Արբի Յովհաննիսեանի «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի կեանքիս մէջ… » ֆիլմի ցուցադրութիւնը Թեհրանում

 
 
Շաբաթ Դեկտեմբերի 22-ին «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի կեանքիս մէջ… » ֆիլմը  ցուցադրւեց Թեհրանի Արտակ Մանուկեան թանգարանում: Ցուցադրութեանը ներկայ էին ԹՀԹ առաջնորդ արքեպիսկոպոս Տէր Սեպուհ Սարգսեանը, խորհրդարանի պատգամաւոր Ռոբերտ Բէգլարեանը եւ Իրանի կինոյի եւ թատրոնի արւեստագէտներ եւ ֆիլմի հեղինակ` Արբի Յովհաննիսեանը:
Ցուցադրութեան համար պատրաստւած յատուկ բրոշուրում կարդում ենք, թէ ֆիլմը «Շարադրւած է մի շարք պատահական դիպւածների համադրումով: Արշիլ Գորկին, Վազգէն Շուշանեանն ու Լեւոն Շանթը, իրենց երկերով եւ անհատական կեանքով բնորոշում են սփիւռքի մէջ արտայայտւած, հայ հոգու ստեղծագործական որոշակի  մի քանի երեւոյթներ: Նրանց երկերը, զանազան պատառիկներով մեզ են հաղորդում  քսաներորդ դարի առաջին յիսնամեակին ապրող հայ մարդու ներաշխարհը: Այդ ակունքներից է, որ հիւսւած է այս խորհրդախաղը ու մենք, մի խումբ ընկերներ  Իրանից մինչ հեռու Արեւմուտք տարածւող սփիւռքահայեր, աշխատել ենք վերագտնել այդ պատառիկները, ուր դեռ ապրում են վառ կենսական հարցերն ու երեւոյթները:
Այս ներկայացման արտայայտչական ու լեզւագըրական, երաժշտական եւ կատարողական կազմի համար պահպանւած են մասնակցողների հնարաւորութիւններից բխած երեւոյթներ, այն մտահոգութեամբ, որ նրանցից ստացւած համադրումը, ինքնին խօսուն երեւոյթն է մեր այսօրւայ իրական որոշ պայմանների: Արեւելեան ու Արեւմտեան հոսանքներից անցած հայ միտքն ու հոգին, այսօր իր լինելութեան ու շարունակական կեանքի մէջ, մեր համոզումով կարող է ներկայացնել սոյն համադրումը, ու փոխադարձ աշխատանքի բերումով, հնարաւոր է դարձել դրսեւորել  կենսունակութիւնը, որ աւանդւած է մեզ:
Կարճ` գիտենք, որ ամէն ծառ, եթէ ուզի կենսունակ վեր բարձրանալ, պիտի սնւի մութ հողի մէջ արձակած իր թաքուն արմատներից, բայց միեւնոյն պահին, բնական մղումով դրդւած իր ճիւղերը մեկնում է ամէն կողմ… »
Դերերում երեւան են եկել Ժիրայր Չոլակեանը (Ոստանիկ), Էդմոնդ Յաբէթեանը (ժամկոչ), Ալինք Մնացականեանը (ա. ձայն), Վերժին Փաթին (իշխանուհի), Արամ Քերովբեանը (վանահայր) եւ Հիլդա Նիքոլը (բ. ձայն): Երաշժտութեան համադրումը կատարել է Արամ Քե- րովբեանը: Ֆիլմը նկարահանել է Հուշանգ Բահարլուն: «Թէ ինչպէս մօրս ասեղնագործ գոգնոցը կը սփռւի  կեանքիս մէջ… »-ը չորեքշաբթի յունւարի 2-ին ցուցադրւել է նաեւ Թեհրանի կինոյի թանգարանում:
 
«Յոյս» թիւ 138
12 Յունւար 2013
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *