Իրավիճակը Սիրիայում եւ Մերձաւոր Արեւելքի հայերը

 
Ռ.Ս.
 
Աւերւած շէնքեր Սիրիայի Հոմս քաղաքի «Ալ Խալիդիա»
թաղամասում (7 հոկտեմբեր 2012)
 
Ինչպէս վկայում են այս էջերում տպագրւած լուսանըկարները, իրավիճակը Սիրիայում օր-օրի աւելի  է մօտենում կատարեալ աղէտի: Սիրիան կարելի է համաշխարհային տագնապի կիզակէտը համարել: Սիրիայի հակամարտութեան ճակատագիրը հետաքրքրում է տարածաշրջանի բոլոր երկրներին եւ դրա վերջը ազդեցութիւն կունենայ մի կողմից Թուրքիայի, Սաուդական Արաբիայի, Էմիրութիւնների եւ Պարսից ծոցի միւս երկըրների վրայ, որոնք ներդրումներ են կատարում Բաշար Ասադի վարչակարգը տապալելու համար, իսկ միւս կողմից Իրանի վրայ, որը Սիրիայի տագնապը համարում է հիմնականում արտաքին միջամտութիւնների արդիւնք եւ տարածաշրջանում հակասիոնիստական ճակատը թուլացնելու նպատակով կազմակերպւած դաւադրութիւն: Շահագրգռւած են նաեւ Նատոն, Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը. այս մասին արդէն գիշեր-ցերեկ խօսում են լրատւամիջոցները:
Այսքանը երկրների եւ պետութիւնների մասին: Սակայն աւելի կարեւորը Սիրիայի ժողովուրդն է, որ տառապում է ամենաանմարդկային պայմաններում: Քաղաքները բառիս բուն իմաստով աւերւում են եւ հարիւր հազարաւոր մարդիկ, կին ու երեխայ ապաստան են փնտրում հարեւան երկրներում: Նրանք ձմեռւայ անտանելի ցուրտ եղանակին, լքած իրենց տուն ու տեղը, յուսահատօրէն սպասում են իրենց անորոշ ճակատագրին:
Իսկ Սիրիայում ապրող քրիստոնեաների, այդ թւում նաեւ հայերի համար, իրավիճակը կրկին անգամ առաջ է քաշում մի շարք հիմնական հարցեր: Մուսուլման երկըրներում ապրող հայութեան վերաբերող մի շարք հարցեր, որոնք առաջանում են ամէն անգամ, երբ մի մուսուլման երկրում սկսւում է ժողովրդական շարժում, պատահում է իշխանութեան փոփոխութիւն: Առաջին հարցը վերաբերում է հաւանական նոր իշխանաւորների հայերի եւ քրիստոնեաների նկատմամբ ունեցած տրամադրութեանը: Նրանք ինչպէս են վերաբերւելու հայերի հետ: Սիրիայի դէպքում հարցը լրջանում է նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայերը դրական են կողմնորոշւած եղել Ասադի ռեժիմի նկատմամբ: Նոյնիսկ ներկայի հակաասադ շարժման սկզբնական փուլերում նրանք ցոյցեր կազմակերպեցին յօգուտ Ասադի: Բայց այսօր, երբ օրըստօրէ աւելի է պարզւում, որ ներկայ վարչակարգը չի կարող գոյատեւել, աւելի շատ հնչում է չեզոքութիւն բառը: Իսկ «չեզոքութիւն» կոչւածը ոչ միայն պատասխան չէ, այլ ինքը մէջտեղ է քաշում մի շարք աւելի հիմնական հարցեր:
Նախ. ինչ է նշանակում երկար տարիներ ապրել մի երկրում եւ ապա, երբ այդ երկիրը տագնապի է մատնըւում, մի կողմ քաշւել եւ չեզոքութիւն յայտարարել: Սա լուրջ բարոյական հարց է:
Կայ նաեւ պատկանելութեան հարցը: Կան մարդիկ, որ առաջարկում են թող սիրիահայերը գնան Հայաստան եւ Արցախ եւ այնտեց օգնեն իրենց հայրենիքի բարգաւաճմանը: Բայց դա հազւադէպ է պատահում: Այսպիսի առաջարկ ենթադրում է, որ Սիրիայի հայ քաղաքացիները բոլորը ազգային ակտիւիստներ են, ինչ չի կարող համապատասխանել իրականութեանը:
Ի վերջոյ, կայ այն բաւականին հիմնաւորւած կարծիքը, ըստ որի, հայերը Մերձաւոր Արեւելքի երկրներում ապագայ չունեն. թող իրենց գլխի ճարն անեն` գաղթեն Հայաստան կամ քրիստոնեայ արեւմուտք, քանի որ հակառակ դէպքում, ժամանակ առ ժամանակ, պիտի մատ-նւեն այնպիսի անապոհով վիճակի, որին այսօր մատնւել են սիրիահայերը: Իրաքում պատահել է նոյնը: Իրաքի իշխանափոխութիւնից յետոյ երկրից գաղթել են տաս հազարից աւելի հայեր: Արդեօք զարգացումները տանում են դէպի քրիստոնեաներից պարպւած Միջին Արեւելքի:
Սիրիայի դէպքում հայերին մտահոգում է նաեւ այսպէս կոչւած, թրքական գործօնը: Թուրքիայի ակտիւ դերակատարութիւնը Սիրիայի վարչակարգը տապալելու ուղղութեամբ, այս մտավախութեան է առիթ տալիս, որ եթէ Թուրքիան ազդեցութիւն ունենայ Սիրիայի ապագայի իշխանութեան վրայ, դա բացասական կարող է ազդել հայերի վիճակի եւ յատկապէս հայկական որոշ քաղաքական ուժերի աշխատանքի վրայ:
Խօսում ենք Միջին Արեւելքի մուսուլման երկրներում հայերի դրութեան մասին եւ եզրակացնում, որ հայերը պիտի լքեն այդ երկրները: Սակայն չպիտի մոռանալ, որ աւելի մեծ մասշտաբով ողջ Հայաստանն է գտնւում մի տարածաշրջանում, ուր գերակշռում են մուսուլմանները: Հայաստանը շրջապատւած է մուսուլման մեծ երկրներով: Հայաստանի հարեւան երկրներից միայն Վրաստանն է քրիստոնեայ: Ինչ է, պիտի առաջարկել, որ Հայսատա՞նն էլ դատարկել: Չի թւում, որ այսպիսի նահանջողական ռազմավարութիւն կարողնայ գործնական լուծումներ առաջարկել սիրիական իրավիճակի համար:
Յառաջիկայ էջերում ներկայացնում ենք ինտերնետային աղբիւրներից քաղւած մի քանի նիւթեր, որոնք յոյս ունենք մեր ընթերցողին կօգնեն աւելի յստակ պատկերացում կազմել Սիրիայում տիրող իրավիճակի մասին:
 
«Յոյս» թիւ 138
12 Յունւար 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *