Ալբերտ Քոչարեան. Ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում ունի

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրնահայ մարդու կեանքում:
 Մեր համայնքի կառավարման գործում Պատգամա-ւորական Ժողովը կարեւոր դեր ունի: Այն նախեւառաջ մեր բարձրագոյն օրէնսդիր մարմինն է, բայց օրէնքներ մշակելուց բացի, ունի նաեւ երեք այլ պարտականութիւններ: Այն նաեւ ծրագրող մարմին է եւ որպէս այդ, պիտի մտածի համայնքի ապագայի մասին եւ ծրա-գրեր մշակի դրա բարգաւաճման համար: Բիւջէյի քըննարկումը այդ կարգի գործերից մէկն: Նոյնպէս ՊԺ-ն է որոշում Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ այլ մարմինների անդամակազմը: ՊԺ-ը նաեւ վերահսկիչ մարմին է: Այն վերահսկում է Թեմական խորհրդի, եւ նրա ենթակայ մարմինների գարծունէութիւնը: Նոյնպէս ՊԺ-ը հանդիսանում է որպէս խորհրդատու մարմին, հարկ եղած պարագաներում, ի մասնաւորի յանձնաժողովների միջոցով առաջարկներ ներկայացնելով գործադիր մարմիններին:
Ի վերջոյ, Թեմակալ Առաջնորդը, ՊԺ-ը եւ Թեմական խորհուրդը պետութեան մօտ ներկայացնում են մեր համայնքը:
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ դաշնակցական եւ անկախ թեկնածուները, ի՞նչ դեր կարող են ունենալ ՊԺ-ում:
Այս հարցին պատասխանելու համար պիտի նկատի առնենք, որ, նախ ոչ բոլոր որոշումներն են, որ քւէարկութեամբ են տեղի ունենում: Ճիշտ միտքն ու տրամաբանութիւնը յաճախ իր գործն է անում է եւ ժողովականները այս հիման վրայ ընդունում կամ մերժում են մի տեսակէտ:
Երկրորդ, ոչ բոլոր հարցերի մասին է, որ կուսակցութիւնը նախապէս որոշում կամ դիրքորոշում  ունի: Դա նաեւ կարող է այն պատճառով լինի, որ հէնց կուսակցութեան մէջ էլ, տարակարծութիւն գոյութիւն ունենայ: Այն հարցերում, որ իշխող կուսակցութեան համակիր պատգամաւորները տարբեր տեսակէտներ են պաշտպանում, փոքրամասնութիւնը որոշիչ դեր է ունենում այս կամ այն տեսակէտի վաւերացման գործում:
Իհարկէ կան նաեւ նախապէս որոշւած խնդիրներ, որոնք մեծ տոկոս չեն կազմում: Այսպիսով, մի անկախ պատգամաւոր կամ փոքրամասնութիւն կազմող խումբ էլ կարող է կարեւոր դեր ունենալ որոշումների կայացման մէջ:
Չմոռանանք նաեւ, որ մի շարք կարեւոր որոշումներ կայացնելու համար, հարկաւոր է աւելի մեծ տոկոս, քան ներկայ պատգամաւորների պարզ մեծամասնութիւնը, այսինքն ներկաների կէսից աւելին: Օրինակ կանոնադրութեան փոփոխութիւնը պահանջում է ՊԺ-ի բոլոր անդամների երկու երրորդը (38 քւէ 56-ից), որը իշխող կուսակցութիւնը ցանկանում է ապահովել այս սահմանը:
Իսկ ընդդիմախօսները ներկաների ձայների մէկ չորրորդն ունենալով (14 քւէ 56-ից), կարող են մի օրակարգ առաջադրել, եւ անձամբ իմ ցանկութիւնն է, որ գալիք ընտրութիւններում փոքրամասնութիւնը կարողանայ ապահովել  այս չափը: Հաւատացած եմ, որ նոյնիսկ մէկ ընդդիմախօս (օպոնենտ) պատգամաւորի ներկայութիւնը ՊԺ-ում, կարող է իր չափով դեր ունենալ որոշումների կայացման գործընթացում:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Կարեւորն այն է, ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդիկ խրախուսւեն մասնակցելու ազգային մարմիններին, այդ թւում Պատգամաւորական Ժողովին: Այդ նպաստաւոր պայմաններից մէկը արդար ընտրութիւններն են: Երկրորդ, ազգային հնարաւորութիւնները, օրինակ սրահները, բեմերը եւ այլն, պիտի արդարօրէն տրամադրւիւի թեկնածուներին: Նոյնիսկ կարելի է իւրաքանչիւր թեկնածուին չնչին բիւջէ յատկացնել` իր ընտրական քարոզչութիւնը առաջ տանելու համար:
Ցաւօք որոշ բացասական երևոյթներ արգելք են հանդիսանում, որպէսզի մեր համայնքի ազգային ոգով լցւած մասնագէտներ եւ անկախ մարդիկ խուսափեն մասնակցել ՊԺ-ի ընտրութիւններին, նաև ականատես ենք եղել դէպքերի, որտեղ անկախ անձը հրաժարւել է առաջադրել իր թեկնածութիւնը, վախենալով, որ անտեղի պիտակաւորւի որպէս “հակառակորդ” կամ իր ունեցած ազգային դիրքը և պաշտօնը խաթարւի:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Այն իրականութիւնը, որ մեր համայնքում գոյութիւն չունեն զանազան կուսակցութիւններ, ունի երկու կարգի պատճառներ: Կան ներհամայնքային եւ արտահամայնքային պատճառներ:
Նախեւառաջ, մեր համայնքում չկան զանազան իրական քաղաքական գաղափարախօսութիւններ: Սփիւռքահայ գրեթէ բոլոր խմբակցութիւնների քաղաքական մտածողութեան հիմնական տարրը ազգասիրութիւն, ազգային գաղափարախօսութիւն և Հայկական հարցն է: Հետեւաբար կարիք չի զգացւում տարբեր կուսակցութիւններ հիմնելու, որոնք հիմնականում պիտի կազմաւորւեն քաղաքական միմեանցից տարբեր գաղափարախօսութիւնների վրայ: Ուստի նման դէպքում ժամանակի ընթացքում ստեղծւում է մի քաղաքական ուղղութիւն եւ նրան անդրադարձող մի քաղաքական շրջանակ:
Երկրորդ` չկան նիւթական հնարաւորութիւններ: կուսակցութիւնը կենտրոնատեղի կարիք ունի, կան նաեւ ընթացիկ եւ այլ տեսակի ծախսեր, որոնց հայթայթելը հեշտ չէ: Այս հարցում պէտք է չմոռանանք, որ մեր համայնքում պատմականօրէն ազգային հնարաւորութիւնները, տարբեր մեխանիզմներով յատկացւել են իշխող կուսակցութեան ու նրան ենթակայ միութիւններին և ժամանակի ընթացքում ընդդիմադիր խմբերը զրկւել են ազգապատկան բոլոր տեսակի հնարաւորութիւններից:
Սակայն բոլոր խոչընդոտները չեն վերաբերում համայնքի ներքին գործօններին: Կուսակցութիւն հիմնելը հնարաւոր է միայն մեծ քաղաքականութեան շրջանակներում: Մեր պարագային դա սերտօրէն կապ ունի երկրի ներքին քաղաքական դրութեան, Իրան-Հայաստան յարաաբերութիւնների և տարածաշրջանի քաղաքական դաշտի պայմանների հետ:
 
ԹՀԹ ՊԺ-ի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Խիստ հաւատացած եմ, որ մամուլը ամէն տեղ պիտի ներկայ լինի: Դա խօսքի ազատութեան առաջին սկզբունքներից է: Բացառութիւններ, իհարկէ կը լինեն, օրինակ, երբ հարկ կը լինի մի որոշակի հարցի շուրջ դռնփակ բանակցութիւններ լինեն:
Մամուլի ներկայացուցիչների ներկայութիւնը պատճառ է դառնում ՊԺ-ի նիստերն աւելի լուրջ դառնան: Նրանց ներկայութեամբ պատգամաւորները աւելի պատասխանատու են արտայայտւում, քանի որ նրանց խօսքերը կարող են արձագանք գտնել թերթերում: Պատգամաւորները աւելի մտածւած են խօսում եւ ժողովը աւելի սահուն է ընթանում:
Հիմա ժողովուրդը ՊԺ-ի դիւանի պաշտօնական հաղորդագրութիւններից բացի, նաեւ մամուլի միջոցով կարող է տեղեակ լինել, թէ ինչ է անցնում պատգամաւորական ժողովում:
 
«Յոյս» թիւ 133
24 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *