Հարցազրոյց Էլպիս Ֆերահեան մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ

 
 
Երբ թեհրանահայերի հետ խoսէք, կիմանաք, որ թէ իրենք  եւ թէ իրենց երեխաները, հագել են Քուշէշ մանկապարտէզի կարմիր, կապոյտ, դեղին եւ այլ խմբակների գունաւար համազգեստները: Այդ գոյնզգոյն խմբակներն ու գոգնոցները իրանահայերի յիշողութեան անբաժանելի մասն են կազմում: Քուշէշ մանկախարտէզը գտնւում է Թեհրանի «7 Թիր» հրապարակը «Բահար» Պողոտային միացնող փողովներից մէկում եւ այժմ իր հիմնադիր` Էլպիս Ֆերահեան (Քովանեանի) անունով կոչւում է «Էլպիս Ֆերահեան մանկապարտէզ»: Այս տարի մանկապարտէզը տօնում է իր հիմնադրման 70-ամեակը: Առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել մանկապարտէզի տեսչուհի` Այրինա Նորաւեանի հետ:
 
Քանի որ այս հարցազրոյցի առիթը ձեր մանկապարտէզի 70-ամեակն է, թոյլ տւէք սկսենք հէնց դրա պատմութիւնից: Խնդրում եմ պատմէք մանկապարտէզի հիմնադրման մասին:
Դեռեւս Ռեզա Շահի օրօք 1935 թւին հայկական դպրոցները փակւելուց աժաջ  էլ Քուշէշ Դաւթեան դպրոցին կից եղել է հայկական մանկապարտէզ, որը միւս դպրոցների հետ միասին փակւել է: 1942 թւին, երբ վերաբացւել են հայկական դպրոցները, Քուշէշ դպրոցի հոգաբարձութիւնը որոշել է առանձին մանկապարտէզ հիմնել եւ հրաւիրել է տիկ. Էլպիս Ֆերահեանին, որը որպէս մանկավարժ աշխատում էր այլ հաստատւթիւնում,  տեսչուհու հանգամանքով հիմնել մանկապարտէզը: Հէնց այս թիւն էլ համարւում է մեր մանկապարտեզի հիմնադրման թիւը: Տիկին Ֆերահեանը սիրով ընդունում է եւ դեռ 1941-ից սկսում են ուսցչուհիների նախապատրաստման աշխատանքները: 
Սկզբում մանկապարտէզը հովանաւորել է Թեհրանի Երիտասարդաց միութիւնը, նաեւ Աղանեան եղբայրները (Մինաս եւ Աղանուր) եւ տիկին Էլպիսի ամուսինը: Ինչպէս ինքը տիկին Ֆերահեանը իր յուշերում գրում է, այդ երեք անձնաւորութիւններից 3000 թուման պարտք վերցնելով սկսել է գործը: Բայց  վերջում, մանկապարտէզը յանձնւում է դպրոցի հոգաբարձութեան:
1964-ից մանկապարտէզը հաստատւել է ներկայիս շէնքում, իսկ նախքան այդ եղել է տարբեր վայրերում. նախ Քուշէշ դպրոցին կից, յետոյ Հաֆեզ պաղոտայի Սամ փողոցում, յետոյ Ղաւամսալթանէում, ապա Նադերիի Գոհարշադ փողոցում՝ Սեփեհր դպրոցին կից, յետոյ Վիլայի Շիրին փողոցում, եւ ի վերջոյ այստեղ:
 
Ասացիք մօտաւորապէս 50 տարի է, որ մանկապարտէզը հաստատւել է այս շէնքում, իսկ քա՞նի տարի է, որ դուք էք մանկապարտէզի տեսչուհին:
Մօտ 17 տարի է: Նախ մի երկու տարի որպէս փոխտեսչուհի եւ յետոյ որպէս տեսչուհի:
 
Ո՞վ է նշանակում տեսչուհուն:
Որոշումը տալիս է կրթական խորհուրդը, թեմական խորհրդի հաստատումով: Ի հարկէ, կան պայմաններ, որ տեսչուհին պիտի լրացնի: Նա պիտի որպէս մանկապարտեզի ուսուցչուհի եւ տեսուչ մանկավարժական փորձ ունենայ: Դրանից բացի, պիտի համալսարանի մակարդակի կրթութիւն ունենայ:
 
Երեւի մանկավարժութեան կապւող ճիւղերում:
Գերադասելի է այդպէս լինի, բայց ոչ անպայման: Եթէ թեկնածուն համալսարանական կրթութիւն եւ միաժամանակ երեք տարի կամ աւել կրթական աշխատանքի փորձառութիւն ունի, դա բաւական է համարւում:
Իսկ դպրոցների պէս կրթադաստիարակչական նախարարութեան կողմից նշանակւած տեսուչ չունէք:
Ոչ, որովհետեւ մենք ուղղակի բարեկեցութեան կազմակերպութեան (բեհզիսթի) վերահսկողութեան տակ ենք աշխատում եւ այդ կազմակերպութիւնից ենք ստանում տնօրէնութեան արտօնութիւն:
 
 
Իսկ ձեր ծրագրերը ո՞վ է մշակում: Դասագրքերը՞, դասերի բովանդակութիւնը՞:
Պետական առումով կայ մանկամսուրների եւ մանկապարտէզների մի տեսակ, որը կոչում է ինքնաբաւ (խոդքաֆա). օրինակ մի հաստատութիւն իր աշխատակիցների երեխաներին պահելու համար մի մանկամսուր է հիմնում, որը ինքն էլ կառավարում է եւ ինքն էլ ծախսերը հոգում: Մենք էլ այսպիսի հաստատութիւն ենք համարւում: Սրանք իրենք են իրենց ծրագրերը մշակում: Մենք էլ այդ տեսակին ենք պատկանում: Տարիների ընթացքում, հիմնւելով տիկին Էլպիսի կազմած ծրագրերի վրայ եւ անընդհատ վերանայելով դրանք, մենք այժմ ունենք մեր երեխաների համար կազմած ծրագիր: Դա, իհարկէ, շատ տարբեր չէ այլ մանկապարտէզների ծրագրից, բայց կարող եմ ասել աւելի զարգացած է, քանի որ մենք աւելի երկար անցեալ ումենք եւ տիկին Էլպիսի ժամանակւանից մեր աշխատանքների հիմքը շատ ամուր է դրւած:
 
Բոլոր ծրագրերը հայերէնով ե՞ն:
Այո: Իհարկէ նախակրթարանի երկրորդ ամսւայ վերջից սկսած երոկու պահ պարսկերէնի դասաւանդում ունեն: Ուսուցւում են կարեւոր հասկացութիւնները պարսկերէնով, նաեւ հարց ու պատասխան եւ ոտանաւորներ: Այս պահերին երեխաների հետ խօսում ենք պարսկերէն:
 
Տիկին Էլպիսը ինքը մինչեւ երբ է աշխատել մանկապարտէզում:
Նա շուրջ երեսունհինգ տարի աշխատել է որպէս մանկապարտեզի տեսչուհի: Ի հարկէ մանկապարտէզն ունեցել է հոգաբարձութիւն եւ նա  այդ կազմի հետ համադրելով է աշխատել:
 
Խնդրում եմ մի քանի բառ էլ ձեր աշխատանքի մասին ասէք, որը անկասկած շատ հաճելի աշխատանք պիտի լինի,  ինչպէս նաեւ ձեր դժւարութիւնների մասին:
Մենք Աստծուց շատ շնորհակալ ենք, որ աշխատում ենք այսպիսի մի հաստատութիւնում, ուր ներս մտնելիս ուղղակի քեզ գտնում ես երեխաների ուրախ մթնոլորտում եւ մօռանում ամէմ մտահոգութիւն: Նոյնիսկ եթէ առաւօտեան արթնացել ես անտրամադիր, անմիջապէս մօռանում ես: Երեխաները շատ քաղցր եւ հաճելի են եւ մենք ուրիշ կեանք ենք ապրում այս միջավայրում: Փոքրիկների հետ աշախտելը ուրիշ բան է եւ մենք վայելում ենք այս առիթը: Ի հարկէ երեխաների հետ աշխատելը հեշտ չէ, նրանց հսկողութիւնը հեշտ չէ, եւ սա շատ պատասխանատու աշխատանք է: Նաեւ այս օրերին պակասում է ծնողների եւ երեխաների թիւը արտագաղթի պատճառով եւ սա դժւարութիւններ է առաջացնում: Օրինակ նւազում է եկամուտները եւ առանց Թեմական խորհրդի սուբսիդների մենք չենք կարող պահել մեր մանկապարտէզը ներկայիս որակով:  Ես մտածում եմ, որ մեր մանկապարտէզի 70 տարիների գոյատեւման համար պէտք է շնորհաւորել բոլորիս, մեր համայնքին իր ամբողջութեամբ: Եթէ չլինէր ժողովրդի օգնութիւնները եւ ազգային առաջնորդարանի սուբսիդաւորումը, հնարաւոր չէր լինի աշխատանքը շարունակել…
 
Բայց ծնողները գանգատաւոր են, որ շատ բարձր են թոշակները, յատկապէս այս տարի բաւականին բարձրացել են …
 
 
Այո, թանկացել է, բայց նաեւ պիտի նկատի առնել այն հանգամանքը, որ իւրաքանչիւր երեխայի ծախսը մանկապարտէզի համար մէկ միլիոն հարիւր հազար թուման եւ դեռ աւելի է … սա մեզ համար դժւար դրութիւն է: Մենք ազգային հաստատութիւն ենք եւ միւս իրանցիների առջեւ միշտ հպարտանում ենք, որ մեր երեխաների 95 տոկոսը կամ նոյնիսկ աւելին մանկապարտէզ են յաճախում: Սա էլ ասեմ, որ նոյնիսկ այն երեխաների դէպքում, որոնց ծնողները իրօք չեն կարողանում թոշակները վճարել, մենք երբէք չենք թողնում, որ երեխան դուրսը մնայ: Կան նւիրատու մարդիկ, որոնք սաներ են ընդունում եւ վճարում ծախսերը, առանց իմանալու, թէ դրանք ովքեր են: Նաեւ ծնողական խորհուրդը հասութաբեր ձեռնարկներ ունի եւ բոլորս միասին աշխատում եմք մի կերպ այս բացը լրացնել: Բայց այս բոլորով հանդերձ, երբ իւրաքանչիւր երեխայի համար պէտք է երեք-չորս հարիւր հազար թուման նպաստ, հարիւր աշակերտի համար դա մեծ գումար է դառնում եւ ինչպէս կարելի է նման ձեռնարկներով այդ բացը փակել …
 
Քանի աշակերտ ունէք:
Այս տարեշրջանին մենք ունենք 93 աշակերտ: Մեր մանկապարտէզն են յաճախում տարբեր քաղաքամասերից` Վանաքից, ՀաՖեզից, եւ Բահարից, որտեղ գտնւում է մեր մանկապարտէզը: Բահարում հայ երիտասարդ զոյգերի թիւը պակասել է: Ժամանակին նոյն այս շէնքում 430-ից աւելի աշակերտ ենք ունեցել. դա էլ միայն մանկապարտէզում: Հիմա մեր թաղամասում աւելի քիչ ապրող հայեր կան: Դա նաեւ արտագաղթի հետեւանքն է: Մեր շէնքը յատուկ նախագծել է մանկապարտէզի համար: Բոլոր Դասարանները արեւմկողմ են, ունի իր սրահը: Վարդան Հովհաննիսեանն է եղել շէնքի ճատրարագէտը, որը իր աշխատանքը նւիրել է մանկապարտէզին:
 
Դժւարութիւնների մասին շատ բան չասացիք:
Մեր դժւարութիւնները հիմնականում համայնքի դժւարութիւններն են: Ուրախ ենք, որ մեր ծնողները ընբռնում են մեզ եւ ամէն կերպ օգնում: Մանկապարտէզի աշխատաակզմը բոլորն էլ ապահովագրւած են ու այդ առումով էլ դժւարութիւն չունենք, թէեւ դա ինքը մեծ ծախս է ազգային առաջնորդարանի համար:
 
Ի՞նչ յարաբերութեան մէջ էք միւս մանկապարտէզների հետ:
Ֆերահեան, Սասուն եւ Ահարոնեան մանկապարտէզների տեսչուհիները իրար հետ կապի մէջ են եւ փորձում են բարեփոխութիւնները գործադրել միասին եւ գործերը միմեանց հետ համադրել:
 
Շնորհակալութիւն ենք  յայտմում ձեզ եւ յաջողութիւն մաղթում կրթական աշխատանքներում:
 
 
«Յոյս» թիւ 137
19 Դեկտեմբեր 2012
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *