Կարէն Խանլարեան. Հասունացել է բազմակուսակցութեան պահը

 
 
Շուտով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական Ժողովի նոր ընտրութիւններ են լինելու: Ո՞րն է այդ ընտրութիւնների կարեւորութիւնը: ՊԺի որոշումները ի՞նչ ազդեցութիւն ունեն իրանահայ մարդու կեանքի վրայ:
ԹՀԹ Պատգամաւորական ժողովը մեր թեմի բարձրագոյն ժողովն է, որն ի զօրու է մեր համայնքի ազգային, կրթական եւ մշակութային ամենատարբեր բնագաւարներում ռազմավարական որոշումներ ընդունել, եւ միաժամանակ հսկել տւեալ որոշուների իրականացման գործընթացքները: Հետեւաբար պատգամաւորական ժողովի գործունէութիւնն, ուղղակի եւ անուղղակի կերպով, առընչւում է մեր համայնքի անդամների ազգային, հասարակական կեանքի ոլորտներին` դպրոցներից ու միութիւններից մինչեւ պսակադրութիւն, մկրտութիւն եւ այլն: Ահա այստեղ էլ կայանում է այս ժողովի նշանակութիւնն Իրանահայ մարդու կեանքում:
 
Արդէն երկար տարիներ է, որ դաշնակցական թեկնածուները մեծամասնութիւն են կազմում ՊԺում եւ դա նշանակում է, որ ՊԺում քւէարկւող կարեւոր հարցերի մասին նախապէս որոշում է կայացւել այդ կուսակցութիւնում: Այս պայմաններում ոչդաշնակցական եւ անկախ թեկնածուները, ինչ դեր կարող են ունենալ ՊԺում:
Պատ.- Ես ինձ համարում եմ ՀՅ Դաշնակցութեան գաղափարախօսութեան կրողը, հետեւաբար մեծ հպարտութեամբ եմ վերաբերւում այն փաստին, որ ՀՅ Դաշնակցութեան համախոհները, տարիներ ի վեր, շահել եւ շահում են մեր համայնքի մեծամասնութեան վստահութեան քւէն: Այնուամենայնիւ նոյն այդ գաղափարական ակունքներից ելնելով, հաւատում եմ, որ որեւէ ոլորտում, յատկապէս օրէնսդիր ժողովում, փոքրամասնութեան առկայութիւնը կարող է հակակշռի նշանակութիւն ունենալ եւ քննադատական դիտանկիւնով նպաստել որոշումների յղկման եւ բիւրեղացման գործին: Իսկ համախոհ մարդկանց խորհրդակցական եւ համադրական մեխանիզմը, որը սովորաբար ասոսացւում է ֆրակցիա հասկացութեան հետ, նոյնպէս փորձւած եւ նոյնիսկ պարտադիր պայման է օրէնսդիր ոլորտի արդիւնաւէտ գործունէութեան համար: Գալով մեր իրականութեանը, պէտք է ասել, որ մեծամասնութեան ֆրակցիոնալ մօտեցումը բնաւ էլ տարրօրնակ երեւոյթ չէ: Տարրօրնակը` փոքրամասնութեան ֆրակցիայի բացակայութիւնն է, ինչին էլ, յուսամ, ականատես չենք լինի յառաջիկայ Պատ. Ժողովում:
 
Ի՞նչ պիտի անել այլ խմբակցութիւնների եւ անկախ անձնաւորութիւնների մասնակցութիւնը համայնքի կառավարման գործերում խրախուսելու համար:
Համայնքի կառավարման, այսինքն ժողովրդին ծառայելու գործը, մեր ազգային իրականութեան մէջ, առանձին մի գրաւիչ կողմ չունի: Մարդիկ, տարիներ շարունակ, այդ կարգի գործերը կատարել են ինքնակամ մղումներով: Կարծում եմ, որ ամենայուսալի խրախուսանքը կայանում է` ժողովրդին ծառայելու նւիրական մթնորորտի առաւել ամրագրման մէջ, որի պայմաններում, ներքին կանչով եւ մղումներով շարժւող գործիչները լաւապէս կ’ունենան ներքին հոգեկան բաւարարւածութեան զգացմունք:
 
Ինչո՞ւ մեր համայնքում բազմակուսակցութիւն չկայ:
Պատճառները, գերազանցապէս, պատմաքաղաքական արմատներ ունեն, որոնց կարելի է անդրադառնալ առանձնաբար: Սակայն, կարծում եմ, որ այդ պատճառների մի կարեւոր բաժինը գոյութիւն չունի այսօր: Ժողովրդավարական կատարեալ համակարգերի ձեւաւորման ուղին, ըստ իս, անցնում է «հանդուրժողականութեան», «բազմակարծութեան» եւ «բազմակուսակցականութեան» սկզբունքների իրականացման իրարյաջորդ փուլերով: Մեր հասարակութեան, վերջին 20-ամեակին, պետական, ազգային եւ քաղաքական պայմանների մի քանի վիթխարի փոփոխութիւնների արդիւնքում, ականտես ենք եղել նշւած հոլովոյթի սկզբնաւորմանը: Թերեւս կարելի է ասել, որ 1997-98 թւականներից սկսել է «հանդուրժողականութեան» շրջանը, 2000 թւականի առաջին տարիներից, երբ մեր Թեմի գործադիր մարմիններին անդամակցեցին այլախոհ գործիչները, սկիզբ դրւեց «բազմակարծութեան» շրջանին, իսկ հիմա կարծում եմ, հասունացել է պահը` մեր համայնքում բազմակուսակցականութեան դրութեան որդեգրման համար: Չեմ կարծում, որ ազգային որեւէ լուրջ գործիչ կասկածում է բազմակարծութեան եւ այլընտանիքային հայացքների դրական նշանակութեան մէջ: Բայց եւ այնպէս, կարծում եմ, որ գաղափարական եւ քաղաքական այլընտանիքային հայեացքների գոյութիւնն, ինքնին, չի կարող մեծ արդիւնքների յանգեցնել, եթէ չգոյանան համապատասխան կուսակցական կառոյցները: Իսկ կուսակցութիւն հասկացութեան ընդհանուր շրջագծի մէջ ես տեսնում եմ ե’ւ  կառոյց, ե’ւ գաղափարախօսական դոկտրինա, ե’ւ քաղաքական ծրագիր, ե’ւ պաշտօնաթերթ, ե’ւ ամբողջական պատասխանատւութիւն կրող մարմին ու ժողով: Կը ցանկանայի որ, աւանդական գաղթօջախների օրինակով, մեր համայնքում էլ ներկայութիւն լինէին ազգային մի քանի կուսակցութիւն: Մեր աւանդական գաղթօջախներում միատեղ աշխատում են երեքը` ՍԴՀԿ-ը, որ մարքսիստական մտածողութեան ներկայացուցիչն է, ՀՅԴ-ն, որ դեմոկրատական սոցիալիզմի կրողն է եւ Սոցինտեռնի անդամ, եւ ՌԱԿ-ը, որ ազատական (բայց ոչ նէոլիբերալ) գաղափարների հետեւորդն է: Միատեղ աշխատում են նրաք, չեն խանգարում իրար, յաճախ համախմբւում են ազգային հիմնահարցերի շուրջ, եւ ամենաէականը` հայ քաղաքացուն տալիս են այլընտրանքային հայացքներ որդեգրելու եւ ըստ այնմ կողմորոշւելու հնարաւորութիւն:
 
ԹՀԹ ՊԺի Վերջին շրջանում, մամուլի ներկայացուցիչները մասնակցում էին նիստերին: Ի՞նչպէս էք գնահատում այդ մասնակցութեան արդիւնքները:
Շատ լաւ եւ արդիւնաւետ եմ գտնում մամուլի ներկայացուցիչների մասնակցութիւնը Պատ. Ժողովի նիստերին: Զանգւածային լրատւական միջոցների համակարգային Ճշմարիտ ձեւաւորման ուղին, իր նախնական շրջաններում, անցնում է «Դեղին մամուլ»հասկացութեան ընդմիջից: «Դեղին մամուլ» ասելով, ես հասկանում եմ սկանդալային նիւթերով ողողւած թերթերն ու կայքէջները, որոնք իրենց ընթերցողներին, քաղաքական եւ հասարակական միտք տալու փոխարէն, նրանց մատուցում են մակերեսային տեղեկատւութիւն: Բարեբախտաբար, վերջերս մեր իրականութեան մէջ, որոշ տեղաշարժ եմ նկատում «Դեղին մամուլ»-ի դրութիւնը թոթափելու ուղղութեամբ: Ես «Ալիք»-ի մշտական ընթերցողներից եմ, ոչ լոկ այն պատճառով, որ «Ալիք»-ն 81 ամեայ անցեալ ունի, կամ ոչ սոսկ այն պատճառով, որ նա իրանահայ կեանքի միակ օրաթերթն է: Այլ այն պատճառով, որ «Ալիք»-ն ունենալով 81 ամեայ պատկառելի փորձ եւ գիտակցելով իրանահայ միակ օրաթերթ լինելու իր պատասխանատու հանգամանքն, օբեկտիւօրէն է մատուցում լուրերը եւ խորքային, անաչառ վերլուծութիւններ տալիս ազգային, քաղաքական եւ հասարակական իրադարձութիւնների մասին: Ես նաեւ մեծ հաճոյքով եմ ընթերցում «Յոյս»-ը, որ իր տարաբնոյթ նիւթերով եւ ինքնուրոյն վերլուծականներով, հարստացնում եւ ճոխացնում է մեր համայնքի զանգւածային լրատւութեան աշխարհը: Ի դէպ «Յոյս»-ն էլ իրանահայ միակ երկշաբաթաթերթն է, եւ որպէս այդպիսին, հետեւաբար, նրան եւս վերապահւած է լուրջ պատասխանատւութիւն եւ գիտակցական դեր մեր համայնքային հոգեմտաւոր կեանքում:
 
«Յոյս» թիւ 132
10 Հոկտեմբեր 2012
 

    Tags: , , ,

    Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *