Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

 
ԾՆՆԴԵԱՆ 70- ԱՄԵԱԿԻ ԵՒ ՆՈՐ ԳՐՔԵՐՒ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ  ԱՌԻԹՈՎ
 
 
ՄԱՆԿՈՒԹԻՒՆ
Ծնւել եմ 1942 թւին, կամ  ինչպէս մայրս էր ասում, պատերազմի տարին: Ծնւել եմ Թեհրանում, որտեղ ճակատագրի բերումով յայտնւել էին ծնողներս՝ Ծատուր եւ Սապետ Մաթեանները, Իրանի Չարմահալ գաւառի Վերին Քոնարք գիւղից: Ես հաշւով նրանց ութերորդ զաւակն եմ: Ինձանից առաջ ծնւած եօթից մինչեւ իմ ծնւելը, պատահաբար կենդանի էր մնացել միայն մէկը՝ Ասքանազը, իսկ նրանից յետոյ ծնւած երեքից նորից պատահաբար կենդանի մնաց էլի մէկը՝ Մասիսը: Անձամբ իմ փրկութիւնը ես չգիտեմ նոյնպէս վերագըրեմ պատահականութեան, թէ՞ այն քրիստոնեայ, թէ մուսուլման սրբերին, ինչու չէ նաեւ գրբացներին ու թուղթ ու գիր անողներին, որոնց դիմել էր մայրս ինձանով յղի եղած ժամանակ եւ ինձ ղուլ էր խոստացել Սբ. Գէորգ եկեղեցուն: Չորս տարեկան էի եւ շատ պարզ եմ յիշում այն գիշերը, որ քնեցինք եկեղեցում եւ միւս օրը մազեր խուզեցին, ուրախ էի, որ Հոռոմսիմա հօրքուրն էլ ինձ չէր ասի աղջիկ ու ես ամէն անգամ ստիպւած չէի լինի նրա պահանջով վարտիքս ցած քաշել ապացուցելու համար իմ սեռային պատկանելութիւնը: Թեհրանից ինչ որ բաներ յիշում եմ, բայց այնտեղ ապրած իմ կեանքի առաջին չորս-հինգ տարիները բաւական չէին, որ Թեհրանը դառնար իմ քաղաքը: Սկսւեց 46-ի ներգաղթը, մենք էլ էինք «գրւած», մեզ հերթ չհասաւ, Բայց Հայաստանը մեխւեց իմ ուղեղում, կամ աւելի բանաստեղծական, իմ հոգին մեխւեց Հայաստանի խաչին: Հայաստանը դարձաւ ինձ համար կարօտի ու երազանքի հեքիաթային եզերք:
Այս անգամ հայրս որոշեց, ընտանիքի բախտը որոնել Խուզստանում, կանչում էր նաֆթի ու գազի բուրմունքը:
 
ԴՊՐՈՑ
Դպրոց մտայ Ահւազում, թէեւ դրանից առաջ էլ հարցնողին ասում էի , որ վեցերորդ եմ, որովհետեւ այդպէս էի լսել մեծ եղբօրիցս, նա ինձանից մեծ էր տասնհինգ տարով: Դպրոցը, իհարկէ, պետական էր, իսկ շաբաթական մի քանի ժամ էլ գնում էինք «հայոց դպրոց», որտեղ պարոն Յարութիւնը, նոյնինք Թունի Ամատունին, իմ ձեռքը տւեց առաջին դասագիրքը: Էջեր են պէտք նկարագրելու համար իմ ապրումները այդ դասագրքի նկատմամբ, մինչեւ հիմա էլ տեսնում եմ դրա վարդագոյն կազմը, զգում եմ մինչ այդ ինձ բոլորովին անծանօթ տպագրական թանաքի հոտը: Ես ինձ համարում եմ, ինչքան զգացմունքային, նոյնքան էլ տրամաբանական մարդ, ու մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թէ ինչու՞ նոյն յիշողութիւնը չունեմ իմ առաջին պարսկերէն դասագրքի մասին: Նոյնիսկ այդ օրերից «դպրոց» ասելիս ես յիշում եմ շաբաթական այդ մի քանի ժամը եւ ոչ թէ կանոնաւոր պարսկական դպրոցը: Ահւազից Բանդար Մաշուր, Աղաջարի, Օմիդիէ, Միանքուհ թափառելով, վերջապէս մենք ընկանք Աբադան: Այստեղ արդէն գոյութիւն ունէր կանոնաւոր Հայոց ազգային «Ադաբ» դպրոցը, որտեղ սովորեցի երեք տարի, աւարտելով տարրականս: Իսկ միջնակարգս աւարտեցի նորից պետական «Ռազի» եւ «Ֆարրոխի» դպրոցներում, մաթեմատիկական ճիւղում: 
Հայոց դպրոց յաճախել եմ միայն երեք տարի, միշտ լինելով դասարանի առաջինը: Մաթեմատիկայի մէջ էլ եղել եմ, եթէ ոչ դասարանի առաջինը, ապա հաստատ առաջին եռեակից մէկը, բայց թէ ինչպէ՞ս թողեցի գիտութիւնը եւ հակւեցի դէպի գրականութիւնը, այնքան էլ պարզ չէ նոյնիսկ ինձ համար: Կային, թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին պատճառներ: Դեռեւս տաս, թէ տասնմէկերորդ դասարանում գրել եմ այսպիսի բան.
Թւերի լեզւից ես շուտ ձանձրացայ,
Այնտեղ ամէն ինչ չափւած էր, ձեււած,
Սակայն ինձ համար, ես շուտ զգացի,
Կային խնդիրներ շատ աւելի բարդ,
Քան նւաճումը ողջ տիեզերքի:
Կար անչափելին՝ հոգին մարդկային…
Եւ ես ուզեցի բացել ճամբաներ,
Ո՛չ թե աստղից աստղ, այլեւ սրտից սիրտ եւ հոգւէ հոգի, եւ այլն
Ահա, այսպիսի տիեզերական «փռոժէ» էի պատրաստւում իրագործել , եւ ընդհանրապէս  վէպ ու բանաստեղծութիւն կարդալն աւելի հաճելի էր, թէեւ կարդացածս յաճախ կիսով չափ էի հասկանում: Մեր հայոց լեզւի դասը ընթերցանութիւն էր ու մի քանի բառերի հոմանիշներ, որոնք երբեմն աւելի անհասկանալի էին, քան իսկական բառը, բայց կար խօսքի հմայքը, որ գործում էր իմաստից ու բովանդակութիւնից անկախ. թէկուզ, կիսով չափ հասկացւած բառերի ու տողերի տակ կար երեւակայական աշխարհը, այլուրը:
 
ԱԲԱԴԱՆ
Աբադանում ապրած 9-10 տարիներին ես Աբադանցի էլ չդարձայ, լսել եմ, որ հիմա էլ Ամերիկայում հաւաքւած աբադանցիները ունենում են «հայրենակցական» հաւաքներ, բայց կարծում եմ հէնց Աբադանը ձեւաւորեց ինձ որպէս մարդ:  Աբադանը օգնում էր մարդկանց ամէն քայլափոխի զգալու  իրենց զրկանքների աստիճանը եւ հրճւելու ամենաչնչին բարիքի թէկուզ բոյրը հեռւից առնելիս: Չեմ ասի, որ դրանք երջանիկ տարիներ էին ինձ համար: Կային, այնուամենայնիւ երջանիկ պահեր: Քեռիներս՝ Հայկազ եւ Հերոս Ստեփանեանները մշակոյթի մարդիկ էին եւ մեծ ազդեցութիւն ունեցան իմ հոգեւոր կեանքի ձեւաւորման վրայ: Մանաւանդ Հերոս դային, որը հանգիստ ու աննկատ, բայց հետեւողական կերպով ինձ ուղղորդում էր բանաստեղծութեան աշխարհում : Նրա բաւականին հարուստ գրադարանում ես անջատւում էի ծանր իրականութիւնից, ու մանաւանդ նրա բարի ու խաղաղ հայեացքի տակ գտնում էի ամենաերջանիկ ապաստան:
Աբադանը ձեւաւորեց նաեւ իմ քաղաքական-հասարակական կողմնորոշումը: Դեռեւս տարրական վեցերորդում մեր դասարանում կային տարիքով աւելի մեծ տղաներ, նրանցից մէկը՝ Վրէժը գրատախտակին խաղաղութեան աղաւնի էր նկարում, որը այդ օրերին «Թուդէ» կուսակցութեան նշանաբանն էր, իսկ մի ուրիշն էլ՝ Մուկուչը կոտրւած խաչ էր նկարում, որը «Սումքա» կուսակցութեան սիմւոլն էր: Ես առաջինին էի համակրում, բայց նրանց անվերջ կռիւներին չէի մասնակցում: Դա Իրանի նաֆթի ազգայնացման եւ դրան յաջորդող պետական հարւածի օրերն էին, այդ հարւածից չխուսափեց նաեւ մեր ընտանիքը:
Միջնակարգը թէեւ ես անց էի կացնում պետական դպրոցում, բայց կտրւած չէի հայկական դպրոցից: Երբ կազմակերպւեց այդ դպրոցի աշակերտական միութիւնը, պարսկական դպրոցներում սովորող աշակերտներին եւս թոյլ տրւեց անդամակցել: Միութիւնը ղեկավարւում էր ուսուցչական կազմի եւ կանանց միութեան միջոցով, բայց ունէր իր վարչութիւնը, որի նախագահը ընտրեցին ինձ: Կազմակերպում էինք ուրախ երեկոներ, որտեղ ի շարս դաստիարակչական մշակութային ծրագրերի լինում էին նաեւ «ազատ պարեր»: Ծրագրի այս մասը նկատի էր առնւում բնականաբար, որպէս խայծ, աշակերտութեանը գրաւելու համար: Իմ դերը ընդհանրապէս ծրագրի առաջին մասում աւարտւում էր, իսկ երկրորդ մասում ինձ զգում էի աւելորդ եւ չգիտէի ինչ անել: Ծրագրերին ներկայ էին լինում նաեւ երէցները, դէ, որպէսզի ջահելները չափը չանցնեն:
 
ՍՊԱՀԱՆ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Միջնակարգը աւարտելուց յետոյ Աբադանի հայ կանանց միութեան նախագահ, երջանկայիշատակ Տիկ. Մանուշ Գէորգեանը,  ինձ առաջարկեց ուսումս շարունակել Սպահանի պետ. համալսարանի գրէթե նոր բացւած հայագիտութեան ճիւղում, խոստանալով բաւարար կրթաթոշակ: Ես, որ հիմնականում նիւթական դժւարութիւնների պատճառով, բնաւ յոյս չունէի համալսարան մտնելու եւ որեւէ քոնքուրի չէի մասնակցել, սիրով ընդունեցի առաջարկը, որը եւ պայմանաւորեց կեանքիս հետագայ ընթացքը:
Երեք տարի ուսանող էի Սպահանում եւ բնականաբար ապրում էի  Նոր Ջուղայում, որն իրապէս նոր էր ինձ համար: Մթնոլորտը շատ տարբեր էր Աբադանից: Այդքան հայ միատեղ ես չէի տեսել: Կարդացել էի Չարենցի «Երկիր Նայիրի» վէպը եւ շատ բաներով Ջուղան ինձ նման էր թւում Չարենցի Կարսին: Շատ-շատ եմ ափսոսում, որ Նոր Ջուղան չունի եւ հաւանաբար չունենայ իր վէպը: Այս բացը աւելի եմ զգում, երբ Ջուղայում ծնւած ու մեծացած մարդիկ սկսում են պատմել իրենց յուշերից:  Այդպիսի վէպ գրելու համար պիտի ամբողջութեամբ տեղացի լինես, պիտի ունենաս քո փողոցը, քո բակը, քո դպրոցը եւ այլն: Ինձ թւում է, որ տասնեակ տարիներ այստեղ ապրելով, Ջուղան էլ իմ քաղաքը չդարձաւ: Դրանով հանդերձ, եթէ երբեւիցէ գրելու լինեմ իմ յուշերը, Ջուղան անկասկած ամենաշատ տեղը կգրաւի այնեղ: Չեմ կարծում, որ այդ երեք տարւայ ընթացքում համալսարանից շատ բան սովորեցի, ամենանշանակալիցը երեւի այն էր, որ համալսարանում  մեզ թարգմանութիւն դասաւանդող  Դր. Մեսրոպ Բալայեանի յորդորներով սկսեցի «Նարեկ»-ի թարգմանութիւնը, որը տեւեց երկար տարիներ:
Այդ տարիներին կատարեցի նաեւ հայ բանաստեղծութիւնից իմ կարծիքով բառացի թարգմանութիւններ, որոնք հետագային գրեթէ նոյնութեամբ լոյս տեսան ուրիշի անունով:
 
ՓԱՐԻԶ
Համալսարանը աւարտելուց  յետոյ վերադարձայ Աբադան եւ մէկ ուսումնական տարի հայոց լեզու էի դասաւանդում միջնակարգում:  Ծնողներս Մասիսի հետ արդէն հաստատւել էին Սպահանում: Ամռան արձակուրդներն էի անցկացնում Սպահանում եւ մտածում էի մի այլ աշխատանք գտնելու մասին, երբ բոլորովին պատահաբար «Ալիք» օրաթերթում կարդացի մի յայտարարութիւն, ըստ որի, Թեհրանի բնակիչ պր. Անդրանիկ Յովհաննիսեանը հիմնել է կրթական ֆոնդ եւ մտադիր է երկու հոգու ուղարկել Փարիզ, սովորելու Պրոֆ. Ֆեյդիի դասաւանդած «Արեւելեան կենդանի լեզուների ինստիտուտում» : Անյուսօրէն մի դիմում ուղարկեցի եւ, ի մեծ անակնկալ ու ցնծութիւն ինձ համար, ստացայ դրական պատասխան: Ասեմ, որ հիմնադրամը գտնւում էր Թեհրանի առաջնորդարանի հովանաւորութեան տակ եւ իմ ընտրութեան լուրը անձամբ ինձ յայտնեց ժամանակի թեմակալ առաջնորդ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանը:
Փարիզում էի 1968-ի Սեպտեմբերին եւ ուղղակի դէմ առ դէմ ելայ այն ուսանողական հզօր շարժմանը, որը վերածւեց համաժողովրդական յեղափոխական շարժման:
Յեղափոխութեան գաղափարը, ինչպէս ասացի, ինձ այնքան էլ խորթ չէր: Այդուհանդերձ Փարիզեան շարժումը ինձ վրայ թողնում էր աւելի շուտ մի արտասովոր կարնաւալի տպաւորութիւն: Եղաւ, որ ամէն զգուշութիւն մի կողմ դրած մասնակցեմ ցոյցերին ու երթերին, որովհետեւ լինում էին ձերբակալութիւններ եւ արտաքսումներ, եթէ ձերբակալւածը օտարերկրացի էր: Այն, ինչ այդ օրերին կատարւում էր Փարիզի փողոցներում ուղղակի ոչ մի կապ չունէր ինձ հետ, բայց չափազանց հետաքրքիր էր որպէս երեւոյթ: Երբեք համոզւած չեմ, որ մինչ օրս էլ լրիւ հասկացել եմ կատարւածի իմաստը, բայց որ այդ իրադարձութիւններին թէկուզ միայն ականատես լինելը ինչ որ չափով յեղափոխել են նաեւ ինձ, դրանում կասկած չունեմ: Չմոռանանք, որ ես Փարիզ էի ընկել բռնապետական մի ռեժիմից, որն արեան մէջ խեղդել էր իր ժողովրդի ազատասիրական շարժումը, իսկ այստեղ յեղափոխութեան պարտութիւնն անգամ այլ երանգ ունէր: Շուրջ մէկ ամիս տեւած ընդհանուր գործադուլն ու ցոյցերը, բարիկադներն ու ոստիկանութեան հետ փողոցային բախումները, խանութների թալանն ու աւերածութիւնները անցան անարիւն:
Ֆրանսիայում ամենահեշտը համալսարան մտնելն էր, կարող էիր անվճար կերպով արձանագրւել որեւէ պետական ԲՈՒՀ-ում, իսկ ինձ համար առաջին դժւարութիւնը լեզուն էր, որը պիտի յաղթահարէի հնարաւորին չափ արագ: Ես ոչ մի բառ ֆրանսերէն չգիտէի: Ես ուզում էի ճանաչել ֆրանսական մշակոյթն ու գրականութիւնը, մանաւանդ նորն ու ժամանակակիցը, բայց, չերկարացնեմ, արդիւնքը եղաւ այն, որ ֆրանսերէնը դուրս մղեց անգլերէնը եւ դարձաւ իմ արտասահմանեան գրականութեան հետ առնչւելու առաջին լեզուն:
Ինստիտուտի եռամեայ շրջանը աւարտեցի1970-ին, որից յետոյ արձանագրւեցի նոյն ինստիտուտի դոկտորայի բաժնում, առաջարկելով  «Չարենցը եւ 20-30-ական շրջանի խորհրդահայ  գրականութիւնը», որպէս թեմա: Այստեղ իմ ղեկավար դասախօսն էր Սորբոնի համեմատական գրականութեան ամբիոնի հայազգի վարիչ Պրոֆ. Շարլ Դեդէեանը: Առաջին տարին աւարտեցի յաջողութեամբ: 1972-ի Յուլիսին, այսինքն ուղիղ չորս տարի յետոյ վերադարձայ Իրան, որտեղ ինձ առաջարկ եղաւ աշխատանքի անցնել Սպահանի համալսարանում, որը դասախօսի խիստ կարիք ունէր, խոստումներ եղան, որ ինձ հնարաւորութիւն կտան վերադառնալու եւ պաշտպանելու, բայց դա երբեք էլ տեղի չունեցաւ, որովհետեւ հայոց լեզւի եւ գրականութեան ճիւղը միշտ էլ դասախօսի պակաս ունեցաւ եւ ունի մինչեւ այսօր, եղել են ժամանակներ, որ այս բաժինը կանգնել է փակման վտանգի առջեւ, եւ ես եղել եմ ճիւղի միակ դասախօսը: Այս տարի լրացաւ ճիշտ քառասուն տարին, որ դասաւանդում եմ այնտեղ:
Ամուսնացել եմ Նոր Ջուղայում 1973 թւին Արաքս Խուդավերդեանի հետ, ունեմ մէկ տղայ, որի անունը դրել եմ Մաթիա: Դա իմ միակ հօրեղբօր եւ հօրս կողմից միակ հարազատի անունն է, որին տեսել եմ կեանքում ընդամէնը մի քանի րոպէ, Թեհրանի երկաթուղու կայարանում, երբ 46-ին գիւղից եկել էին ներգաղթելու Հայաստան:
 
ՀԱՅԱՍՏԱՆ 1991- 1994
Հայաստանը ինձ համար հոգեւոր իրողութիւն դարձաւ հէնց 46-ի ներգաղթից սկսած, ես, որ անվերջ որոնում եմ ամենավերացական բաների նիւթական հիմքը, մինչեւ օրս էլ չեմ կարողանում հասկանալ, թէ ինչպե՞ս Հայաստանը եկաւ ու բնակւեց իմ մէջ չորս տարեկանում: Արդէն ասացի, որ ոչ մի տեղի հետ հոգեկան կապւածութիւն չեմ զգացել: Երբ գնացի Ֆրանսիա, մինչեւ երկու- երեք ամիս երազում տեսնում էի, որ վերադարձել եմ Իրան, եւ սարսափած ու քրտնքի մեջ կորած քնից վեր էի թռնում: Մինչդեռ շատերը տառապում էին Իրանի կարօտախտով: Այդուհանդերձ Փարիզն էլ չդարձաւ իմ քաղաքը, գուցէ  հէնց այն պատճառով, որ ես ունէի իմ հոգեւոր հայրենիքը՝ Հայաստանը, որն էլի ինձանից աննկատ ստացաւ «սովետական» վերադիրը: Այդ Հայաստանը, ունէր նաեւ իր նիւթեղէն արտայայտութիւնը, դրանք գրքերն էին, որ ստացւում էին Թեհրանի «Սաքօ» գրախանութից, դա ռադիոն էր իր ուշ ժամի խռխռացող հաղորդումներով  ու մանաւանդ պատւէրով համերգներով, նկարներ, քնած, թէ արթմնի երազներ եւ , իհարկէ, ներգաղթից շուրջ տաս տարի յետոյ հօրեղբօրս ընտանիքից ստացւած առաջին եւ կարծում եմ միակ նամակը, մանուշակագոյն թանաքով դպրոցական տետրակի անորակ (քահի) թղթի վրայ: Բարեւ բացողին,/ Ջան կարդացողին,/ Տան կարդացողը/ Յիշի գրողին: Դէ՛, այդ ժամանակ տան կարդացողը ես էի, մեծ եղբայրս՝ Ասքանազը կարծում եմ աշխատում էր Ահւազում: Մի խօսքով, ես, էլի այս ամենով աննկատ ու աստիճանաբար դարձայ «հայաստանական», որը հայկական միջավայրում  նշանակում էր նաեւ «ձախ»:
Այդուհանդերձ, առաջին անգամ Հայաստանում եղայ 1991-ին, որպէս ԻԱՄՄ-ի պատւիրակութեան անդամ: Հրաւիրողն էր «Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէ»-ն, մեզ ընդունեց կոմիտէի առաջին տեղակալ՝ ընկեր, եթէ չեմ սխալւում, Ղազարեանը, որն իր խօսքն սկսեց ինքնաքննադատութեամբ, անցումային շրջանն սկսւել էր: Նա խօսքը առաջ էր տանում անցեալում սփիւռքի նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու եւ նոր ժամանակներում անցեալի սխալները շտկելու կապակցութեամբ: Տեսայ, որ շատ էր խորանում. նրան թիւրիմացութիւնից հանելու համար ասացի, ընկեր Ղազարեան, կը ներէք ընդհատելուս համար, բայց մենք «միւսներից» ենք: Անմիջապէս եղանակը փոխեց եւ սկսեց դրւատել «սփիւռքի հայրենասիրական կազմակերպութիւնների գործունէութիւնը, որոնք միշտ կանգնած են եղել Մայր Հայրենիքի կողքին» եւ այլն: Բոլոր դէպքերում մեզ լաւ ընդունեցին: Մէկ ամիս մնացինք «Դւին» հիւրանացում, մեզ տրամադրեցին մեքենայ, Կոմիտէի վարորդ Խալտուրը մեզ տարաւ բոլոր տեսարժան վայրերը: «Ներգաղթած Իրանահայերի Միութիւնը» մեզ հրաւիրեց «Աբովեան», «Րաֆֆի» դպրոցում հանդիպում  կազմակերպեցին քաղաքի բնակչութեան հետ, որոնց մեծամասնութիւնը նախկին իրանահայեր էին: Տպաւորութիւնս այն էր, որ շուրջ 50 տարի ներգաղթից յետոյ, նրանք դեռեւս իրենց կոմպլեքսաւորւած էին զգում, եւ սա դեռ Էդւարդ Մանարեանի նման կայացած դերասանի մակարդակում, որը միութեան նախագահն էր:
Տպաւորութիւններս շատ հակասական էին, բայց ընդհանուր առմամբ մեծ, շատ մեծ էր ուրախութիւնս: Ես իմ կարօտների երկրում էի, որը հող էր, ծառ էր,, տուն էր, մարդիկ էին: Երեւանը իմ երեւակայածից աւելի գեղեցիկ էի տեսնում:
Երկրորդ անգամ Հայաստան գնացի 94.6.23, 95 . 1.7 : կնոջս Արաքսի հետ: Դա մութ ու ցուրտ տարիներից մէկն էր, եւ մենք առիթը ունեցանք այն ճաշակելու: Ասեմ, որ իմ առաջին այցելութեան ժամանակ՝ 91-ի Սեպտեմբերին հանդիպել էի ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանեանին, որպէսզի կարողանամ դոկտորականս պաշտպանեմ այնտեղ: Համաձայնութիւն էր կայացել թեմայի շուրջ՝ «Չարենց», փոխանցել էի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ իմ հրատարակած յօդւածները թեմայի շուրջ, եւ այժմ Երեւան էի եկել, թէ որպէս Սպահանի Համալսարանի դասախօս- ստաժիոր եւ թէ պաշտպանութեան խնդիրը իրագործելու ակնկալիքով: Բայց, ի մեծ հիասթափութիւն ինձ, Գառնիկ Անանեանն ասաց, որ ես պիտի թեմաս փոխեմ, որովհետեւ Չարենցի մասին արդէն իսկ ամէն ինչ ասւած է, էլ դու ի՞նչ ես ուզում ասել: Դա, կարելի է ասել, իմ առաջին գործնական ծանօթութիւնն էր հայրենի իրականութեան հետ: Ես թեմաս չփոխեցի, այլ հրաժարւեցի նման  մտայնութեան տէր մարդու հետ ընդհանրապէս գործ ունենալու գաղափարից: Այս վեց ամիսները, ունեցայ այլ ծանօթութիւններ ու շփումներ, որոնց մասին հնարաւոր չէ խօսել այս նեղ շրջանակում, կարող եմ ասել միայն, որ հէնց այդ ամիսներին ծնւեցին իմ չորս երկար բանաստեղծութիւնները՝ «Երեւան 93», որը պիտի լինի 94, ես թւականը շփոթել եմ, «Վտարանդին», «Ուխտաւորները», «Այնուամենայնիւ»:
 
 
ՉԱՐԵՆՑ
Բացարձակապէս անգրագէտ մայրս, իմ շատ փոքր հասակից արտասանում էր «Ես իմ անուշ…»ը իր գրեթէ անաղարտ պահպանած գիւղական հնչերանգով: Հասկանալի է, ոչ նա գիտէր, եւ ոչ էլ ես, թէ դա ու՞մ բանաստեղծութիւնն է: Չարենցի հետ առաջին «պաշտօնական» հանդիպումներս տեղի ունեցան պատանի տարիներիս, մօրեղբօրս Հերոս Ստեփանեանի միջոցով, դա Հայաստանում Չարենցի հեղինակութեան վերականգնման տարիներն էին եւ մօրեղբայրս ստացել էր նրա երկերի ժողովածուի1954-ի հրատարակութիւնը: Բնականաբար կարդում էի առանց հասկանալու, բայց հասկանալու անհագ ցանկութեամբ: Զգում էի, որ Չարենցը Թումանեան չէ, որ նա ուրիշ է, եղաւ ժամանակ, երբ նա դուրս մղեց Թումանեանին իմ միջից, պարզ է, ժամանակաւորապէս, եւ մնաց միակը: Դրանում կարծում եմ որոշիչ դեր ունէր գաղափարախօսութիւնը:  Չարենցը յեղափոխական էր եւ բարձրաձայն յայտարարում էր այդ մասին, իսկ դա լիովին համընկնում էր իմ այդ օրերի տրամադրութեանը: Կար, իհարկէ, նաեւ խօսքի հմայքը: 
Մարդիկ եւ գաղափարախօսութիւնները գերադասում են ամէն ինչ պարզեցնել, լաւ – վատ, բարի -չար, արդար –անարդար, աջ-ձախ: Գուցէ եւ ամէն ինչ հէնց այդքան պարզ է, մանաւանդ, երբ հեռաւորութիւնից ես նայում: Լեռը ճանաչելու համար հարկաւոր է մօտենալ նրան, մագլցել բարձունքները, իջնել վիհերը, չափանցել մթին քարայրները:  Այդպէս էլ  աստիճանաբար խնդիրները բարդացան հէնց ինձ համար եւ ես իմ առջեւ խնդիր դրեցի մեր պատմութեան ամենաբարդ ու ողբերգական ժամանակաշրջաններից մէկը եւ այդ ժամանակն ապրած  բանաստեղծին ճանաչել միմեանցով: Աւելի շուտ հետախուզել բանաստեղծին իր ժամանակի մէջ, եւ ինչքան աւելի որոնեցի, այնքան նա դարձաւ անորսալի եւ գրաւիչ: Ամբողջ խորհրդային տարիներին հայ իրականութիւնը բնորոշւում էր էլի երկւութեամբ, ըստ որի, Չարենցը կամ կարող էր լինել բոլշեւիկ կամ ազգայնական ու մանաւանդ դաշնակցական, կամ «Ես իմ անուշ…) կամ «Լենինն ու Ալին»: Ես ինձ համար յայտնաբերեցի, որ Չարենցին «որսալը» դժւար է, որովհետեւ նախ նա ինքն է իր որսն ու որսորդը միաժամանակ, եւ որ նա իր այլակերպումներով  ինքն է խոյս տալիս այլոց հայեացքից, նրանց որսը չդառնալու համար: 1983-ին Թեհրանում  հրատարակեցի իմ «Ո՞վ է Չարենցը» գրքոյկը, այն անւանելով ներածութիւն: Այստեղ ես առաջ էի քաշում այն գաղափարը, ըստ որի, Չարենցը երկւութեան թակարդին հակադրում էր բազմաձեւութեան եւ յաւերժ այլութեան գաղափարը, որպէս ազատութեան գրաւական, բայց որ, թէ արտաքին, թէ ներքին կապանքները արգելակում էին վերջնական ազատագրումը:
 
ԱՆԱՊԱՏԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԵՒ ԴՐԱՆԻՑ ԱՌԱՋ
Բանաստեղծութիւններ սկսեցի փորձել 16-17 տարեկանում, կարողանում էի յանգեր կապել, գրում էի վերացական բաներ, օրինակ ազատութեան պայքարի մասին, փորձում էի նաեւ քիչ ,թէ շատ ինքնուրոյն թեմաներ: Առիթը ներկայացաւ, որ ծանօթացայ «Նոր Էջ»-ի շրջանակի հետ, մի քանի բան կարդացի, գովեցին, նոյնիսկ գտան, որ լաւ թեկնածու եմ շրջանակի համար, թէեւ նրանք բոլորն էլ արդէն միջին տարիքի մարդիկ էին: Դաւթարս տւեցի Դեւին, որի մէջ նշումներ է կատարել. Լաւ, վատ, բաւարար: մի քանի բան ուղարկեցի Բեյրութի «Շիրակ» ամսագրին, որոնք տպագրւեցին 66-67 թւերի երեք համարում, երրորդում լոյս տեսաւ նաեւ Լեւոն Դարբինեանի գովաբանական յօդւածը՝ երիտասարդ, տաղանդաւոր, խոստումնալից եւ նման որակումներով, բայց այդ գովեստը քաջալերելու փոխարէն սառը ջրի տպաւորութիւն թողեց ինձ վրայ, ու այլեւս ոչ մի տեղ ոչ մի բան չտպագրեցի, մինչեւ «Անապատի Ծաղիկներ» ժողովածուն 1981-ին: Այստեղ արդէն ես իմ ասելիքն ունէի, եւ ասել եմ, վախենում էի ասել, որովհետեւ ասելիքս դառն էր ու յոռետեսական: Այդ բանաստեղծութիւնների մի մասը գրւել էին Փարիզում, մի մասն էլ դրանից առաջ ու յետոյ: Դրանք գրւել են նաեւ երկար ընդհատումներով, դրա համար էլ ընդգրկող ժամանակամիջոցի համեմատ թւով քիչ են, բայց կարծում եմ հակառակ դրան նրանց մէջ պահպանւած է ասելիքի  միասնութիւնը: Այս գիրքը, ինչպէս եւ գուշակել եմ խորագրում, մնաց «ձայն բարբառոյ յանապատի»: Գրքի միակ լուրջ արձագանքը լսելի դարձաւ  տասնչորս տարի յետոյ: Գրախօսողը Վահէ Օշականն էր,«Ազդակ»-ում, որը, Տէրեանի խօսքերով ասած, լսել էր տագնապները իմ հոգու, եւ բաւականին բարձր էր գնահատել իմ բանաստեղծութիւնը: Նորվանն էլ, շատ աւելի ուշ, երբ ծանօթացանք, ասաց, որ գիրքը ժամանակին հետաքրքրել է Թեհրանի երիտասարդ բանաստեղծներին:
 
ՉԸՆԴՀԱՏՒՈՂ ԵՂԱՆԱԿ
Երկրորդ՝ «Չընդհատւող եղանակ» ժողովածուն բոլորովին այլ բնոյթի է: Այն ամբողջովին քնարական շնչով է գրւած: Հէնց այդ պատճառով էլ բառի եւ նրա բովանդակութեան կապը այստեղ աւելի անմիջական է թւում: Գիրքը լոյս տեսաւ Երեւանում, 1995-ին հազար օրինակով, որից մի 200-ը իմ ձեռքը հասաւ, իսկ մնացեալը հանգամանքների բերումով  ինչ որ ավտոտնակում մնաց անձրեւի տակ ու խմոր դարձաւ: Այս ժողովածուի առաջաբանը գրել է Գէորգ Էմինը, գրքի մասին գրեցին նաեւ Սուրէն Դանիէլեանը, Մետաքսէն եւ Վահէ Օշականը: Գէորգ Էմինը գրեց. «Հնդիկ մեծ բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորի… «Պարտիզպանը» գրքից յետոյ ես այսքան մաքուր, գեղեցիկ-վեհացնող եւ միաժամանակ մտերմիկ ու յուզիչ սիրոյ բանաստեղծութիւններ չէի կարդացել…»:
 
ԱՇԽԱՐՀԻ ԳԵՐԲԸ
Սա իմ բանաստեղծութիւնների երրորդ ժողովածուն է: Այն, հակառակ նախորդ երկու գրքերին, տարաբնոյթ է: Գիրքը կազմւած է երեք գլխաւոր մասերից՝ ցարդ գրքով չհրատարակւած գործեր եւ նախկին երկու գրքերից ընտրւած կտորներ: Մի տեսակ ստուգատես աւելի քան քառասուն տարւայ իմ բանաստեղծական մտածողութեան: Նոր գործերի մէջ ընդհանուր առմամբ կայ մի տեսակ վերադարձ «Անապատին», բայց կայ նաեւ որոշակի տարբերութիւն կամ զարգացում մանաւանդ «Վտարանդին», «Ուխտաւորներ», եւ «Այնուամենայնիւ» գործերի մէջ, որոնք ես համարում եմ մէկ ամբողջութեան երեք մասերը կամ «եռագրութիւն», որով ես փորձել եմ պատմել իմ հոգու պատմութիւնը: Նախկին գրքերից նմուշներ դրել եմ, որովհետեւ նախ նրանց հրապարակութիւնից շատ ժամանակ է անցել եւ երկրորդ, որ դրանք այնքան էլ կարդացւած չեն եղել: Դա չի նշանակում, որ այս վերջինի հետ մեծ յոյսեր եմ կապում. Փաստը այն, որ սա հրատարակել եմ ընդամէնը 300 օրինակով:
 
ԾԱՏՈՒՐՕՂԼԻ
 Իմ երգիծական մականունն է: Այս ժանրի մէջ գրել եմ նաեւ այլ մականուններով, բայց իբրեւ թէ թաքուն եմ պահում: Ծատուրը հօրս անունն է: Այս մականւան հետ հետաքրքրիր բան պատահեց: «Յոյս»-ը տպագրեց իմ  «Մերն ուրիշ է» բանաստեղծութիւնը, որը նախապէս տպագրւած էր Ծատուրօղլի ստորագրութեամբ, եւ որի վերջին տան մէջ ըստ աշուղական բանաստեղծութեան աւանդոյթի կար նոյն անունը, բայց «Յոյսը» թիւրիմացաբար այն տպագրեց իմ իսկական անունով, այսպիսով կասկածողներին էլ յայտնի դարձաւ Ծատուրօղլու ինքնութիւնը:
Երգիծանքով  ես ամենասերտ կապի մէջ եմ մտնում  ընթերցողի հետ եւ այս տեսակէտից տրտնջալու ոչ մի պատճառ չունեմ: Իմ « Ամերիկացի Փեսացուն» 50 բեմադրութիւն է ունեցել Ջուղայում, Շահինշահրում եւ Թեհրանում, բեմադրութիւնը դադարեցւել է հնարաւորութիւնների սղութեան պատճառով: 5 բեմադրութիւն եւս ունեցել է ԱՄՆ-ում: Մեծ հռչակ է վայելում նաեւ իմ գողացւած փեյքանի մասին գրած բանաստեղծութիւնը, Խաչատուր կեսարացու արձանի մասին գրւած «Վերջին տառը» եւ այլն:
Կարեւորը, որ ես այստեղ ամբողջութեամբ ազատում եմ ինձ գրական հայերէնի կապանքներից եւ գրում եմ, կարելի է ասել, պարսկահայերի խօսակցական լեզւով, ինչը չի յաջողւում լուրջ գրւածքների մէջ: Մի քիչ այլ է, երգիծական յօդւածների պարագան, որոնց մէջ գերիշխում է գրական լեզուն, համեմւած խօսակցական, երբեմն նաեւ պարսկերէն բառ ու բանով:
Յաճախ եմ  «Անապատի ծաղիկներ» ժողովածուն եւ «Փեյքանս տարան» ոտանաւորը  համեմատում միմեանց հետ եւ մտածում եմ գուցէ աւելի լաւ կանէի հէնց սկզբից դառնայի երգիծաբան աշուղ՝ թառով, քամանչով, երգով: Սիրում եմ մտերմիկ հաւաքներում  կատարել երգող, զւարճաբանի կամ թամադայի դերը:
 
ՆԱՐԵԿԱՑԻ
Արդէն ասացի, որ «Նարեկ»-ի թարգմանութիւնը սկսել եմ Սպահանի համալսարանում սովորելու տարիներին Դր. Մեսրոպ Բալայեանի առաջարկով: Լսել էի այդ գործի դժւարութեան մասին, բայց լսելը բաւական չէ ճիշտ պատկերացում կազմելու համար, որեւէ բանի մասին: Ինձ գործի մղողը մանկուց եկող այն գուցէ եւ մեծամիտ համոզումն էր, որ որոշ իմաստով ինձ ամէն ինչ յաջողւում է: 
Իսկ թէ ի՞նչ է ինձ համար «Նարեկ»-ը, կասեմ հետեւեալը: Եթէ Խորենացու «Պատմութիւնը» մեր աշխարհիկ պատմութեան գիրքն է, ապա Նարեկացու մատեանը մեր հոգեւոր պատմութիւնն է: Եթե Խորենացու պատմութիւնը աւարտւում է ողբով, ապա Նարեկացու մատեանը ամբողջութեամբ ողբ է: Այս տխուր տրամաբանութեամբ մեր երրորդ գիրքը հաւանաբար պիտի համարել Աբովեանի «Ողբ Հայաստանի»-ն, եւ սա մեզ պիտի լուրջ մտածել տայ, մանաւանդ, երբ այդ երեք գրքերի կողքին դնենք նաեւ Ե. Չարենցի գիրք ճանապարհին: Ես այլ առիթով էլ ասել եմ, որ Նարեկացու «Մատեան Ողբերգութեան»-ը Անիի անկման մարգարէութիւնն է: Այն ժամանակ, երբ Անին հազար ու մէկ եկեղեցիների քաղաք էր, Նարեկացին ողբում է մեր բարոյական անկումը, ինչը եւ շատ չանցած յանգեցրեց Անիի վաճառքին:
 
ՋՈՒՉԻ
2010- ի գարնանը Սպահանի Ժամանակակից արւեստի թանգարանում բացւեց իմ փայտեայ քանդակների ցուցահանդէսը «Ջուչի» անւանումով: Սա կարելի է ասել իմ «հոբին» է, հայավարի ասած՝ պարապ վախտի խաղալիքը,նկարիչ դառնալու իմ երազի իւրովի իրականացումը: Զանազան կենդանական եւ մարդկային ֆիգուրներ եմ պատրաստում ամբողջովին չմշակւած փայտի կտորներից:
Պիտի ասեմ, որ սա, ինչպէս ցանկացած խաղ, շատ հետաքրքիր եւ գրաւիչ զբաղմունք է: Բացարձակապէս անմիջական. ես կասէի զուտ ֆորմալիստական, երբ միայն տեսողութեամբ ընտրում ես բնութեան ստեղծած ձեւերը, միացնում իրար եւ ստեղծում նոր ձեւ, աւելի շուտ ձեւերն են , որ բոլորովին պատահական գտնում են միմեանց եւ միանալով դառնում են նոր, անակնկալ մի ձեւ:
ՀԱՖԵԶ, ԽԱՅԱՄ, ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԴԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ
Իրանը բանաստեղծութեան երկիր է, իրանցիները բանաստեղծական ժողովուրդ: Պարսկերէնով են ստեղծագործել բանաստեղծական խօսքի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Ֆերդոսին, Խայամը, Հաֆեզը, Սաադին, Մոլաւին եւ ուրիշներ: Հայաստանում յատկապէս սիրւած են Շամլուն, Ֆորուղը եւ Սեփեհրին: Անձամբ ինքս շատ բան եմ սովորել նրանցից: Անցեալ տարի իմ  եւ Շափուր Ալինեժադի թարգմանութեամբ լոյս տեսաւ Պարոյր Սեւակի բանաստեղծութիւնների մի փունջ, որը շատ լաւ ընդունւեց պարսիկ ընթերցողի կողմից:
Ինձ հիացմունք է պատճառում պարսից, թէ  դասական, թէ նոր բանաստեղծութիւնը:
Իրանական արդի բանաստեղծներից թարգմանել եմ Ահմադ Շամլու, Ֆորուղ ֆարրոխզադ, Ախաւան Սալես, Սոհրաբ Սեփեհրի եւ այլ բանաստեղծներից մի ժողովածու, որը տպագրութեան պատրաստ է արդէն մի երեսուն տարի: Դրանցից որոշ կտորներ տպագրւել են մամուլում: Շամլուից բանաստեղծութիւնների մի շարք 1994-ին ձայնագրւեց Երեւանի ռադիոյում Սարգիս Նաջարեանի եւ Նանա Աբաջեանի ընթերցմամբ, որը, ըստ բանաստեղծի տիկնոջ՝ Այիդայի վկայութեան, Շամլուն յաճախ մեծ հաճոյքով է լսել իմ կողմից նրան ուղարկւած ձայներիզը:
Ըստ երեւոյթին Օմար Խայամը հայերի կողմից ամենասիրւած եւ ամենաշատ թարգմանւած բանաստեղծներից է: Ես գիտեմ 16 անուն, որ հաւանաբար ամբողջը չէ: Ես դա համարում եմ Խայամի բանաստեղծութեան մատչելիութեամբ, նրա համամարդկային ամենահիմնական խնդրի՝ մահւան եւ դրանից բխող կենսասիրութեան թեմաների պարզ ու անմիջական մատուցմամբ, մասամբ նաեւ Ֆիտզջերալդի անգլերէն թարգմանութեան միջոցով Խայամի միջազգային ճանաչմամբ: Մինչդեռ գիտենք, որ Խայամական քառեակը Հայաստանում ծանօթ է եղել եւ թարգմանւել է միջին դարերում:
Բայց թէ ինչու՞ այդքան թարգմանութիւնից յետոյ կրկին ձեռք առայ նրա քառեակների թարգմանութիւնը, պատճառը ինքնահաւանութիւնն է, թէ տեսէք, ես աւելի լաւ կը թարգմանեմ: Անձամբ ինքս համոզւած եմ դրանում, նման կարծիք լսել եմ նաեւ ուրիշներից, բայց մէկը  դեռ չեղաւ, որ գրաւոր յայտնէր իր կարծիքը:
Ինչ վերաբերում է Հաֆեզին, ապա նա միշտ էլ ինձ թւացել էր անթարգմանելի: Իմ բազմաթիւ փորձերի ժամանակ հրաժարւել էի հէնց առաջին տողից:
Խայամի քառեակների թարգմանութիւնը բացեց իմ ճանապարհը, աւելի շուտ լեզուն: Դա իրապէս մեծ փորձութիւն ու փորձառութիւն էր ինձ համար: Իրապէս ստեղծագործական աշխատանք: Ամենակարեւորը այն, որ ես այդ գործով ինձ համար յայտնաբերում էի հայոց լեզւի անսպառ հնարաւորութիւնները այս երկու թարգմանութիւնների հիման վրայ:
 
«ՀԱՆԴէՍ»
«Հանդէս» եռամսեայ պարբերականի հետ սկսել եմ աշխատակցել  թերթի խմբագիր Վարուժ Սուրէնեանի առաջարկով եւ դա ես համարում եմ իմ գրական  կեանքի ամենաերջանիկ պահը: Մինչ այդ պայմանների բերումով հեռու եմ եղել որեւէ գրական շրջանակից: Սփիւռքի, թէ Հայաստանի մամուլում նիւթեր եմ տպագրել գրեթէ պատահական կերպով: Խօսքս յատկապէս գրական նիւթերի մասին է: Միշտ ներքին մի զգացողութեամբ  ցանկացել եմ, որ ձայնս լսւի իրանահայ մամուլից, որը, ինչպէս յայտնի է, երկար տարիներ սահմանափակւած է եղել միակ «Ալիք» օրաթերթով, իսկ այնուհետեւ նոր պայմաններում հրատարակւած թերթերը՝ «Փիւնիկ», «Արաքս» եւ այլն, աւելի շատ եղել են քաղաքական-հասարակական բնոյթի, հետեւաբար այդ թերթերում տպագրել եմ առաւելաբար հրապարակախօսական նիւթեր: «Հանդէս»-ը եղաւ այն միջավայրը, որտեղ ես արւեստի եւ գրականութեան առումով ինձ գտնում էի ինձ մօտ:
 
ԺԺԿ
Յեղափոխութիւնից յետոյ Նոր Ջուղայում բարձրացաւ ժողովրդական բողոքի ուժեղ ալիք, որը հիմնականում ուղղւած էր համայնքում դաշնակցականների միահեծան իշխանութեան: Շարժումը իր սկզբնական շրջանում կրում էր զուտ ինքնաբուխ բնոյթ, որին մասնակցում էր հիմնականում արհեստաւոր խաւը: Այնուհետեւ մի խումբ մտաւորականներ մտածեցին շարժումը դնել աւելի կազմակերպւած հունի մէջ, որից էլ ստեղծւեց ԺԺԿ-ն «Ժամանակաւոր ժողովրդական կոմիտէ»: Ես այս անւանակոչութեան մէջ դերակատար չեմ եղել, թէեւ համակրում էի շարժմանը եւ իմ հերթին ինքնակոչ առաքելութեամբ երկու այլ ընկերների ՝ Հրաչ Խաչատրեանի եւ Տիգրան Ղարախանեանի հետ կազմեցինք եռեակ եւ անւանակոչեցինք «ՀՐԱՏ»: Նպատակը նոյնպէս ժողովրդական շարժումը ուղղորդելն էր, չասելու համար ղեկավարելը: «ՀՐԱՏ»-ը իր մասին յայտարարութուն չարաւ, միայն մի երկու յօդւած ստորագրեց «Փիւնիկ» թերթում, իսկ ԺԺԿ-ի հրապարակ գալուց յետոյ մերւեց նրա հետ: Հրաչ Խաչատրեանը, ինչպէս գիտէք, ընտրւեց ԻԻՀ Խորհրդարանի առաջին նստաշրջանի պատգամաւոր, որը կարելի է բնորոշել որպէս շարժման մեծագոյն յաղթանակը:
ԺԺԿ-ն լուծարւեց ԻԱՄՄ-ի կազմաւորումից յետոյ, որը փաստօրէն իր ուսերին վերցրեց շարժման ղեկավարութիւնը:
 
«Յոյս» թիւ 134
7 Նոյեմբեր 2012
 

    Tags: , ,

    3 Responses to Ազատ Մաթեանը ըստ Ազատ Մաթեանի

    1. Mato Hakhverdian
      2012/11/22 at 4:58 AM

      Նախ ի սրտե շնորհավորում եմ Ազատ Մաթյանին` իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ նրան երկար տարիների առողջ ու բեղմնավոր կյանք: Ինձ միշտ էլ հիացրել է Ազատի մտավոր աշխարհը, բանաստեղծական ոճն ու ոգին և նրա հայրենասիրական կեցվածքը: «Անապատի ծաղիկները» բանաստեղծությունների հրաշալի ժողովածուն կարելի է դասել մեր գրականության գոհարների շարքում: Ցավոք առիթ չեմ ունեցել ծանոթանալու վերջին տարիներին նրա հրատարակած գրքերին:  Լավ կլիներ հղումներ լիներ այն գրախանութներին, որտեղից կարելի է գնել այդ գրքերը կամ էլ վաճառքի դնել գրքերի էլեկրոնային տարբերակը:
      Պարզապես մի ուղղում վերոհիշյալ ինքնակենսագրական հոդվածում տեղ գտած փոքր վրիպակի` «Փարիզում էի 1968-ի Սեպտեմբերին եւ ուղղակի դէմ առ դէմ ելայ…» – Փարիզի ուսանողական շարժումը տեղի է ունեցել 1968-ի մայիսին և իսկապես Ազատն այդ ժամանակ "Langues O"-ի ուսանող էր: 1968 թ. սեպտեմբերին ուսանողների և բանվորների զանգվածային բողոքները դադարել էին, չնայած որ դրանց հետքերը դեռ առկա էին:

    2. simon konarki
      2012/11/23 at 9:16 AM

      shat sireli azat jan nayetchi ko kensagrooyuoon
      chishten asoom mek ka  hazar arzhi  hazar ka mek charzhi  do ayt mekerishes
      yes parchenoomem vor ko nman harazat enker ounem.
       
      simon nazik.
       
       

    3. ARAMAIS Mirzakhanian
      2012/11/28 at 12:21 AM

       Սթոքհոլմի Արքայական Տեխնոլոգիական Ինստիտուտի  դասախոս,
      ԻԱՄՄ-ի և Ժամանակավոր Ժողովրդական Կոմիտեի վարչությունների նախկին անդամ՝
      դոկտոր Արամայիս Միրզախանյանի ողջույնի խոսքը:

      Սիրելի Ազատ  ,
                   
      Միանալով բոլորին, ջերմորեն ողջունունում եմ քո 70 –ամյա հոբելյանը, ցանկանալով քեզ ամենալավն ու բարին:

       «Մի՞թե « Անապատի ծաղիկները»  պետք է վերջինը լիներ…»:
       Ավելի քան եռեսուն տարի է, ինչ իմ մտքից չի հեռանում այս տողը, որը իմ հոդվածի խորագիրն է, գրված քեզ վրա արձակված ոճրամիտ կրակոցից անմիջապես հետո …

      Ի հեճուկս ոմանց, «Անպատի ծաղիկները»  ոչ միայն վերջինը չեղավ, այլ, ի ուրախություն բոլորիս,  դու այդ սակավաջուր պայմաններում, ջրեցիր ու դալար պահեցիր համաշխարհային գրականության  այնպիսի կաղնիների, ինչպիսիք են Խայամը, Հաֆեզը և Նարեկացին՝ հայ և հայ- իրանական գրականության մեջ քո համարձակ  խոսքը ասելով:

      Վերջին երկու աշխատություններդ՝ «Ո՞վ է Չարենցը» և «Աշխարհի գերբը»,  մեր սիրելի Հրաչը ինձ ուղարկեց:  «Ո՞վ է Չարենցը »  կարդացի և քեզ գրեցի իմ համեստ կարծիքը: Դու քո ուրույն տեսանկյունից ես դիտարկում Չարենցի անհասանելիությունը… Քո վերլուծությունների հետ թող վիճեն Չարենցագետները, և արդյունքում մենք ավելի կհարստանանք :
      «Աշխարհի գերբը», իր մեջ առնելով նաև «Անապատի ծաղիկներ» -ը , ուշագրավ «Ծաղկետոն » է…  Շնոհավոր ծաղկետոնը…

      Սիրելի Ազատ, քո կյանքի տարիները , թե՛ գրական- ուսուցչական, և թե՛ հասարակական- մշակութային աշխատանքների բնագավառում, բեղմնավոր ու հարուստ եղան՝ միշտ Հայրենիքի հետ, միշտ  աշխատավոր ու ստեղծարար  ժողովրդի կողքին, մշտապես նվիրված նրանց գործին :

      Արևշատության  մաղթանքներով և նոր ստեղծագործություննեի սպասումով:

      Քո եղբայր՝
      Արամայիս
      Սթոքհոլմ, 21 Նոյեմբեր, 2012

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *