Էմիլ Մնացականեան. Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում:
14-րդ Պատգամաւորական Ժողովը իր քառամեայ գործունէութեան շրջանում յաջողեց յանձնաժողովների դրւածք առաջացնելով, ստեղծել այն ենթակառոյցը, որով պէտք է հնարաւոր դառնայ կազմել հեռա-նկարային ծրագրեր համայնքի ղեկավարման համար և ազդեցիկ հսկողութիւն ունենալ նրանց գործադրութեան վրայ:  Սակայն նոր դրւածքի ձեւաչափում պահանջւում է աւելի աշխոյժ գործունէութիւն և աւելի բարձր ներդրում պատգամաւորների կողմից: 14-րդ Պատգամաւորական Ժողովը իր լաւագոյնը փորձեց ներդնել, սակայն բարձրագոյն արդիւնքների հասնելու հեռանկարով է, որ կարևորութիւն է ստանում յառաջիկայ շրջանի ընտրութիւնները: Քւէարկութեան արդիւնքում, համայնքի լաւագոյն ուժերին Պ.Ժ.-ի կազմում ներգրաւելով  կարելի է ականատես լինել համայնքի ապագային առնչւող ծրագրերի կազմաւորման, որոնք իրենց ազդեցութիւնը կունենան իւրաքանչիւր իրանահայ հայրենակցի կեանքում:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ դաշնակցական եւ անկախ թեկնածուները, ի՞նչ դեր կարող են ունենալ ՊԺ-ում:
Կուսակցութիւնների և խմբակցութիւնների ներկայութիւնը Պ.Ժ.-ում դրական կարելի է համարել այն առումով, որ զգայուն խնդիրների շուրջ իւրաքանչիւրն իր հիմնաւորումները կարող է ունենալ, որոնք քննարկւել են ժողովից դուրս: Այս կարգի քննարկւած մտքերի բախումը ժողովում` կարող է ապահովել ժողովի ճիշտ կողմնորոշումը և լաւագոյն որոշումների կայացման գործնթացը: Անցեալ շրջանում, տարբեր հարցերի շուրջ ստեղծւել են խմբաւորումներ և տեղի են ունեցել մտքերի բախում, որոնք օգտակար են հանդիսացել:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Միութիւնները իրենց յարկի տակ կարող են կազմակերպել միութենական հանդիպումներ եւ խորհրդակցութեան դնել այս հարցը:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Անցեալի օրինակով գաղափարական տարանջատում գոյութիւն չունի համայնքի մէջ: Կան տարակարծութիւններ համայնքային խնդիրների շուրջ միայն, որի համար կազմւում են  խմբաւորումներ և դա բաւարարում է համայնքի պահանջներին: Խմբաւորումները կարող են վերածւել կուսակցութիւնների միայն բնական ընթացքով ա’յն ժամանակ, երբ գոյութիւն կունենայ ենթահողը և համայնքն ինքը դրա պահանջը կզգայ: Արհեստականօրէն ստեղծւած կուսակցութիւնները չեն գոյատևում ընդհանրապէս:
 
ԹՀԹ ՊԺ-ի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Դրական էր այն առումով, որ պատգամաւորները այլեւս իրենց փակ դռների հետեւում չէին տեսնում և դա օգնեց ժողովին աւելի պատասխանատու զգալ համայնքի առջեւ: Կատարւած տեղեկատւութեան արդիւնքում համայնքը նաեւ կարողացաւ մասնակից լինել հարցերի զարքացման  ընթացքին  եւ ինչ որ չափով բաւարարւած զգալ իրեն:
 
«Յոյս» թիւ 133
24 Հոկտեմբեր 2012

 

    Tags: , , , ,