, որ կարող են ժամանակ գտնել աշխատելու եւ աշխարհ գտնելու։
Իհարկէ, հիանալի է «գեղեցիկ»-ը եւ «գեղեցկութիւն»-ը, բայց չէ՞ որ տարիներ է, ինչ կանանց մեղադրում են, թէ ընդհանրապէս չափից աւել են հետաքրքրւում ու զբաղւում գեղեցկութեամբ։
Միթէ՞ կարելի է անտեսել, որ միլիարդ-դոլարանոց բիզնեսների քարոզչութեան ու գովազդերի ազդեցութեան տակ, այդ «գեղեցիկ» կոչումն ստանալու համար ինչ տառապանքներ են կրում կանայք։ Արդեօ՞ք պիտի աւելի խրախուսել նրանց այդ ուղղութեամբ։
Արդեօ՞ք Մարտի 8-ի բնոյթը փոխւելը համընկնում է կանանց շահերին։
Արդեօ՞ք կինը հայաստանեան հասարակութեան մէջ խոչընդոտներ չունի զարգանալու ուղղութեամբ, եւ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացե՞լ է։
Արդեօք Հայաստանի կանայք վայելո՞ւմ են տղամարդկանց հետ համահաւասար իրաւունքների բոլոր բարիքները եւ կարիք չե՞ն զգում նոր իրաւունքների ճանաչման։
Թւերն այլ բան են ասում։ Լոկ յիշենք Հայաստանի խորհրդարանի փաստը, որի միայն 4% են կազմում կանայք։ Արդեօք դա բաւարա՞ր է, եթէ այն համեմատենք Ֆինլանդիայի 40%-ի հետ։
Ինչ որ է, ես՝ որպէս մի հայ կին, գերադասում եմ Մարտի 8-ի Կանանց Միջազգային Օրը դարձեալ նշել՝ որպէս կանանց իրաւունքների պաշտպանման ու կանանց առաջադիմութեան օր։

Թող Մարտի 8-ը շնորհաւոր լինի բոլոր կանանց, որոնք իրենց յոյսերով ու յոյզերով, մայր կամ ոչ մայր, խնամում են հարազատներին, «գեղեցիկ» կամ «ոչ գեղեցիկ»՝ աշխատում են գեղեցկացնել իրենց շրջապատը, եւ վերջապէս նաեւ բոլոր նրանց, ովքեր ընթանում են կանանց իրաւունքների իրականացման դժւարին ճամբով։

«Յոյս» թիւ 22
12 Մարտ 2008