Ամէն բան բուսակերութեան մասին

 
 
Մսից եւ կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարւողների թիւն աշխարհում օրըստօրէ աճում է, ինչը սննդաբանների եւ լայն հասարակութեան շրջանում իրարամերժ քննարկումների տեղիք է տալիս։ Արդիւնքում հարց է ծագում. «Միս ուտե՞լ, թէ՞ չուտել»:
 
Փիլիսոփայութի՞ւն, քմահաճութի՞ւն, թէ՞ ուշադըրութիւն սեփական առողջութեան նկատմամբ
Տարբեր մեկնաբանութիւններ ունի «բուսակերութիւն» (լատիներէն vegetatio՝ բուսականութիւն բառից) բառը, եւ բոլորի իմաստը նոյնն է. մարդկային օրգանիզմի համար բնական է համարւում միայն բուսական ծագման սնունդը, իսկ կենդանական ծագում ունեցողը անթոյլատրելի երեւոյթ է, քանզի այն հետեւանք է կենդանու մահւան։
Բուսակերներին կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի։
Առաջին խմբի ներկայացուցիչները «վեգաններն» են, որոնք իրենց սննդակարգում խիստ սահմանափակումներ են մտցնում։ Վերջիններս իրենց սննդից իսպառ բացառում են կենդանական ծագման մթերքը` օգտագործելով միայն բանջարեղէն, միրգ, հատիկաւոր եւ այլ բոյսեր։ Նոյնիսկ կաթնամթերքի ստացման ժամանակակից տեխնոլոգիաները, ըստ վեգանների, իրականացւում են կենդանիների շահագործման հաշւին, ինչը խախտում է բուսակերութեան հիմնական կանոնները։ Այս խմբի որոշ ներկայացուցիչներ ծայրայեղ բուսակերներ են, որոնց «հումակեր» կամ «նատուրիստներ» են անւանում։ Նրանք բուսական սննդամթերքն ուտում են միայն իրենց բնական ձեւով` առանց որեւիցէ մշակման, եւ ընդունում են միայն հատիկաւոր բոյսերի խոշոր աղացման տարբերակը։
Երկրորդ խմբի ներկայացուցիչներն, այսպէս կոչւած, լակտոբուսակերներն են, որոնք իրենց սննդակարգում բուսական ծագման սննդից զատ ներառում են նաեւ կաթն ու կաթնային հիմք ունեցող մթերք։ Այս խմբի «փիլիսոփայութիւնը», ըստ սննդաբանների, աւելի խելամիտ է։
Գոյութիւն ունի նաեւ լակտոբուսակերների մէկ այլ խումբ, որը չի բացառում նաեւ ձու ուտելը։ Վերջիններիս անւանում են լակտովոբուսակերներ։
Երբեմն, սխալմամբ, բուսակեր են անւանում նաեւ այն մարդկանց, ովքեր չեն ուտում միայն խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիների եւ թռչնի միս, սակայն իրենց սննդակարգում մեծ տեղ են տալիս ձկնեղէնին եւ ծովային այլ բարիքներին։ Այսպիսի «կիսաբուսակեր» մարդկանց թիւը մեծ է, սակայն նրանց ո’չ իրական բուսակերները, ո’չ էլ միս նախընտրողներն իրենց «բանակից» չեն համարում։
 
Բուսակերութեան հիմնական
դրդապատճառները
Անցեալում մարդիկ հրաժարւում էին «սպանդային» կերակրից` լոկ կրօնական կամ փիլիսոփայական նկատառումներից ելնելով, համաձայն որոնց, իւրաքանչիւր կենդանի արարած, ինչպէս եւ մարդը, ապրելու իրաւունք ունի։ Կաթոլիկ եւ ուղղափառ ժողովուրդների մօտ բուսակերութիւնը հիմնականում տարածւած է վանականների շրջանում։ Աշխարհիկ մարդկանց համար գոյութիւն ունեն պահքի շրջաններ, որոնց ժամանակ միս ուտելն արգելւած է։ Բուսակերութիւնը տարածւած է նաեւ մահմեդական երկրների մոլեռանդ կրօնապաշտների շրջանում։ Բուդդայականների եւ հինդուականների գրեթէ մեծամասնութիւնը բացառում են միս ուտելը (այդ թւում նաեւ կրիշնայիտները)։ Հաւատալով հոգու վերածնմանը, նրանք այն կարծիքին են, որ սպանւող իւրաքանչիւր ձկան, եղջերաւոր անասունի կամ նոյնիսկ գորտի հոգին կարող է այնուհետեւ «հանգրւանել» մարդու մարմնում. ահա թէ ինչու կենդանուն սպանելը հաւասարազօր է մարդ սպանելուն։
Ընդհանուր առմամբ, գրեթէ բոլոր կրօնական համակարգերում մսակերութիւնից հրաժարւելը հոգին մաքրելու եւ կատարելութեան հասնելու կարեւոր նախապայման է։ Որոշ դէպքերում նման զոհողութեան գնալը միայն ընտրեալների համար է, որոշ դէպքերում էլ` պարտադիր տւեալ ուսմունքը դաւանող իւրաքանչիւր մարդու համար։
«Բուսակերութիւն» տերմինը շրջանառութեան մէջ է դրւել 1842 թ. «Բրիտանացի բուսակերների միութեան» կողմից, ընդ որում, ի սկզբանէ այն նշանակել է ոչ թէ զուտ բուսակերութիւն, այլ բարոյական եւ փիլիսոփայական առումներով ներդաշնակ կենսակերպ։ Մեր օրերում մսակերութիւնից հրաժարւում են ոչ այնքան էթիկայի եւ բնապահպանութեան նկատառումներով, որքան առողջութիւնը պահպանելու եւ երկարակեցութիւն ապահովելու համար։ 1987 թ. գերմանական համալսարաններից մէկի կողմից իրականացւած սոցիոլոգիական հարցումների արդիւնքում պարզւել է, որ արեւմտեան երկրներում բուսակերութեան անցնելն ունի հետեւեալ դրդապատճառները.
– առողջութիւնը պահպանելու ձգտում (78%),
– էթիկա (69%),
– բնապահպանութիւն (35%),
– Էսթետիկա (28%),
– կրօնական (23%),
– փիլիսոփայական (22%),
– տնտեսական (19%) եւ
– հիգիենիկ (9%)։
Ամէնից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում, որոնք են` 16-24 եւ 55-64 տարեկան մարդիկ։ Որպէս կանոն, երիտասարդներն աւելի հոգատար են կենդանիների հանդէպ եւ չեն ուզում նոյնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդին։ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք աւելի շատ հոգ են տանում իրենց առողջութեան մասին։
Մեր օրերում բուսակերութեան ջատագովների թիւն աշխարհում օրէցօր աճում է եւ շուտով կը հասնի 1 մլրդ-ի։ Այս առումով առիւծի բաժինն ընկնում է Հարաւ-Արեւելեան Ասիայի բնակիչներին (միայն Հնդկաստանի բնակչութեան մօտ 80%-ը միս չի ուտում)։ Եւրոպայում եւ Ամերիկայում մսակերութեան դէմ պայքարողների թիւը տատանւում է 7-10%-ի միջեւ։ Բուսակերներն այլեւս «սպիտակ ագռաւներ» չեն. գնալով աւելանում է բուսակերների համար նախատեսւած ճաշարանների եւ ռեստորանների թիւը, իսկ այդ վայրերում ճաշողների համար ստեղծւել է յատուկ միութիւն, որը պաշտպանում է բուսակերների շահերը։ Այդ միութեան անդամներն ակտիւ մասնակցութիւն են ցուցաբերում հանրային եւ գիտական քննարկումներին եւ փորձում են հնարաւորինս լաւ ներկայացնել բուսակերութեան առաւելութիւնները։ Սակայն, այնուամենայնիւ, բիֆշտեքսների սիրահարները չեն շտապում զիջել իրենց դիրքերը։
Բուսակերութեան զարգացման գործում մեծ դեր է խաղացել կենդանիների պաշտպանութեանն ուղղւած շարժումը  եւ, մասնաւորապէս, աւստրալիացի գիտնական Պիտեր Սինգերի աշխատութիւնները։ Իր «Կենդանիների ազատութիւն» գրքում Սինգերն ամենայն մանրամասնութեամբ նկարագրում է կենդանիների ու թռչունների բուծման եւ սպանդի աննկարագրելի դաժան պայմանները։ Հեղինակը նշում է, որ միայն անգթութիւնը, անտարբերութիւնն ու անզուսպ որկրամոլութիւնն են մարդուն ստիպում չհրաժարւել այնպիսի տգեղ սովորութիւնից, ինչպիսին մսակերութիւնն է։ Պիտեր Սինգերի գիրքը մեծ յեղափոխութիւն առաջացրեց մարդկային գիտակցութեան մէջ։
 
Միս. կողմ թէ՞ դէմ
Ժամանակակից սննդաբանութիւնը, հիմնւելով ֆիզիոլոգիայի եւ բիոքիմիայի դասական հետազօտութիւնների վրայ, խորհուրդ է տալիս սնւել թէ’ բուսական եւ թէ’ կենդանական ծագման սննդամթերքով։ Գիտնականները պարզել են, որ կենդանական ծագման մթերքում մարդու օրգանիզմի բնականոն գործունէութեան համար անհրաժեշտ ամինաթթուների քանակը կրկնակի անգամ աւելի շատ է, քան բուսական ծագման մթերքում։ Բուսակերութեան պարագայում օրգանիզմի սպիտակուցների եւ, յատկապէս, ամինաթթուների պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ուտել շատ մեծ քանակութեամբ հատիկաւորներ, իսկ մարսողական համակարգի օրգանների համար բջջանիւթի մեծ քանակութիւնը կարող է լուրջ խախտումների յանգեցնել։ Բացի այդ` բուսական ծագման սպիտակուցն աւելի դժւարութեամբ է մարսւում, քան կենդանական ծագմանը։
Աւելին, ձուն, միսը, լեարդը եւ ձկան իւղոտ միսը հարուստ են մի շարք կենսական կարեւորութիւն ունեցող վիտամիններով։ Այս պարագայում սննդաբանների մի խումբ եկել է այն եզրակացութեան, որ բուսակերութիւնը յղի է օրգանիզմում B12 վիտամինի քաղցի առաջացմամբ, վիտամին, որը կարեւորագոյն դեր ունի արիւնաստեղծման համար։
Այսպիսով, հետեւելով այն տեսակէտին, որ մսից եւ ձկնեղէնից հրաժարւելը կարող է յանգեցնել օրգանիզմում սպիտակուցների եւ որոշ վիտամինների պակասին, եւրոպացիները շարունակում են կենդանական ծագման սնունդ օգտագործել։
Բուսակերները, սակայն, այս տեսակէտին թերահաւատութեամբ են մօտենում եւ պարզաբանում, որ հազարամեակներ շարունակ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ «մի կտոր միս» անգամ չեն կերել եւ, այդուամենայնիւ, առողջ եւ երկարակեաց են եղել։
Մսի օգտագործումը սննդի մէջ աւելի մեծ զարգացում է ապրել յատկապէս XX դարում, երբ մարդկութիւնը յայտնագործել է սառնարանը։ Մսակերութեան ընդդիմադիրները միաձայն պնդում են, որ ֆիզիոլոգիական տեսանկիւնից մարդ արարածի օրգանիզմն աւելի լաւ է մարսում բուսական ծագման սնունդը։ Որպէս կանոն, մսակերների մօտ շատ յաճախ փորկապութիւններ եւ աղիքային ինտոքսիկացիաներ են արձանագրւում, ինչը պայմանաւորւած է օրգանիզմի կողմից մսամթերքի դանդաղ մարսելու հետ։
Մսի չարաշահման պարագայում օրգանիզմում կուտակւում են մեծ քանակութեամբ ազոտական միացութիւններ,  ինչի արդիւնքում թթւահիմնանային հաւասարակշռութիւնը խախտւում է, եւ կարող են զարգանալ այնպիսի հիւանդութիւններ, ինչպիսիք են` միզաթթւային դիաթեզը եւ պոդագրան։
Ինչպէս բուսակերներն են նշում, կենդանու քաշն աւելացնելու եւ մի շարք հիւանդութիւնների դէմ պայքարելու նպատակով անասնաբոյժները յաճախ նրանց հորմոնալ միջոցներ են տալիս, տարբեր պատւաստումներ են կատարում եւ հակաբիոտիկներ ներարկում, որոնց ազդեցութիւնը մարդկային օրգանիզմի վրայ, որպէս կանոն, հաշւի չի առնւում։ Շատ յաճախ մարդու մօտ վարակիչ հիւանդութիւնների պատճառ կարող են դառնալ կենդանական ծագման սննդի օգտագործումը։
Այժմ խօսենք սպիտակուցների մասին։ Եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ մարդու օրգանիզմի համար սպիտակուցների օրական անհրաժեշտ պաշարը միջինում պէտք է կազմի 150 մգ, ապա միայն բուսական ծագման սնունդ ընդունելու պարագայում սպիտակուցային քաղցի զարգացումը լիովին հաւանական է դառնում։ Սակայն Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում եւ Միացեալ Նահագներում անցկացւած որոշ հետազօտութիւններ ցոյց տւեցին, որ օրական 50-85 մգ սպիտակուցն էլ լիովին բաւարար է, որպէսզի մարդ արարածը լաւ ինքնազգացողութիւն, դիմադրողականութիւն եւ աշխատունակութիւն ունենայ։ Ըստ այդ հետազօտութիւնների` միայն կերակրող մայրերի եւ դեռահասների օրգանիզմն է, որ օրական առնւազը 100 մգ սպիտակուցի կարիք ունի։ Այս թւերն անիրական են զուտ բուսակերութեամբ ապրող մարդկանց համար, եւ իսկապէս, շատ դժւար է օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուների պաշարը լրացնել միայն բուսական ծագման սպիտակուցներով։ Այդ իսկ պատճառով սննդաբանները բուսակերներին խորհուրդ են տալիս չհրաժարւել կաթնամթերքից, որը լիարժէք սպիտակուցների բնական աղբիւր է։ Կաթի եւ ձւի մէջ մեծ քանակութեամբ B12 վիտամին կայ, ուստի լակտոբուսակերները հնարաւորութիւն ունեն խուսափել դրա քաղցից։ Իսկ նրանց համար, ովքեր իսպառ հրաժարւում են կենդանական ծագման սննդից, B12-ի անհրաժեշտ պաշարն ապահովելու համար յատուկ նպատակով մշակւել եւ ստացւել է մթերք, որի մէջ մեծ քանակութեամբ սոյայ եւ հատիկաւորներ կան։
 
Ի շահ առողջութեան
Մսից հրաժարւելու օգտակարութիւնը գնահատելու նպատակով ներկայացնենք ընդամէնը վիճակագրական հետազօտութիւնների որոշ տւեալներ, որոնցում համեմատւում են բուսակերների եւ խառը սնունդ նախընտրողների շրջանում տարբեր հիւանդութիւնների առաջացման հաւանականութիւնը։
Բուսակեր տղամարդիկ շաքարային դիաբետով հիմնականում չեն հիւանդանում, իսկ խառը սնունդ նախընտրողների մօտ` հիւանդացութիւնը կազմում է 2,6%։ Խառը սննդին նախապատւութիւն տւող կանանց շրջանում հիւանդանալու հաւանականութիւնը բուսակերների համեմատ կրկնակի բարձր է։
Խառը սնունդ նախընտրող տղամարդիկ 2, իսկ կանայք` 5 անգամ աւելի շատ են տառապում զարկերակային գերճնշմամբ, քան բուսակերները:
Բազմաթիւ գիտական հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ բուսակերների արեան մէջ խոլեստերինի եւ այլ աթերոգէն լիպիդների քանակութիւնը նւազագոյն մակարդակի է, ինչը նրանց հնարաւորութիւն է տալիս խուսափել մի շարք սրտանօթային հիւանդութիւններից եւ դրանց բարդացումներից, այդ թւում նաեւ սրտամկանի ինֆարկտից։ Վիճակագրական տւեալների համաձայն, մսակեր տղամարդկանց շրջանում սրտամկանի ինֆարկտի հաւանականութիւնը 5 անգամ աւելի մեծ է, քան բուսակեր տղամարդկանց մօտ։
Բջջանիւթով հարուստ բուսական սնունդ օգտագործելը նպաստում է մարսողական համակարգի օրգանների օպտիմալ գործունէութեանը եւ խոչընդոտում փորկապութիւնների առաջացմանը։ Խառը սնունդ ընդունող տղամարդկանց մօտ լեարդի, լեղապարկի, լեղուղիների եւ ենթաստամոքսային գեղձի հիւանդութիւնները 2 անգամ աւելի շատ են գրանցւում, քան բուսակեր տղամարդկանց մօտ։
Բժշկական գրականութիւնը եւս պնդում է, որ չարորակ նորագոյացութիւնների առաջացումը ինչ-որ չափով պայմանաւորւած է մսի, ձւի, պանրի եւ կենդանական ծագում ունեցող ճարպերի ու սպիտակուցների չարաշահմամբ։ Որոշ տւեալների համաձայն, շաբաթական մէկ անգամ տաւարի, խոզի կամ ոչխարի միս ուտելը աղիների քաղցկեղով հիւանդանալու հաւանականութիւնն աւելացնում է 40%-ով, իսկ շաբաթական 5-6 անգամ ուտելու պարագայում այդ հաւանականութիւնն աւելանում է 80%-ով։
Վերոնշեալ տւեալները բուսակերներին հիմք են տալիս կարծելու, որ իրենց սնւելու կարգն աւելի ռացիոնալ է, եւ այն թոյլ է տալիս երկարացնել կեանքի տեւողութիւնն ու կանխել մի շարք հիւանդութիւնների զարգացումը։ Եթէ ժամանակակից սննդաբանները որոշակի վերապահութեամբ են մօտենում վեգանների սնւելու կարգին, ապա լակտոբուսակերների կողմից առաջարկւող սնւելու մեթոդները ֆիզիոլոգիական տեսանկիւնից կատարելապէս ընդունելի են, քանի որ դրանք ամբողջութեամբ բաւարարում են օրգանիզմի բնականոն գործունէութեան համար անհրաժեշտ սննդի պաշարները։ Ի դէպ, մսամթերքից հրաժարւելու անվըտանգութիւնը պաշտօնապէս հաստատւել է նաեւ ամերիկեան սննդաբանների ասոցիացիայի կողմից։
Ժամանակակից սննդաբանութիւնը, հիմնւելով ֆիզիոլոգիայի եւ բիոքիմիայի դասական հետազօտութիւնների վրայ, խորհուրդ է տալիս սնւել թէ’ բուսական եւ թէ’ կենդանական ծագման սննդամթերքով։
Հնդկաստանի հնագոյն փիլիսոփայական ուսմունքներից մէկի` ջայնիզմի կանոնները, կեանքի բոլոր ձեւերի նկատմամբ հոգածութիւնն ու յարգանքը հասցրել են կատարելութեան։ Աննշմար մժեղին կամ թրթուրին պատահաբար չվնասելու համար որոշ ջայնիստներ քայլելիս յատուկ փոքրիկ աւելներով աւլում են իրենց առջեւի հողը կամ իրենց հագուստին փոքրիկ զանգակներ են կախում, որպէսզի կենդանիներին «նախազգուշացնեն» իրենց մօտենալու մասին։ Իսկ պատահաբար ջրի հետ որեւէ չնչին օրգանիզմ կուլ չտալու նպատակով ջայնիստները նախապէս ֆիլտրում են ջուրը։
 
Աղբիւր` www.med-practic.com
 
«Յոյս» թիւ 136
5 Դեկտեմբեր 2012
 

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *