Մեռնել թափուրութեան ցաւից

 
ՇԱՆԹ ԲԱՂՐԱՄԵԱՆ
 
 
Յասմիկը հրճւանքով նայեց իր ամուսնուն: Ինչպէս միշտ կոկիկ էր: Սպիտակ շապիկն էր հագել, մուգ կապոյտ փողկապով: Դպրոց էր գնում: 40 տարի հպարտացել էր իր ամուսնով՝ կիրթ, զգայուն ու հայկական դպրոցի տեսուչ:
Մօտեցան իրար, համբուրւեցին՝  ինչպէս 40 տարի համբուրւել էին, երբ Աւետիսը տնից դուրս էր գալիս:
-Աւետիս, զգոյշ եղի’ր:
Տեսուչը Ժպտաց,-զգոյշ եմ:
 
 * * *
-Պապա՜ … Աւետ պապը,  էլի  դուրս ա եկել… Արամը դժգոհ նայում է դիմացը խեղճ  կանգնած՝ Արամիկին: Աչքերը մեղաւոր մարդու արտայայտութիւն են ստացել: Արամը դժգոհ է, բայց  ինչպէ՞ս մեղադրի երեխային, խեղճը ի՞նչ էր կարող անել:
– Նանան գալու՞ ա:
– Հա’ պապ:
Առանց խօսակցութիւնը շարունակելու դուրս է վազում տնից, Արամիկի թախծալի աչքերի  դէմ՝  դուռը շրխկացնելով    սկսում է  բարձրաձայն մտածել:
«Ու՞մ մեղքն ա  էս  բոլորը, անիծեա՜լ օրեր»:  Շոգ է, տօթ ամառ: « Էս տարի Թեհրանը դժոխք է եղել, ե՞րբ չի  եղել, ա՜խ, յիմարութիւն»:
Բահարում  է:
«Իմանում եմ, թէ Աւետ պապին ու՞ր կը գտնեմ: Հայկական փակւած դպրոցի դռան շեմին»:
Մի տարի էր, որ էլ Աւետ պապը չէր խօսում: Սրտի կաթւածից յետոյ շուտ ապաքինւեց, բայց է'լ չխօսեց: Համր-համր: Մի մարդ,  որ մի ամբողջ կեանք խօսել ու խրատել էր, հիմա մի բառ, անգամ մի տառ չէր արտասանում: Ուղեղը աշխատում էր, ճանաչում  բոլորին, ուտում էր, կարգին քնում, միայն չէր խօսում: Իհարկէ, դա միակ դժբախտութիւնը չէր,  որ եկել էր Արամի ու Արամիկի գլխին: Երբ  հայր ու որդի աչք էին թեքում իրենից, տնից դուրս էր գնում: Գնում, նստում Բահարի  հայկական փակւած դպրոցի շեմին,  այն դպրոցի, ուր մի կեանք նրա տնօրէնն էր եղել: Մի կեանք:  70-ականներին, երբ հանգստի էին կոչել նրան,  ժամանակի պատասխանատուները  երիտասարդ մի տղայ էին գտել ու Արամի հօրը փոխարինել,  հետևաբար նա էլ  հոգեպէս հիւանդացել էր: Դա առաջինն էր, Անուշը՝  երկրորդ  հարւածը:  Իսկ Յասմիկը հաշիւը ամբողջովին մաքրել էր:
Արամը  քայլերը արագացրեց:  «Շուտ հասնեմ նրան բան չպատահի,  յոգնել եմ էս կեանքից՝  դժւարութիւ՜ն, դժւարութիւ՜ն,  մէկը միւսին յաջորդելով: Ապրում ես ու մէկ էլ  քսան  ես, աչք ես թերթում` երեսուն, հիմա էլ կանգնել եմ 40-ի շեմին: Ֆրանսիա չգնացի, յետոյ Անուշը, յետոյ մայրս, հիմա Արամիկի հոգսն ու Աւետ պապի չխօսելը…
Հասել էր փողոցի գլուխը: Թափուր դպրոցի պատերը երևում էին, սակայն Արամը դեռ շարունակում էր ինքն իր հետ խօսել.  «Տարիներ է,  այս մայթերում երեխայ չի վազում, երկար տարիներ: Հիմա նրանք երևի Գլենդելի մայթերում են վազում  ու հէրս՝  այստեղ  մեռնում է թափուրութեան ցաւից:
Բջջայինը դողաց: Տան համարն էր:
-Ալօ՞
-Ալօ, Ալօ՜  Արա՞մ , Արա’մ:
 –Այո: 
Նանան էր:
– Մի' երկմտիր, էս ա,  էս ա գտել եմ իրեն: Հա,  դպրոցի  առջևում է նստած, գալիս  ենք:
Արամը Հասել էր Աւետ պապին, որ այնպէս էր նայում Արամին, ինչպէս Արամիկին էր  նայել նրան տնից դուրս գալուց: Նոյն հայեացքն էր, մեղաւորի  հայեացք:
-Հա' Պապ, էստեղ ես, Բա ինչու՞  ես երեխին թողել ու եկել:
Նայում է ու չի խօսում, աչքերն են խօսում:
-Իմանում եմ, դու մեղաւոր չես, ախր  ո՞վ ա մեղաւոր: Նրանք, որ գնացին, նրանք, որ դպրոցը փակեցին: Ախր նրանք էլ մեղաւոր չեն: Ամէն մարդ իր գլխի տէրն ա, չէ՞ պապ: Դու էիր ասում «ամէն մարդ ինքն իր լաւը գիտի»:
Չի խօսում: Գլուխը թեքում է Արամից ու  աչքերը սառ արտայայտութիւն է ընդունում: 
Արամը  դպրոցի մուտքի աստիճանին է նստում: Նստում է  Աւետիս Աւագեանի կողքին:  Գրպանից ծխախոտի տուփը դուրս է հանում ու մօտենում է դպրոցի տեսչին՝ երկուսով յենւում են փակ դպրոցի դեղին դռանը:
Արամը ծխում է:   Իր  կեանքն է ծխում՝  քուլայ-քուլայ  օդը փչելով …
 
* * *
Կպչուն, մուգ, կապոյտ ջինզ է հագել ու սպիտակ շապիկ, նորմալ չափի կրնկաւոր սպիտակ կօշիկներ՝ սեւ  գծերով: Շապիկի երկու ծայրերը իրար  է կապ  տւել  այնպէս,  որ թխագոյն մորթը կապոյտ ջինզի ու սպիտակ շապիկի արանքից երևան գայ: Վարսերը կարճացրել է ու  շագանակագոյն  է ներկել, մաշկից  մի քիչ աւելի մուգ: Վիզը իր ամբողջ հմայքով ձգւած է: Իտալացի մօր պէս երկար ու գեղեցիկ պարանոց  ունի՝ Բերնինի՝ Դաֆֆնէի պէս: Ծխախոտը շրթերին է ու գրադարանն է չափում: Մերթ ընդ մերթ մի գիրք  դուրս հանում՝   էջերն է թերթում, տեղը դնում, մի ուրիշն է վերցնում:
-Աւրիլ, սուրճ կը խմե՞ս:
Ձախ ոտքի կրունկի վրայ է  բարձրանում, կիսապտոյտ կատարում  ու Արամին նայելով, պատասխանում է՝
– Oui Merci,
Արամը ժպտում է  ու խոհանոց մտնում: Բնա- կարանը նոր է գնել Rue de Revoli- ում:  120 քա-ռակուսի մետրանոց յարկաբաժին է, ծածկւած փա-յտէ յատակով, փայտագոյն կահկարասիներով  ու  մի հսկայ  ննջասենեակով՝ որում տեղադրել է իր գրադարանը:
Արամը սուրճը պատրաստելիս մտածում է,- «միշտ երազել եմ՝ Աւրիլի պէս աղջկայ հետ  լինեմ՝ սրամիտ, ինքնուրոյն, խորազգաց»:
-Սուրճը պատրաստ սեղանին է:  Կանչում է Արամը ու խոհանոցից դուրս  գալիս, գաւաթները սեղանին  դնում ու նստում իր սիրած բազմոցին: Նոյն պահին Աւրիլը  դուրս է գալիս սենեակից ու մօտենում է իրեն ձեռքում Ֆոկոյի «Խելագարութեան պատմութիւնը»:  Արամը հիացած նայում է Աւրիլին ու մտքում արտասանում,- «սիրում եմ քեզ»:
Սուրբոնում՝ Աւրիլը Արամի  համակուրսեցին էր եղել փիլիսոփայութեան դասընթացքներում: Հիմա երկուսն էլ աշխատում էին Սուրբոնում որպէս դասախօս: Արամը գերմանական իդէալիզմի ամբիոն ունէր,  իսկ Աւրիլը  ֆրանսիացի յետկառուցողական փիլիսոփաների մասին  է դասեր  կարդում:
Բնակարանը դասաւորելուն պէս, Արամը առաջինը զանգահարել էր Աւրիլին, որ գայ ու միասին իր նոր բնակարանում  գիշեր անցկացնեն: Այն օրւանից, ինչ եկել էր Թեհրանից,  շատ ընկերներ չէր գտել:  Իր շուրջն  ունէր միայն համալսարանի տղաներից բաղկացած մի փոքրիկ ընկերական խումբ, մի երկու պատահական աղջիկներ ու Աւրիլը, որ հէնց առաջին իսկ կուրսից   մտերմացել էին եւ ինչպէս Արամն էր ասում, առաջին հայեացքից հաւանել էր նրան:
-Ասում էիր  ի՞նչ  նորութիւն,  ընտանիքիցդ  լուր  չունե՞ս:
 -Ճիշտն ասած, էս վերջերը չէ: Մօրս մահից յետոյ մի քանի անգամ խօսել եմ՝ մօրաքրոջս ու հօրս հետ: Ապրում են …  ինչ արած:
Սիրտը սկսեց ցաւալ: Լաւ գիտակցում էր,  որ  ամէն ինչ թողել էր ու եկել էր այստեղ: Բայց ի՞նչ պիտի անէր:  Սուրբոնում ամբիոն ունէր, Փարիզի սրտում բնակարան, ամէն օր անցնում էր այն փողոցներով, ուր անցել էին Սարթրը, Դո Բուարը, Հէմինգւէյն ու Կամոն: Սովորել  էր այն, ինչ պիտի սովորէր ու էս հրաշք իտալացի-ֆրանսիացու խառնուրդը  կողքին էր:
-Ախր ո՞վ էր մեղաւոր: Տեսնես, ի՞նչ է անում հայրս  հիմա…
Բարձրաձայն մտածեց Արամը, ծխախոտը վառեց ու իր կեանքը  քուլայ- քուլայ օդ փչեց…
 
* * *
Նանան արագացրեց քայլերը: Քիչ ուշացել էր, հիմա Արամիկն ու Արամը տուն կը հասնէին: Իրենց համար պիտի ընթրիք պատրաստէր:
Ներս մտաւ Արամենց տան փողոցը, հէնց նոյն պահին նկատեց, որ փողոցի մէջտեղում գտնւող   բնակարանների մէկից՝  դուրս վազեց մի տղամարդ: Նանան կանգնեց, աչքերը խոժոռեց: Արամն էր, որ արագ քայլերով գնում էր:« Տեսնես, երևի Աւետ պապը նորից դու՞րս ա ելել: Խեղճ տղամարդ»:
Արդէն մի տարի էր, որ Արամի մօրաքոյրը ծա-նօթացրել էր Նանային  Արամենց հետ ու  նա էլ  համաձայնւել էր  շաբաթը մի քանի անգամ նրանց մօտ գնալ ու տան գործերը կարգի բերել՝ ճաշ-ընթրիք պատրաստել: Սկզբնական շրջանում չէր կարողանում համակերպւել նման աշխատանքի հետ: Բայց երբ, մի քանի անգամ մօրաքրոջ պնդումով գնացել էր Արամենց տունը, եզրակացրել էր, որ  սա էլ կարող է մի տեսակ  աշխատանք լինի, ի՞նչ իմանաս, մի գուցէ եւ իր ապագան: «Արամը  ինքնավստահ տղամարդ է ու յարգանքով»: Մտածեց Նանան: «Էս ժամանակներում նման մարդու քիչ ես հանդիպում: Աւետիս Պապն էլ լաւ ծերունի է, միայն խեղճի չխօ-սելը …»
Նանային պատմել էին, որ Աւետ պապը՝  Բահարի հայկական դպրոցի տեսուչն է եղել: Իսկ Արամիկը իրօք  խելօք էր, անմեղ գառնուկ: Քայլերը արագացրեց: Լաւ չէր զգում, որ ժամանակին Արամենց տանը չէր եղել: Եթէ  Աւետ պապին մի բան պատահէր, Արամը կը կործանւէր: Հերիք չէր իր կնոջ ու մօր մահը, հիմա էլ էս ծերունին: ՙԱ՜խ, կեանք ա էլի’, տեսնու՞մ ես …»
 
Աւրիլը գրքերն էր նայում: Այսօր յատուկ ջինզ էր հագել,  գիտէր, որ Արամը իրեն ջինզով շատ է հաւանում: Առաջին օրւանից  հաւանել էր՝  այս արևելքից եկած երիտասարդին: Հիացել էր Արամի ինքնավստահ եւ միեւնոյն ժամանակ յարգանքով խառնւածքը: Մի բան, որ  ֆրանսիացիների մօտ չէիր գտնի, նրանք կամ զուսպ էին, կամ յամառ: Իսկ Արամի մօտ այդ երկուսը միաձուլւել էր ճիշտ չափով:
Օրեր անընդմէջ քայլել էին Փարիզի փողոցներում, կանգ էին առել «Café flour»-ում: Խօսել ու վիճել էին: Արամը Կանտի երկրպագուներից էր ու գերմանական դասական հայեացքով էր ուզում բացատրել աշ-խարհը, իսկ նա խիստ ֆրանսիական էր վերլուծում շրջապատը այն էլ Դրիդայի, Ֆոկոյի ու Լականի ակնոցով: Բայց Արամը աւելի էր իրեն գրաւում, երբ սկսում էր խօսել գրականութիւնից: Նա կամաց-կամաց հեռանում էր իր կոշտ ու կոպիտ գերմանական իդիալիզմից ու այլ կերպ էր բացատրւում: Երէկ երեկոյեան, Արամը զանգահարել էր իրեն ու հրաւիրել որպէս առաջին անձնաւորութիւն այցելէր  իր նոր  բնակարանը  Rue de Revoli-ում:
Աւրիլը այնպիսի աղջիկ չէր, որոնք առաջին հայեացքից սիրահարւում են ու միասնական կեանքի մասին  մտածում,  նա լիբերալ էր, ազատ, առանց որևէ աւանդական մօտեցումների ու կաշկանդումների: Ապրում էր այնպէս, ինչպէս դասաւանդում էր իր դասարաններում:
Արամի գրադարանից մի գիրք հանեց, սակայն ուշադրութիւնը գրքի վրայ չէր: Մտածում էր Արամի մասին: «Էս տղէն մտահոգ ա  իր թողած…»
-Սուրճ  կը խմե՞ս: Մտքերը ընդհատեց Արա-մը: Յենւեց ձախ ոտքի կրունկի վրայ, շրջապտոյտ կատարեց:
-Oui- Merci…
***
Ընթրիքի սեղանին են նստել: Արամը կենտրոնում է: Դէմը Արամիկն է, կողքը Աւետ պապը: Պապանձւած նստել  են ու  սպասում են  Նանային,  որ  միանայ իրենց,  որ սկսեն:  Երբ Նանան գալիս է տունը կարգի բերելու, սեղանը գոյնզգոյն է դառնում ուտեստներով:
-Մերսի Նա’ն, սկսենք: Պա’պ, առաջ աղօթենք:                                                                                                            
Արամը զարմացած նայում է Արամիկին:                                                                                     
  – Էս էլ ի՞նչ նորութիւն է ա՜յ տղայ:
Արամիկը ձայնը իջեցնում է ու շշնջալով՝ պա’պ, ըհ՜ …  մեր կրօնի ուսուցչուհին ա ասել, որ Յիսուսից…
-Իզուր է արել, աղօթելով, եթէ մի բան լինէր, հիմա էս դժոխքում չէինք:
Արամիկը լռեց: Մինչև ընթրիքի վերջը նա մի բառ չխօսեց, ինչպէս չէր խօսում Աւետ պապը: Նանան սեղանը հաւաքեց: Սեղանին մնացին երեք սերնդից մի-մի ներկայացուցիչ՝ լուռ, անխօս…           
***
Դպրոցը, այսօր շուտ էին արձակել: Արամիկը ժամանակից շուտ էր տուն հասել: Աւետ պապը նստած իր մշտական բազմոցին «Ալիք» էր կարդում: Ուսապարկը մի կողմ նետեց ու ներս վազեց  հօր սենեակը: Իր մշտական գործն էր եղել, երբ Արամը տանը չէր լինում հօր գրքերով շրջապատած սենեակն էր ներխուժում: Վերջերը մի նոր գանձ էր գտել  սենեակում՝ հօր  յուշագիրքը, Կանտի գրքի կողքին  դրւած էր գրադարանի վերջի դարանում, կաշւէ հին կազմով: Վերցրեց ու սկեց կարդալ այնտեղից,  ուր կիսատ էր թողել:
«15 Օգոստոս 1982: Այսօր Սորբոնից նամակ եմ ստացել, ընդունւել եմ փիլիսոփայութեան ֆակուլտետը ԱՆՀԱՒԱՏԱԼԻ է … »
«22 Օգոստոս 1982 Մի շաբաթ ա ստացել եմ Սուրբոնի պատասխանը: Տարակուսանքի մէջ եմ: Գնամ, չգնամ: Արևմուտքում փիլիսոփայութիւն է սպասում, արևելքում ընտանիքս… Երանի մէկը ինձ յուշեր ճիշտը… »
Միանգամից  Արամիկը վախեցաւ: Յուշամատեանը իր տեղը դրեց ու դուրս վազեց սենեակից, Աւետ պապը աթոռի վրայ չէր: – Պա’պ, Աւե’տ պապ, ուր ե՞ս պա՜պ:
Չկար, Երևի դուրս էր եկել, վազեց դէպի դուռը…Բանալին  դռան կողպէքում էր պտտում՝ Արամի ներկայութեան ազդանշանը…
-Պապա՜ … Աւետ պապը, էլի  դուրս ա եկել…
***
Արամը անհանգիստ էր: Ինչու՞ բղաւեց Արամիկի վրայ: Հիմա աղօթէին ի՞նչ կը լինէր:
– Ախ,  յիմար եմ: Ինչքա՞ն եմ քեզ կարօտել, Անուշ: Ամէն ինչ  շատ արագ պատահաց, ամէն ինչ: Երբ մերժեցի Սորբոնի հրաւէրը, հէնց նոյն տարւայ աշնանն էր, որ հանդիպեցի քեզ: Պարզ, պարզ աղջիկ էիր, ոչ սրամիտ, ոչ էլ ինքնուրոյն, պարզ էիր ու բարի: Մի տարի անց ամուսնացանք, մի տարի յետոյ Արամիկը ու մի տարի յետոյ քաղցկեղը, մի տարի պայքար ու յետոյ գնացիր… կարօտել եմ քեզ` Անուշ:
Պիտի զանգահարեմ…
 
Աւրիլը մօտենում է Արամին ու շրթներկի հետք է թողնում նրա վզին, սկսում է հոտոտել իրեն: Chanel օծանելիք է օգտւել: Արամը տաքութիւն է զգում մարմնի իւրաքանչիւր բջիջներում: Քանի տարի էր սպասել այս պահին: Իր ամենաթաքուն երազներում պատկերացրել էր Աւրիլին, նրա կանացի մարմինը: Նրա մարմնի գծերը, որ սկսում էր ականջից, ծնօտի շեղ գիծը ականջի նրբութիւնը միացնում էր կիսաբաց շրթերին, յետոյ շարունակւում էր քաշւած պարանոցով, ապա  այս աներևոյթ գիծը կրծքերն էին հատում ու աւարտւում երաստանով՝  ամենանուրբ անհարթութիւնը Փարիզում: Հազար-հազար անգամ երազել էր այս ամէնը ու հիմա Աւրիլը իր գրկում էր:
Սիրտը ցաւաց:   Տարիներ էր, որ սիրտը ցաւում էր՝  ամէն ինչ լաւ էր Սորբոնում, փիլիսոփայութեան դասերը, Փարիզը, Աւրիլը, բայց սիրտը ցաւում էր…
«Պիտի զանգահարեմ…»
***
-Ալօ-Ալօ, Արա՞մ, դու՞ ես
– Հա, ես եմ: Դու էլ Արամն ե՞ս:
– Հա, ես էլ Արամն եմ:
-Երկար ժամանակ էր, որ սպասում էի զանգահարելուդ:
-Ես էլ…
-Ինչպէ՞ս ես,  ինչ կայ-չկայ, Աւետ, պապը ինչպէս ա:
– Մի տարի կայ չի խօսում: Բոլորովին չի խօսում, անգամ մի բառ:
-Չեմ հաւատում: Շատ ցաւալի ա, բայց … բայց ինչ լաւ, որ մնացել ես նրա մօտ:
-Ինչ լաւ բան կայ, լինել-չլինելս միթէ տարբերում ա,  Անուշը, Յասմիկ մամէն, հիմա էլ Աւետ պապը…
-Անուշը՞
– Հա, քեզ չէի պատմել…
-Չէ:
-Պատմելու հաւաս էլ չունեմ:
– Արա’մ, չես հաւատայ, Աւրիլը իմ բնակարանում կիսամերկ քայլում ա   ու ես չեմ կարողանում, լաւ չեմ…
-Աւրիլը՞:
-Հա, քեզ չեմ պատմել…
-Չէ:
-Պատմելու հաւաս էլ չունեմ:
«Արա՜մ», Նանէն կանչեց:
«Արա՜մ», Աւրիլը կանչեց:
Կապը անջատւած է: Հեռախօսները սուլում են:
 Սուլում են…
***
Արամը մերկ, Նանէն մերկ, Արամը մերկ, Աւրիլը մերկ: Ցաւն են գրկել՝ Անուշի քաղցկեղն են գրկել: Արամի Սորբոնն են գրկել, ծնւած ու չծնւած Արամիկին են գրկել, Աւետ պապի մենակ թողնելն են գրկել, թափուր հայկական դպրոցն են գրկել…
***
Աւետ պապը փողկապը շտկեց, կօշիկների փայլը ստուգեց ու դուրս եկաւ: Ուզում էր երեխաներից առաջ, դպրոցում լինէր: Նորից աշնան սկիզբն էր ու մի նոր ուսումնական տարի: Իր ուղերձը երէկ գիշեր պատրաստել էր: Մի անգամ էլ կարդացել էր Յասմիկի համար: Ինքը գոհ էր: Պիտի երեխաներին բարի գալստեան խօսքեր ուղղէր, ողջունէր բոլորին ու ասէր, թէ դպրոցը իրենց երկրորդ տունը կը լինի: Պիտի քաջալերէր նրանց, որ  աշխատեն, պիտի առաջադիմեն ու պարծանք դառնան իրենց ծնողների ու ազգի համար:
Աւետիս Աւագեանը կանգնեց ամբիոնի առջև: Վերջին անգամւայ  համար շտկեց փողկապը:
 -Բարի լոյս:
Ամբողջ դպրոցը միաձայն բացականչեց:
 – Բա՜րի լոյ՜ս:
Տղաներն ու աղջիկները զուգւած, մաքուր ու կոկիկ տնօրէնի  դիմաց կանգնած էին…
Այսօ՜ր  ուսումնական տարւայ …  ձայնը բարձրա-խօսում  կրկնապատկւեց ու լսեց իր նախադասութիւնը՝
Այսօր ուսումնա՜կան տարւայ …
Կանգ առաւ, որ իր յաջորդ նախադասութիւնը առաջինի հետ չխառնւի, կանգ առաւ ու խորացաւ աղջիկների ու տղաների աչքերում …
Նրանց աչքերում  կայծեր շողացին… անցողական փխրուն մի երջանկութիւն…
-Այսօր կրկին միասին ենք…
Ձայնը կրկնապատկւեց:
Այսօ՜ր կրկի՜ն մի՜ասի՜ն ենք…
Նորից սպասեց: Դիմացը նայեց: Դպրոցում  աշակերտ  չկար: Շարքերը չքացել էին: Ոչ ոք չկար:
Միայն Աւետիս Աւագեանն էր ամբիոնում կանգնած ու մի թափուր հայկական դպրոց:
 
Յուլիս, 2011- Սեպտեմբեր, 2012
Թեհրան
 
 
«Յոյս» թիւ 139
26 Յունւար 2013
 

    Tags: , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *