Ռուբիկ Սարդարեան. Առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելն է

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Որն է այդ ընտրութիւնների կարորութիւնը: ՊԺ-ի որոշումներն ի՞նչ նշանակութիւն ունեն իրանահայ մարդու կեանքում:
Համայնքի բարձրագոյն մարմնի ընտրութիւնները, կարծում եմ, ամենակարեւոր և դերակատար ընտրութիւններն են մեր համայնքի կեանքում: Իւրաքանչիւրիս պարտքն է լուրջ վերաբերւել եւ պահանջատէր լինել: Ազգային բոլոր գործադիր մարմինները ընտըրւում են Պատգամաւորական Ժողովում, կրթական և դպրոցների հարցերը քննարկման նիւթ են դառնում ՊԺ-ում: Համայնքի ներկայի և ապագայի մտահոգիչ հարցերը կարող են ՊԺ օրակարգում ընդգրկւել եւ որոշումներ կայացւեն այդ հարցերի շուրջ, որոնք մեծ ազդեցութիւն կարող են ունենալ մեր համայնքի կեանքում: Համայնքի ապագայի հարցերն ու ընդհանուր ռազմավարութիւնը իր վերջնական հաստատումն է ստանում այդտեղ:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւում այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ դաշնակցական  եւ անկախ թեկնածուներն  ի՞նչ դեր կարող են խաղալ ՊԺ-ում:
Նախ` մենք չպէտք է մեղաւոր փնտրենք այս հարցում, ոչ դաշնակցականների ու անկախականների առաջնահերթ խնդիրը միմեանց հանդուրժելն ու իրար հետ համագործակցելը, ինչպէս նաև միասնական ճակատով հանդէս գալը,  դեմոկրատ լինելն ու ակտիւութիւն ցուցաբերելն է: Դուք եթէ ՊԺ-ի անցեալ 12 տարւայ պատմութիւնն ուսումնասիրէք, կը տեսնէք, որ փոքրամասնութիւնը ևս ունենում է իր դերը: Այն տերմինները, որոնք օգտագործում էին ոչ դաշնակցականները և բորբոքման պատճառ էին դառնում ՊԺ-ում, օրինակ` թափանցիկութիւն, ժողովրդավարութիւն, հանդուրժողականութիւն և այլն, հիմա օգտագործում են ՊԺ-ի  բոլոր անդամները: Անցեալում յանձնախմբեր կեանքի կոչելը դիմադրութիւն  էր առաջացնում, սակայն հիմա նորմալ երեւոյթ է համարւում: ՊԺ-ում դաշնակցութեանը համակրող անդամներին չպէտք է միատարր ու միատեսակ դիտել, նրանք էլ վերջապէս սրտցաւ ազգայիններ են  ու շատ իրականութիւններ տեսնում ու շօշափում են: Նրանց աչքերը փակ չեն և նստած չեն սպասում միայն հրահանգներ կատարելու: Դուք նայէք Թունեան դպրոցի  հարցի կապակցութեամբ տարբեր դիրքորոշումների առկայութեանը, որոնք ցուցաբերում են կուսակցութեան տարբեր անդամներն ու համակիրները: Սա մի կուսակցութեան զարգացման նշաններից կարող է համարել, յոյսով ենք դաշնակցութիւնը զարկ կը տայ դինամիկ մօտեցմանը իր կուսակցութեան կառոյցներում և կը փրկի կուսակցութիւնը լճացումից: 
Շատ է պատահել, որ ոչ դաշնակցականները որո-շիչ դեր են խաղացել տարբեր դիրքորոշումներում, նրանք մասնակցում են բոլոր յանձնաժողովների աշխատանքներին: Այս բոլոր հարցերը մի կողմ դրած, որևէ հաւաքականում ընդդիմադիր ուժի առկայութիւնը ապահովում է այդ հավաքականութեան առողջ և դինամիկ մթնոլորտը:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների և անկախ անձանց մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Նախ` մեր համայքնի գործադիր մարմին` Թեմական խորհուրդը պէտք է առանց որեւէ խտրականութեան վերաբերւի իր համայնքի բոլոր անդամներին ու կառոյցներին: Ներկայիս Թեմական խորհուրդը եւ յատկապէս նրա նախ նախագահ` պրն.  Էդւարդ Բաբախանեանը շատ լաւ  են ըմբռնում եւ լաւ մօտեցում են ցուցաբերում այդ հարցում: Էդւարդ Բաբախանեանը տարբեր գործերով ցույց է տւել, որ խտրականութիւն չի դնում համայնքի տարբեր կառոյցների միջեւ: Միւս կողմից հէնց իրենք` այդ խմբակցութիւններն ու անկախ անհատները պէտք է հետաքրքրութիւն ցուցաբերեն ու ակտիւ մասնակցութեան ցանկութիւն դրսեւորեն համայնքի տարբեր աշխատանքներում: Երբեմն, դժբախտաբար, այդ կառոյցները կամ անհատներն իրենց պասիւութիւնը արդարացնելու համար մեղադրում են ազգային կառոյցներն ու դրւածքը:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Շատ պարզ է, որովհետեւ ուրիշ կուսակցութիւնների համակիրներ ու անդամներ կազմակերպւած կառոյցներ  չկան: Աւանդական կուսակցութիւնները կարող են համայնքում ծանօթացնեն իրենց ծրա-գրերին և գաղափարախօսութեանը, սակայն կարծես ներկայ պայմաններում ժողովուրդը այնքան էլ չի հետաքրքրւում կազմակերպւած քաղաքական աշխատանքներով: Սակայն սա չի նշանակում, որ համայնքում չկան տարբեր կուսակցութիւններին համակրող մարդիկ: Կարծում եմ, ներկայ պայմաններում միայն դեմոկրատական քաղաքական սկզբունքների հիման վրայ  է հնարաւոր համայնքում կազմակերպւած քաղաքական ու ազգային աշխատանքներ ծաւալել և դա համայնքի զարգացման ցուցանիշներից մէկը կը լինի: Դուք էլ, որպէս լրատւամիջոց, այդ  կապակցութեամբ պարտականութիւններ ունէք. այստեղ չպէտք է պահպանողական կամ միակողմանի դիրքորոշում ցուցաբերել:
 
Թ.Հ.Թ. ՊԺ-ի վերջին նիստերին լրատւամիջոցների  ներկայացուցիչները նոյնպէս մասնակցում էին: Ինչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Ոչ բաւարար: ԶԼՄ-երի բացակայութիւնը շատ էր: Համայնքի տարբեր կարևոր հարցերին հետևողական մօտեցումները բացակայում էին ՊԺ-ի նիստերի մասնակից ԶԼՄ-երի մօտ: Միգուցէ մեր մամուլը այնքան էլ էներգիա և ժամանակ չունի տրամադրելու այդ հարցերին, սակայն իրավիճակը դա է պահանջում: ՊԺ-ում արծարծւած տարբեր հարցեր երբեք չեն արտացոլւել մամուլում, կամ էլ շատ ընդհանուր և մակերեսայնօրէն են ներկայացւել: Մեծ պայքար է գնացել մամուլի ներկայութեան իրաւունքը ձեռք բերելու համար, բայց իմ կարծիքով մամուլը չի կարողացել իրեն արդարացնել, յատկապէս ոչ դաշնակցական մամուլը: Այստեղ լրատւամիջոցների սակաւաթիւ  լինելու պատճառով, կարծում եմ, պէտք է տեղ տրւի նաեւ կայքէջներին, որոնց թիւը շատ չնչին է: Յուսով եմ, դրա համար էլ պայքարի անհրաժեշտութիւն չի զգացւի եւ ապագայ Պատգամաւորական Ժողովը եւ յատկապէս ապագայ ՊԺ-ի դիւանը այդ անհրաժեշտութիւնը կզգայ:
 
«Յոյս» թիւ 133
24 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *