Ինչ դասեր կարող ենք քաղել ՊԺ-ի ընտրութիւններից

 
Ռուբիկ Սարդարեան
 
 
Աւարտւեցին Թեհրանի Հայոց թեմի 15-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները: Ժողովրդի մասնակցութիւնը համեմատաբար վատ չէր և դա շնորհիւ երկու հայկական թաղամասերի՝ Նարմաքի և Մաջիդիէի բնակչութեան  ակտիւ մասնակցութեան: Նարմաքում մասնակցեց 1918, իսկ Մաջիդիէում աւելի քան 2000 մարդ: 
 Ստորև ներկայացնում ենք ընտրութիւնների ընթացքում աչքի ընկած որոշ բնութագրական   երևոյթներ, որոնցից կարելի է դասեր քաղել ապագայում:
1.Ընտրութիւններն աստիճանաբար բևեռանում են, այսինքն՝ քւէարկողների աւելի քան 80 տոկոսը մէկ ցուցակում առաջադրւած թեկնածուներին էր  ձայն տալիս, ժողովրդի միայն 10 տոկոսն ընտրում էր իր թեկնածուին ընդհանուր ցուցակից, միւս 10 տոկոսն ընդհանրապէս գաղափար չունէր, թէ ինչ ընտրութիւններ են տեղի ունենում ու չգիտէր թէ ու՞մ պէտք է ձայն տար, և իր ձայնը պատահականօրէն ճշտում էին  ընտրութեան պահին նրան շրջապատող մարդիկ:
2.Ընտրողների մեծ մասը բոլորովին ծանօթ չէր թեկնածուների ծրագրերին: Սա վտանգաւոր երևոյթ է բոլորի համար: Այսինքն՝ մարդիկ ձայն են տալիս ո›չ թէ ծրագրերի, այլ անհատների: Սա ցոյց է տալիս, որ ժողովուրդը գիտակցութեան ցածր մակարդակի վրայ է գտնւում և միութիւնները կամ ազգային հաստատութիւններն ու դպրոցները շատ անելիքներ ունեն այդ կապակցութեամբ: 
3.Ընտրութիւնների ընթացքում աշխուժացումը և հետագայ լռութիւնը ունենում է իր բացասական ազդեցութիւնը երկու կողմերի վրայ: Կողմերը պէտք է երկարատև ծրագրեր մշակեն ընտրութիւններին նախապատրաստւելու համար՝ ժողովրդի հասարակական ու քաղաքական գիտակցութեան մակարդակը բարձրացնելով:
4.Կողմերի միջև երկխօսութիւնը բացակայում էր: Պէտք է սովորենք երկխօսել իրար հետ, ժողովրդի ներկայութեամբ և առանձին: Թեկնածուների մեծ մասը չունէր բաւարար տեղեկութիւններ Պատգամաւորական ժողովի անցեալի ու ներկայի մասին, նրանք չունէին նաև որևէ երկարատև ծրագրեր, իսկ հարցերը դիտարկում էին շատ մակերեսօրէն:
5.Հարցերի մեծ մասը դիտարկւում էր մասնակիօրէն ու միայն ազգային հողի վրայ, չկար համընդհանուր մօտեցումներ ու վերլուծութիւններ: Մեր ազգային ու հասարակական բոլոր հարցերը շաղկապւած են երկրի ու աշխարհի հետ և հնարաւոր չէ մեր հայկական հարցերը դիտարկել առանձնացած:
6.ՀՅԴ-ն աստիճանաբար համարձակութիւն է ձեռք բերում ասելու, թէ իրենք են մի կողմը և իրենք են որոշում իրենց թեկնածուների դիրքորոշումները: Սա դրական երևոյթ է, գոնէ համայնքը կը ծանօթանայ կուսակցութեան ծրագրերի ու մօտեցումների հետ և կուսակցութիւնն ուզի թէ չուզի՝ պատասխանատու է բոլոր հարցերի համար: Այդպիսով մեր ժողովրդի պահանջատիրական մակարդակն էլ կը բարձրանայ:
7.Կրկին անգամ կուսակցութիւնը և «Ալիք» օրաթերթը փոքրիկ միութիւններին չարաշահեցին ու այդ միութիւնների անուններն ընդգրկեցին իրենց հովանաւորողների ցուցակում: Այս քայլով կուսակցութիւնը նսեմացնում է այդ միութիւններին, իսկ դրանց մեծ մասը համարձակութիւն չունեն բողոքելու այդ քայլի դէմ: Պարզաբանելու համար նշենք, թէ ինչպէս են նրանք խաբում այդ փոքր միութիւններին: «Ալիք» օրաթերթից զանգահարում են այդ  միութիւնների նախագահներին ու ասում. «Բոլոր միութիւնները հովանաւորում են բոլոր թեկնածուներին, եթէ դուք էլ էք հովանաւորում, ապա Ձեր անունն էլ գրանցենք հովանաւորողների ցանկում»:
 Այս մօտեցումը պէտք է որակել միայն խաբէութիւն, քանի որ, նախ՝ ինչու «Ալիք»-ը չի ասում, որ գոյութիւն ունի երկու կողմ կամ երկու ցուցակ, երկրորդ՝ ինչու չի ասում, որ իր նշածը կուսակցութեան ցուցակն է: Սա պատճառ է դառնում, որ այդ միութիւններում հետագայում տարաձայնութիւններ առաջանան: Օրինակ՝ Իրանահայ  բժիշկների միութեան նախագահը բոլորովին չի անդրադարձել, որ գոյութիւն ունի երկու ցուցակ և վստահ է եղել, որ «բոլոր թեկնածուներ» ասելով հասկացւում է թեկնածու՝ անկախ որևէ ցուցակից:
8. Գրողների միութեանն էլ խորհուրդ կը տայինք, որ հեռու մնան քաղաքական այս հարցից ու իրենց հովանաւորութեամբ էլ աւելի չթուլացնեն առանց այդ էլ թուլացած ու պառակտւած միութիւնը: Մեծ դժբախտութիւն կը լինի, եթէ մեր բոլոր գրողները կուսակցական լինեն: Մեր իրանահայ գրողները՝ որպէս մտաւորականներ ու ժողովրդի առաջնորդներ ինչու են անտարբեր ու ձայն չեն բարձրացնում: Սիրելի գրողներ, այստեղ անտարբերութիւնը յանցագործութիւն է:
9.Կողմերը, յատկապէս ոչ կուսակցական կողմը, աստիճանաբար զգում է ժողովրդի ուժի և համակրանքի կարևորութիւնը: Այս ուղղութեամբ պէտք է երկարատև ծրագրով աշխատանք տանել և յիշել, որ միայն ընտրութիւններից  առաջ վերջին մի քանի ամսւայ աշխատանքները անբաւարար են: Նրանք պէտք է արդէն զգացած լինեն կառոյց ունենալու անհրաժեշտութիւնը, որի համար պէտք է ձեռնարկեն գործնական քայլեր:
10.Կենտրոնում ոչ կուսակցականների աշխուժացումը դրական պէտք է համարել, սակայն նրանց միասնաբար հանդէս չգալը բացասական երևոյթ է: Կենտրոնի թեկնածուները պէտք է իրենց թաղի ժողովրդի հետ մօտ յարաբերութիւններ ստեղծեն ու զբաղւեն հասարակական աշխատանքներով: Յոյս ունենք, որ յաջորդ շրջանում աւելի պատրաստւած ձևով հանդէս կը գան:
11.Կուսակցութիւնը վստահ գիտէր, որ առանց որևէ աշխատանքի իր առաջադրած թեկնածուները Ջոմհուրի, Հեշմաթիէ թաղամասերում և կենտրո-նում կընտրւեն, այդ իսկ պատճառով իր կազ-մակերպած ուժերը պահել էր ընտրութեան օրը ճաշից յետոյ Նարմաքում կամ Մաջիդիէում օգտագործելու: Նկատելով, որ այդ երկու տեղերում մրցակցութիւնը շատ ուժեղ է և Նարմաքի երկու ընտրատարածքներում «Րաֆֆի» համալիրի թեկ-նածուներից աւելի քան 50 տոկոսն ընտրւել է, կենտրոնից, Հեշմաթիէից ու Ջոմհուրիից իր ուժերը տեղափոխեց Նարմաքի երրորդ ընտրատարածք՝ Թունեան դպրոց, որպէսզի այդ թաղում «Րաֆֆի» համալիրի թեկնածուների 50 տոկոսով ընտրւելու հաւանականութիւնը խափանի: Սա անբարոյական քայլ է և օրէնքի խախտում  Դաշնակցութեան կողմից, սակայն նրանք մեծամասնութեան հասնելու համար ամէն քայլի դիմում են:
 Սա պէտք է դաս լինի բոլոր թեկնածուների և ընտրութիւններին մասնակից կողմերի համար: Թաղից-թաղ չքւէարկելը պէտք է դառնայ մեր համայնքի ընտրութիւնների խիստ օրէնքներից մէկը:
12.Պատգամաւորական ժողովի պատգամաւորների քանակի նւազեցումը ամբողջ համայնքի գործն է: Այս հարցում համաձայն են բոլորը, սակայն այս անգամ որևէ գործնական քայլ չարւեց այդ ուղղութեամբ, բայց բոլոր պատասխանատուները խոստացել են, որ դա կանեն 15-րդ ՊԺ-ի աշխատանքների ընթացքում: Սա պէտք է իրականացւի, հակառակ դէպքում ընտրութիւններին մասնակցելը անիմաստ է լինելու: 
  Հեշմաթիէից կամ Ջոմհուրիից ընտրութիւններին մասնակցել են 100-150 հոգի, իսկ այդ շրջաններից իւրաքանչիւրը ընտրում է երեք պատգամաւոր: Այդ շրջաններից պէտք է ընտրւի միայն մէկ պատգամաւոր: Նոյնը պէտք է կատարւի Թեհրանից դուրս այն շրջաններում, որոնց թիւը հազիւ 30 հոգու է հասնում: Այդ տեղերում պէտք է կիրառւի ներկայացուցչական քաղաքականութիւն: Այսպիսով, մեզ անհրաժեշտ չէ 53 հոգանոց Պատգամավորական ժողով, այլ 25 հոգուց կազմւած Պատգամաւորական ժողով: Եթէ անհրաժեշտ լինի, ապա պէտք է վերանայել կանոնադրութեան որոշ կէտեր:
 
«Յոյս» թիւ 137
19 Դեկտեմբեր 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *