Լուրեր Պատգամաւորական ժողովից

 
ՌՈԲԵՐԹ ՍԱՖԱՐԵԱՆ
 
Չորեքշաբթի յունւար 23-ին տեղի ունեցաւ ԹՀԹ Պատգամաւորական ժողովի նիստը, որի միայն առաջին մասում էին ներկայ լրագրողները. Ժողովի երկրորդ մասը կայացաւ դռնփակ: 15-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը տեղի էր ունեցել անցեալ տարի, որի ընթացքում ընտրւել էր նոր ՊԺ-ի դիւանը:
Ժողովի առաջին մասը վարում էր ՊԺ-ի նորընտիր առաջին ատենապետ Գէորգ Վարդանը:
 
Լրագրողներին մօռացել էին
Նոր Պատգամաւորականը որոշել է ձայնագրել նիստերի բանակցութիւնները, որն անշուշտ լաւ միտք է, եւ զարմանալի, թէ ինչպէս մինչեւ հիմա դա չի կատարւել: Յամենայն դէպս, միկրոֆոնների տեղադրման եւ աթոռների նոր դասաւորութեան ժամանակ մօռացել էին լրագրողներին: Մեր մշտական տեղից ինձ առաջնորդեցին սրահի այն մասը, ուր գիտէի սովորաբար նստում էր հաշւեքննիչ մարմինը, որ դեռ չէր եկել: Իսկ երբ եկան, ինձ քշեցին այդ մասի վերջին շարքը, որտեղից դժւար էր լուսանկարել ու ձայնագրել առանց ժողովի ընթացքը խանգարելու: Ի հարկէ, սա պիտի վերագրել անուշադրութեան եւ յուսալ, որ առաջիկայ նիստերում այդպիսի դրութիւն չի կրկնւի:
 
Հալեպում հայ զոհերի թիւը` 34 հոգի
Սրբազան հայրը նոր էր վերադարձել Լիբանանից, ուր մասնակցել էր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կրօնական եւ քաղաքական վարչութիւնների լիակատար նիստերին: Այդ ժողովում քննարկւել էր նաեւ Սիրիայի հայութեան վիճակը: Սրբազան հօր փոխանցած հակիրճ զեկոյցի համաձայն, Հալեպի դէպքերում մինչ այժմ սպանւել են 34 հայեր: Հայերի մեծ տեղաշարժ է տեղի ունեցել Հալեպից դէպի երկրի մի շարք աւելի ապահով քաղաքներ, ինչպէս նաեւ դէպի Լիբանան եւ ԱՄՆ: Իսկ յետոյ դէպի Հայաստան: Մինչ այժմ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջոցով հաւաքւել է մէկ միլիոն դոլար օգնութիւն, որի 70 տոկոսը արդէն տրամադրւել է ժողովրդին:
 
Երրորդ զաւակի ուսումը հայկական դպրոցներում անվճար է, մտահոգութեան կարիք չկայ
Վերջին ամիսներին անորոշութիւն էր ստեղծւել այն մասին թէ, վերջ ի վերջոյ,  հայ ընտանիքները իրենց երրորդ զաւակի հայկական դպրոցում սովորելու համար պէտք է թոշակ վճարե՞լ, թէ ոչ: Թիւրիմացութիւն էր ստեղծւել Պատգամաւորականի, Թեմականի եւ Կրթական խորհրդի միջեւ: Սակայն, բարեբախտաբար, ամէն բան լուծւել է, եւ թեհրանահայ 3 զաւակ ունեցող 94 ընտանիքներից, միայն 24-ից է գումար գանձւել, որը շուտով կը վերադրձւի նրանց: Պատգամաւորներն իրենք էլ հարցեր ունէն կիրառւած որոշման վերաբերեալ. օրինակ` ինչ կը լինի չորրորդ զաւակի հարցը. նրա համար ընտանիքը պիտի թոշակ վճարի, թէ՞ ոչ: Թեմական խորհրդի ատենապետ Էդւարդ Բաբախանեանը, ի միջ այլով տեղեկացրեց, որ միայն երկու-երեք ընտանիքներ կան, որ չորս զաւակ ունեն: Յամենայն դէպս մի բան պարզ է, որ երրորդ զաւակը, առանց որեւէ պայմանի, ազատւում է կրթաթոշակ վճարելուց:
Թունեան դպրոցի շէնքի կառուցման հաշիւների անճշտութիւնների հարցով դատ է բացւել պետական դատարանում
Երկար-բարակ բանակցութիւններից յետոյ, երբ Ժիրայր Նազարեանը, որ Թունեան դպրոցի շէնքի կառուցման ժամանակ շինարարական մարմնի նախագահն էր, պատրաստ չեղաւ ներկայ գտնւել ազգային մարմինների հետ հանդիպումերին եւ բացատրութիւններ ներկայացնել հաշիւների անորոշութիւնների մասին, վերջիններս պարտադրաբար դիմեցին երկրի դատական մարմիններին: ԻԻՀ Դատական ատեանի 21 բաժնում դատ է բացւել Ժիրայր Նազարենի դէմ եւ այժմ հարցը շարունակում են հետապնդել այդ միջոցով:
 
Ո՞վ է ասում հաշւեքննիչ մարմինը խռովել է
Ինչպէս արդէն զեկուցել էինք մեր նախկին համարներում, հաշւեքննիչ մարմինը որոշակի դժգոհութիւններ ունէր Թեմական խորհրդից, իր պահանջած փաստաթղթերն ու տեղեկութիւնները չներկայացնելու կամ ուշ ներկայացնելու կապակցութեամբ: ՊԺ-ի նախկին նիստում պատգամաւորները յանձնարարել էին, որ ՊԺ-ի դիւանը հանդիպում ունենայ հաշւեքննիչ մարմնի հետ եւ այդ երկու համազօր մարմինների միջեւ առկայ հարցերի վերաբերեալ զեկոյց ներկայցնել ժողովին: Այժմ ատենապետը վստահեցնում է, որ ոչ մի լուրջ բան գոյութիւն չունի այդ մարմնների միջեւ եւ մտահոգւելու կարիք չկայ: Միայն կան «թեքնիք խնդիրներ», որ հեշտութեամբ լուծելի են: Նա նաեւ վստահեցնում էր, որ հաշւեքննիչ մարմնի մօտ չաշխատելու կամ խռովելու նման հարցեր չեն տեսել: Գուցէ հարցը աւելի վերաբերում է «կողմնակի» խնդիրների, եւ իրենք փորձել սրտնեղութիւնները մէջտեղից տանել: Սյդ , «կողմնակի» խնդիրները երեւի հէնց «Ալիք»-ի թղթակցի եւ հաշւեքննիչ մարմնի միջեւ տեղի ունեցած ընդհարումն էր, որ երբ պատգամաւորներից մէկն ուզեց մանրամսնել, պարոն ատենապետը կանխեց նրան:
 
«կողմնակի» խնդիրը եւ լրագրողի իրաւունքները
Մենք ժամանակին յարմար չգտանք անդրադառնալ վերոյիեալ հարցին, քանի որ թւում էր, որ բախւող կողմերի միջեւ կան Պատգամաւորական ժողովին չվերբերւող հարցեր, որոնց մանրամասնութիւններից մենք տեղեակ չէինք: Բայց այժմ յարմար եմ գտնում սկզբունքօրէն մի երկու բառ ասել այդ մասին: Դատելով ժողովում տեղի ունեցած արտայայտոթիւնների հիման վրայ, «Ալիք»-ի թղթակից` Արմինէ Էլիազեանի «մեղք»-ը այն է եղել, որ ընդմիջումին մօտեցել է հաշւեքննիչ մարմնի անդամ Էսրայիլ (Էսիկ) Ստեփանեանին եւ հարցեր տւել: Դա չգիտես ինչու զայրացրել է վերջինիս, որը ընդմիջումից յետոյ խիստ բառերով արտայայտւեց «Ալիք»-ի եւ Թեմական խորհրդի անդամ` Վարուժ Յովհաննիսեանի դէմ, որն ի դէպ «Ալիք»-ի տնօրէնն էր: Կրկնում եմ, կարող են լինել նաեւ ուրիշ հարցեր, որոնցից ես անտեղեակ եմ, բայց եթէ ամբողջ հարցը սա էր որ ասացի, ոչ մի զայրանալու պատճառ գոյութիւն չունի: Լրագրողների իրաւունքն է ընդմիջումին, նիստից առաջ կամ յետոյ, կամ ուրիշ ժամանակներում եւ վայրերում մօտենալ պատգամաւորներին եւ հարցումներ ուղղել նրանց: Նրանք կարող են չպատասխանել, կամ օգտւել առիթից եւ մամուլի միջոցով խօսել հանրութեան հետ: Բայց հարց ուղղելը ոչ միայն անպատեհութիւն չունի, այլ թղթակցի պարտականութիւնն ու գործը հէնց դա է:
 
«Յոյս» թիւ 140
9 Փետրւար 2013
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *