Ռոբերտ Մարգարեան. Պատգամաւորը պատասխանատու է ժողովրդին

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺ-ի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ:
Համաձայն Թեհրանի հայոց թեմի կանոնադրութեան Պատգամաւորական ժողովը համարւում է թեմի բարձրագոյն մարմինը, որը ընտրում է Թեմական խորհրդին, Կրօնական խորհրդին, Հաշւեքննիչ մարմնին, հաստատում է դրանցից բխող տարբեր մարմինների ու յանձնախմբերի կազմերը, վաւերացնում է տարեկան բիւջէն և վերահսկում է իր ընտրած մարմինների գործունէութիւնը և իւրաքանչիւրի գործունէութեան շրջանի աւարտին իր գնահատականն է տալիս նրանց բարոյական ու նիւթական գործունէութեանը: Կանոնադրութեամբ Պատգամաւորական ժողովին վերապահւած այս պատասխանատւութիւնները բաւարար են ընդգծելու համար դրա նշանակութիւնը: Պատգամաւորական ժողովը համարւում է նաեւ Հայոց Առաքելական Ս. եկեղեցու ժողովրդավարական հիմքերի լաւագոյն դրսեւորումը, որի միջոցով հնարաւորութիւն է ստեղծւում թեմի ղեկավարման գործին ժողովրդի մասնակցութեան և դերակատարութեան համար: Միեւնոյն ժամանակ համաձայն չեմ այն տեսակէտին, որը  Պատգամաւորական ժողովը նոյնացնում է տարբեր համակարգերում աշխատող օրէնսդիր մարմիններին եւ նրան ներկայացնում է, որպէս «Թեմի Օրէնսդիր-ը: Պատգամաւորական ժողովի և տարբեր համակարգերի օրէնսդիր մարմինների միջեւ ընդհանուր եզրեր փնտրելու ձգտումը տեղի է տալիս Պատգամաւորական ժողովից անտեղի ակնկալիքների, որոնց իրագործումը երբեմն ոչ միայն դուրս է գտնւում կանոնադրութեամբ յիշեալ ժողովի համար սահմանւած պարտականութիւնների ու լիազօրութիւնների սահմաններից, այլեւ կարող է խոչընդոտել միւս մարմինների, այդ թւում Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի և Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան սահուն ընթացքը:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺ-ում եւ դա նշանակում է, որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչ-դաշնակցական եւ անկախ թեկնածուները, ինչ դեր կարող են ունենալ ՊԺ-ում:
Թէեւ ընտրութիւնների սեմին համայնքում գործող միութիւնների կողմից ներկայացւում են պատգամաւորական ցանկեր, սակայն իրականութեան մէջ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնները անց են կացւում ոչ թէ համամասնական , այլ մեծամասնական կարգով: Այլ խօսքով ժողովուրդը քւէարկում է ոչ թէ հրապարակւած ցանկերին, որոնք ներկայացնում են ինչ-որ կուսակցութիւն, խմբաւորում կամ հոսանք, այլ ուղղակի իր ձայնը տալիս է ցանկացած թեկնածուին: Հետեւաբար ընտրւած պատգամաւորը իրեն պատասխանատու է զգում ոչ թէ իրենց պաշտպանած միութեանն ու խմբաւորմանը, այլ ժողովրդին, ինչը երաշխաւորում  է նրա անկախութիւնը: Հակառակ այն սխալ ենթադրութեան, որ Պատգամաւորական ժողովը  քւէարկում է այն հարցերի մասին, որոնց շուրջ նախապէս արդէն որոշում է կայացւել, Պատգամաւորական ժողովը աշխատում է ինքնուրոյն կերպով եւ տարբեր հարցերի ու խնդիրների մասին տալիս է իր սեփական գնահատականը: Բարեբախտաբար վերջին շրջանում Պատգամաւորական ժողովի նիստերին ներկայ գտնւած մամուլի ներկայացուցիչները կարող են վկայել, որ ժողովներում արծարծւած տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ բուռն քննարկումներ են ծաւալում երբեմն նոյն ցանկի միջոցով հովանաւորւած պատգամաւորների միջեւ եւ յանգում այնպիսի լուծումների, որոնք անպայմանօրէն  չեն ներկայացնում ցուցակը պաշտպանած միութեան կամ խմբաւորման տեսակէտն ու ցանկութիւնը:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին միշտ էլ մասնակցութեան հնարաւորւթիւն են ունեցել անկախ և տարբեր խմբակցութիւնների հարող թեկնածուներ: Նախ պիտի շեշտել տարբեր թաղերի միութիւնների կողմից ներկայացւող ցանկերում գտնւող թեկնածուների մեծ մասը անկախ գաղափարներ ներկայացնող ճանաչւած ազգայիններ են, որոնք միշտ չէ, որ անդամակցում են որեւէ կուսակցութեան կամ միութեան: Միութենական ցուցակներով պաշտպանւած թեկնածուները բնականաբար ունեն քարոզչութեան աւելի լայն հնարաւորութիւն, բայց դա չի խանգարում միւս ազգայիններին  ներկայացնելու իրենց թեկնածութիւնը և օգտւելու օրէնքով սահմանւած հնարաւորութիւններից: Օրինակ թաղային ենթայանձնաժողովները հաւասար պայմաններում ներկայացնում են բոլոր պատգամաւորներին և թաղի եկեղեցում կամ որեւէ այլ սրահում ժողովրդային հանդիպման ժամանակ քարոզչական հաւասար պայման են ստեղծում անկախ թեկնածուների համար: Նաեւ նկատի առնելով  նախորդ շրջանի ընտրութիւններում` յատկապէս Ս. Գրիգոր Լուսաւորիչ ելեղեցու շրջանում, անկախ թեկնածուների ծաւալած քարոզչական լայն գործուէութիւնը ու նաեւ շահած ձայները չի թւում, թէ նման անձանց կամ խմբակցութիւնների մասնակցութեան  ճամբին կան արգելքներ, որոնց վերացնելով պիտի խրախուսել նրանց մասնակցութիւնը:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Ելնելով Իրանի քաղաքական պայմաններից և գործող օրէնքներից բնականաբար իրանահայ համայնքում իրենց ցուցանակներով հանդէս չեն •ալիս կուսակցութիւնները, բայց դա չի խանգարում, որպէսզի իրենց գործունէութիւնը ծաւալեն տարբեր կուսակցական գաղափարախօսութիւնների հաւատարիմ հաստատութիւններ, միութիւններ ու ԶԼՄ-ներ: Այսօր մեր համայնքում ՀՅԴ գաղափարախօսութիւնը ներկայացնող «Ալիք  հաստատութեան, տարբեր միութիւնների, «Ալիք օրաթերթի ու «Հայելի կայքէջի կողքին աշխատում են նաեւ այլ գաղափարախօսութիւնների ու տեսակէտների հետեւող շուրջ մէկ տասնեակի հասնող միութիւններ, խմբաւորումներ ու ԶԼՄ-ներ, ինչը պերճախօս վկայութիւնը կարող է լինել իրանահայ համայնքի իրական դիմագծի: Իսկ եթէ տարբեր ընտրութիւններում յաղթանակ են տանում ՀՅԴ-ին հարող միութիւնների պաշտպանած թեկնածուները եւ հետեւաբար յիշեալ միութիւնների թեկնածուները մեծամասնութիւն են կազմում Պատգամաւորական ժողովում դա ոչ թէ միւս թեկնածուների համար քարոզչութեան ու գործունէութեան դաշտ գոյութիւն չունենալու, այլ ժողովրդից հաւաքած ձայների և նրանց ինչ-որ չափով աւելի ակտիւ գործունէութան ու վայելած համակրանքի արրդիւնքն է: (Ի դէպ պէտք է յիշեցնեմ, որ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների որոշ շրջաններում տարբեր թաղամասերում մեծամասնութեան պատկերը տարբեր է եղել: Օրինակ` 13-րդ շրջանում «Սրբոց Թարգմանչաց», իսկ 14-րդ շրջանում «Ս. Գիրգոր Լուսաւորիչ» եկեղեցու պատգամաւորների պատկերը, որը մէկ անգամ գալիս է հաստատելու, որ վերջին խօսքն ասում է «Ժողովրդի ձայնը:)
 
ԹՀԹ ՊԺ-ի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Պատգամաւորական ժողովի նիստերին մամուլի ներկայացուցիչների մասնակցութիւնը համարում եմ 14-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի կարևոր նւաճումներից մէկը: Ժողովուրդը ընտրելով Պատգամաւորական ժողովը իրաւունք ունի տեղեկանալու նրա տարած աշխատանքների ու գործէութեան, ինչպէս նաեւ նիստերի ընթացքի մասին: Տարիներ շարունակ Պատգամաւորական ժողովը ժողովրդին կապող կամուրջը պաշտօնական հաղորղագրութիւններն են եղել: 14-րդ Պատգամաւորական ժողովը որոշեց այդ դերակատարութիւնը վստահել ժողովրդի ներկայացուցիչը համարւող մամուլին, հնարաւորութիւն տալով, որպէսզի մամուլը սոսկ լրատւութիւն կատարելուց բացի նաեւ իր ցանկացած դիտանկիւնից նայի ներկայացւած հարցերին ու կատարւած քննարկումներին:
Այդ կապը ժողովրդին հնարաւորութիւն է տալիս հետեւելու իր ընտրած պատգամաւորների գործունէութեանը և հեշատացնում յաջորդ ընտրութիւններին իր վստահւած անձանց ընտրութիւնը: Միեւնոյն ժամանակ ցաւով պիտի արձանագրեմ, որ չնայած նախկինում նիստերին մամուլի ներկայացուցիչների մասնակցութեան անհրաժեշտութեան մասին յաճախ հնչեցւած կոչերին, նման հնարաւորութիւն ստեղծւելուց յետոյ միայն «Ալիք օրաթերթի թղթակիցն է գրեթէ բոլոր նիստերին ներկայ եղել եւ յաճախ զգացւել է քննադատի դերում հանդէս եկող մամուլի ներկայության բացակայությունը:
 
«Յոյս» թիւ 132
10 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *