Մաթեանը եւ ԻԱՄՄ-ն

 
 
Ազատ Մաթեանը տարիներ շարունակ եղել է ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճիւղի նախագահը: Ինչ է եղել նրա դերը այդ միութեան հիմնադրման եւ ապագայ գործունէութեան մէջ: Այս հարցով ուղղակի դիմեցինք իրեն: Պատասխանը կտրուկ հետեւեալն էր.
 
Ես հիմնադրման մէջ դեր չեմ ունեցել: Ես չեմ հրաւիրւել  հիմնադիր ժողովին, որտեղ և ընտրւել է առաջին վարչութիւնը:
 
Ինչո՞վ ես բացատրում պարագան.
Ինձ բոլոր մանրամասները յայտնի չեն , եւ  այդ մասին երբեք էլ չեմ հարցրել իմ ընկերներից: Մի անգամ ականջիս ընկաւ, որ ոմանց տեսակէտից  ես իբր շատ «դեմոկրատ» եմ համարւել, ինչը, երեւի, նշանակում էր անյուսալի տարր այն օրերի խիստ լարւած իրավիճակում, բացի դրանից կար նաեւ նախայեղափոխական շրջանի իմ գործունէութիւնը, որպէս Նոր Ջուղայի Ներկայացուցչական ժողովի անդամ, որը կարող էր մեկնաբանւել որպէս համագործակցութիւն Դաշնակցականների հետ, թէեւ ես այդ ժողովի անդամ ընտըրւում էի որպէս անկախ թեկնածու եւ ժողովի ներսում էլ համարւում էի լուռ ընդդիմութեան խօսնակ ու ներկայացուցիչ: Իսկ երբ յեղափոխութիւնից յետոյ սկսւեց ժողովրդական շարժում, ես, որ այդ ժամանակ Ներկայացուցչական ժողովի նախագահն էի, ինձ բացայայտեցի  որպէս բողոքող ժողովրդի համակիր  և սկսեցի հանդէս գալ համահաւաքներում: Իմ այս դիրքորոշումը ժողովի դաշնակցական մեծամասնութեան կողմից համարւեց դաւադրութիւն և  նրանք ինձ վտարելու փոխարէն նպատակայարմար գտան խմբական շրջաբերականով հրաժարւել եւ այդպիսով ցրել Ներկ. Ժողովը : Դա կատարւեց մասնաճիւղի հիմնադրումից շատ առաջ:
Այդ դէպքում ինչպէ՞ս դարձար եւ այդքան տարի մնացիր նախագահ:
Ես չլինելով հանդերձ վարչութեան անդամ, ակտիւ  մասնակցում էի միութեան մշակութային և հասարակական  աշխատանքներին, այնպէս որ, երբ  քաղաքական պատճառներով վարչութեան չորս անդամները ձերբակալւեցին կամ հեռացան, իմ ու մի շարք միութենական ընկերների առջեւ դրւեց մասնաճիւղը լուծարումից փրկելու խնդիրը: Մենք անմիջապէս կեանքի կոչեցինք ընտրական յանձնախումբ, որը հաստատւեց Թեհրանի մասնաճիւղի կողմից, և ընդհանուր ժողովում ընտրեց նոր վարչութիւն իմ նախագահութեամբ: Այսպիսով կարելի է ասել, սկսւում էր մասնաճիւղի երկրորդ շրջանը, որը թէ’ շարունակութիւնն էր առաջինի, եւ թէ’ ինչ որ իմաստով տարբերւում էր նրանից:
 
Կարո՞ղ էք ասել, ի՞նչ քաղաքական պատճառների մասին է խօսքը:
Խօսքը «Թուդէ» կուսակցութեան գործունէութիւնը դադարեցնելու մասին է:
 
Հիմա, տարիների հեռւից ինչպէ՞ս ես գնահատում մասնաճիւղի գործունէութիւնը եւ նրա դերը համայնքի կեանքում:
ԻԱՄՄ-ի Նոր Ջուղայի մասնաճիւղը աշխատել է շուրջ ՁՕ տարի, որից 17 տարին ես եղել եմ վարչութեան նախագահ, հետեւաբար ես գուցէ ամենայարմար մարդը չեմ նրա գործունէութիւնը գնահատելու համար, բայց փաստը մնում է փաստ, որ Շահինշահրի հետ միասին այս միութիւնը այդ տարիների ընթացքում ներկայացրել է իրանահայ , գուցէ եւ սփիւռքահայ , համայնքների պատմութեան մէջ ամենաուժեղ և ազդեցիկ  ժողովըրդային շարժումներից մէկը, եւ դա, թէ’ քաղաքական հասարակական  թէ’ մշակութային իմաստով:
Բաւական է տեսնել մեր ազդեցիկ ներկաիւթիւնը թէ’ խորհրդարանական, թէ’ ներքին համայնքային ընտրութիւններում:
 
Այդ դէպքում հարց է ծագում, թէ ինչու՞ այդպէս անակնկալ կերպով փակւեցին Նոր Ջուղայի եւ ապա Շահինշահրի մասնաճիւղերը եւ մանաւանդ հրաժարւեցին  խորհըրդարանական ընտրութիւններին մասնակցելուց:
Կարծում եմ պատասխանը նաեւ այն դառն իրողութեան մէջ կարելի է փնտրել, որ իր աշխատանքը դադարեցնում է մի այդպիսի ազդեցիկ հասարակական միաւորում եւ համայնքում բացարձակապէս ոչ մէկին, եւ ոչ անգամ Թեհրանի մասնաճիւղի վարչութեանը, չի յուզում այդ հարցը: Միայն Ջուղայի եւ Շահինշահրի շարքային միութենականներն ու համակիրներն են, որ մինչեւ օրս էլ, հասկանալով հանդերձ իրավիճակը , ափսոսանքով են յիշում այդ փաստը: Իսկ ձեր հարցին որպէս պատասխան, ես այստեղ եւս ստիպւած եմ նշել միայն առաւել շօշափելի, այսպէս ասած, տեխնիկական պատճառները: Միութիւնը աշխատում էր վարձու մի շէնքում, որի ժառանգները դատարանի միջոցով ստացան այն ազատելու վճիռը, որից յետոյ համապատասխան տարածք վարձելը նիւթապէս հնարաւոր չէր: Իհարկէ,  մինչ այդ յոյսը դնելով ինչ որ չափով բարեփոխւած ներքաղաքական մթնոլորտի վրայ, գրաւոր դիմեցինք Թեմական խորհրդին նպաստաւոր պայմաններով մեզ մի տարածք տրամադրելու ակնկալիքով, որը մնաց անպատասխան: Սրան աւելացրէք նիւթական դժւարութիւնները, մարդուժի աստիճանական նւազումը…..: Կան, իհարկէ,  աւելի խորքային խնդիրներ, որոնց մասին խօսելու համար աւելի լայն տեղ ու տարածք է հարկաւոր:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրութիւններից հրաժարւելուն, ապա մենք այդ քայլին գնացինք այն բանից յետոյ, երբ Թեհրանի դաշնակցականներն արդէն բացայայտ կերպով սկսեցին միջամտել հարաւային շրջանի ընտրութիւններին եւ աւտոբուսներով մարդ ուղարկել իրենց թեկնածուին քւէարկելու համար, աւելացնեմ, որ նոյնիսկ այդ դէպքում նրանք յաղթեցին  քւէների չնչին տարբերութեամբ, ուզում եմ ասել, որ Ջուղայի եւ ապա Շահինշահրի մասնաճիւղերը իրենց գործունէութիւնը դադարեցրին այնպիսի պայմաններում, երբ մեծ ժողովրդականութիւն էին վայելում համայնքում, բայց հէնց միայն դա էր մեր ունեցածը եւ դա բաւական չէր աշխատանքը շարունակելու համար:
 
Եթէ ճիշտ հասկացայ, Թեհրանի ձեր կենտրոնական վարչութիւնը տեղեկցւած չի եղել ձեր այդ վերջին որոշումների մասին:
Պ.Ոչ, մենք դա արել ենք ինքնուրոյն: Կազմակերպչական կապերը մեր եւ Թեհրանի մասնաճիւղի միջեւ այնքան էլ ամուր չեն եղել եւ նոյնիսկ կարող եմ ասել, որ դրանք միայն անունով են նոյնը եղել:
 
«Յոյս» թիւ 134
7 Նոյեմբեր 2012
 

    Tags: ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *