ՀՀ վարչապետ` Տիգրան Սարգսյան. Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները վնասում են Հայ-Իրանական նախագծերին

 
 
«Իրանի դեմ կիրառւող միջազգային պատժամիջոցները շատ ուժեղ հարվածում են մեր տնտեսությանը, քանի որ մենք այսօր երկու ելք ունենք դեպի միջազգային շուկա` Վրաստանով ու Իրանով»,-«Ինտրֆաքս»- ին տված հարցազրույցում  ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խօսքերով, Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները զրոյացնում են Իրանի հետ աշխատելու Հայաստանի հնարավորությունները, այդ թվում բեռնափոխադրումների առումով:
«Դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում, այդ իսկ պատճառով առեւտրաշրջանառության  ցուցանիշը Իրանով  եւ Իրանի հետ փոքր է: Խնդիրներ են առաջանում նաեւ Մերձավոր Արեւելք արտահանում իրականացնելու հարցում, ինչը կրճատում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը, բարդ մրցակցային պայմաններ է ստեղծում տրանսպորտային ծախսերի  ավելացման հաշվին: Իրանի կողմից ներդրվող սահմանափակումները, այդ թվում` արժույթային գործողությունների վրա, զսպում են տնտեսվարող սուբյեկտների կապերը Հայաստանի ու Իրանի միջեւ, իսկ այդ  ամենը շատ բացասական է ազդում մեր տնտեսության վրա»,-ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ բոլոր այդ հարցերը բարձրացվում են արեւմտյան գործընկերների հետ հանդիպումներում·«ԵՄ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը, համաշխարահային բանկը, բոլորն էլ հասկանում են, որ այդ ամենը լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսությանը: Չնայած, ոչ միայն մեր տնտեսությանը: Շատ եվրոպական երկրներ եւս միջազգային պատժամիջոցների պատճառով որոշակի խնդիրներ են ունենում»:
Իրանից  Հայաստան երկաթգծի ու նավթամուղի կառուցման վերաբերյալ բանակցություններին անդրադառնալով, Տիգրան Սարգսեանն ասել է·
«Մենք մեր իրանցի գործընկերների հետ հուշագիր ենք ստորագրել այդ երկու կարեւորագույն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման նպատակահարմարության, դրանց իրականացման անհրաժեշտության եւ երկկողմանի պարտավորությունների մասին: Երկաթգծի առումով, մենք համաձայնագիր ենք կնքել օպերատորի հետ, ով Հայաստանի տարածքում նախագծի ֆինանսավորումն իրականացնել պատրաստ մասնավոր ներդրողներ է փնտրում: Իր հատվածի ֆինանսավորումն իրականացնելու է իրանական կողմը: Ինչ վերաբերում է նավթամուղին, այժմ աշխատում ենք տեխնիկական խնդրի վրա եւ այդ նախագծի ծախսատարության գնահատման, ժամկետների ու արժեքի վրա: Այդ երկու հարցերն էլ հայ-իրանական հարաբերությունների օրակարգում են»:
Վարչապետն ընդգծել է, որ միջազգային պատժամիջոցներն իհարկե դժվարացնում են նավթամուղի կառուցմանն ուղղված աշխատանքները, ազդում են դրանց արդյունավետության ու իրականացման ժամկետների վրա:
«Վերջերս, սակայն, մենք Իրանի հետ սահմանին Հիդրոէլեկտրակայնի կառուցում ենք սկսել: Դա համատեղ նախագիծ է, որը ֆինանսավորվում է մեր Իրանի գործընկերների կողմից: Մենք այս նախագիծը սկսել ենք նախանշված ժամկետից ուշացումով: Նույնը  վերաբերում է նաեւ մյուս երկու նախագծերին: Որոշակի ուշացումով, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին եւ Իսրայելի կողմից` Իրանին հարվածելու հավանականությանը, Տիգրան Սարգսեանը նշել է, որ դա շատ վատ կանդրադառնա տարածաշրջանի վրա եւ Իրանի ուղղակի հարեւանների վրա:
«Դա կարող է բացասական իրադարձությունների շղթա առաջացնել, որոնք հետագայում շատ դժվար կլինի կանգնեցնել: Մեր դիրքորոշումը հետեւյալն է· մենք կողմ ենք բոլոր հարցերի լուծմանը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով: Շատ կարեւոր է, որ ատոմի խաղաղ օգտագործման հարցում Իրանին հաջողվի պայմանավորվել միջազգային հանրության հետ», ընդգծել է վարչապետը:
Աղբիւր` eMedia.am / 26.11.2012
 
«Յոյս» թիւ 136
5 Դեկտեմբեր 2012
 

    Tags:

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *