Գործող թեմական խորհրդի վերջին մամլոյ ասուլիսը

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
 
Չորեքշաբթի, փետրւարի 13-ին Թեհրանի Ազգային առաջնորդարանում տեղի ունեցաւ ԹՀԹ Թեմական խորհրդի 4-րդ եւ վերջին հանդիպումը մամուլի ներկայացուցիչների հետ: Բացի տպագիր մամուլից, ներկայ էին նաեւ կայքերի ներկայցուցիչները: Հանդիպման սկզբում Թեմական խորհրդի ատենապետ՝  Էդւարդ Բաբախանեանը համառօտ զեկոյց ներկայացրեց  անցեալ երկու տարիներում Թեմական խորհրդի գործունէութեան մասին` տեղի է  ունեցել երկու նւիրահաւաքներ` սիրիահայութեան եւ Ատրպատականի երկրաշարժի տուժածների համար, որոնց ընթացքին  ժողովուրդի  մասնակցութիւնը մեծ քաջալերանք է հանդիսացել ազգային մարմինների համար: Նայիրի դպրոցի շրջափակում  սկսել  է աշխատել համայնքի Ազգային գրադարանը, Երէցների հաւաքատեղին, Աշխարհասէրների միութիւնը: Իրանահայութեան թանգարանի աշխատանքները աշխուժացել են (կամ աւելի ճիշտ`  միտում  կայ, որ աշխուժանան), Սասուն մանկապարտէզի նոր  շէնքը շուտով սկսելու է աշխատանքը: Ծխական տուրքի վճարման նոր ձեւը արդէն արդիւնքներ է տալիս, մաքրւել եւ  բուժարանի համար նոր սարքաւորումներ են գնւել, 70 տարեկանից աւելի տարեց իրանահայերի (մօտ 150-160 հոգի) եւ  ուսանողական ֆոնդի համար աւելի մեծ գումարներ  է յատկացւել եւ էլի ուրիշ շատ դրական գործեր:
Այնուհետեւ  ներկաները հարցնում են իրենց հարցերը: Հիմնականում ժողովի խօսակցութիւնները կենտրոնանում են մի քանի հարցերի շուրջ.
 
Համայնքը գրպանից է ուտում, ին՞չ պիտի անել
Առաջին հարցը  սա է, որ Թեմական խորհրդի կողմից ՊԺ-ին ներկայացւած բիւջէտներում  միշտ  բաց գոյութիւն ունի: Դա  նշանակում է, որ համայնքը, իր գրպանից է ուտում, այսինքն իր ընթացիկ ծախսերը ծածկում է իր գոյքերը վաճառելով: Արդեօք այսպէ՞ս է, եւ սա  մեզ ու՞ր է տանում: ԹԽ-ի  ատենապետ ` Էդւարդ Բաբախանեանը պատասխանում է.
«Այո, քանի որ մեր եկամտի աղբիւրները սահմանափակ են: Կամ մոմ պիտի վաճառենք, կամ սակագները բարձրացնենք, կամ էլ  վարձերն աւելացնենք: Վերջինում Թեմական խորհրդի ձեռքը մի քիչ աւելի բաց է: Մենք այս  շրջանում վարձերը 20 տոկոս աւելացրել ենք: մօտ 30 միլիոնից հասցրել ենք 50 միլիոնի: Հայերին էլ 25 տոկոս զեղչ ենք տալիս: Սա էլ ճիշտ է, որ երբ ուզում ես մի բանի ձեռք տալ խնայողութիւն անելու համար, դժւարութիւններ են ստեղծւում: Ի հարկէ, բոլորս էլ չենք ուզում համայնքում խնդիրներ ստեղծել, բայց մենք սահմանափակ գումար ունենք: Յանկարծ խօսք է լինում, որ օրինակ երրորդ երեխայի  ուսման համար պիտի գումար վճարենք: Ուրեմն նախահաշւում բաց է ստեղծւում, որը մի տեղից պիտի լրացնել: Ստիպւած ես շատ բաներ պահել: Աշակերտութեան թիւը 10000-ից հասել է 3000-ի, բայց դու ստիպւած ես 120 ուսուցիչներ  ունենաս,  ստիպւած ես մանկապարտէզների 6-7 հարիւր միլիոն թուման բացը վճարես: Միւս կողմից մուտքը սահմանափակ է, եւ վերջում դու ստիպւած ես մի բան ծախել կամ եկամուտ  ստեղծել: Եկամուտ  ստեղծելու համար էլ փող պիտի ունենաս. Օրինակ` մեր Միրզայէ Շիրազի պողոտայի շէնքը կարող է մեզ քանի միլիոն եկամուտ  տալ, բայց դրա  համար պիտի մի բան վճարենք, դրա կէսն առնենք, որ  այս  վարձն  իրականանայ: Ժամանակին մեր վարձերը մեր առօրեայ ծախսերը փակում էին: Բայց զանազան ծախսերը` պաշտօնէութեան ռոճիկները, ապահովագրութիւնը եւ այլն  բարձրանալով, մեր մուտքերը չեն հասնում դրանց: Մեր ամենամեծ ծախսերն էլ մեր պաշտօնէութեան եւ ուսուցիչների ռոճիկներն են: Ի հարկէ,  նախահաշւի բացը միշտ  աւելի շատ է, քան իրական հաշւինը, բայց յամենայն դէպս, մենք բաց  ունենք: Եթէ ՊԺ-ի որոշմամբ մեր Ջոմհուրիի շէնքը կամ շրջանների մի շարք հողամասերը չվաճառւէր, հնարաւոր չէր լինի  այս  ծախսերը փակել:
Ես կարծում եմ, որ մեր վարչական սիստեմը կարելի է դնել մեր բիւջէտի համապատասխան հիմքի վրայ, դա  հնարաւոր է, բայց դժւարութեամբ եւ երեւի մեծ թնջուկ առաջացնելով համայնքում: Բայց երեւի մի օր պէտք կը լինի դա  անել, մեր  ունեցածի  չափ  ծախսել»:
 
կալւածներ, վարձեր, շինարարութիւն, եկամտաբեր նախագծեր
Ինչպէս արդէն երեւում է ատենապետի խօսքերից, Թեմական խորհրդի եկամուտների ու ծախսերի հարցը կապւում է կալւածների, շէնքերի, նորոգումների եւ վարձերի հետ: Խօսք է գնում Միրզայէ Շիրազիի, Բէյհաղիի  , Ջոմհուրիի շէնքերի, Սուլթանիի  կալւածի, Թունեան դպրոցի շինարարական ծախսերի եւ եկամտաբեր նախագծերի ու դրանց տնօրինման մասին: Իսկ պարզ է, որ  այս հարցերի շուրջ  ԹԽ-ի աշխատանքների մասին չի կարելի դատողութիւններ անել  առանց ստոյգ տւեալների, առանց պաշտօնական գրաւոր տեղեկութիւնների:
Յամենայն դէպս, ԹԽ-ի  ատենապետ`  Էդւարդ Բաբախանեանը պնդում է.
«Մենք գաղտնի տւեալներ չունենք: Բայց  դուք էլ կարող էք տեղեկութիւններ ձեռք բերել: Մենք ունենք Կրթական խորհուրդ, ունենք թանգարանի պատասխանատու, կարող էք նրանց հետ էլ հանդիպումներ ունենալ, տեղեկութիւններ վերցնել: Ինչպէս «Ալիք»-ն է հարցազրոյց անում տիկին Իռէնի հետ, դուք էլ էք կարող անել»:
Կարդացել եմ «Ալիք»-ի հարցազրոյցը Կրթական խորհրդի նախագահի հետ, բայց մանրամասները չեմ  յիշում: Հանդիպումից  յետոյ նորից եմ կարդում, բայց  այնտեղ ոչ մի վիճակագրական տեղեկութիւններ չկան:
 
Համայնքային կեանքի մասին կանոնաւոր, գրաւոր պաշտօնական տւեալների հրատարակումն  անհրաժեշտ  չէ
Բացատրեցի, որ համայնքի զանազան հարցերը վերլուծելու համար, հարկաւոր են պաշտօնական, գրաւոր, կանոնաւոր տւեալներ համայնքի կեանքի զանազան ոլորտների մասին, եւ ճիշտ  չէ յենւել բանաւոր ձայնագրւած թառած- թափած տեղեկութիւնների վրայ, օրինակ` պարոն Բաբախանեանի միջոցով ուղղակի  թաբլեթից ընթերցւած տեղեկութիւնների վրայ:
Բայց Թեմական խորհրդի ներկայ անդամներից մէկն ասում է. «Տեղեկութիւնները 99 տոկոսով  կայ: Ամէն ինչի պատասխանը տրւել է, ամէն ինչ ասւում է, ոչ մի դուռ փակ չէ  ձեր առ-ջեւ …»: Յամենայն դէպս, պարզւում է կան մտահոգութիւններ. «Ինչ ենք ուզում ասել մամուլում հրապարակելով, որ մեր աշակերտութեան թիւը տարեկան տաս տոկոսի չափով  պակասու՞մ է»: Մտահոգութիւնն այն է, որ սա  կարող է յուսահատութիւն առաջացնի: Կամ « պահանջը հեշտ է դնել, բայց ժամ դնելը, հետեւելն է, որ մամուլը կամ կայքէջը պիտի անի», որը կարելի է բացատրել այսպէս. մամուլը միայն պահանջներ է դնում եւ երբ դա  կատարւում է, չի ընդառաջում: Օրինակ, երբ հրապարակւեց կալւածների ցանկը, «Միայն երկու-երեք հոգի դիմեցին դրանք տեսնելու համար»: (կալւածների ցանկի հրապարակման ձեւի եւ որակի մասին արդէն մի անգամ գրել եմ «Յոյս»-ում եւ  այլեւս  չեմ  կրկնում. միայն  այսքանը, որ երկու թերթիկից կազմւած մի ցանկ էր, որը թոյլ չէր տրւում պատճէնահանելու,  միայն կարելի էր մտապահել: Մի խօսքով, Թեմականը արդէն բաւարարւած է նախկինի համեմատ  մի քիչ աւելի թափանցիկ գործելակերպով, եւ դրանից աւելին` այսինքն համայնքի եւ իր աշխատանքին վերաբերող տւեալների կանոնաւոր հրապարակումը անհրաժեշտ  չի համարում:
 
Հաշւեքննիչ մարմնին  առնչւող  խնդիրներ
Հարցնում եմ Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի միջեւ տարակարծութեան գոյութեան մասին: ԹԽ-ի  ատենապետը պատասխանում է.
«Գործելու ձեւի տարբերութիւն կայ: Ասւում են, որ ժամանակին Թեմականի նիւթական պատասխանատուն հաշւեքննիչի հետ կապի մէջ է եղել, խօսել են, քննել են, … մեր ձեւը, աւելի պրոֆեսիոնալ ձեւ է, սա է, որ մենք ունենք, մեր հաշւապահութիւնը, որի բոլոր արխիւները հաշւեքննիչ մարմնի տրամադրութեան տակ են, բոլոր վճարումերի եւ գործարքների փաստաթղթերը այնտեղ կան, հաշւեքննիչը ամէն միութիւնների նման կարող է գնայ  էնտեղ իր աշխատանքը տանի, կարիք չկայ այս առումով իրար հետ  կապ  ունենանք, թէկուզ  եւ ընկերներ լինենք: Դու պիտի գնաս քո հաշւեքննութիւնն  անես ու զեկուցես Պատգամաւորական ժողովին: Սա  մեր գործելակերպն է եղել: Բայց միւս կողմը պնդում է, որ մենք պիտի կապ  ունենանք: Մենք ասում ենք` դուք ձեր զեկոյցը տւէք ՊԺ-ին: Դուք քննէք հաշիւները, մեզ տարէք հարցականի տակ: Մենք միշտ  պիտի նիւթապէս հարցականի տակ լինենք: Միասին նստելու պատճառ չունենք: Մենք ներկայացուցիչ չունենք Հաշւեքննիչ մարմնի մէջ: Եթէ որեւէ խնդրի մասին գրաւոր հարց տան, մենք կը պատասխանենք: Ես նաեւ ասել եմ, որ եթէ բանաւոր էլ հարցնեն, կը պատասխանեմ: 
 
Միութիւնների պարտքեր եւ յատկացումներ
«Համայնք»  կայքի թղթակիցը հարցնում է Պետութեան կողմից փոքրամասնութիւններին  յատկացւած գումարի մասին, որ արդեօք հնարաւոր է այդ գումարից նաեւ յատկացումներ լինեն կայքերին: ԹԽ-ի ատենապետը պարզաբանում է. « դա  միութիւնների համար է, թերթերը ուրիշ տեղից են երեւի օգնութիւն ստանում»: Թղթակիցն  ասում է. «բայց այդ գումարից վճարումներ են եղել նաեւ Ալիքին»: Պատասխան. «դա Ալիքին որպէս կայք կամ մամուլ չի եղել, այլ նրա  հասարակական աշխատանքների համար»:
Համայնքի թղթակիցը հարցնում է նաեւ Թեմական խորհրդին ունեցած  Արարատի եւ այլ միութիւնների պարտքի մասին.
«Արարատի կապակցութեամբ մի քանի տարի առաջ «Ասթան Ղոդսէ Ռազաւի»-ին 20 տարւայ  վաղֆի վարձի գումար է վճարւել ԹԽ-ի կողմից, եւ հիմա ամէն տարի Արարատը 20 միլիոն թուման պիտի ետ  վճարի: Սիփանն էլ նախկինից պարտք ունի, որ ամսավճարներով վճարում է»:
 
«Յոյս» թիւ 141
23 Փետրւար 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *