Մովսէս Քէշիշեան. Կուսակցութիւններ միայն հայրենի հողի վրայ

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ:
Պատգամաւորական ժողովը մեր համայնքի բարձրագոյն եւ օրէնսդիր մարմինն է, որտեղ կայանում են Թեհրանի հայոց թեմին վերաբերող կարեւորագոյն որոշումներ` թեմի առաջնորդ ընտրելուց եւ ազգային բիւջէի բաժանումից սկսած մինչեւ եկեղեցիների, դպրոցների եւ ազ•ապատկան այլ կառոյցների եւ կալւածների կառավարման վերաբերեալ ճշտւող քաղաքականութիւն:
Ընտրութիւնների կարեւորութիւնը անմիջականօրէն կապակցւած են ՊԺ-ի  համայնքային կեանքում ունեցած դերակատարութիւնից: Եթէ այդ մարմնի որոշումները եւ այդ որոշումներից բխած հետեւանքները դրական լինեն, կունենանք ծաղկուն համայնք, եթէ բացասական լինեն` կունենանք դասալիք, յուսահատ, անտարբեր կամ պառակտւած համայնք:
Համայնքը առողջացնելու համար, պէտք է ձեւաւորել ՊԺ, որի անդամները յարաբերական առումով լինեն բանիմաց, մտային պաշարի տէր եւ երկխօսութիւն ունենալու ունակութիւն` մշակոյթ: Դա, իհարկէ, չի կայանալու մէկ օրով, բայց ապահովելու համար նման գործընթաց եւ ուղի, ՆԱԽԱՊԱՅՄԱՆ է, որ նախ եւ առաջ կայանան առողջ ընտրութիւններ: Համայնքում, կարելի է սերմանել, սէր, հանդուրժողականութիւն, համայնքային հարցերի նկատմամբ հետաքրքրութիւն, հոգատարութիւն եւ նւիրում, երբ ցանկութիւն եւ համապատասխան կամք դրսեւորւի առանց խտրականութիւնների եւ խախտումների արդար ընտրութիւններ կայացնել: Նման գործին վաղուց է կարօտում մեր համայնքը, որի սկսելու համար պէտք է ստեղծւի համապատասխան մթնոլորտ: Այդ մթնոլորտի ձեւաւորման մէջ, համոզւած եմ, որ բարոյական մեծ ներդրում կարող է ունենալ թեմիս Առաջնորդը:
Մենք` բոլորս, որպէս համայնքի մասնիկ, որի կեանքի վրայ տարածւում է ՊԺ-ի որոշումները պարտականութիւն ունենք, օժանդակել, սատարել, նման մթնոլորտի եւ գործընթացի կայացման համար: Նմանպէս պարտականութիւն ունենք մասնակցել այդ կառոյցի ընտրութիւններին եւ արտայայտել տեսակէտ:
Առանց առողջ ընտութիւնների, ամեն ինչ լինելու է ձեւական եւ շարունակւելու է հին ճահճացած իրադրութիւնը, վնասակար լարւածութիւնը եւ անհանդուրժողական մթնոլորտը: Հայությունը՝ ընդհանրապէս եւ Իրանահայութիւնը՝ յատկապէս, ոչ մի շահ չունեն պառակտումներից: Այլ բան է պառակտումը, ուրիշ բան տեսակէտների բազմազանութիւնն ու տարբերութիւնը:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺում եւ դա նշանակում է, որ ՊԺում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչդաշնակցական եւ անկախ թեկնածուները, ինչ դեր կարող են ունենալ ՊԺում:
Առողջ ընտրութիւնների արդիւնքում, արդիւնքները պէտք է յարգւեն բոլորի կողմից, իսկ ՊԺ-ում ընտրւողները պէտք է լինեն առնւազն այնքան խոհեմ, որ գիտակցեն, որ ընտւելուց անմիջապէս յետոյ, իրենք այլեւս համայնքի եւ ոչ միայն իրենց ընտրազանգւածի ներկայացուցիչներն են: Թէ ով ո՛ր կուսակցութեան անդամ է, կամ անկուսակցական է, դա սեփական նախասիրութեան եւ ընտրութեան իրաւունք է եւ էական հարցը եւ խոչընդոտը այդ չէ: Եւ թէ, ինչպէս նշում էք, «որ ՊԺ-ում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում», կցանկանայի հարցը ձեւակերպել հետեւեալ ձեւով: ՊԺ-ի օրէնսդրական հանգամանքները յարգելով, ՊԺ-ի ցանկացած անդամ կամ անդամներ կարող են խորհրդակցութիւններ կատարել միմեանց կամ համայնքի տարբեր հատւածների եւ անհատների հետ, դա ոչ միայն բացասական չի կարելի համարել, այլ առանց խորհրդակցութիւնների եւ մտքերի փոխանակման, ձեւաւորման եւ հիմնաւորման չի կարելի արդիւնաւէտ գործ կատարել:
Առիթից օգտւելով, ցանկանում եմ աւելացնել, որ երանի հասնենք այն իմաստութեան, որ ունենանք յանդգնութիւն եւ գիտակցութիւն, որ ՊԺ-ում կամ, եթէ կուզէք կեանքի բոլոր ասպարէզներում, որոշումներ կայացնենք մեր իսկ սեփական խղճի և համոզման համաձայն, թէկուզ այդ որոշումը չհամընկնի սեփական կուսակցութեան այդ պահի ղեկավարութեան որոշումներին: Կուսակցութիւնների մէջ բազմակարծութիւնը հարստութիւն է: Կազմակերպական լծակներով տեսակէտներ պարտադրելը, «կուսակցութիւն պահելը» վաղուց արդէն փաստել է իր անարդիւնաւէտութիւնը եւ ամլութիւնը: Մտքի հզօրութիւնն է միաւոր ուժը եւ ոչ թէ կանոնագրական կախակայումները, սառեցումները, վտարումները եւ մասամբ նորին:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Նախ եւ առաջ բոլորի մէջ պիտի արմատաւորել այն միտքը, որ «Խաչին ուժ տւողը Տէրն է», ասել է թէ՝ Եկեղեցին, դպրոցներն ու միութիւնները առանց ժողովրդի ներկայութեան իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ամայի շինութիւններ են, սառը հողից, քարից ու երկաթից շինւած: Այդ կառոյցներին շունչ ու հոգի տւողը ժողովուրդն է: Ապա ժողովրդի մասնակցութիւնը ազգային կառոյցներում ապահովւելու համար պիտի ճիշտ կիսւել ժողովրդի հետ ու յետոյ էլ, ինչպէս ակնարկեցի, կայացնել Արդար ընտրութիւններ, ինչին հասնելու համար նախ եւ առաջ կարծում եմ պիտի իրականացւի պատգամաւորների արդար տեղաբաշխում ըստ բնակչութեան համեմատական թւի եւ երկրորդ` պահպանւի ընտրութիւններում մասնակից կողմերի հաւասար ներկայութիւնը՝ Կենտրոնական ընտրական յանձնախմբում, Ենթայանձնախմբերում եւ ընտրութիւնները իրականացնող բոլոր միւս մարմիններում:
Արդար ընտրութիւնների կայացումը ոչ միայն կաջակցի տարբեր անհատների եւ խմբաւորումների համայնքային կառոյցների նկատմամբ յար•ալից վերաբերում ունենալուն, այլ հետզհետէ կապահովի համայնքային կառոյցներում նրանց ներգրաւմանը, համայնքային կեանքում առաւել կը խթանի կենսունակութիւն և ազգային գեղեցիկ միջավայր, ուր տարբեր տեսակէտների տէր մարդիկ ոչ թէ ատում են միմեանց, այլ զրուցում եւ այդ զրոյցներին առընթեր միասնութեան եզրեր որոնում:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Կարծում եմ սկզբում ճիշտ կլինի բացատրել, որ կուսակցութիւնների հիմնումը եւ ներկայութիւնը արդարացւում է միայն հայրենի հողի վրայ, քանզի ցանկացած կուսակցութեան ծննդեան բուն պատճառը եւ նպատակը իշխանութեան տէր կանգնելն է, ինչին հնարաւոր է հասնել միայն նոյն այդ կուսակցութեան ծնունդ տւող ժողովրդի բնօրրանում, մեր դէպքում՝ Հայաստանում: Հայկական կուսակցութիւնները հայրենի հողից դուրս լաւագոյն դէպքում վերածւում են հասարակական, բարեգործական կամ նման մի միության, իսկ վատի պարագային մաֆիական ինչ-որ խմբի կամ ինչ-որ պետության կամ ուժի գործակալի: Այստեղ աւելի շուտ կարող է խօսք գնալ շարժումների ու զանազան մտքերի մասին, որոնց ներկայութեան պակասը ոչ միայն կապւած է համայնքի հետ այլ նաեւ երկրում տիրող պայմանների:
Ինչ վերաբերում է մեր համայնքին. Այս հարցում, իհարկէ, մեղքի մեծ բաժին ունեն ե՛ւ ՀՅԴ-ն ե՛ւ հայկական «ձախակողմեան» կազմակերպութիւնները: Առաջինը նեղ կուսակցական շահեր հետապնդելու եւ մենատիրական իր ձգտումների, իսկ երկրորդը ազգայինը այսպէս կոչւած «համաշխարհային»-ին զոհելու հաշւին:
Եթէ ընդունենք, որ ցանկացած կուսակցութեան ծննդեան բուն պատճառը եւ նպատակը իշխանութեան տիրանալն է, ապա հայկական սփիւռքում, այսինքն հայրենազրկութեան պայմաններում, կուսակցութիւններ հիմնելը և նման պայքար – հակապայքարներ շղթայազերծելը անիմաստ է դառնում: Իհարկէ, հայկական աւանդական կուսակցութիւնները, ստեղծւել են այլ պայմաններում, այլ նպատակներ հետապնդելու եւ իրականացնելու համար, որ ոչ մի աղերս չունի իրենց այսօրւայ գործունէութեան հետ: Այդ փոփոխութիւնը, իհարկէ, մեծավ մասամբ հայութեան պարտադրւած քաղաքական իրավիճակների հետեւանքով է տեղի ունեցել, այլ խօսքով չի կատարւել ինքնակամ՝ հայկական կուսակցութիւնների կողմից, բայց և այնպէս իրողութիւն է:
Սփիւռքի քաղաքական թելադրանքը նախասիրութիւնների հարցեր չեն: Ցեղասպանութեան և բռնագաղթի ենթարկւած հայութիւնը, եթէ դեռ չի հրաժարւել իր իրաւունքներից, ունի քաղաքական առաքելութիւն եւ միջազգայնօրէն արդարացւող եւ երաշխաւորւող իրաւունքները: Դրան հասնելու համար, հայութիւնը պէտք է որակեալ ուժի վերածւի, որովհետեւ, աշխարհում տակաւին բնութեան օրէնքը գերակշռում է հասարակական օրէնքին: Սփիւռքի երկրորդ առաքելութիւնը Հայաստանի Հանրապետութեան սատարումն է` հզօր եւ ժողովրդավար պետութիւն հիմնելու համար, որ ամեն մի հայ հպարտանայ այդ մասին խօսելով:
 
ԹՀԹ ՊԺի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Մամուլի ներկայութիւնը ՊԺ-ում թէկուզ յապաղած, դրական քայլ է, սակայն արդիւնքների մասին խօսելը դեռ համարում եմ կանուխ, միայն կարելի է արձանագրել, որ այդ քայլով, ինչ-որ չափով լցւում է ժողովրդի եւ ազգային իշխանութեան միջեւ գոյութիւն ունեցող վիհը:
 
«Յոյս» թիւ 132
10 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *