«Իրանահայոց հանրագիտարան»-ի պարսկերէն թարգմանութիւնը լոյս է տեսել Հայաստանում

 
 
Հայաստանի գրատպութեան 500-ամեակի պետական յանձնաժողովը, ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանութեան մշակութային կենտրոնի աջակցութեամբ հրարտարակել է Ժանէթ Լազարեանի  կազմած «Իրանահայոց հանրագիտարան»-ի հայերէն թարգմանութիւնը: Ստորեւ մէջբերում ենք Ժանէթ Լազարեանի «երկու խօսք հայ ընթերցողին” նախաբանից հատւածներ.
 
«Իրանահայոց հանրագիտարան»-ն առաջին անգամ լոյս է տեսել 2002 թւին: 2001 թ ԻԻՀ նախագահ Խաթամիի` «Քաղաքակրթութիւնների երկխօսութիւն» նախաձեռնութեան շրջանակներում: Իրանի չորս կրօնական  ազգային փոքրամասնութիւնների` հայերի, ասորիների, հրեաների և զրադաշտականների ներկայացուցիչների կողմից պէտք է կազմւէին նման հանրագիտարաններ և հրատարակւէին «Քաղաքակրթութիւնների երկխօսութիւն» կենտրոնի կողմից` մէկական հատորով: Սակայն  պատրաստւեց և տպագրւեց միայն սոյն հատորը:
Կենտրոնի անւանումը շատ յատկանշական է, քանի որ դարեր շարունակ երկխօսութիւնը, իրօք, եղել է Իրանի պետութեան և իշխանութիւնների կողմից որդեգրւած և հետևողականօրէն իրականացւող քաղաքականութիւն, որին ուժը ներածին չափով մասնակցութիւն է ունեցել նաև  իրանահայութիւնը: Իրանի պետական մարմիններում ներկայացւած հայազգի բարձրաստիճան պաշտօնեաները, դիւանագէտները, զինւորականները, ինչպէս նաև առևտրային դասի ներկայացուցիչները, արւեստագէտներն ու գիտութեան, կրթութեան գործիչները արել են իրենցից կախւած ամէն բան` Իրանի ժողովրդի և այլ քաղաքակրթութիւնների ներկայացուցիչների միջև փոխըմբռնում և բարեկամութիւն հաստատելու համար:
Իրանական կառավարութիւնների ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ դրսևորած բարեացակամ վերաբերմունքի օրինակ է Իրանի տարածքում գտնւող հայկական հնադարեան եկեղեցիների վերանորոգումը` Ս·Թադէի վանք, Ստեփանոս Նախավկայի վանք և այլն: Որպէս կրօնական հանդուրժողականութեան օրինակ կարող ենք ներկայացնել նաև այն, որ Թեհրանում կառուցւած առաջին եկեղեցին` Թադէոս-Բարդուղիմէոսը գտնւում է պարսկական մեծ բազարի տարածքում:  Իսկ Սուրբ Գէորգ եկեղեցին կառուցւած է Թեհրանի Շահփուր բազարում: Է դեպ, այս եկեղեցու երկու կողմում գտնւում է հայկական ծերանոցը, որի մի շէնքը նախատեսւած է տղամարդկանց, միւսը`կանանց համար: Հետաքրքրական է, որ շատ պարսիկներ մատաղի արարուղութիւնները կատարում են հէնց այս եկեղեցում:
Գրքի հայերէն հրատարակութիւնն ինձ համար շատ կարևոր է այն իմաստով, որ Խորհրդային կայսրութեան փլուզումից յետոյ, հայերի երկու հատւածների միջև շփումներն աւելանալուն զուգընթաց, հասկացայ, որ Հայաստանում շատերը գրեթէ ոչինչ չգիտեն հայկական ամենամեծ ու հին գաղթօջախներից մէկի պատմութեան մասին: Յուսով եմ` գիրքը կը կարողանայ լրացնել այդ բացը:
Ասեմ, որ երկրորդ անգամ գիրքը Թեհրանում վերահրատարակւել է 2009 թ·: Եւ նոյն տարի Երևանում կայացած շնորհանդէսից յետոյ ծնւեց այն հայերէնով հրատարակելու գաղափարը: Ի դէպ, առաջին ու հիմնական քաջալերողներից էր  ՀՀ-ում ԻԻՀ դեսպան պրն· Սեյեդ Ալի Սաղայեանը, ում յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը:
 
«Յոյս» թիւ 141
23 Փետրւար 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *