Նոր տարի է, դափին տւէք

 
Ծատուրօղլու ասած
 
 
Նոր, նոր ու նոր, շնորհաւոր,
Դուբարա նոր տարին էկաւ,
Գըռ, գըռ ու գըռ, գռգռալով
Ձմեռ պապու գառին էկաւ:
 
Հին, հինը հին, գնաց հինը,
Դոլարի ու օսկու գինը
Ջան, ջանը ջան, ջանս դողաց,
Բազար գնաց տանտիկինը:
 
Էրեխեքը,ծառ, ծառը ծառ,
Կանաչ տօնածառ են ուզում,
զիզի-փիզի, վրեն շարած
Զընգըլ-պընգըլ, զառ են ուզում:
 
Ջուջուլ- մուջուլ ջահէլները
Բրենդ շոր ու շապիկ կուզեն,
Վերջին մոդել «այփադ» ու «լաբ»
Հարուստ կաղանդ պապիկ կուզեն:
 
Հաֆ, հաֆը հաֆ, դասպիճ ու հաւ,
Ջրօխնէքի սեղան բացէք,
Փիֆ, փաֆը փաֆ, քուքու փլաւ,
Կոկորդներդ գինով թացէք:
 
Դէ, Նոր տարին եկաւ բարով,
Դափ, դափը դափ, դափին տւէք,
Տօնածառի շուրջը պարով
Ծափ, ծափը ծափ, ծափին տւէք:
 
Տուր, տուրը տուր, ըստուր-ընդուր
Նւէրները չափին տւէք,
Մէ գունդ փող էլ թելեֆոնով
Կանչած Ձմեռ Պապին տւէք:
 
Քու օրն եկաւ, ուստա Ծատու՜ր,
Ձմեռ պապու շորերդ հագիր,
Թռի-վռի կտուր, կտուր,
Ամէն հայի դուռը թակիր:
 
Պստիկների թշիկները
Մաչ, մաչը մաչ, մաչիկ արա,
Տատիկներին, պապիկներին
Ճըլըփ-ճըլըփփ պաչիկ արա:
 
Մնացածին, ծին, ծինը ծին,
Չմօտենաս կարմիր գծին,
Թէ չէ, յանկարծ մէկ էլ տեսար,
Տանտիրոջից կերար քացին:
 
Էրեխեքին՝ ծնողների
Դզած-մզած նւէրները,
Մաղթիր բոլոր ղոնաղներին՝
Բերանդ եկած լաւ բաները,
 
Ով քիչ ունի՝ փողշատութիւն:
Ով շատ ունի՝ ձեռբացութիւն,
 
Տուն մնացած օրիորդներին՝
Կեսուր, կեսրար միլիոնատէր:
 
Պարապ-սարապ պարոններին՝
Իւղոտ-մուղոտ զոնքաչ, աներ:
 
Զոյգերին՝ անբաժանութիւն,
Ապրանքներին էժանութիւն,
 
Չաղլիկներին՝  քչկերութիւն,
Լղարներին, քիչ գէրութիւն:
 
Ջոջ-մոջերին ուժ ու եռանդ,
Սևին սապոն, խևին խրատ:
 
 
Հայ, հայերին՝ սէր, միութիւն,
Վայ, վայերին՝ջանսաղութիւն:
 
Ծատուրօղլին լցրեց թասը,
Ողջ աշխարհին խաղաղութիւն,
 
 
«Յոյս» թիւ 137
19 Դեկտեմբեր 2012
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *