Մկրատել սովետական շրջանի պատմութիւնը հնարաւոր չէ

 
Ռոբերթ Սաֆարեան
 
 
Շուտով նոյեմբերի 29-ն է` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հռչակման օրը: Հայաստանը Սովետական հռչակւեց 1920 թւականին եւ սովետական էր մինչեւ 1991 թւականը, այսինքն 71 տարի: ԹԷ ինչպէս սովետական դարձաւ Հայաստանը այս գրութեան նիւթը չէ: Դա, ոչ մի խօսք, հայոց պատմութիւնն ուսումնասիրողի համար կարեւոր հարց է: Յամենայն դէպս, դարձաւ: Այս գրութեամբ ուզում եմ առաջ քաշել մի այլ հարց, այն, որ մենք սփիւռքում ինչքան քիչ գիտենք այս Սովետական Հայաստանի մասին եւ դա ինչպէս է դժւարացնում սփիւռքահայի եւ Հայաստանի բնիկ հայի փոխյարաբերութիւնը: Նա, ով ինքը, կամ իր ծնողները ապրել են ստալինեան բռնութեան շրջանում եւ մենք, որ դա մեր անցեալի մասը չի կազմում, դժւար կարող ենք իրար հասկանալ: Նա, ով երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է հօրը կամ զաւակին, բոլորովին տարբեր ձեւով է ըմբռնում Սովետական Հայաստանը, քան մենք, սփիւռքում ծնւած ու մեծացած հայերս: Դա մասամբ բնական է, բայց մասամբ էլ արդիւնքն է այն գաղափարական քարոզչութեան, որը տարիներ տարւել է մեր մէջ, եւ որի նպատակն է եղել շեշտելով Հայաստանի երկրորդ հանրապետութեան բացասական կողմերը, բոլորովին սխալ պատկերացում ունենալ նրա մասին:
Որո՞նք են Սովետական Հայաստանի 71-ամեայ պատմութեան կարեւոր զարգացումերը:
 
 
Ստալինեան բռնութիւններ
Հայաստանի հանրապետութիւնն էլ, ինչպէս Խորհըրդային Միութեան միւս հանրապետութիւնները ապրեց ստալինեան բռնապետական իշխանութիւնը: Նոյն ոստիկանական հետախուզութիւնները, գիւղատընտեսութեան բռնի կոլեկտիւացումը, մտաւորականութեան աքսորը եւ բոլոր տեսակի քաղաքական ընդդիմութեան արիւնոտ ճնշումը: Հայ գրողներից Եղիշէ Չարենցը, Ակսել Բակունցը եւ շատ ուրիշներ զոհւեցին իրենց ստեղծագործական կեանքի հասունութեան պահին, իսկ Գուրգէն Մահարին եւ մեծ թւով ուրիշներ ճաշակեցին Սիբիրում աքսորի համը:
 
Երեւանը Երեւան դարձաւ սովետական շրջանում
Այսօրւայ մեզ ծանօթ Երեւանը ձեւաւորւեց եւ կառուցւել սովետական շրջանում: Խօսում ենք Հայաստանի մայրաքաղաքի 2750-ամեայ անցեալի մասին, բայց այսքանը պարզ է, որ քսաներորդ դարի սկզբին Երեւանը մի փոքր յետամնաց քաղաք էր, անհամեմատելի, ասենք թէ Թիֆլիսի հետ (պատահական չէ, որ հայ գրողները եւ մտաւորականները համարեայ բոլորը սովորում էին Թիֆլիսում): Մեզ ծանօթ Օպերայի շէնքը, Հանրապետութեան հրապարակը, յաղթանակի այգին, աւելի ուշ Կասկադն ու մետրոն կառուցւել են սովետական շրջանում:
 
Երկրորդ աշխարհամարտը
1941 թւականին նացի Գերմանիան յարձակւեց Խորհրդային Միութեան վրայ եւ այդպիսով Սովետական Միութիւնը ներքաշւեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մէջ: Հայերը մեծ դեր ունեցան սովետական դիմադրութեան մէջ: Պատերազմին մասնակցեցին 600000 հայ, որոնցից զոհւեցին 350000-ը: Սա յատկապէս համեմատած Հայաստանի երեք միլիոնից պակաս բնակչութեան հետ, ահռելի մեծ քանակ է: Այսօր Հայաստանում նշում են Երկրորդ աշխարհամարտում զոհւած զինւորների օրը եւ դեռեւս այդ պատերազմը անւանւում է Հայրենական պատերազմ: Կան մեծ թւով մարդիկ, որոնց ընտանիքը կորցրել է մէկ կամ աւելի անդամներ: Մենք սփիւռքում ընդհանրապէս չենք հասկանում այդ մեծ իրադարձութեան նշանակութիւնը եւ գուցէ անգիտակցաբար դա համարում ենք միայն Ստալինեան խարդախութիւններին զոհ գնացած մի խումբ հայերի ճակատագիր: Սակայն այլ է Հայաստանում ծնւած ու մեծացած հայի զգացումը: (կարդայ համապատասխան յօդւածը էջ 13-ում):
 
Ներգաղթ
Պատերազմից յետոյ Խորհրդային Միութիւնը Հայաստանի համար կիրառեց սփիւռքահայութեան հայրենադարձութիւնը խրախուսելու քաղաքականութիւն: Դա մեծ ներգաղթն էր, որ թէեւ կիսատ մնաց, սակայն դրա շրջանակներում Հայաստան վերադարձաւ 150000 հայեր աշխարհի զանազան երկրներից, հիմնականում արեւմտահայեր, մեծ եղեռնի վերապրողներ եւ նրանց զաւակները, ովքեր ախպէրը արտասանում էին «աղպար» ու այդպէս մինչեւ օրս էլ մնացին «աղպար»: Որքան ահռելի թիւ է 350000 զոհերի թիւը, նոյնքան մեծ է 150000 գաղթականների թիւը: Այդ քանակութեամբ գաղթական, բնականաբար, ունէր իր սոցիալական հետեւանքները, որ դեռ շարունակւում են, եւ որոնք հնարաւոր չէ յաղթահարել միայն քաղաքավարի բարիացակամութան կոչերով եւ որոնք կարօտ են լուրջ ուսումնասիրութեան:
 
Տնտեսութիւն, ժողովրդի բարեկեցութեան
մակարդակի աճ
Հայաստանը դարձաւ Խորհրդային Միութեան շրջանակում արդիւնաբերական երկիր: Հիմնւեցին գործարաններ, որոնց արտադրութիւնը արտահանւում էր Խորհրդային այլ հանրապետութիւններ: Սյս արդիւնաբերական հաստատութիւններից են Նայիրիտ համալիրը եւ այլն: Երկրում զարգացաւ էլեկտրական հոսանքի ցանցը: Գործարկւեց ատոմակայանը:
Մի առ ժամանակ Հայաստանում զգալի դարձաւ բնակարանի պակասը եւ նոր ամուսնացած զոյգերը հարկադրաբար, առնւազն մի առ ժամանակ ապրում էին իրենց ծնողների հետ փոքր բնակարաններում:
Բրեժնեւեան շրջանում, Ժողովրդի բարեկեցութեան մակարդակը բարձրացաւ, եւ այսօր Հայաստանում աղքատութեան մատնւած միջահասակ ու տարեց մարդիկ ափոսանքով են խոօսում այդ շրջանի մասին, երբ կեանքն աւելի հանգիստ էր, չկար տնտեսական անապահովութեան զգացում եւ մարդիկ իրենց աշխատանքի ժամերը աւարտւելուց յետոյ իրապէս առիթն ումէին հանգստանալու եւ զւարճանալու: Հայ ժողովուրդը իր վերջին դարերի պատմութեան մէջ, երբէք այդ մի քանի տասնամեկների չափ հանգիստ նորմալ կեանք չէր վայելել, թէեւ գիտենք Բրեժնեւեան շրջանը քաղաքական ազատութիւնների առումով յետադարձ էր համեմատած Խրուշչեւի ժամանակաշրջանի: Սակայն հարցն այս է, որ սովորական ժողովուրդը բարձր է գնահատում տնտեսական ապահովութիւնը եւ իր բարեկեցութեան մակարդակի աճը:
 
Կանայք
Խորհրդային միութիւնում հակասական զարգացում ապրեցին կանայք: Մի կողմից նրանք մուտք գործեցին հասարակական կեանք` ձեռք բերեցին բարձր մակարդակի կրթութիւն եւ տնտեսական հիմնարկներում աշխատելու հնարաւորութիւն, սակայն միւս կողմից չթեթեւացաւ նրանց աւանդական պարտականութիւնները որպէս տնտեսուհի եւ մայր: Կինը ներկայ էր հասարակական տարբեր բնագաւառներում, որը բնականաբար հիմնական փոփոխութիւն էր նրա աւանդական կարգավիճակում, սակայն նորերի կողքին շարունակելով իր ուսերի վրայ տանել  երկու նախկին պարտականութիւնները: Այս դրութիւնը ունէր իր մշակութային կողմը: Երբ Հայաստանը անկախացաւ եւ սփիւռքահայութեան շփումները հայրենիքի հետ շատացան, զարմանալի էր թւում հայաստանցի տղամարդու աւանդական մտածելակերպը կանանց մասին որպէս սեղան պատրաստող, շոր լւացող եւ երեխաներ խնամող:  Կանանց մեքենայ վարելը համարւում էր արտասովոր մի երեւոյթ, այն էլ մի երկրում, որի պաշտօնական քարոզչութեան մէջ անընդհատ նրանց ցուցադրում էին որպէս գործարանի աշխատաւոր կամ գիտական հաստատութիւնների հետազօտող, բժշկուհի եւ համալսարանի դասախօս: Այսպիսի հակասական մտածելակերպի ժառանգորդն է այսօրւայ հայաստանցի կինը, որը փորձում է մի կերպ յաղթահարել:
 
Մշակոյթ եւ լեզու
Սովետական տարիներին անգրագիտութիւը Հայաստանում համարեայ անհետացաւ: Գրքերը տպագրւում էին տասնեակ հազար տպաքանակով եւ ընթերցանութիւնը համատարած սովորութիւն էր քաղաքացու համար: Մի քիչ աւելի բարեկեցիկ ընտանիքում կար դաշնամուր եւ երեխաները դպրոցում եւ տնում զբաղւում էին երաժշտութեամբ: Ի հարկէ, կտրւած լինելով արւեստի եւ մշակոյթի բնագաւառներում աշխարհի  միւս երկրների զարգացումներից, մշակութային ճաշակը ընդհանրապէս հին էր, սակայն ընդհանուր առմամաբ, զարգացաւ մշակութային գիտակցութեան հիմքերը:
Շատ է խօսւում սովետական շրջանում հայ մշակոյթի ռուսականացման քաղաքականութեան մասին: Դա իրականութիւն է, սակայն դրա մակարդակը զանազան շրջաններում տարբեր է եղել եւ ընդհանուր առմամբ գնալով նւազել է: Դրանով հանդերձ, սովետական շրջանում հայերէն լեզուն զարգացաւ: Վարչական, դատական եւ գիտական ոլորտներում գործածւեց հայերէնը: Նախահամալսարանական շրջանի դասագրքերը հայերէնով էին եւ ներքին կեանքի եւ լրատւամիջոցների մէջ գործ էր ածւում հայերէնը: Ռուսերէնի գործածութիւնը բարձրագոյն կրթութեան ոլորտում եւ ռուսերէն բառերի մուտքը առօրեայ խօսակցութեան մէջ չպիտի միայն պարտադրւած ռուսականացման արդիւնքը համարել. դա նաեւ Ռուսաստանի եւ ռուսական մշակոյթի հետ սերտ յարաբերութիւնների արդիւնքն էր եւ նմանում է, ասենք թէ այսօր շատ երկրներում անգլերէն բառերի գործածութեան հետ: Խօսքը այստեղ դրա դրական կամ բացասական գնահատման մասին չէ, այլ այն մասին, որ դա միայն դաւադրութեան կամ բռնի պարտադրման արդիւնքը չէր եւ մենք պարտաւոր ենք հայ-ռուսական  մշակութային յարաբերութիւնների ֆակտը, նաեւ որպէս բնական երեւոյթ ընդունել:
Միայն նկատի առնելով հայերէն հանրագիտարանի հրատարակման իրականութիւնը, դժւար կարելի է թերագնահատել ազգային լեզւի եւ մշակոյթի զարգացումը սովետական շրջանում:
 
Ազգային արթնացում
Ինչպէս արդէն յայտնի է, 1965 թւականի ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցաւ մեծ ժողովրդական ցոյց, որի ընթացքում ցուցարարները պահանջում էին Խորհրդային Միութիւնից, որպէսզի ճանաչի հայոց մեծ եղեռնը: Նրանց լոզունգներում խօսք էր գնում հայկական հարցի արդար լուծման եւ հայկական հողերի վերադարձման մասին: Այս ցոյցից յետոյ վաւերացւեց հայոց մեծ եղեռնի յուշարձանը կառուցելու նախագիծը եւ երկու տարի յետոյ բացումը կատարւեց Ծիծեռնակաբերդի: Մինչեւ օրս լուրջ չի ուսումնասիրւել այս շարժման աղբիւրները: Հայ աւանդական կուսակցութիւնները ուղղակիօրան, այսինքն որպէս կազմակերպիչներ, դեր չեն ունեցել այս մեծ հանրահաւաքի կայացման գործում, սակայն նրանց քարոզչական աշխատանքը սփիւռքում երեւի իր ազդեցութիւնն է ունեցել: Հաւանաբար աւելի կարեւորը Սովետական Միութեան ղեկավարութեան մակարդակում ազգային հարցի ճանաչումը եւ սովետական հանրապետութիւնների ղեկավարների մօտ ազգային մտածելակերպի զարգացումն է եղել: Այսինքն ինչ որ բան փոխւել է վերեւում, որը դիւրացրել է նման մեծ հանրահաւաքի իրականացումը: Արդէն 1954-ին Անաստաս Միկոյեանը քարոզում էր ազգային մշակոյթը տարածելու մասին:
Սրանք, գիտեմ, մեծամասնաբար հարցեր են քան պատասխաններ: Այս գրութեան նպատակն էլ վերջնա-կան պատասխաններ տալը չէ: Նպատակն այն է, որ շեշտել մի պարզ իրականութիւն` այն, որ Սովետական Հայաստանը մեր ժամանակակից պատմութեան կարեւորագոյն շրջանն է: Հնարաւուր չէ այն մկրատել պատմութիւնից, այն ինչ պատահել է այդ տարիներին համարել ռուս եւ հայ կոմունիստների դաւադրութիւն: Այդպիսի մտածելակերպ, դժբախտաբար տիրում էր սփիւռքեան մշակութային կեանքում եւ այսօր էլ մասամբ շարունակւում է: Ի հարկէ, եղել է նաեւ հակառակը` «Հայաստանականներ»-ի քարոզչութիւնը, որի համաձայն, Հայաատանը աշխարհի դրախտն էր: Երբ անկախացաւ Հայաստանը, նրանք տեսան, որ այդպիսի դրախտ միայն իրենց երեւակայութեան մէջ է գոյութիւն ունեցել: Միւսները, հակահայաստանականները, շարունակեցին կառչել մի ուրիշ տեսակի երեւակայութեան: Նրանք մտածում էին, որ Հայաստանում վաթսուն տարի դադարել է պատմութիւնը եւ երկիրը միայն սպասում է, որ իրենք վերադառնան եւ ամէն բան շարունակեն այնտեղից, որ իրենք պարտադրաբար այն յանձնել էին բոլշեւիկներին: Մի քիչ ուշ պարզւեց, որ սա էլ երեւակայութիւն է եւ երկրում կան այս վաթսում տարիների ընթացքում ձեւաւորւած եւ զարգացած քաղաքական ուժեր, որոնք աւելի ծանօթ են երկրի պայմաններին եւ աւելի ունակ ղեկավարելու երկրի քաղաքական կեանքը: 
Սովետական Հայաստանի պատմութիւնը կարօտ է գիտական, այսպէս ասած,  ոչ գաղափարախօսական ուսումնասիրութեան:
 
«Յոյս» թիւ 135
21 Նոյեմբեր 2012
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *