Հարցազրոյց Իրանահայ շախմատիստ Համլետ Թումանեանի հետ

 
ԱՐՄԱՆ Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆ
 
 
Սրանից  մի քանի շաբաթ առաջ, Պրն. Սուրէն Խեչումեանի շնորհիւ առիթ ունեցայ մի հարցազրոյց կազմակերպել մեր համայնքի լաւագոյն շախմատիստներից մէկի `Համլետ Թումանեանի հետ:  Հարցազրոյցին ներկայ էր նաեւ Տիգրան Թումանեանը՝ Համլետ Թումանեանի հայրը, որը եւս շատ մեծ դեր է ունեցել նրա եւ մեր իրանահայ համայնքի շախմատի կեանքում: Նախքան հարցազրոյցը Սուրէն Խեչումեանը արտայայտւեց, թէ ինքն ուզում էր տեղի ունենայ այս հարցազրոյցը, քանի որ վերջերս տարբեր տեղերում միշտ ասւում եւ խօսւում էր Համլետ Թումանեանի մասին, սակայն այդ լուրերը շատ հին եւ ոչ ճշգրիտ էին:
 
 
Նախ կը խնդրեմ ներկայացրէք Ձեզ մեր ընթերցողներին եւ պատմեցէք Ձեր յաջողութիւնների եւ նւաճումների մասին:
1989 թւականից, երբ կրկին վերականգնւեցին շախմատի մրցութիւնները, ինձ համար առիթ ստեղծ-ւեց մասնակցել շախմատի տարբեր մրցութիւններին: Այն ժամանակ Թեհրանի երիտասարդական մրցութիւններում մի քանի անգամ դարձել էի շախմատային խաղերի չեմպիոն: Դրանից յետոյ Արարատի անունով 3 անգամ մասնակցեցինք Իրանի շախմատի բարձրագոյն լիգայի խաղերին, ուր եւ կարողացանք գրաւել 3-րդ տեղը: Բացի այդ էլ մի քանի անգամ մասնակցել եմ այլ հաւաքականների, օրինակ՝ Րահ-Ահանի եւ Ֆարհանգսարա-է-Բահմանի կազմում: Դրանից յետոյ 1997-ին դարձայ Իրանի ազգային հաւաքականի պատանեկանի մարզիչ, իսկ 2003-4 թւականներին պարգեւատրւեցի որպէս լաւագոյն մարզիչ: Ապա 2005-ին ընտրւեցի Իրանի պատանեկան շախմատի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ: Որպէս մարզիչ իմ տարիների համագործակցութիւնը Իրանի շախմատի ազգային հաւաքականի հետ լի է եղել յաջողութիւններով: Հէնց այս յաջողութիւնների շնորհիւ, սրանից 8 տարի առաջ ես ճանաչւեցի որպէս Իրանի շախմատի լաւագոյն մարզիչ, իսկ դրանից ընդամէնը 2 տարի անց պարգեւատրւեցի որպէս անցեալ 30 տարւայ Իրանի լաւագոյն մարզիչը: Պէտք է ասեմ, որ ունեմ իմ սեփական շախմատի դպրոցը, որը կոչւում է Մադրեսէ-Շաթրանջ-է-Թեհրան: Այն Իրանի ամենամեծ շախմատի դպրոցն է, եւ Իրանի շախմատի բազմաթիւ չեմպիոններ յաճախել կամ յաճախում են իմ դպրոցը: Այս ամենից բացի, գրել եմ գրքեր շախմատի մասին, որոնք այսօր դասաւանդւում են Հայաստանի դպրոցներում:
 
Կարո՞ղ էք մի քիչ աւել բացատրել Ձեր գրած գրքրերի մասին:
Հայաստանը այսօր համարւում է աշխարհի շախմատի առաջատար երկիր: Սրանից մի քանի ժամանակ առաջ Հայաստանում որոշւեց շախմատը դարձնել ինչ-որ դասաւանդման   առարկայ: Դրա համար կարիք եղաւ ինչ-որ դասաւանդման նախագծի: Բոլոր առաջարկւած միջոցներից ընդունւեց իմը եւ այսպիսով իմ գրքերը այսօր դասաւանդւում են Հայաստանի 2-րդ,  3-րդ եւ 4-րդ դասարաններում: Այս գրքերը նաեւ ուշադրութեան են արժանացել Եւրոմիութեան կողմից: Կարող եմ հպարտօրէն ասել, որ աշխարհահռչակ Գասպարովին էլ այդպիսով չյաջողւեց ինչ- որ դասաւանդման նախագիծ ստեղծել:
 
Ինչպիսի՞ն է ձեր դասաւանդման նախագիծը:
Իմ նպատակը եղել է այն, որ կարողանամ շախմատը ներկայացնել որպէս մի միջոց: Այսպիսով իւրաքանչիւր երեխայ սկսում է սովորել ճիշտ մտածելակերպը. ես հէնց իմ շախմատի դպրոցի բացման սկսզբնական ժամանակներից միշտ կապի մէջ էի Թեհրանի Պետական համալսարանի Հոգեբանական ֆակուլտետի հետ եւ այսպիսով ինձ յաջողւեց ահագին գիտելիքներ ձեռք բերել շախմատի հոգեբանական ազդեցութեան մասին:
Իմ նախագծի իւրայատկութիւնն այն է, որ ես ի սկզբանէ շախմատում բացատրում եմ, թէ ո՞րն է խաղի նպատակը, ապա հակառակ աշխարհում գոյութիւն ունեցող շախմատի դասաւանդման ոճին, ես սկզբում սկսում եմ սովորեցնել արքան, իսկ դրանից յետոյ ամենահզօր քարը`թագուհին: Ապա սովորեցնում եմ յաղթելու միջոցները, բայց ոչ ճանապարհը: Այսպիսով երեխան ինքն իր մէջ զարգացնում եւ փորձում է գտնել իրեն իւրայատուկ յաղթելու ճանապարհը:
 
Ինչպէս եղաւ, որ սկսեցիք հետաքրքրւել շախմատով:
Այս հարցում պէտք է իմ խորին շնորհակալութիւնը յայտնեմ իմ հօրը: Հայրս շատ լաւ շախմատ էր խաղում: Իւրաքանչիւր հակառակորդի յաղթում էր: Հէնց այդ ժամանակներից ես էլ միշտ նրա հետ տարբեր տեղեր էի գնում շախմատի խաղերը նայելու նպատակով: Յիշում եմ հէնց այդ ժամանակներում մի անգամ էլ հայրս ինձ ծանօթացրեց մէկի հետ ասելով նրան, թէ իմ տղաս քեզ կը յաղթի: Սկզբում նա չէր կարողանում պատկերացնել, թէ կարող է պարտւի մի պատանուց, սակայն, հէնց այդպէս էլ եղաւ: Դրանից յետոյ էլ, երբ հայրս տարբեր միութիւններում մասնակցում էր շախմատի մրցութիւններին, ինձ համար առիթ էր հանդիսանում երբեմն նրան փոխարինել: Մի անգամ էլ յիշում եմ ինչ որ մրցութեան մէջ ես 2-րդ խաղաշրջանում պէտք է խաղայի հէնց հօրս դիմաց: Սակայն հայրս խաղը յանուն ինձ ոչ-ոքի արեց, հէնց դա էլ պատճառ դարձաւ, որ ես դառնամ այդ մրցութիւնների չեմպիոն:
 
Ինչպէ՞ս էք գնահատում Իրանի շախմատի մակարդակը:
Այն, ինչ որ շատ գնահատելի է ներկայ իրանի շախմատիստների եւ շախմատասէրերի մօտ, նը-րանց ջանասիրութիւնը եւ աշխատասիրութիւնն է: Այսօր Իրանի շախմատի պատանեկան ազգային հաւաքականը շատ բարձր նւաճումներ է ձեռք բերել միջազգային մրցութիւններում: Մինչեւիսկ  նրանց յաջողւեց յաղթել Հայաստանին: Բայց ցաւօք սրտի, նրանց համար լաւ ասպարէզ չկայ եւ նրանք մնում են հէնց նոյն մակարդակում:
 
Ձեր կարծիքով ո՞րն է Հայաստանի շախմատի յաջողութեան գաղտնիքը:
Հայաստանի շախմատի ազգային հաւաքականը շատ իւրայատուկ է: Հայաստանի ազգային հաւաքականի շախմատիստները մրցութիւններում շատ միասնական են: Դա բազմիցս տեսնւել է տարբեր մրցութիւններում, որտեղ հայ շախմատիստները շատ աւելի վեր են դասել իրենց հաւաքական շահը անձնականից: Հայերի այս հաւաքական ուժից բացի, շատ մեծ դեր ունի նաեւ իրենց միասնական համագործակցութիւնը: Օրինակ՝ եթէ շախմատիստներից մէկը աշխատել է որեւէ յատուկ ոճի վրայ, մրցութիւնից առաջ նա կիսում է այդ ոճի գաղտնիքները եւ առաւելութիւնները  իր միւս թիմակիցների հետ: Սրանք համարւում են Հայաստանի ազգային հաւաքականի յաջողութեան երկու հիմնական մեծ գաղտնիքները, որոնք պատճառ են դառնում, որ թէկուզ այն հաւաքականները, որոնց մարզիկները որպէս անհատ շախմատիստներ շատ աւելի բարձր դիրք են գրաւում միջազգային աղիւսակներում Հայաստանի շախմատիստների համեմատ,  միշտ պարտւեն Հայաստանի հաւաքականի դիմաց:
 
Եթէ վերջում ինչ-որ բան ունէք ասելու, խնդրեմ աւելացնէք:
Շատ շնորհակալ եմ «Յոյս»-ից այս հարցազրոյցի համար:
 
 
«Յոյս» թիւ 140
9 Փետրւար 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *